«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Կոնվերս բանկ»-ից 200 հազար դոլար հափշտակած 29-ամյա Պյոտր Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգեւորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում: Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանկովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, եւ կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ:
Կալանավորվածները սպասում են
Ինչպես հայտնի է` 2017թ. հոկտեմբերի 9-ին 29-ամյա Պյոտր Ցիգանկովը «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղից հափշտակել էր 200 հազար դոլար: Դեպքից հետո փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը, 34-ամյա Մարատ Գալստյանը եւ Աշոտ Մանուկյանը, իսկ ահա Պյոտր Ցիգանկովին չէր հաջողվել հայտնաբերել, եւ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս գործով կալանավորվածներից շատերը դեռեւս ցուցմունք չեն տվել ու հայտարարել են, որ ավազակային հարձակում իրականացրած անձի հետ գործնական որեւէ հարբերությունների մեջ չեն եղել, նրա հետ առնչություն չեն ունեցել եւ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Եվ ահա այս հանգամանքից ելնելով էլ, ըստ էության, իրավապահները տեւական ժամանակ գործով կալանավորվածների հետ քննչական գործողություններ չեն իրականացրել՝ ըստ էության սպասելով հանցագործություն կատարողի հայտնաբերմանը: Բայց Ցիգանկովն այդպես էլ չէր հայտնաբերվում: Անգամ պարգեվավճար խոստացան` նրան գտնելու հարցում աջակցելու համար, դարձյալ անօգուտ:
Վրաստանում հայտնաբերվեց
Միայն դեկտեմբերի 17-ին՝ դեպքերից 2,5 ամիս անց, ՀՀ ոստիկանությունն այս գողության մասով պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ ոստիկանության ծառայողների եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երեւանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար: Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը»: Նկատենք, որ սա ո՛չ առաջին եւ ո՛չ էլ երկրորդ դեպքն է, որ Հայաստանում հետախուզվող անձը փորձում է Վրաստանի Հանրապետությունում թաքնվել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում կատարված հանցագործության մեջ կասկածվողների համար ամենահարմար թաքնվելու վայրը դարձել է Վրաստանը:
200 հազար դոլարին սպասելիս
Իսկ ուր է գողոնը: Արդյո՞ք ենթադրյալ հանցագործի հետ նաեւ հայտնաբերվել է գողոնը՝ 200 հազար դոլարը, թե՞ այս դեպքում էլ, ինչպես նախկին պաշտոնյաների եւ մեծահարուստների տները թալանած բանդայի գործով, ենթադրյալ հանցագործները կբացահայտվեն, սակայն գողոնն այդպես էլ չի հայտնաբերվի:
Ի դեպ, մեր տեղեկություններով` ՀՀ իրավապահները եւս գողոնի հայտնաբերվել-չհայտնաբերվելու մասին տվյալներ չունեն: Հույս կա, որ այդ հարցի վերջնական պատասխանը կստանան Ցիգանկովին Հայաստան տեղափոխելուց հետո: Սակայն նախկին նման դեպքերի փորձը հուշում է, որ եթե գողոնը Ցիգանկովի մոտ եղած լիներ, ապա դժվար թե այդ հանգամանքը գաղտնի պահվեր: Առավել հավանական է, որ Ցիգանկովը հափշտակված գումարը հասցրել է այնպես թաքցնել, որ իրավապահների ձեռքն ընկնելու դեպքում անգամ չկարողանան այն հայտնաբերել:
Ուր մնաց պարգեւատրումը
Դեռեւս նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունը Ցիգանկովին հայտնաբերողին կամ նրա հայտնաբերմանը իրական աջակցություն ցուցաբերող անձին խոշոր դրամական պարգեւ էր խոստացել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեց պարզել, թե արդո՞ք այդ պարգեւին կարժանան վրաց իրավապահները, թե խոսքը միայն ՀՀ իրավապահների պարգեւատրման մասին էր, վերջինս ասաց, որ պաշտոնական հաղորդագրությունից բացի` այլ բան չի կարող ավելացնել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆԱՐԺԵՔ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Նրան հայտնաբերելուց հետո այլ անձանց նկատմամբ եւս հետախուզում է հայտարարվել, քանի որ ստորագրություն տված անձինք փախել են երկրից:
Այս տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 5 տարի հետախուզման մեջ գտնվող Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին հայտնաբերեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Հիշեցնենք՝ դեռեւս 2012 թվականին իրավապահները բացահայտել էին, որ Կոտայքի մարզի բնակիչ Սերգեյ Ափոյանը նույն տարվա մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի` նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը, այն գրավադրել իր ծանոթի անունով, որպես վարկ ստացել 4 մլն 400 հազար դրամ: Առաջին դեպքից հինգ ամիս անց՝ օգոստոսի 31-ին, նույն անձը փորձել էր նույն վարկային կազմակերպությունից նախկին եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ՝ մեկ ուրիշի անունով: Սակայն գործարքը չէր կայացել, քանի որ իրավապահները խարդախությունը բացահայտել էին: Այս պատմության հետ կապված ամենաաղմկոտ բացահայտումը եղավ այն, որ պարզվեց Սերգեյ Ափոյանի «տանիքը», ում հովանավորությամբ նա կարողացել էր իր խարդախությունները իրագործել: Ըստ մամուլի հրապարակումների` խարդախության փաստը կոծկել փորձելու մեջ մեղադրվել է ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, որը կեղծ գործարքներին իրավական ընթացք չտալու դիմաց Ափոյանից պահանջել էր 9 հազար դոլար կաշառք:
Այս բացահայտումից հետո իրավապահները Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի նկատմամբ հայտարարեցին հետախուզում: Նրա հովանավորյալ Սերգեյ Ափոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Իսկ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խարդախության համար Սերգեյ Ափոյանին դատապարտեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Գործով տուժողները բողոքարկեցին առաջին ատյանի դատարանի որոշումը: Արդյունքում Սերգեյ Ափոյանի նկատմամբ 2016 թվականին հայտարարվեց հետախուզում: Այսինքն` չնայած նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, սակայն նրան հաջողվել էր Հայաստանից հեռանալ եւ ավելի լավ թաքնվել, քան իր հովանավոր, նախկին ավագ դատախազը:
Այսպիսով` որեւէ հանցանքի համար որեւէ քրեական գործով անցնելը եւ երկրից չբացակայելու մասին ստորագրություն տալը դեռ հիմք չեն, որ մարդն իսկապես մնա իրավապահների ուշադրության տիրույթում: Փաստորեն այդ ստորագրությունը որեւէ արժեք չունի. մարդիկ ազատ տեղաշարժվում են եւ երբ ցանկանան, դուրս են գալիս երկրից: Հիշեցնենք՝ այդպես երկրից հեռացավ նաեւ Վահան Մարտիրոսյանը եւ հանձնվեց Ադրբեջանին:
Ք. Մ.
ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ավարտված է համարել դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մոր` Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Նախորդ դատական նիստին տուժող, դեպքին ականատես Էմմա Աբրահամյանի հարսը` Փառանձեմ Մեյթիխանյանը, հայտնել էր, որ սկեսուրի ինքնազգացողության վատացումից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ նիստերին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանը տեղեկանք է ներկայացրել դատարանին, որ Էմմա Աբրահամյանին խստիվ արգելվում է սթրեսային վիճակում լինելը: Պաշտպանական կողմը, սակայն, առարկել է ներկայացված փաստաթղթին` նշելով, որ սթրեսային վիճակն իրավական կատեգորիա չէ: Պաշտպանական կողմը երեկ հայտարարել է, որ տուժողին հարցեր տալու հնարավորություն ամբաստանյալները չեն ստացել: Դատարանը որոշել է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունն ու տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը համարել ավարտված: Հիշեցնենք, որ Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 4 կետերով:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾՎԵԼ
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Երեւան, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
ՉԻ ԱՐԳԵԼՎԻ
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկությունը: Այդ իսկ պատճառով նախագծով առաջարկվում է թույլատրել մինչեւ 2018թ. ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչեւ 2018թ. ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն` աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում եւս շահագործել իրենց մեքենաները:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու եւ քաղաքացիների անվտանգ տեղաշարժն իրականացնելու նպատակով դեկտեմբերի 19-ին` ժամը 19:00-ից մինչեւ 20:30-ը, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթեւեկը: Նշված հատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: