Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանը վաստակել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստանալու բոլոր իրավունքները: Ու քանի որ առջեւում Ամանորն է, կարելի է սա օգտագործել որպես հարմար առիթ` Մնացականյանին պարգեւատրման ներկայացնելու համար («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալն ԱՎԾ պետը ստացել էր դեռ 2015թ.):
Ստեփան Մնացականյանն այս բարձր պատվին արժանացել է թվաբանական մանիպուլյացիաների միջոցով, ամեն գնով Սերժ Սարգսյանի խոսքերի ճշմարտացիությունն ապացուցելու համար:
Ընդ որում, ԱՎԾ պետին հաջողվել է թվաբանորեն «ապացուցել» անապացուցելին, օրինակ` Հայաստանում այսօր գնաճ գրեթե չկա, ընդամենը` 0.8 տոկոսի չափով: Հիշում եք` Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր. «Այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է»:
Հիմա Ստեփան Մնացականյանի ղեկավարած կառույցը թվաբանորեն «ապացուցել է», որ այդ պնդումն իրականությանը համապատասխանում է, եւ գնաճն ընդամենը 0.8 տոկոս է, հետեւաբար առավել քան կառավարելի է: Ու ոչինչ, որ այս օրերին խանութ մտնելիս բոլորովին այլ պատկերի ենք ականատես լինում, որ, օրինակ, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների գները շեշտակի բարձրացել են: Պարզվում է` այդ ամենը մեզ ընդամենը թվում է, որովհետեւ ըստ ԱՎԾ-ի` գնաճը չնչին է, աննկատելի: Կա նաեւ մեկ այլ տարբերակ` ՀՀ ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ մեզ անծանոթ երկրի վիճակագրություն: Ամեն դեպքում, համաձայնեք, Ստեփան Մնացականյանը թվանկարչության ոլորտում այս օրերին գերազանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` խլելով վերջինիս փառքը (այլապես նախընտրական շրջանում Մուկուչյանն էր բոլորի ուշադրության կենտրոնում` ստվերելով պարոն Մնացականյանի փառքը):
ԱՎԾ-ն փորձել է նաեւ ապացուցել, որ այս տարվա ընթացքում տնտեսությունն աճել է, այն էլ թռիչքաձեւ: Ու երեկ տնտեսական ոլորտի պատասխանատու նախարարությունները, էյֆորիայի մեջ ընկած, փորձում էին հնարավոր բոլոր միջոցներով տարածել ԱՎԾ վերջին ցուցանիշները` հասարակությանը համոզելով, որ ավելի լավ են ապրում, քան նախկինում էր: Պարզ է` այս ամենն արվել է քարոզչական նպատակներով, քանի որ իրականում մարդիկ իրենց կաշվի վրա չեն զգում այդ աճը, ընդհակառակը, ամեն քայլափոխի համոզվում են նրանում, որ կյանքը գնալով ավելի ու ավելի է թանկացել:
Այս իրավիճակում ԱՎԾ-ն արձանագրել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 7.3 տոկոս: Միայն թե, նկատենք, որ հոկտեմբերի համեմատ` նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 11 տոկոսով, իսկ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այն նվազել էր 7.4 տոկոսով: Ասել է, թե վերջին ամիսներին տնտեսության մեջ որոշակի բացասական միտումներ են նկատվում, բայց չնայած դրան` ԱՎԾ-ին հաջողվում է աճ նկարել: Սա մի իրավիճակում, երբ նախորդ տարվա նույն ամիսներին եւս տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել էր, ըստ այդմ, բավական ցածր է եղել համեմատության բազան: Այնպես որ, արձանագրված աճը մեխանիկական է:
Ըստ ԱՎԾ-ի` հունվար-նոյեմբեր ամիսներին 12.3 տոկոսով աճել է արդյունաբերությունը, չնայած ամսական կտրվածքով էլ այստեղ ետընթաց է` 0.3 տոկոսի չափով: Շինարարությունը 11 ամիսների կտրվածքով 0.3 տոկոսով է աճել, իսկ միայն նոյեմբերին այստեղ աճը 13.4 տոկոս է կազմել: Առեւտրաշրջանառությունն էլ, ըստ ԱՎԾ-ի, աճել է 14.2 տոկոսով, իսկ արտաքին առեւտրաշրջանառությունը` 26.4 տոկոսով: Ամենաողբերգական վիճակում շարունակում է գտնվել գյուղատնտեսությունը. չնայած վիճակագրական աճպարարություններին` այստեղ անկումը 3.9 տոկոս է կազմել, իսկ նոյեմբերին` հոկտեմբերի համեմատ, անկումը 52.3 տոկոս է: Սա էլ ժամանակին ԱՎԾ «ազատ թեմայով» թվանկարչության հետեւանքն է, երբ այնպես անարգել էին աճ նկարել գյուղատնտեսության ոլորտում, որ հետո տեսան` այդ տեմպերով շարունակելն անհնար է, եւ կբացահայտվի նրանց գործողությունների կեղծիքը: Կարճ ասած, վիճակագրությունը շարունակում է «հիացնել» իր հրաշքներով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԴԵՄ ԿՔՎԵԱՐԿԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը թեեւ դեմ էր «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին` քննադատելով այն, սակայն երեկ առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա այսպես մեկնաբանեց կատարածը. «Օրենքի փաթեթը լավն է, օրենսդրությունը` եւս: Բայց այստեղ սկզբունքային հարց կա, որի հետ էլ սկզբունքորեն համաձայն չեմ: Ինչ կառուցվածք էլ ունենա, դա չպետք է ազդի քաղաքացիների հասանելիության վրա: Քվեարկությունից առաջ ես նշեցի, որ դեմ եմ այդ դրույթին, բայց ամբողջ օրենսդրական փաթեթը լավն է»,-նշեց նա: Դիտարկմանը, եթե անհրաժեշտ փոփոխությունները չկատարվեն, երկրորդ ընթերցման ժանանակ կրկին կո՞ղմ եք քվեարկելու, նա նշեց. «Իհարկե, ոչ: Ես դեմ կլինեմ, որովհետեւ ես համոզմունք ունեմ, որ դա ուղղված չի լինելու մեր բնակչության համար դատարանի հասանելիությանը, այլ հակառակ էֆեկտ է ունենալու»:
ՁՈՒՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանի խանութներում եւ սուպերմարկետներում ձվի գինը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է բարձրանալ: Պատճառը ներքին շուկայում ձվի դեֆիցտն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին մի քանի տնտեսվարողներ` նշելով, որ երկու օր է, ինչ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին մատակարարում: Չի բացառվում, որ առաջիկա երկու օրերին որոշ խանութներում վաճառքի ձու չլինի: Բանն այն է, որ Ամանորի նախաշեմին, երբ ձվի պահանջարկը կտրուկ մեծանում է, տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել: Ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջացել: Իսկ պահանջարկը ամբողջությամբ բավարարելու համար ձու պետք է ներկրվի: Թե ինչն է պատճառը, որ տնտեսվարողները չեն կարողանում մեծ քանակությամբ ձու ներկրել, հստակ հայտնի չէ: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին դանդաղել է տնտեսվարողներին ձու ներկրելու թույլտվություն տրամադրելու հարցում:
ՄՆԱՑ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
ՀՀ գլխավոր դատախազությանը այս տարի չի հաջողվի սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանից բռնագանձել յուրացրած կենսաթոշակները: Այս գործով դատական նիստերն այս տարի այդպես էլ տեղի չունեցան, ու «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հերթական նիստը նշանակվել է հաջորդ տարի՝ 2018 թվականի հունվարի 24-ին:
Հիշեցնենք, որ Խաչիկյանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն կալանավայրում 5 տարի անցկացնելուց հետո ազատ արձակվել: Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան` պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել` փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը: Մայիս ամսից մինչ օրս նշանակված է եղել 4 դատական նիստ, որից երեքը չէր կայացել:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԲՈՅԿՈՏԸ
Երեկ Վանաձորի ավագանիում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մեկ տարի անց դադարեցրել է բոյկոտը եւ մասնակցել ավագանու նիստին: 33 հոգուց կազմված ավագանու նիստին ներկա են եղել 28 ավագանու անդամ: «Լուսավոր Հայաստան»-ի 10 անդամից ներկայացել է 8-ը: Իսկ ԲՀԿ խմբակցության 3 անդամները չեն ներկայացել: Փոխարենը ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկա են եղել ողջ կազմով:
ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Դիանա Ղազարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը` Դիանա Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի փոխանցմամբ` սննդամթերքի շուկայում հաճախ ենք ունենում խնդիրներ, որոնք միայն տոնական օրերով չեն պայմանավորված: Իսկ մեծագույն խնդիրը, ըստ նրա, այն է, որ պետական կառույցը չի արձագանքում ոչ միայն հանրային վերահսկողության, այլեւ պետական վերահսկողության արդյունքում առաջացած խնդիրներին: Ունենք լուրջ խուճապային իրավիճակ եւ հանրային անվստահություն, որի բոլոր հիմքերը կան: Պիպոյանը հիշեցրել է, որ հավի մսի մոնիտորինգից օրեր անց նորից ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ այս անգամ արդեն ոստիկանությունը պարզեց, որ մսի շուկայում իրացվում է ավանակի եւ ձիու միս: Այս ամենը, ըստ Պիպոյանի, բերում է նրան, որ հասարակության զգալի մասը վախենալով է առեւտուր անում. «Պանիկան հասել է այնպիսի մակարդակի, որ մարդիկ լարվածության մեջ են, չեն ցանկանում դիմել լիազոր մարմնին»,-նշել է նա:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին: ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Հրապարակվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման նախնական ժամկետը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման ամսաթիվը նշել առայժմ դժվար է, սակայն այն նախատեսվում է անցկացնել հաջորդ տարվա հունվարի կեսին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 5-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով: