ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ հավերժ պայքարող մեր երկրի կառավարությանն հիմա էլ գումար է պետք, որպեսզի շարունակի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն մշակել:

3 մլն դոլար է անհրաժեշտ
Փաստորեն մինչ այս ԱՄՆ-ից, Եվրամիությունից, տարբեր դրամաշնորհային ծրագրերի միջոցով ստացված գումարները չեն բավարարել մեր երկրին՝ կոռուպցիայի դեմ լիարժեքորեն պայքարելու համար, հիմա էլ ՀՀ պետական «ծակ» բյուջեից են 1 միլիարդ 384 միլիոն դրամ (շուրջ 3 մլն դոլար) հատկացնելու՝ այդ բացը լրացնելու համար:
Գործադիրը երեկվա՝ հունվարի 18-ի նիստում փոփոխություններ կատարեց 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս արձանագրեց, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացնելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ 384 միլիոն դրամ: Բայց անհայտ է, թե կառավարությունը ինչ միջոցներով պետք է ֆինանսավորի այդ ծրագիրը:
Բարեխղճության դասընթացներ
Իսկ ինչպե՞ս է ծախսվելու մոտ 3 մլն ԱՄՆ դոլարը, կամ ինչպես է այդ ծախսը ազդելու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի վրա: Արդյո՞ք կաշառակերության, ձախ գումարների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով հարցերը լուծելու, վերեւից հնչող զանգերի միջոցով կառավարվող իրավապահ մարմինների գործունեության վրա կամ այլ արատավոր երեւույթները հնարավոր է որեւէ գումարով վերացնել, կանխել:
Իհարկե, այս հարցերի պատասխանը երեկ կառավարության նիստում չհնչեց: Նախագիծը ներկայացնող Վահե Ստեփանյանը բառակույտ շարադրեց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը եւ նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով: Դրանով նախատեսված է միջոցառումների ծրագրեր իրականացնել պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության եւ կրթության ոլորտներում: Թե կոնկրետ որ ոլորտում ինչքան գումար են նախատեսում ծախսել, այդպես էլ չմանրամասնվեց:
Նշենք, որ փաստաթուղթը բաղկացած է մի քանի հարյուր թերթից: Որտեղ նշված է, որ 110 միլիոն դրամ կհատկացվի պետական եկամուտների հավաքագրման ոլոտրում բարեփոխումների համար: Եւ ի՞նչ է պետք ՊԵԿ աշխատակիցներին՝ բարեփոխվելու համար. դե, իհարկե, դասընթացներ: Նրանք վերապատրաստում կանցնեն այդ գումարով՝ տարեկան առնվազն 8 ակադեմիական ժամ տեւողությամբ՝ հակակոռուպցիոն եւ բարեխղճության թեմաներով:
Բջջայինները լիցքավորելու համար
Բայց սա դեռ ամենը չէ: Նախատեսված գումարի մեծ մասը՝ 1.1 միլիարդ դրամ, կհատկացվի ոոստիկանությունում կոռուպցիան նվազեցնելու համար: Իսկ ինչպե՞ս: Շատ պարզ. 648 միլիոնը կտրամադրվի օպերլիազորներին, հետաքննիչներին ու տեսուչներին, որպես անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների եւ բջջային հեռախոսակապի ծախսերի փոխհատուցում: Այսինքն՝ եթե օպերներն ու տեսուչները այդ գումարը ստանան, այլեւս «մանր խուլիգաններից» հեռախոսի լիցքավորման գումար չեն ուզի, եւ կոռուպցիան կվերանա:
Բայց ուշագրավն այն է, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրով նախատեսվում է թարմացնել ոստիկանության ավտոպարկը` 2.5 միլիոն դրամով մոպեդ գնել, 25 միլիոնով` բեռնատար, 24 միլիոնով` ավտոբուս: «Տակը մնացած» 500 հազար դրամով էլ մեքենաներում տեսախցիկներ կտեղադրվեն:
Փորձագետները անհույս են
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Օրինակ` Եվրամիությունը Հայաստանի բյուջեին գումար է տալիս, եւ այդ գումարի դիմաց Հայաստանը պարտավոր է շատ բաներ անել: Պետք է հաշվի առնել, որ իրականում այդ փողերն անուղղակիորեն էլի գալիս են Եվրամիությունից: Ավելի մանրամասն ծանոթ եմ ոստիկանության փոփոխություններին: Պետք է ասեմ, որ որոշ փոփոխություններ, իհարկե ողջունելի են, լավն են, բայց լուրջ փոփոխություններ չկան: Ես, օրինակ, չեմ տեսնում որեւիցե փոփոխություն, որը կօգներ պատժել ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, կամ ընտրակաշառք բաժանողները պատժվեն: Երկրին էապես վնասող կոռուպցիայի մասով փոփոխություններ այս պահին չեմ ակնկալում»:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքերով` չնայած տարաբնույթ միջոցառումներին, 2003 թվականից մինչ օրս մեր երկիրը կոռուպցիայի ընկալման ինդեքսում 113-րդ տեղում է: «Հնարավոր է` ֆորսմաժորային իրավիճակներ լինեն, կամ ապրիլից հետո կտրուկ բաներ փոխվեն, եւ ինչ-որ մի բան լինի: Բայց եթե այնպես շարունակվի ինչպես հիմա է, իմ կարծիքով` հավանականությունը շատ փոքր է»,- կանխատեսեց Հոկտանյանը:
Այսպիսով` ՀՀ կառավարությունը հերթական անգամ պարզապես փոշիացնելու է 3 մլն ԱՄՆ դոլարը՝ եվրակառույցներին «ապացուցելու» համար, թե դաժան պայքար է տանում այդ անորսալի կոռուպցիայի դեմ:

ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

ԴԻԼԻՋԱՆԻ ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դիլիջան քաղաքի բնակիչ Սերգեյ Միքայելյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն:
Համաձայն առաջադրված մեղադրանքի` նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Ս. Միքայելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանին առնչվող քրեական գործով տուժող էր, նա մեղադրվում է այդ քրեական գործի քննության հանգամանքների վերաբերյալ քննիչ Ս. Սաղաթելյանի հանդեպ սուտ մատնության կատարելու մեջ: 2016թ. փետրվարի 11-ին Դիլիջանի Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքում Դավիթ Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով Սերգեյ Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Հանցագործությունն ավարտին չի հասցվել Դ. Հակոբյանի կամքից անկախ հանգամանքներում: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել:
2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՄԻԼԻՈՆՆԵՐ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների մեծ մասը օգտվում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Նախորդ տարվա վերջից բոլոր մանկապարտեզների աշխատակիցներին զգուշացվել է, որ պետք է որպես ապահովագրական ընկերություն ընտրեն «Նաիրի ինշուրանս» ընկերությունը: Ընդ որում, քաղաքապետարանը նշված ընկերության հետ առաջին անգամ չէ, որ պայմանագիր է կնքում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը նախորդ տարվա համար «Նաիրի ինշուրանս» ընկերությանը քաղաքային բյուջեից հատկացրել է 139 մլն 77 հազար դրամ, իսկ շահառուների թիվը 3030 է եղել: Սակայն այս տարի շահառուների թիվը 1670-ով ավելացել է: Հետեւաբար կավելանա նաեւ հատկացվող գումարի չափը: «Ժողովուրդ»-ը քաղաքապետարանից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ից 160 մանկապարտեզների վարչական ու մանկավարժական, ինչպես նաեւ օժանդակ եւ սպասարկող անձնակազմի շուրջ 4700 աշխատակիցներ դարձել են առողջապահական փաթեթի շահառուներ:
Ինչպես հայտնի է` «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լեւոն Քոչարյանին, որը ընկերության խորհրդի անդամ է: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան եւ հետաքրքրվեց, թե ինչու է ընտրվել հենց կրտսեր Քոչարյանի ընկերությունը: Մեր հարցմանը քաղաքապետարանից այդպես էլ չկարողացան հիմնավորված պատասխան ներկայացնել. «Առողջապահական փաթեթը սպասարկող ապահովագրական ծառայություն իրականացնող ընկերությունը յուրաքանչյուր տարի որոշվում է հրապարակային եւ թափանցիկ էլեկտրոնային մրցույթի արդյունքում: Ընդ որում, մրցույթի համար նախապես ներկայացվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից մշակված ծառայությունների մատուցման տեխնիկական բնութագիր, որում ներառվում են հատուցման ենթակա բուժօգնությունները, ախտորոշիչ, լաբորատոր, ինչպես նաեւ կանխարգելիչ բուժզննման հետազոտությունները»:
Իսկ մեր մյուս հարցմանը` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ի՞նչ կապ ունի քաղաքապետարանի այդ ընտրության հետ, քաղաքապետարանից արձագանքեցին` նշելով. «Ինչ վերաբերում է մրցույթի մասնակիցներին, ապա ինչպես նրանց գրանցումը, այնպես էլ մրցույթի ողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, եւ այդ պարագայում մասնակից անձերին առնչվող որեւէ հուզական բաղադրիչ էլեկտրոնային համակարգի վրա ներազդող գործոն չի կարող համարվել»: Իհարկե, նման դեպքերում հուզական չէ, բայց մարդկային բաղադրիչն էլեկտրոնային համակարգի վրա ներազդող գործոն կարող է լինել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս