ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի պաշոնի համար մրցավազքը կարելի է պաշտոնապես համարել սկսված: Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության նիստում որոշվել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին: Ընդ որում, խմբակցությունը նախաձեռնում է բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Ելք» խմբակցության որոշմանն ու իրենց հետ բանակցություններ սկսելու նախաձեռնությանը, նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը, եւ մենք հարգանքով ենք վերաբերում յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշմանը: Այս պահին «Ծառուկյան» դաշինքը նման հարց չի քննարկել: Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ, մենք անպայմանորեն կտեղեկացնենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին:
-Պարո՛ն Զեյնալյան, նոր Սահմանադրության պայմաններում, երբ նախագահը գործադիրի վրա ազդելու լիազորություն չունի, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պաշտոնավարումը:
-Նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Դրանք խորհրդարանական կառավարման հանրապետության նախագահին ներհատուկ լիազորություններ են: Եվ շատ բնականոն, նորմալ, խորհրդարանական կառավարման երկրի համար նախատեսված նախագահի լիազորություններ են: Այն գործադիր իշխանության ղեկավարը չի հանդիսանում, ինչպես որ հանդիսանում է ներկայիս նախագահը, եւ շփոթել այդ դերերը, լիազորությունների ամբողջությունը, բոլորովին տեղին չէ: Եվ ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ հանրապետության նախագահը հանդիսանում է պետության գլուխը, եւ ավելի շատ արարողակարգային բնույթ են կրում նրա գործառույթները, լիազորությունները եւ հետեւում են Սահմանադրության պահպանմանը: Եվ պետք է նախագահը լինի անաչառ, իր գործառույթներն իրականացնի անաչառ եւ առաջնորդվի բացառապես համապետական եւ համազգային շահերով: Գործադիր իշխանության ղեկավարը լինելու է վարչապետը, իսկ նախագահն ունի Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, ուստի այստեղ կարելի է լինել նաեւ նախագահ եւ չլինել քաղաքական մեծամասնության պրոտեժեն:
-Ամեն դեպքում այդ պաշտոնը լինելու է ներկայիս իշխանության օրոք:
-Այո, եթե ընտրվեմ նախագահի պաշտոնում, բնականաբար ես իրականացնելու եմ նախագահին վերապահված լիազորությունները՝ անաչառորեն առաջնորդվելով բացառապես համապատեկան եւ համազգային շահերով՝ անկախ նրանից, թե ով է քաղաքական մեծամասնություն: Իսկ քաղաքական մեծամասնությունը փոխվելու նաեւ շանս ունի եւ հնարավորություն:
-Ստացվում է, որ Դուք ընտրվելու դեպքում պատրաստ եք դադարեցնե՞լ Ձեր կուսակցական գործունեությունը, քանի որ, ըստ օրենքի, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է անկուսակցական լինի:
-Դա սահմանադրական պահանջ է եւ անաչառության, անկողմնակալության, համապետական եւ համազգային շահերով առաջնորդվելու համար չափազանց կարեւոր է, որպեսզի այդ ազդեցություններից՝ կուսակցական, խմբային, զերծ լինի նախագահը: Դա հենց այդ հատկանիշներից մեկն է խորհրդարանական կառավարման երկրի նախագահի լիազորությունների: Այո՛, որքան էլ ինձ համար հարազատ է կուսակցությունը, որի հիմնադիր անդամներից եմ, այնուամենայնիվ, այո՛, պատրաստ եմ կասեցնել կամ դադարեցնել կուսակցական գործունեությունը:
-Սակայն Ձեր առաջադրման հարցում որոշիչ դերակատարություն է ունենալու «Ծառուկյան» խմբակցությունը: Համոզվա՞ծ եք, որ նրանք կաջակցեն Ձեզ:
-Ենթադրությունների ոլորտից է այս պատասխանը լինելու, ուստի որեւէ բան չեմ ցանկանում ասել այս առիթով: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
-Սակայն «Ելք» դաշինքը բազմիցս հանդես է եկել «Ծառուկյան» խմբակցության դրսեւորած վարքագծի շուրջ քննադատությամբ, բայց այժմ հենց նրանց աջակցությունն է հարկավոր: Նման իրավիճակում իրատեսական է աջակցություն ակնկալել:
-Քննադատությունը հատուկ է ժողովրդավար հասարակություններին, եթե քննադատություններ եղել են: Իհարկե, նաեւ «Ծառուկյան» եւ ոչ միայն նրանց խմբակցության աջակցությունն է ակնկալում «Ելք» խմբակցությունը, այլ նաեւ հնարավոր է, որ 1/4-րդը ձեւավորվի նաեւ այլ խմբակցությունների ստորագրություններով: Իհարկե, մեր հիմնական մասը լինելու են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ովքեր ներկայանում են որպես ընդդիմադիր պատգամավորներ, որպես ընդդիմադիր խմբակցություն:

 

 

 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ

Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակտիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները:

Վերջիններս արդեն ուղղակի հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին նշեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը:
-Պարո՛ն Կարախանյան, այս օրերին ամենաքննարկվող թեման թերեւս Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցն է: Դուք` որպես ՀՀԿ-ական, ի՞նչ եք կարծում` Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:
-Գիտեք, ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, անցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կարողացել է քայլեր կատարելով` հասնել նախագահի պաշտոնին: Եվ ես ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որեւէ մեկին, որը կարող է ստանձնել այդ պաշտոնը: Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա:
-Ձեզ համար Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անփոխարինելի:
-Ինքը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ` եթե Կարեն Կարապետյանը կհամոզի, որ ինքը ճիշտ տնտեսական ծրագրեր է իրականացնում, ինքը կարող է տնտեսական բլոկը զարգացնել: Բայց երկրի ղեկավար ես իսկապես տեսնում եմ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի պրակտիկան, շփումները, հազար ու մի բաներ կան, որոնք Սերժ Սարգսյանի մոտ աննախադեպ են, բարձր են նամանավանդ արտաքին հարաբերությունների հարցում: Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած:
-Օրինակ` Գալուստ Սահակյանը նշեց, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի: Համակարծի՞ք եք:
-Ես այդպես շատ կոշտ չէի ասի, որովհետեւ նույն թիմը նաեւ Կարեն Կարապետյանի թիմում է, եւ մենք իրար հետ համագործակցում ենք: Ես անձամբ իր նկատմամբ հարգանք ունեմ, բայց դա բավարար չէ` երկրի առաջին դեմք լինելու համար:
-Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց, շատ խոստումներ տրվեցին: Ըստ Ձեզ` դրանք իրականացվե՞լ են:
-Ես միգուցե տնտեսական հարցերից լավ չեմ հասկանում, սակայն ինչ-որ բան գուշակում եմ, որ ինքը երկարատեւ ծրագրերի խնդիր է դրել եւ ուզում է, որ րոպեական լուծումներ չլինեն, այլ այդ խոստումներին հետեւի: Այսպես կարող եմ ասել, որ պետք է ունենանք լավ ապագա եւ հույսով ապրենք:
-Դրան միտված քայլեր տեսնո՞ւմ եք:
-Էլի եմ ուզում կրկնեմ, որ դա րոպեական չի, այսօրվա չի: Կարծես թե իր խոստումներից գալիս են ծրագրեր, որոնք վաղը, մյուս օրը, մեկ, երկու, երեք տարի հետո իրողություն են դառնալու: Բայց այսօր՝ ոչ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՊԵՏԸ ԿԱՌԵՐԵՍՎԻ
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գեւորգ Մկրտչյանը եւս երկու ամիս կշարունակի մնալ կալանքի տակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Ինեսա Պետրոսյանի խոսքով` իրենք այս որոշումը կբողոքարկեն ՀՀ վերաքննիչ դատարան: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում առերեսում կլինի Վանաձորի ՔԿՀ պետի եւ ՔԿՀ մյուս աշխատողների հետ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների:

 

 

Ի ՎԵՐՋՈ
Այսօր կառավորության մի քանի անդամներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնելու են Սյունիքի մարզ` Մեղրի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանից: «Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը: Կարեղ ենք ներդրողների հայտեր ընդունել: Այսօրվանից հետո հայտեր կներկայացնեն, որովհետեւ հետաքրքրվողներ շատ կան»,- ներկայացրեց քաղաքապետը: Նա նաեւ նշեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացմանը ներկա են գտնվելու ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներ:

 

 

ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿ
Կառավարության ներկայացուցիչներն ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության միջեւ բանակցությունները չշարունակելու որոշում դեռեւս առկա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը նշեց, թե այս պահին ընթանում են աշխատանքներ իրենց երկու առաջարկներից մեկի շուրջ: «Այն նախատեսում է կառավարության որոշմամբ գիտության եւ կրթության ոլորտում աչքի ընկած երիտասարդներին տարկետում տալու կարգի հստակեցում: Հավելյալ նորություն այս պահին առկա չէ», – նշեց նա: Հարցին՝ այս տարի հանդիպումներ կլինե՞ն, թե քննարկումները կշարունակվեն հաջորդ տարի, նա նշեց. «ԱԺ-ի՝ նոյեմբերի 22-ի հայտնի կլոր սեղանից հետո մի քանի հանդիպումներ կրկին եղել են: Հրապարակային նոր հանդիպման շուրջ այս պահին պայմանավորվածություն չկա»:

 

 

ԱՄՓՈՓԻՉՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Կառավարության ներկայացուցիչներից շատերն այս տարի, հնարավոր է, չանեն ավանդական դարձած տարեվերջյան ասուլիսները: Ինչպես հայտնի է՝ ավանդաբար տարեվերջին նախարարները մամուլի ասուլիս են հրավիրում՝ ամփոփելով կատարած աշխատանքներն ու ներկայացնելով հաջորդ տարվա ծրագրերը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս տարի կարող է բացառություն լինել մի քանի գերատեսչությունների դեպքում: Բանն այն է, որ ընդամենը երկու ամիս առաջ նրանք ամփոփեցին կառավարության գործունեության մեկ տարին եւ մեկ անգամ էլ այժմ ամփոփիչ ասուլիսով հանդես չեն գա, եթե չլինի վարչապետի համապատասխան հանձնարարականը:




Լրահոս