ԴՈԿՏՈՐԱԿԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ հունվարի 20-ին, նախատեսված է ԱԺ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Այն կայանալու է պետական կառավարման ակադեմիայում: Պատգամավորի ատենախոսության թեման է «Պետության հայեցողությունը սահմանադրաիրավական եւ կոնվենցիոն կարգավորումների համատեքստում, ձերբակալման, կալանավորման եւ արդար դատաքննության մասով»:

Հետաքրքիրը, սակայն, այն է, որ ակադեմիայի խորհրդի անդամները ինն են, եւ նրանց թվում է նաեւ հենց Գեւորգ Կոստանյանը: Ստացվում է, որ նա պաշտպանելու է իր դոկտորական ատենախոսությունն այն խորհրդում, որի անդամ է հանդիսանում: Արդյո՞ք դա չի կաշկանդի խորհրդի մյուս անդամներին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ պատգամավորի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, վաղը կայանալու է Ձեր դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Ինչո՞ւ եք հենց հիմա պաշտպանում այն:
-Ես 2009 թվականից սովորում եմ Ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում: Այսինքն՝ նոր չեմ որոշել: Այդ թվականից ես սովորում եմ ու հաստատել եմ այն թեման, որը հիմա պաշտպանում եմ: Այսինքն` ոչ թե նոր եմ անում, այլ 2009 թվականից եմ անում:
-Բայց ինչո՞ւ եք հենց հիմա պաշտպանում՝ ինը տարի անց:
-Ես այդ ժամանակ իմ զբաղեցրած պաշտոններով պայմանավորված շատ մեծ ծանրաբեռնվածություն եւ զբաղվածություն ունեի եւ ես չէի կարողանում անհրաժեշտ ժամանակ հատկացնեի ատենախոսության վրա աշխատանքներին: Այս տարիների ընթացքում ես հավաքում էի նյութերը, վերլուծություններ էի անում: Ընդ որում, դիսերտացիայի թեման վերաբերում է Եվրոպական դատարանի եւ եվրոպական կոնվենցիայի գործող օրենսդրությանը: Ես 2004 թվականից հանդիսանում եմ պետության ներկայացուցիչը Եվրոպական դատարանում եւ ես այս դիսերտացիայի աշխատանքի ամբողջ բազան այս տարիներին, որպես պետության ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, դրանք եմ մշակել եւ իրացրել: Եվ միայն պայմանավորված նրանով, որ անհրաժեշտ ժամանակ չունեի հատկացնելու` ավարտուն աշխատանք դարձնելու համար, իսկ այս մեկ-մեկուկես տարին ավելի նվազ ծանրաբեռնվածություն եմ ունեցել եւ ես կարողացա պատշաճ եւ անհրաժեշտ ժամանակ հատկացնել` աշխատանքն ավարտին հասցնելու համար: Այսինքն` ես, ըստ էության, ուղիղ 2009 թվականից մինչ այսօր աշխատում եմ իմ դիսերտացիայի վրա: Այդ թվականից մինչեւ հիմա էլ ես Եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչ եմ եղել, թեման էլ այդ գործունեությունից բխող է: Ամբողջ թեմայի նյութերը, վերլուծությունները ես հավաքել եւ իրացրել եմ: Իմ գործունեության արդյունքները, նաեւ որպես գլխավոր դատախազ, ես հիմա գիտական մակարդակով ամփոփման առարկա եմ դարձրել:
-Սակայն Դուք հանդիսանում եք այն խորհրդի անդամ, որտեղ պաշտպանելու եք: Դա չի՞ կաշկանդի խորհրդի անդամներին, ի վերջո, կարող են կողմնակալ լինել:
-Ես հնարավորություն ունեի բոլոր առումներով պաշտպանել նաեւ այն ժամանակ, երբ ես գլխավոր դատախազ էի կամ զինվորական դատախազ էի: Բայց դա սխալ ընկալում կարող էր ունենալ, երբ ես պաշտպանեի, երբ ունեի բարձր պաշտոն: Այո, ես կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի անդամ եմ եւ պաշտպանում եմ նույն խորհրդում եւ ասեմ՝ ինչու: Ես իմ նախնական պաշտպանությունը հատուկ անցկացրեցի Ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում, լրիվ այլ խորհուրդ եւս իր համաձայնությունն ու գնահատականը տվեց իմ ատենախոսությանը: Ես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի խորհրդում եւս քննարկում եմ ունեցել, այդտեղ քննարկվել է եւս, ԵՊՀ-ի սահմանադրական իրավունքի ամբիոնը եւս դրական գնահատական է տվել, եւ արդյունքում միայն կառավարման ակադեմիայում ես կանցնեմ հիմնական պաշտպանություն: Եվ այստեղ կա հետեւյալը. բայց ես որոշեցի կառավարման խորհրդում անցկացնել, քանի որ դա կդիտվեր անհարգալից վերաբերմունք խորհրդի անդամների նկատմամբ: Կողմնակալության առիթ, չեմ կարծում, հանդիսանա եւ երկու պատճառով` ես որեւէ կասկած չունեմ այդ խորհրդում իմ գործընկերների օբյեկտիվության վրա, եւ այդ պաշտպանությունը լինելու է բաց եւ հրապարակային: Ես վստահ եմ՝ ցանկացած մարդ, ով ներկա գտնվի, ինքը կկարողանա հավաստիանալ օբյեկտիվության մեջ: Որպեսզի օբյեկտիվության կասկած չլինի, ես դա արդեն քննարկել եմ նաեւ այլ ստորաբաժանումներով եւս: Ես մաքսիմալ նվազեցրեցի անաչառության ցանկացած կասկած:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԼՈՆԴՈՆԻՑ

Ինչպես եւ սպասելի էր` երեկվա ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուի հարցը: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մարտի սկզբից ԱԺ-ն ընտրելու է ՀՀ նախագահին, որը պառլամենտական համակարգում ունենալու է պետության գլխի գործառույթ, ունենալու է ներկայացուցչական գործառույթ, ունենալու է ուղերձներով հանդես գալու իրավունք: Օրեր առաջ, Սերժ Սարգսյանն ինչպես նշեց, մենք քննարկել ենք մի թեկնածուի հարցը, նա լավագույնս կարող է ներկայացնել ՀՀ-ն ե՛ւ ներսում, ե՛ւ միջազգային ատյաններում, ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր բարձր կարողություններ, լեզուների իմացություն, ունի հեղինակություն թե՛ Սփյուռքում, թե՛ ՀՀ-ի ներսում: Սա այն թեկնածուն է, որի շուրջ հնարավոր է հասնել որոշակի լայն համաձայնության քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությամբ», – նշեց Շարմազանովը՝ սակայն այդպես էլ պահելով գլխավոր ինտրիգը ու չհրապարակելով ՀՀԿ-ի թեկնածուի անունը:
Նրա խոսքով` թեկնածուին առաջադրել եւ առաջարկել է քննարկել Սերժ Սարգսյանը, եւ ընդհանուր առմամբ բոլորը կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: «Վաղը (այսօր-խնբ.) ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին առաջադրել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում: Վաղը կիմանաք անունը: Այսքան սպասել եք, մեկ գիշեր էլ սպասեք: Մենք որոշումը կայացրել ենք», – նշեց նա:
Միեւնույն ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, թե որեւէ սենսացիոն բան չկա, եւ կներկայացվի այն թեկնածուն, որին շատերը հավանական են համարել: Իհարկե, խոսքը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի մասին է, ում թեկնածությունը ամենահավանականը համարեցին հատկապես Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն օրեր առաջ իր խոսքում խոսել էր ապագա նախագահի մասին եւ նշել, թե իր պատկերացմամբ ինչ չափանիշների պետք է համապատասխանի նա: Նրա խոսքով` այդ պաշտոնը պետք է զբաղեցնի անձնավորություն, «ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն, եւ որ ամենակարեւորն է, անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»:
Որպես այս հատկանիշների կրող շրջանառվում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի անունը, սակայն ընտրությունն, ի վերջո, կանգ է առել հենց Արմեն Սարգսյանի վրա: Թե ով է Արմեն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր իր նախորդ համարում: Չնայած Արմեն Սարգսյանը շատ կարճ ժամանակ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, սակայն այն ժամանակ ընդունելի կերպար է եղել հասարակության կողմից: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւս կարծիք հայտնեց, որ իրենց թեկնածուն արժանանալու է նաեւ ընդդիմության հավանությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը: Նախագահը պաշտոնավարում է 7 տարով՝ առանց վերընտրության իրավունքի:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ԴԵՌ ՎԱՂ Է ԱՍԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով անցած տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանից մեկնել է 1 մլն 218 հազար 340 ուղեւոր, իսկ ժամանել` 1 մլն 229 հազար 910-ը: «Շիրակ» օդանավակայանից անցած տարվա հունվար-դեկտեմբերին մեկնել է 52 հազար 828 ուղեւոր, իսկ վերադարձել` 52 հազար 836-ը: Ասել է, թե օդային ճանապարհով մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի մնացորդը բացասական չէ: Սակայն սա դեռ չի նշանակում, որ Հայաստանից արտագաղթը դադարել է: Ընդհակառակը, արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք` ըստ սահմանային անցակետերի, նկատի ունենալով նաեւ Բագրատաշենի եւ Բավրայի անցակետերով ուղեւորահոսքը: Սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը` մեկնելով դեպի ՌԴ: Այս անցակետերով տեղաշարժի վիճակագրությունը դեռ չի հրապարակվել. ԱՎԾ-ն այդ տվյալները կհրապարակի հունվարի վերջին նոր միայն, եւ պարզ կդառնան Հայաստանից արտագաղթի ծավալները: Չնայած, եթե նկատի ունենանք միայն հացի արտադրության ծավալների նվազումը, երեւում է, թե ինչպես ՀՀ բնակչությունը տարեկան նվազում է մոտ 2-3 տոկոսով:

 

 

ԿԷԺԱՆԱՆԱ, ԲԱՅՑ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ միջազգային շուկայում կարագի գները նվազել են, ինչին դեռ չի արձագանքել մեր ներքին շուկան: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարագի գինը միջազգային շուկայում հունվարի 16-ի դրությամբ մեկ կիլոգրամի դիմաց կազմել է 4.8 դոլար: Բայց չնայած սրան` Հայաստանում կարագի գինը միջազգային գնից շարունակում է ավելի թանկ մնալ: Մեզ մոտ «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը կազմում է 4510 դրամ, ավելի քան 9.3 դոլար, իսկ նոր զելանդականինը` 4430 դրամ, ավելի քան 9.2 դոլար: Ստացվում է, որ մեզ մոտ կարագը միջազգային գնից վաճառվում է 4.5-4.6 դոլարով ավելի: Փոխարենը ՏՄՊՊՀ-ից պարզաբանում են, որ կարագի գների միջազգային անկումը չի կարող անմիջապես անդրադառնալ տեղական շուկայի գների վրա, այնպես, ինչպես թանկացումը եւս անմիջապես չի անդրադարձել մեր շուկայի վրա: «Նոր զելանդական կարագի գները սկսել են բարձրանալ 2016-ի մայիսից, որի ազդեցությունը ՀՀ կարագի շուկայում արձանագրվել է միայն 4 ամիս անց` սեպտեմբերից: ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իսկապես, միջազգային վաճառքի գնի հետ կապված նկատվում է միտում` նվազման ուղղությամբ: Այդ նվազումը առաջիկայում կանդրադառնա նաեւ մեր մանրածախ շուկայի գնի վրա: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում գնանկումը կանդրադառնա նաեւ տեղական շուկայի վրա»,- պարզաբանեցին ՏՄՊՊՀ-ից: Ստացվում է, որ միջազգային շուկայի թանկացումները ժամեր հետո տեղ են հասնում, իսկ էժանացումների համար 2-3 ամիս է պետք, որ զգանք:




Լրահոս