Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բյուջեի միջոցները վատնելու հարցում հավասար մրցակից գրեթե չունի: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել քաղաքապետարանի ծախսերին, եւ պատկերը պարզ կդառնա:
Քաղաքապետարանի գնած միլիոնավոր դրամների կոնյակների, հուշանվերների եւ, ընդհանրապես, ներկայացուցչական ծախսերի մասին գրելու առիթներ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է ունեցել: Բայց ամեն ինչ դրանով չի սահմանափակվում: Երեւանի քաղաքապետարանը բավական մեծ միջոցներ է մսխում նաեւ զանազան միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար, ընդ որում, այդ ծախսերի մի մասն արվում է տեղական բյուջեի միջոցներով, մյուս մասը` Երեւանի հիմնադրամից. հիմնադրամ, որ համարվում է քաղաքապետարանի «սեւ դրամարկղը»:
Խոսքը միայն «Էրեբունի-Երեւան» միջոցառման մասին չէ, որի համար 2017թ. ծախսվել էր 80 մլն դրամ (մոտ 165 հազար դոլար): «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. քաղաքապետարանն այդ միջոցառումների համար ծախսել է 60 մլն դրամ, 2015թ. 65 մլն դրամ, 2014թ.` 90 մլն դրամ, 2013թ. 120 մլն դրամ եւ, վերջապես, 2012թ. 130 մլն դրամ:
Այս ամենից բացի` Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի զանազան փառատոներ է անցկացնում, եւ կրկին ահռելի միջոցներ նաեւ այդ ուղղությամբ ծախսում: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերին այդ փառատոների ծախսերի մասին հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Մեկ ու կես ամիս տեւած քաշքշուկից հետո քաղաքապետարանից ի վերջո պատասխանել են հարցմանը, այն էլ թերի:
Ըստ այդմ, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը 2012 թվականից հիմնել է զբոսաշրջային բաղադրիչ պարունակող մի շարք փառատոներ: Դրանք են` «Համով-հոտով Երեւան» տոնածիսական ուտեստների փառատոնը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ, «Երեւան ՏԱՐԱԶ ֆեստ» փառատոնը՝ «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ, եւ Երեւանի Գարեջրի փառատոնը՝ գարեջուր արտադրող գործարանների եւ գարեջրատների հետ: Քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Երեւանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաեւ «Ձմերուկի» փառատոնը: Եւ միայն այդ փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով Երեւանի քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դոլար):
«Միաժամանակ հայտնում ենք, որ 2017 թվականի ընթացքում մի շարք կազմակերպությունների եւ ՀԿ-ների նախաձեռնությամբ Երեւանում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ եւ փառատոներ: 2017թ. Երեւանի քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է «Երեւանի գինու օրեր» միջոցառմանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին, «ՌեԱնիմանիա» փառատոնին, «Երեւան ֆուդ ֆեստ»-ին, գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին, Ջազի հայկական ասոցիացիայի կողմից անցկացվող «Երեւան ջազ ֆեստ»-ին, Օդագնացության միջազգային փառատոնին, Սուրճի եւ թեյի փառատոնին»,- ասված է քաղաքապետարանի պատասխանի մեջ:
Թե քաղաքապետարանը որպես գործընկեր այս փառատոների աջակցության համար որքան գումար է տրամադրել, հարցման պատասխանի մեջ չեն մանրամասնել: Քաղաքապետարանը չի մանրամասնել նաեւ, թե 2016թ. 21 մլն դրամը, իսկ այս տարվա 17 մլն դրամը կոնկրետ ի՞նչ ծրագրերի վրա են ծախսվել, կոնկրետ ինչե՞ր են ձեռք բերել, որքա՞ն գումարով, ո՞ւմ եւ ինչի՞ համար են վարձատրել, ու այսպես շարունակ: Հասկանում ենք` այդքան մանրամասներ հրապարակելը նշանակում է ինքնախոստովանական ցուցմունքներ տալ ատկատի եւ բյուջեի միջոցների վատնման մասին: Ի դեպ, նկատենք, որ փառատոնի բոլոր մասնակիցները որոշակի գումար են վճարում տաղավարների եւ այլ ծախսերի համար։
Այս ֆոնին, հիշեցնենք, որ Հայաստանում աղքատությունը պաշտոնապես 29.4 տոկոս է, այսինքն` տասը բնակչից երեքը համարվում են աղքատ: Իսկ միայն Երեւանում աղքատության ցուցանիշը 24.9 տոկոս է, շատ աղքատներինը` 7.8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներինը` 1.1 տոկոս: Բայց, դե, չնայած այս ցուցանիշներին, քաղաքապետարանի «քեֆին քեֆ չի հասնում», ու նրանք անարգել զվարճանում են:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
«Սասնա ծռեր»-ի Մխիթար Ավետիսյանը միջնորդություն է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, որ ցանկանում է իրեն ծեծի ենթարկելու մասով ցուցմունք տալ: Սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` մինչ օրս ՀՔԾ-ում չեն արձագանքել վերջինիս միջնորդությանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամներին՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին, ծեծի էին ենթարկել, իսկ այդ «օպերացիան» ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը: Դեպքից հետո Մխիթար Ավետիսյանը հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն 7 ամիս անց փոխել է որոշումը: Նշենք, որ այս գործով այդպես էլ որեւէ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի առաջադրվել:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԶՐԿԵԼ
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննարկի ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության դիմում-բողոքը, որով վերջիններս պահանջում են վաղաժամկետ դադարեցնել Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները: Ինչպես հայտնի է՝ ավագանու նիստերի մեկնարկից որոշ ժամանակ հետո նշված երկու անդամները հայտարարեցին խմբակցությունից դուրս գալու եւ ավագանու անկախ անդամներ լինելու մասին: Պատճառը ներկուսակցական տարաձայնություններն էին: Ավագանու՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության կազմում մնացել էր երեք կին՝ Փոստանջյանը, Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը: Հիմա «Երկիր Ծիրանիի» կին անդամները պահանջում են զրկել կուսակցությունն ու խմբակցությունը լքածներին լիազորություններից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշեց, թե անհիմն է համարում նախկին կուսակիցների դիմումը:
ԳԾՈՒԾ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը խիստ հիասթափված է ՀՀ մարզպետներից: «Ժողովուրդ» օրաթերթը տիկին Բախշյանից տեղեկացավ, որ ոչ մի մարզպետ չի արձագանքել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման իր կոչ-նամակին: «Իրենք իրենց պատվից ցածր են համարել մասնակցել այս կարեւոր ծրագրին: Միայն Երեւանի քաղաքապետն է արձագանքել, պատիվ համարել մասնակցել»,- նկատեց Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել էր ՀՀ մարզպետներին եւ խնդրել իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների կենտրոնը կահավորելու նպատակով:
ՎՐԻՊԱԿ
Կառավարությունը հավանություն է տվել ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկին` «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի հետ 2017թ. ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը դադարեցնելու մասին: Խնդիրն այն է, որ այս ընկերությունը պետք է իրականացներ հայկական կողմից Արաքսի 40 կմ հատվածի ափամաքրման աշխատանքներ, սակայն իրանական կողմի հետ բանակցություններում, որոնց մասնակցել է նաեւ ռուսական կողմը, խնդիրներ են առաջացել: Ըստ որոշման նախագծի` ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջեւ նշված հատվածում աշխատանքների կատարման համար, սակայն կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը հայտարարել է, թե նախ` լրագրողները լավ չեն հասկացել խնդիրը, իսկ երբ նրա համար ընթերցվել է նախագծի այդ հատվածը, Հարությունյանը պնդել է, որ դա վրիպակ է: «Ռուսական կողմը սահմանը պահողն է եւ սահմանապահի կարգավիճակով է մասնակցում բանակցություններին, որոշում չեն կայացնում»,- հավաստիացրել է նա:
ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑԱԾՐ Է
«Ելք» խմբակցության` լուրերի թեմայով ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ԱԺ-ի հեղինակությունն այնքան էլ բարձր չէ: Նա առաջարկում է ծրարներով քվեարկության պրակտիկան վերացնել. «Օրինակ` ցույց են տալիս այս ցուցատախտակը, որտեղ, ասենք, գրված է 86 կողմ, եւ Դուք հայտարարում եք` կողմ 95: Ես, օրինակ, ներկա եմ եղել միջավայրում, որտեղ ասում են` օրը ցերեկով 7-8 ձայն խաբում են: Այնպես որ, այդ ծրարներով քվեարկության պրակտիկան, կարծում ենք, հակասահմանադրական է»,-նշել է նա: Ի պատասխան` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասել է. «Այսուհետ ես ամեն անգամ կհնչեցնեմ, որ 6 պատգամավոր, որոնք գտնվում են գործուղման մեջ, իրենց ձայնն այդ նախագծին են տալիս»:
ՄԵԿՆՈՒՄ Է ԿԻԵՎ
Այսօր` դեկտեմբերի 15-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Կիեւ: Նշենք, որ մասնակցելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որին Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի փոխանցմամբ` դեկտեմբերի 19-ին` երեքշաբթի օրը, ժամը 11:00-ին, կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: