Լուսանկարն արվել է Կառավարության շենքի ետնամուտքում
Երեկ` կառավարության նիստի ավարտից րոպեներ առաջ, մի խումբ տղաներ միրգ, բանջարեղեն եւ այլ սննդամթերք էին բերել: Այդ ընթացքում կառավարության ետնամուտքի մոտ նախարարներին էր սպասում նաեւ ՀՀԿ տատիկը: Նա, տեսնելով սնունդով լի տոպրակները, մոտեցավ եւ հարցրեց. «Կլինի` մի քիչ խնձոր ու նարինջ էլ ես գողանամ»: Նրան ի պատասխան` նախարարների վարորդներն ու օգնականներն ասացին. «Գողանալ պետք չէ, գնա եւ վերցրու` ինչ ցանկանում ես»: Իսկ, ահա, կառավարության ետնամուտքի մոտ հավաքված որոշ քաղաքացիներ էլ, տեսնելով ծանր տոպրակների պարունակությունը, սկսեցին բարձրաձայն ասել.«Ախ, ինչ սոված եք»:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:
Գեւորգ Խաչատրյան (30 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ քաղծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետք է դիմի Խորհուրդ` ներկայացնելով գրավոր դիմում, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաեւ լրացնի անձնական թերթիկ (դիմումը եւ անձնական թերթիկը լրացվում են Խորհրդի կողմից մշակված ձեւերին համապատասխան):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
ՀԱՐՑ. Ես ունեի 3-րդ կարգի հաշմանդամություն: Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, առանց բացատրության, հաշմանդամության կարգը հանել են: Բացի նրանից, որ անօրինական կերպով հանել են իմ հաշմանդամության կարգը, ինձ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում ինձ վերաբերվել են, մեղմ ասած, անբարեհամբյուր: Ուզում եմ հասկանալ` իմ հաշմանդանության կարգի` նման փոփոխության պատճառը ո՞րն է: Նշեմ, որ իմ մոտ առողջական վիճակի բարելավում չի գրանցվել:
Ջանիբեկ Համբարյան (Արմավիրի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե քաղաքացին համաձայն չէ Երեւանի թիվ 7 ԲՍՓ հանձնաժողովի կայացրած որոշման հետ, ապա «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի «ա» կետի պահանջների համաձայն` կարող է այն բողոքարկել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1527-Ն որոշման համաձայն` փորձաքննությանը քաղաքացին կարող է որպես ներկայացուցիչ մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցավալի է, որ քաղաքացուն հաշմանդամության կարգ տրամադրելու որոշումը Երեւանի թիվ 7 ԲՍՓ հանձնաժողովում մերժել են, իսկ այն, որ նրան վերաբերվել են անբարեհամբյուր, դա անթույլատրելի է:
Այս դեպքում, եթե պատասխանում նշված ժամկետը դեռ չի լրացել, ապա քաղաքացին պետք է դիմի եւ բողոքարկի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կայացրած որոշումը: Հուսանք` գոնե այս անգամ ԲՍՓ աշխատակիցները մարդկային դրսեւորում կցուցաբերեն քաղաքացու նկատմամբ: