«ԿՈՒԶԵՆԱՅԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԱԶԱՏ ԼԻՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001-08թթ. Հանրային հեռուստաընկերության եթերում ամենաշատը երեւացող հաղորդավարներից մեկը Ֆելիքս Խաչատրյանն էր։ Շատերը կհիշեն նրա վարած հաղորդումներն ու հեռուստանախագծերը՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» եւ այլն: Հետո արդեն Ֆելիքսին տեսանք «Արմենիա» հեռուստաընկերության եթերում՝ «Ֆորտ Բոյարդ», «Բարի լույս, հայեր» եւ այլ ծրագրերի շրջանակում։ Իսկ վերջերս էլ Ֆելիքսը վերադարձավ Հանրային հեռուստաընկերություն. նա վարում է «Սիրո բանաձեւ» ծրագիրը։ Հեռուստադիտողներից շատերը կարոտել էին նրա հումորներին, սակայն Ֆելիքսին չէին կորցրել տեսադաշտից։ Վերջինս այս տարիներին ակտիվ գործունեություն էր վարում նաեւ երաժշտական ոլորտում։ Նա հասցրել է հիմնադրել «33.3» հիպ-հոպ խումբը, թողարկել մի շարք երգեր եւ տեսահոլովակներ։ Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը հաղորդավար, հեղինակ-կատարող Ֆելիքս Խաչատրյանն է։

-Ֆելիքս, արդեն հասցրե՞լ եք կրկին ադապտացվել հաղորդավարի կերպարին, թե՞ գուցե կան բաներ, որոնց հետ չեք համակերպվում, որոնցից, այսպես ասած, հետ եք վարժվել։
-Չէ, նման խնդիր չկա, օգտագործում եմ այն, ինչ գիտեի։ Ոչ մի բանից հետ չեմ վարժվել։ Բնականաբար, տարիների ընթացքում ավելի հասուն եմ դարձել, բացի այդ՝ հիմա մի քիչ չաղ եմ, մնացածը նորմալ է (ծիծաղում է)։
-Իսկ կա՞ հեռուստատեսային մի ֆորմատ, որին առանձնակի ձգտում եք։
-Բոլոր ֆորմատներն էլ ինձ հետաքրքրում են, կոնկրետ բան չեմ նշի, բայց, իհարկե, լավ կլինի, եթե ուղիղ եթերում հայտնվեմ եւ մեծ թվով հեռուստադիտողներ ունենամ։ Դա, ըստ իս, ինքնըստինքյան բարձր է պահում տրամադրությունն ու լցնում է եթերը։
-Հայկական հեռուստատեսության ամենամեծ բացը ո՞րն եք համարում։
-Կուզենայի, որ Հայաստանում հեռուստատեսությունն ավելի ազատ լիներ, ցենզուրան քիչ լիներ. այդպես ավելի հետաքրքիր կդառնար աշխատելը։ Արտերկրի, թեկուզ Ռուսաստանի հեռուստաալիքների գործունեությանը հետեւելիս կարող եք տեսնել, որ այնտեղ ցենզուրան ավելի թույլ է։ Նկատի ունեմ այն, որ եթերում թույլատրված է ավելի շատ թեմաների շուրջ կատակել։ Իսկ մեր եթերի սահմանափակումները փակում են մարդու միտքը։ Մնացածն ընդհանուր առմամբ նորմալ է։
-Գուցե Դուք էլ մտքերն արտահայտելու առումով առաջացած բացը փորձում եք արտահայտել ռեփի միջոցո՞վ։
-Դե այո, այդ աշխատանքն, իհարկե, ոչ մի կապ չունի հեռուստատեսության հետ, դա ուրիշ մարդ է անում (ծիծաղում է)։ Ասելիքի մասով, այո, բացը լրացնում եմ երաժշտության շնորհիվ։
-Առաջիկայում ե՞րբ նոր ձայնասկավառակ կթողարկեք։
-Ամենաուշը մարտին պատրաստ կլինի իմ նոր ալբոմը, որը կկոչվի «Սառը սարը»։
-Կա՞ մի թեմատիկա, որը կարմիր գծի նման անցնում է բոլոր երգերի միջով։
-Այդպիսի կոնկրետ թեմա չկա, բայց ընդհանուր առմամբ փորձել եմ «33.3»-ական ֆորմատը պահել, ներկայացնել առավել մեղեդային, պոետիկ, եւ ոչ ագրեսիվ երգեր։ Հենց ալբոմը պատրաստ լինի, անպայման կանեմ նաեւ շնորհանդես։
-Իսկ Ձեզնից զուգերգ սպասե՞նք։
-Այո, Մարտա Կիրակոսյանի հետ դուետ ենք պատրաստում։ Կարծում եմ՝ հետաքրքիր համագործակցություն է ստացվել։
-Եվ վերջում, բացի «Սիրո բանաձեւը»` Ձեզ ուրիշ հեռուստանախագծի շրջանակներում առաջիկայում կտեսնե՞նք։
-Այո, նկարահանվում եմ «Տանդեմ» սիթքոմում, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերությամբ։ Սիթքոմի ռեժիսորը Արման Նշանյանն է։ Նախագծում նկարահանվում են հենց Արմանը, Սոֆյա Պողոսյանը եւ այլք։ Բացի այդ՝ ես եւ Արմանը նոր զուգերգ ունենք։ Ընդ որում, օպերային կատարումներով հայտնի Արմանն այս զուգերգի շրջանակում նաեւ ռեփ կկարդա։ Երգը ներառում է նաեւ օպերային հատված։ Այն կոչվում է «Տանդեմ» եւ համանուն սիթքոմի սաունդթրեքն է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՉՈՐՍ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԽՈՍՏՈՒՄԸ

«Չորս տարբերակ» փոփ խումբը, որը վերջին տարիներին պասիվացրել է իր գործունեությունը, չնայած անդամների խոստումներին եւ հավաստիացումներին` այդպես էլ չի վերադառնում շոու-բիզնես։ Դեռեւս 2016-ի աշնանը խմբի անդամ Քնարիկ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «Չորս տարբերակը» տեւական դադարից հետո վերսկսելու է իր գործունեությունը։

Անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, սակայն խումբն այդպես էլ չի երեւում ասպարեզում։ Խմբի անդամ Նարինե Մկրտումյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ պատճառը վերադառնալու համար ստիմուլ չունենալն է. «Այս պահին, օրինակ, ֆինանսական խնդիրներ չունենք, պարզապես պետք է կազմակերպվենք։ Բայց եթե մի բան ես անում, պետք է դրա պատասխանը ստանաս, իսկ այդ պատասխանը տարիների ընթացքում ոչ մի կերպ չենք ստանում։ Ես չեմ սիրում այն երգերը, որոնք կատարում եմ, օրինակ, ռեստորաններում։ Իսկ ասպարեզում ներկայանալու համար հաճախ ներկայացնում ենք երգեր, որոնք չեն ընդունվում, ասում են՝ մարդկանց ճաշակը փոխվել է, բայց այդ ճաշակին համարժեք երգեր էլ մենք չենք ուզում կատարել։ Եվ այդպես` տեղաշարժ չի գրանցվում»,-ասաց նա՝ հավելելով, որ խումբը շոու-բիզնես չի վերադառնում նաեւ այն պատճառով, որ անդամներից ամեն մեկն իր խնդիրները, անձնական կյանքը, ընտանիքն ունի, եւ այդ հանգամանքը դժվարացնում է խմբի ինքնակազմակերպման գործընթացը։
Նարինեն հիշեցրեց, որ վերջերս թողարկվեց խմբի՝ Հարութ Փամբուկչյանի համերգին կատարած երգի տեսանյութը։ Ստեղծագործությունը կոչվում է «Աղջիկ ջան, նազ ունես»։
«Վերջին շրջանում կորպորատիվներից շատ հրավերներ ենք ստանում, կարծում եմ՝ գաղտնիքն այն է, որ կատարեցինք 6/8 չափի երգ։ Անկեղծ ասած՝ բավականաչափ գումարներ ենք աշխատում դրա հաշվին»,-խոստովանեց Նարինեն։
Նա նաեւ հավելեց, որ հավանաբար գարնանը խումբը կթողարկի տեսահոլովակ. «Հուսով ենք՝ այս անգամ ոչինչ չի խանգարի դրան»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով պետական մրցանակների են արժանացել մի շարք գործիչներ:
Լավագույն ստեղծագործությունները եւ աշխատանքները գնահատելու, ինչպես նաեւ հեղինակներին խրախուսելու նպատակով ՀՀ 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության եւ արվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառներում: Գրականության եւ արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում` գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության եւ կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար, Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար, Մհեր Մկրտչյանը, Վահագն Հակոբյանը, Սամվել Թադեւոսյանը, Ռուբեն Ջաղինյանը եւ Կարեն Ղազարյանը` «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմի համար:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լեւոն Ազնաուրյանը (հետմահու) եւ Սուրեն Հակոբյանը` Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:
Ճշգրիտ եւ բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտ էլեկտրադինամիկական վակուումը եւ մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները` մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաեւ իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Նշենք, որ 2017թ. պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաեւ հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ` հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:
Պետական մրցանակները հանձնելուց հետո Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:




Լրահոս