ՈՐՆ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ ներկայացուցիչներն առանձակի ոգեւորությամբ են սկսել գովաբանել այս կառավարության գործունեությունը: Բայց արդյունքում կորցնում են իրատեսությունն ու իրականության զգացողությունը: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունն այդ ժանրից էր: «Կառավարության 2017-ի գործունեությունը ձեր աչքի առաջ է, կառավարության նման արդյունավետ աշխատանք վերջին տասնամյակում, թերեւս, չենք տեսել՝ բոլոր ցուցանիշների առումով»,- ասել է դաշնակցական գործիչը:
Սկսենք նրանից, որ 2017թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները դեռ չեն հրապարակվել, հետեւաբար նման պնդումներ անելը դեռ վաղ է: Եւ հետո` վերջին տասնամյակում նախորդ կառավարություններին հաջողվել էր գոնե թվանկարչության շնորհիվ 7 տոկոս աճ ներկայացնել. համենայնդեպս այդպես էր պնդում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2012թ մասին խոսելիս: Մոտավորապես նույնքան աճ էլ կառավարությունն ակնկալում է այս տարի, բնականաբար, կրկին թվանկարչության շնորհիվ: Ու բացի այդ` մեկ այլ իրողություն. 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ-ի համատեղ նիստում հետեւյալ «հաստատումներն էին» արվել. «Երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը դեռեւս բեկումնային փոփոխությունների չի ենթարկվել, թեեւ առկա են որոշ դրական տեղաշարժեր եւ արդյունքներ: Առանցքային են մնում ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման հարցերը՝ տեղի ունեցող թանկացումների, գործազրկության բարձր մակարդակի, արտագաղթի պայմաններում»: Ըստ այդմ, ՀՅԴ-ն առաջնային խնդիր էր համարել «սոցիալական արդարության հաստատումն ու այդ ուղղությամբ աշխատանքը»` ընդգծելով, որ առաջնորդվելու են նախաձեռնողականության եւ ինքնուրույն գործելակերպով: Ու այսքանից հետո Աղվան Վարդանյանի երեկվա հայտարարությունները մի տեսակ չէին համապատասխանում կուսակցության գնահատականներին:

 

 

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայտում է արել՝ պնդելով, որ այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` սա հստակ է, Ռուսաստանն այսպիսի ազդակներ ստացել է ՀՀ-ից: «Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ իշխանությունից հեռանալուն, ինչին հավատալ ես չեմ կարող»: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նախագահին, Կոլերովը հայտարարել է. «Սա արդեն կարեւոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձեւական ֆունկցիաներ են տրված: ՌԴ-ի համար լրիվ միեւնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձեւական է: Նրա դերը զրոյական է»: Կոլերովն անդրադարձել է նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին` ասելով. «Նրան որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երեւանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել»:

 

 

Օրերս հայտնաբերվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում առեւանգված հայ երիտասարդները՝ գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդին` Արման Մանուկյանն ու զարմիկը՝ Սամվելը: Հիշեցնենք` դեռ 2017 թվականի նոյեմբերին նրանց անհայտ անձինք զենքի սպառնալիքով պատանդ էին վերցրել: Այս ամիսներին որեւէ տեղեկություն չկար երիտասարդների մասին, եւ միայն օրերս նրանց ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տղաներին հայտնաբերել են վնասվածքներով: Մեզ հասած լուրերի համաձայն` Արման Մանուկյանը թեթեւ վնասվածք է ունեցել գլխի շրջանում, իսկ ահա Սամվելը մի քանի վնասվածք է ունեցել մարմնի այլ մասերում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Երիտասարդները տեղափոխվել են Կիեւի հիվանդանոցներց մեկը, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Թե ովքեր էին առեւանգել նրանց, ինչ նպատակով եւ այլն, պարզ չէ: Կան տարբեր վարկածներ, որոնք առայժմ ո՛չ հերքվել են, ո՛չ հաստատվել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք եւ ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում է նաեւ մաքսատուրքն ու ԱԱՀ-ն: Ըստ Մարտիրոսյանի` դեռ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչներ ստեղծել են «Հայգիրք» ասոցիացիան, նշված խնդրով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն իշխանությունները հրաժարվել են ընդառաջել հրատարակիչների առաջարկներին: «Սեփական արտադրողի հերն անիծելու եւ արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ,- տարակուսել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,- սա գերեզմանափոս է սեփական արտադրողի համար»:

 

 

ԱՆՏԱՐԲԵՐ ՀԱՊԱՂՈՒՄ
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի թեման շատ արագ մոռացության տրվեց: Հինգշաբթի օրը՝ հունվարի 18-ին, պաշտոնապես հաստատվեցին լուրերը, որ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ վերջ: Անցել է արդեն հինգ օր, սակայն Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը, եւ ոչ էլ մերժել է նախարարի դիմումը: Ըստ ամենայնի, այս հարցին իշխանությունները պատրաստվում են անդրադառնալ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա այցից հետո: Թե ինչն է հապաղելու պատճառը, որեւէ մեկը չի մեկնաբանում: Մինչդեռ այս հարցում մեկնաբանություններն անհրաժեշտ են, որովհետեւ դժվար է հիշել մի դեպք, երբ նախարարը հրաժարական տա, բայց նրա դիմումի վերաբերյալ երկրի ղեկավարը տեւական ժամանակ որեւէ իրավական ակտ չկայացնի` թողնելով ամեն ինչ օդից կախված: Այս ընթացքում Մանուկյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չհնչեցրեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, կարծես արտառոց ոչինչ չի եղել: Մինչդեռ որպես կառավարության ղեկավար` Կարապետյանը պարտավոր էր մեկ նախադասությամբ անդրադառնալ կատարվածին, հատկապես, երբ Մանուկյանն իր մերձավոր շրջապատի անդամներից էր համարվում:
Հազիվ թե Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Կարեն Կարապետյանն այս օրերին փորձում են համոզել Աշոտ Մանուկյանին մինչեւ ապրիլ շարունակելու պաշտոնավարումը: Եթե կարողանային կամ ցանկանային նախարարին համոզել, արած կլինեին մինչեւ դիմում ներկայացնելն ու այդ փաստը հրապարակայնացնելը: Մանավանդ, երբ ըստ շրջանառվող լուրերի, նախարարը հրաժարականի դիմումը գրել էր ամանորյա տոներից առաջ` այդ մասին տեղեկացնելով նաեւ կոլեկտիվին: Այնպես որ, ըստ էության, ոչինչ չէր խանգարում Սերժ Սարգսյանին որոշում կայացնելու հարցում մինչեւ Փարիզ մեկնելը: Հատկապես, երբ խոսքը երկրի համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող նախարարության մասին է, որի դերը դժվար է չգիտակցել: Այս ոլորտում սկսել են լրջագույն ծրագրեր իրագործվել՝ այլընտրանքային արեւային էներգիա, ՀԷԿ-երի կառուցում, բացի այդ` այս նախարարությանն է վերապահված երկրի ընդերքի հարցում որոշումներ կայացնելու իրավունքը եւ այսպես շարունակ: Բայց այս անտարբերությունը վկայում է պետության հանդեպ իշխանությունների վերաբերմունքի մասին, եւ որ այս նախարարությունը եւս երկրորդ պլան է մղվել, ընդ որում՝ երկրորդ պլան են մղվել ոչ միայն անձերը, այլեւ հենց կառույցը:




Լրահոս