Եւս մեկ լծակ՝ ապագա վարչապետի համար. լավ մտածված սցենար` լիակատար իշխանության հաստատմանն ուղղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ՀՀԿ-ում ձեւացնեն, թե դեռ չեն որոշել վարչապետի` իրենց թեկնածուին, իշխանությունների գործողությունները թույլ են տալիս աներկբայորեն պնդելու, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը: Համենայն դեպս, նոր Սահմանադրության պարագայում պետության իրական ղեկավարը լինելու է վարչապետը, եւ այս օրերին պետական կառավարման համակարգի մասին օրենսդրությունը գրվում է ապագա վարչապետի` Սերժ Սարգսյանի համար:

Պատահական չէ, որ երեկվանից շրջանառության մեջ դրված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով սահմանված է՝ վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26 հասցեում՝ ներկայիս նախագահական նստավայրում: Իսկ ապագա նախագահին, որն, ի դեպ, նոր Սահմանադրությամբ շատ սահմանափակ լիազորություններ է ունենալու, որպես նստավայր հատկացվելու է Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տունը:

Պատահական չէ, որ վարչապետը բավական լայն հնարավորություններ եւ արտոնություններ է ունենալու: Վարչապետը, բացի ծառայողական առանձնատնից, պետական ամառանոցից, հատուկ նշանակության ավտոտրանսպորտից, ունենալու է նաեւ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Մինչդեռ նախագահը, որ Սահմանադրությամբ պետության գլուխն է եւ միջազգային ասպարեզում ներկայացնելու է Հայաստանը, չի օգտվելու առանձին ինքնաթիռ եւ ուղղաթիռ ունենալու արտոնությունից (ի դեպ, բարձրաստիճան մյուս պաշտոնատար անձինք կարող են օգտվել կառավարության ղեկավարի համար նախատեսված հատուկ սարքավորված ինքնաթիռի եւ ուղղաթիռի սպասարկումից, բայց միայն վարչապետի որոշմամբ սահմանված կարգով):

Իսկ ահա ԱԺ նախագահի համար այս նախագծով առանձին սոցիալական երաշխիքներ ընդհանրապես չկան. ո՛չ նշված է ծառայողական առանձնատան, ո՛չ պետական ամառանոցի, ո՛չ էլ հատուկ նշանակության ավտոտրանսպորտի մասին: Նախագծում միայն ասված է, որ ԱԺ նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ, տարեկան ոչ ավելի, քան 50 մլն դրամի չափով, եւ վերջ:

Բայց շատ ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հայտնի փաստ է, որ երկրում իրական իշխանությունը պատկանում է նրան, ում ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նախատեսված է, որ այս բոլոր կառույցները գործելու են վարչապետի ենթակայության տակ: Բացի այդ` օրինագծով նախատեսված է, որ վարչապետի ենթակայության տակ է գործելու նաեւ պետական վերահսկողական ծառայությունը:

Սա, ի դեպ, նոր կառույց է, որը մեծ հաշվով նման է լինելու նախագահի վերահսկողական ծառայությանը, սակայն ունենալու է առանձին կարգավիճակ` բավական լայն լիազորություններով ու հնարավորություններով:

Երեկվանից շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ, պետական վերահսկողական ծառայության լիազորությունների մեջ է մտնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց մոտ ամենատարբեր բնույթի ուսումնասիրություններ անցկացնելը:

Մասնավորապես վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անցկացնելու ոչ միայն ֆինանսական միջոցների, այլեւ նշված մարմինների գործունեության օրինականության եւ արդյունավետության առումով, պետական միջոցների կառավարման եւ ձեավորման արդյունավետության եւ օրինականության առումով: Այս կառույցի լիազորությունների շրջանակներում է նաեւ հակակոռուպցիոն ծրագրերի եւ միջոցառումների վերահսկողությունը: Այս կառույցն իրավունք է ունենալու ծանոթանալու վերահսկվող օբյեկտի բոլոր փաստաթղթերին, բոլոր թղթային եւ էլեկտրոնային շտեմարաններին, տեղեկություններին: Ասել է, թե նրանց համար չկան սահմանված բացառություններ, եւ ստուգումների ճանապարհին չեն լինելու օրենքով նախատեսված գաղտնիքների տեսքով խոչընդոտներ:

Օրինագծով նախատեսված է, որ պետական վերահսկողական ծառայությունն իր ուսումնասիրություններն իրականացնելու է ղեկավարի հանձնարարականների հիման վրա: Սակայն վերահսկողական ծառայության ղեկավարը պետք է այդ հանձնարարականները նախապես համաձայնեցնի վարչապետի հետ: Սա նշանակում է, որ նոր ձեւավորվող այս կառույցը կարող է ստուգումներ անցկացնել ցանկացած պահի՝ վարչապետի որոշմամբ: Եւ այս դեպքում, կարելի է պնդել, որ այն վարչապետի ձեռքին լինելու է լուրջ լծակ՝ իշխանության ներսում լիակատար վերահսկողություն սահմանելու, ֆինանսա-տնտեսական բնույթի կոմպրոմատներ հավաքագրելու եւ ճնշումներ գործադրելու համար: Ըստ այդմ, բավական մեծ է լինելու այս կառույցի՝ որպես վարչապետի հենասյան դերն ու նշանակությունը:
Համաձայնեք` մեկ անձի լիակատար իշխանության հաստատման համար բավական լավ է մտածված:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս