ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՎԱՐԴԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր ընդունված Սահմանադրությունը ենթադրում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մարմիններ այլեւս չպետք է գոյություն ունենան: Կա՛մ նրանք պետք է դառնան նախարարություններ, կա՛մ ՀՀ վարչապետին կից կառույցներ: Այս համատեքստում փոփոխություններ են սպասվում նաեւ ՀՀ ոստիկանության համակարգում: Ոստիկանության այս՝ կառավարությանն առընթեր կարգավիճակը այլեւս չի լինելու:

Այսպիսով` սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս փոփոխությունների ֆոնին ոստիկանությունը նպատակ ունի փոփոխություններ իրականացնել ոստիկանության զորքերի կառուցվածքում եւ ոստիկանության զորքերը ցանկանում է տեսնել ազգային գվարդիայի տեսքով:
Որքանո՞վ է իրական ազգային գվարդիայի գաղափարը, եւ այն ի՞նչ կփոխի ոստիկանության ներքին զորքերի գործունեության որակի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոստիկանությունում ինչ կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանության զորքերը վերափոխելու եւ կոչելու են ազգային գվարդիա, եւ եթե այո, ապա ո՞վ է լինելու ղեկավարը:
Մեր հարցադրումներին ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին. «Ոստիկանության կազմակերպաիրավական ձեւի որոշման հարցը Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության մարմինների տնօրինման շրջանակում է: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինը պետք է ունենա նախարարության կամ կառավարության, վարչապետին եւ նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ: Ոստիկանության կարգավիճակի վերջնական որոշումից հետո պարզ կդառնան ներգերատեսչական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունն ու ուղղությունները: Ոստիկանական գվարդիայի մասով առաջարկություն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Առաջարկության վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս գոյություն չունի: Մեր կարծիքով այս ստորաբաժանման ապառազմականացումը եւ նրա խնդիրների կենտրոնացումը բացառապես իրավակարգի պաշտպանության ներքին խնդիրների վրա վաղուց հասունացել են եւ բխում են Հայաստանի ժողովրդավարացման միտումներից: Ոստիկանության գվարդիան, մեր կարծիքով, պետք է հանդիսանա հակաահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում: Ներկայումս այս մարմնին վերապահված են նաեւ արտաքին պաշտպանական ֆունկցիաներ, որի ուժով ոստիկանության զորքերն հանդիսանում են զինված ուժերի մաս: Ռազմական դրության պայմաններում ռազմական դրության ռեժիմի իրականացմանը կներգրավվի ամբողջ ոստիկանությունը, այդ թվում` գվարդիան: Ավելացնենք նաեւ, որ գվարդիա ստեղծել-չստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների հետ կապ չունի, եւ այս հարցում որոշակիություն հնարավոր է երեք տարվա ընթացքում»:
Նկատենք, որ ներքին զորքերի կամ ազգային գվարդիայի ապագա հրամանատարի մասին ոչինչ չկա ոստիկանության պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել` արդյո՞ք համապատասխան իրավական ակտ կամ օրենսդրական փաթեթի նախագիծ ներկայացվել է կառավարություն, եւ ինչ է այդ մասին մտածում գործադիրը: Ի պատասխան` մեզ հայտնեցին, որ այդ հարցի վերաբերյալ իրավական ակտի նախագիծ կառավարությանը չի ներկայացվել:
Իսկ ո՞ւմ կամ ո՞ր գերատեսչությանն է ոստիկանությունը նշված առաջարկությամբ դիմել: Տեղեկացանք, որ առաջարկությունը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության` 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Այնտեղ ոստիկանության զորքերի ապառազմականացման մասին կետ է նախատեսված: Այս նպատակով նախատեսվում է ոստիկանության զորքերի կազմակերպման եւ գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով եւ ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը ներքին զորքերը ոստիկանական գվարդիա դարձնելու առաջարկին ասաց. «Մենակ անվան փոփոխությամբ ոչ մի խնդիր չի լուծվի: Պետք է իմանաս նախ առաջինը այն խնդիրները, որոնք դրվելու են այդ կառույցների առջեւ, այն ֆունկցիաները, որոնք տրվելու են այդ կառույցներին` այդ խնդիրները իրականացնելու համար: Պետք Է իմանամ այդ բոլոր շարժառիթները եւ ամբողջական իմֆորմացիային տնօրինեմ, որ կարողանամ պատասխանել, հիմա դժվարանում եմ ասել»:
Մեկնաբանելով ոստիկանության այն կարծիքը, թե ոստիկանության գվարդիան, իրենց կարծիքով, պետք է հանդիսանա հակաահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում, նախկին ոստիկանապետը նշեց. «Եթե իրենք են ենթադրություններով խոսում, ապա մեր վիճակը ինչ պետք է լինի, եթե ոստիկանական կառույցներն են այդ ամենը նախաձեռնողները, ապա չպետք է ենթադրեն, այլ հաստատ համոզված ասեն, ֆիքսեն՝ ինչի համար է դա` տարածաշրջանային խնդիրներ, մարտահրավերներ, ներքին խնդիրներ, արտաքին խնդիրներ…»:
Իսկ թե ինչ ապագա է սպասվում Լեւոն Երանոսյանի ղեկավարած կառույցին, արդյո՞ք նա կշարունակի մնալ իր պաշտոնում, ժամանակը ցույց կտա: Այս դեպքում՝ 3 տարիները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Շուրջ 6 ամիս տեւած քննությունից հետո Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն որոշեցին չպատժել: Ու «զարմանալիորեն» նախաքննությունը իրականացնող մարմինը՝ քննչական կոմիտեն, քաղաքապետի որդու մասնակցությամբ գործը կարճեց 2017թ. դեկտեմբերի 29-ին, երբ հասարակության ուշադրությունը շեղված էր տոնական տրամադրություններով:
Հիշեցնենք, որ 2017թ. հունիսի 8-ին Ա.Դանիելյանի որդին` 16-ամյա Ռազմիկ Դանիելյանը, վերցրել էր քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկել իր մասնագիտական պարտականությունը կատարող, «Գազպրոմ Արմենիայի» աշխատակից Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով` մահացել էր: Քաղաքապետի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր.օր. 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դեպքից 6 ամիս անց քրգործի վարույթը կարճվեց: Գործով 4 անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն էր նշանակվել, եւ փորձագետները պատճառաբանել էին, թե տվյալները բավարար չեն, ուստի չեն կարող ասել՝ վարորդի կողմից խախտում կա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ ակնհայտ իրողությունը, որ երիտասարդը հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել ու սպանել քաղաքացուն, դեռ բավարար չէր պատժի համար: Հարց է առաջանում, թե ո՞վ պետք է պատասխան տա անչափահաս տղային ծառայողական մեքենան տրամադրելու համար: Ի վերջո, դեպքից հետո վարույթն իրականացնող մարմնին էր ներկայացել Հրազդան քաղաքի մեկ այլ բնակիչ եւ որոշել էր քաղաքապետի որդու արարքն իր վրա վերցնել` հայտարարելով, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին ինքն է եղել: Սակայն ավելի ուշ բացահայտվեց իրականությունը, բայց քաղաքապետի որդին ոչ միայն չպատժվեց, այլեւ Սերժ Սարգսյանի կողմից ոսկե մեդալ ստացավ դպրոցում ցուցաբերած բարձր առաջադիմության համար:
Ի՞նչ է սա, արդարադատությո՞ւն, թե՞ անպատժելիություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Հանցակազմի առկայության մասով չեմ կարող դատողություններ անել՝ առանց գործի նյութերին ամբողջական ծանոթանալու: Բայց ունենք փաստ, որ այդ տղան իր հոր ծառայողական մեքենայով է ավտովթարի մեջ ընկել, փաստ է, որ ծառայողական ավտոմեքենայով ազատ շրջել է: Նորմալ երկրներում, որտեղ իշխանությունը հաշվետու է իր ժողորդին, այս պաշտոնյան հենց միայն այդ փաստով արդեն չէր աշխատի այդ պաշտոնում: Ավելին` որդու գործողությունները, եթե իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում, գոնե այն, որ նա ապօրինաբար երթեւեկել է իրեն չպատկանող եւ իրեն օրինական ճանապարհով չտրամադրված ավտոմեքենայով, ինչը որոշակի իրավական գնահատկանի պետք է արժանանար: Բայց, ցավոք, մեր երկրում ավանդույթ է դարձել, որ արդարադատությունը իրականացվում է ընտրովի: Այսինքն` կան մարդիկ, կա խավ, որը անհասանելի է արդարադատության համար: Եթե այս անգամ աչք փակվեց, այդ երիտասարդը այդ պատկերացումներով է մեծանալու: Ես գուցե վատ կանխատեսում եմ անում, բայց սա վերջին կրիմինալ դեպքը չէ, որը կապված է լինելու այդ երիտասարդի անվան հետ, քանի որ նա այդ օրինակը ստացավ, որ կարող է ամեն ինչ անել, անպատժելի մնալ, նույնիսկ պարգեւատրվել»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նիստը երեկ հետաձգվել է: Դատարան չէին ներկայացել գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպաններ Միհրան Պողոսյանը եւ Երեմ Սարգսյանը: Մ. Պողոսյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու եւ չի կարողանա մասնակցել նիստին: Նա դատարանին խնդրել է նիստը հետաձգել եւ այն նշանակել հունվարի 22-ին, ժամը 14:00-ին: Իսկ պաշտպաններից Երեմ Սարգսյանն արդեն մի քանի նիստ չի ներկայացել եւ բացակայության պատճառների մասին դատարանին տեղյակ չի պահել: Դատարանը պաշտպանների բացակայությունն անհիմն է համարել: Տուժող Փառանձեմ Մեյթիխանյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը եւս նիստին ներկա չի եղել: Դատարանը նիստը հետաձգել է մինչեւ հունվարի 22-ը:

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է 2017թ. ընթացքում հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման շրջանակներում ՀՀ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքները, դատախազության համար առաջնահերթություն համարվող առանձին ուղղություններով նախաձեռնված բարեփոխումներն ու դրանցից ակնկալվող արդյունքները: Գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ 2017թ. հուլիսի 3-ին դատախազության հանդիսավոր նիստում Ս. Սարգսյանի կողմից շեշտադրված ուղղություններով իրականացված աշխատանքներին: Ա. Դավթյանը նշել է, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով էական նվազում է արձանագրվել հանրային մեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, ավազակությունը, բնակարանային գողությունը: Ս. Սարգսյանն անհրաժեշտ է համարել շարունակել քրեադատավարական գործընթացներում անձի ազատության, արդար դատաքննության իրավունքների պաշտպանության հնարավորինս լիարժեք մեխանիզմների ապահովման ուղղությամբ լրացուցիչ միջոցների ձեռնարկումը:




Լրահոս