Որքան Ամանորի տոները մոտենում են, այնքան ավելի են թափ հավաքում մսի, կարագի, խմիչքի, մրգի ու չարազի շուկայում թանկացումները:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանում գտնվող մի քանի սուպերմարկետների աշխատակիցների հետ եւ պարզեց, որ մինչեւ Ամանոր ապրանքների գները կշարունակեն բարձրանալ: Իսկ գին թելադրողները ոչ թե իրենք են, այլ մատակարարները: Սպասվում է, որ էական եւ զգալի թանկացումներ տեղի կունենան դեկտեմբերի 20-ից հետո:
Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ Ամանորից մի քանի օր առաջ մրգերը պետք է միանշանակ թանկանան, հատկապես մանդարինը, նարինջը, բանանը: Այսինքն` այն, ինչ կապ ունի Ամանորի տոնական սեղանի հետ, եւ այն, ինչ մարդիկ մեծ քանակությամբ են գնում: Չնայած, այդ մրգերն առանց այդ էլ թանկ են, բայց միեւնույն է` շարունակում են թանկանալ:
Պաշտոնական վիճակագրության տվյալներով` արձանագրված թանկացումները հատկապես մրգերի շուկայում մեկ ամսվա ընթացքում բավական զգալի են եղել: Ըստ ԱՎԾ-ի` մրգերի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 11.9 տոկոսի թանկացում: Ընդ որում, թանկացել են ոչ միայն թարմ կամ սառեցրած մրգերը, այլեւ չորացրածը: Օրինակ` մրգերից վրացական մանր մանդարինը 290 դրամից դարձել է 340 դրամ, նարինջը 460 դրամից թանկացել է` դառնալով 540 դրամ, իսկ բանանը 590 դրամից դարձել է 650 դրամ եւ այսպես շարունակ: Նախատոնական այս շրջանում թանկացել են նաեւ բնական հյութերը` 0.9 տոկոսով, զովացուցիչ ըմպելիքները` 0.1 տոկոսով: Իսկ բանջարեղենը թանկացել է 17.3 տոկոսով: Միայն կարտոֆիլը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է 15.2 տոկոսով, իսկ բրոկոլինը 700 դրամից դարձել է 1200 դրամ:
Ամանորի սեղանի պարտադիր աքսեսուարը` ավանդական խոզի բուդը, անմասն չի մնացել թանկացումից: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ խանութներում եւ սուպերմարկետներում խոզի բդի մեկ կիլոգրամը մի քանի օրերի ընթացքում թանկացել է 400-500 դրամով. հիմա այն վաճառվում է 3300 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր 2800 դրամ արժեքով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մսի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրել է 1.7 տոկոսի գնաճ: Կոնկրետ տավարի եւ հորթի միսը մեկ ամսվա ընթացքում թանկացել է 3.9 տոկոսով: Երեկվա դրությամբ տավարի ոսկորով մսի մեկ կիլոգրամը վաճառվում էր 2900 դրամով, մինչդեռ օրեր առաջ տավարի ոսկորով մսի գինը 2800 դրամ էր: Իսկ ահա տավարի ֆիլեի մեկ կիլոգրամը 4100 դրամից դարձել է 4300 դրամ: Գառան, ոչխարի եւ այծի միսը եւս թանկացել է: Այս դեպքում թանկացումը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կազմել է 2.6 տոկոս: Գառան մսի մեկ կիլոգրամը ներկայումս վաճառվում է 3300 դրամով:
Ձկնամթերքի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.4 տոկոսի թանկացում: Իշխան տեսակի ձկան մեկ կիլոգրամը սուպերմարկետներում վաճառվում է 1990-ից 2000 դրամով, բայց այն մեկ ամիս առաջ վաճառվում էր 1800-ից 1900 դրամ:
Կարագի շուկայում գնաճային ճնշումը չի նահանջում, այս մթերքը օր օրի, ժամ առ ժամ է անգամ թանկանում: Պաշտոնապես նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կարագի գինը թանկացել է 7.4 տոկոսով: Երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում էր 4430, իսկ «Անքոր»-ը` 4510 դրամով: Ի դեպ, կարագի հետ զուգահեռ թանկացել են նաեւ մարգարինն ու բուսական յուղերը` 0.1 տոկսով: Մարդիկ սկսել են ձեթի գնից էլ դժգոհել. այն դեռեւս փոքր թռիչքներով է թանկանում: Օրինակ` «Ավեդով» տեսակի մեկ լիտր ձեթը 640 դրամից թանկացել եւ վաճառվում է 655 դրամով: Ամանորին ընդառաջ թանկացել են նաեւ ալկոհոլային խմիչքները` 0.7 տոկոսով: Ըստ ԱՎԾ-ի` նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, օղին թանկացել է 0.1 տոկոսով, իսկ գինին` 2.5 տոկոսով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երկար տարիներ է` ՀՀ կառավարությունը չի կարողանում լուծել գյուղատնտեսության ապահովագրման խնդիրը: Խնդիրն այն է, որ գյուղատնտեսության ապահովագրության ռիսկերը մեծ են, եւ ապահովագրական ընկերությունները խուսափում են այն ներդնել: Արդյունքում` արդեն երկար ժամանակ է` ՀՀ կառավարությունը քննարկում է ապահովագրական ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ձեւերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունն ապահովագրելու նպատակով անհրաժեշտ ֆինանսավորման խնդրի լուծումը գտել է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի «KfW» միջեւ նախատեսվում է ստորագրել 5 մլն 339 հազար 139 եվրո դրամաշնորհի համաձայնագիր՝ գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման համար: Ծրագրի իրականացման համար ընդհանուր կհատկացվի 10 մլն 339 հազար եվրո, որից 5 միլիոնը կհատկացնի ՀՀ կառավարությունը՝ համաֆինանսավորման սկզբունքով: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ներդնել գյուղատնտեսության ապահովագրություն:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում տրամադրվելիք 5 մլն 339 հազար 139 եվրո դրամաշնորհը հատկացնելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը: Գումարը հատկացվելու է 2 մասնաբաժիններով: Առաջին մասնաբաժինը կազմելու է 4 մլն 824 հազար 139 եվրո: Այդ գումարը հատկացվելու է գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրման շրջանակներում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարների սուբսիդավորման համար: Երկրորդ մասնաբաժինը կազմելու է 515 հազար եվրո, որով ֆինանսավորվելու են համակարգի ներդրման խորհրդատվական ծախսերը: Ի դեպ, խորհրդատվական ծախսերը պատահական չէ, որ սովորաբար դրամաշնորհների 10 տոկոսի չափով են լինում: Իրականում այդ կերպ դրամաշնորհ տրամադրող միջազգային կառույցները կամ նրանց հետ կապի մեջ գտնվող խորհրդատվական կազմակերպությունները ստանում են «ատկատի» իրենց բաժինը: Մի խոսքով, ձրի միայն մկան թակարդում պանիրն է լինում: Իսկ նման ծրագրերի դեպքում կառավարությունները պարտադրված են վճարել, եթե ցանկանում են այս կամ այն դրամաշնորհը ստանալ:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ