«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ գործունեության մասով հարցեր էր ուղղել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը:
-Պարո՛ն Համբարձումյան, զրույցը սկսենք նախորդ տարին ամփոփելով: Ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար. հասցրեցի՞ք իրականացնել պլանավորված աշխատանքները: ԱԱԾ-ն ավանդաբար համարվում է փակ, խորհրդավոր կառույց, եւ Ձեր գործունեությանը հաճախ տրվում է քաղաքական մեկնաբանություն:
-Ամփոփելով նախորդ տարին` կարող եմ փաստել, որ այն ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության համար աշխատանքային առումով գերծանրաբեռնված, սակայն համեմատաբար առավել խաղաղ տարի էր, կարողացանք գրեթե լրիվ ծավալով իրականացնել պլանավորված աշխատանքները, վերլուծել եւ ողջամտորեն գնահատել վարչությունում առկա խնդիրները, գտնել դրանց համարժեք լուծումներ: Քննչական վարչությունը համալրվեց նոր կադրերով, տեխնիկական միջոցներով, քննիչները սկսեցին վերապատրաստվել ՀՀ արդարադատության ակադեմիայում, դասընթացների են մասնակցել ՌԴ-ում, Չինաստանում, համագործակցող այլ երկրներում, նաեւ ինչի արդյունքում, մեր գնահատմամբ եւ արձանագրված ցուցանիշներով, էականորեն բարձրացել է աշխատանքների իրականացման արդյունավետությունը, բարելավվել են քննության որակն ու մակարդակը, զգալիորեն կրճատվել են գործերի նախաքննության ժամկետները: Առանձնակի ուշադրություն ենք դարձնում ահաբեկչության, սահմանի ապօրինի հատումների, անօրինական միգրացիայի, փողերի լվացման, սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննության առանձնահատկություններին, մեթոդիկային, ինչպես նաեւ որակի բարելավմանը, հնարավորինս ակտիվացնում ենք ՀՀ ԱԱԾ եւ մյուս իրավապահ մարմինների օպերատիվ ստորաբաժանումների հետ քննչականի համագործակցությունը, որն իմ գնահատմամբ` հիմնական գրավականն է հանցագործությունները բացահայտելու հարցում:
Ներկայացնեմ ԱԱԾ քննչական վարչության կողմից 2017թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տվյալներ, մասնավորապես 2017թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ ՔՎ կողմից քննվել է 333 քրգործ, որից դատարան է ուղարկվել 105-ը` 202 անձի նկատմամբ, կարճվել է 21 քրգործ, որից 11-ը` արդարացման, իսկ 10-ը` ոչ արդարացման հիմքերով, վարույթը կասեցվել է 78 քրգործով, որից 47-ը` հետախուզման հիմքով` 67 անձի նկատմամբ, 2-ը` հանցանք կատարած անձանց ՀՀ-ից դուրս գտնվելու հիմքով, եւ 29-ը` հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, 25 քրգործ միացվել է այլ գործերի, 46 քրգործ ուղարկվել է այլ մարմիններ, 58 քրգործերով նախաքննությունը շարունակվում է: Քննված քրգործերով պարզված, պետությանը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված նյութական վնասը կազմել է 1.033.196.960 ՀՀ դրամ, որից փաստացի հատուցվել է 915.439.943 ՀՀ դրամը, որը կազմում է 88.6 % (չեն հաշվարկվել կալանք դրված գույքերի արժեքները): Այսինքն` քննված 333 քրեական գործերի ընդամենը 3.3 %-ն է կարճվել արդարացման հիմքով, 8.7 %-ը կասեցվել է հանցագործությունը կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, առնվազն 48.6 %-ը բացահայտվել է (31.5 %-ն ուղարկվել է դատարան, 14.1 %-ը կասեցվել է հետախուզման հիմքով եւ 3 %-ը կարճվել է ոչ արդարացման հիմքով), 21.3 %-ը միացվել է այլ գործերի կամ ուղարկվել ըստ ենթակայության, եւ 17.4 %-ի նախաքննությունը շարունակվում է:
Նշեմ նաեւ, որ քրգործերով ակտիվ համագործակցում ենք Ինտերպոլի, ինչպես նաեւ գործընկեր պետությունների, մասնավորապես ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի, Չինաստանի, Իրանի, ԱՄԷ-ի եւ այլ իրավապահ մարմինների հետ` առանց վարանելու նրանց ներկայացնելով պարզված տվյալները, ձեռք բերված ապացույցները եւ իրավական հիմքերը, ինչի արդյունքում այլ պետությունների գործընկերների մոտ ձեւավորվել է մեր գործողություններում քաղաքական հետապնդման կոնտեքստը բացառող համոզմունք, եւ հիմք է ստեղծվել փոխադարձ ակտիվ համագործակցության համար:
Առանձնակի ուզում եմ շեշտել, որ ԱԱԾ-ն, իր իրավասությունների շրջանակներում գործելով, արձագանքում է բոլոր այն դեպքերին, որոնք իրենց մեջ առերեւույթ կարող են պարունակել հանցագործության հատկանիշներ, չպետք է ամեն հարցում անձնավորված եւ սուբյեկտիվ մոտեցում փնտրել:
-Նորք-Մարաշի առանձնատներից մեկում հայտնաբերված զինված խմբին վնասազերծելուց հետո Դուք մամուլի ասուլիս տվեցիք ու հայտարարեցիք, որ նախաքննությամբ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել, թե խումբը ինչ զազրելի հանցանքներ է նախաձեռնել: Մինչդեռ գործի դատաքննության ընթացքում սկսեց գերիշխել կարծիքը, որ գործը փլվում է, քանի որ փաստերը, մեղմ ասած, քիչ են կամ չկան:
-Նորքի գործով ես ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց եւ կոնկրետ ապացույցների մասին խոսելուց, քանի որ այս փուլում արդեն իսկ ընթանում է դատաքննություն, ընդամենը խորհուրդ կտամ ավելի ուշադիր հետեւել գործի դատաքննությանը, եւ երբ կհրապարակվեն ապացույցները, ցուցմունքներ կտան մեղադրյալները, կամ կհրապարակվեն նրանց նախաքննական խոստովանական ցուցմունքները, խնդրում եմ` վերլուծեք դրանք, համադրեք միմյանց հետ, եւ կարծում եմ` Դուք` որպես անաչառ դիտորդ ու լրագրող, կփոխեք Ձեր կարծիքը եւ ճիշտ գնահատական կտաք գործին եւ մեր իրականացրած աշխատանքին, իրապես կլուսաբանեք պարզված փաստերը, ինչը կնպաստի, որ հետագայում բացառվեն նմանօրինակ դեպքերը: Ընդամենը մեկ փաստ կուզենայի հիշատակել. այն, որ խմբին զենք իրացրած թվով 5 անձանց վերաբերյալ առանձին գործերով արդեն իսկ դատավճիռներ են կայացվել, նրանք ընդունել են մեղքը եւ խնդրել են արագացված դատաքննություն իրականացնել:
-Հասարակության լայն շերտերի կողմից չընկալվեց նաեւ Արցախի հերոս Սամվել Բաբայանի կալանավորումը եւ նրան մեղսագրվող արարքը: Եթե չկար քաղաքական հրահանգ, արդյո՞ք նա այն վտանգավոր քրեական հանցագործն էր, որին պետք էր անհապաղ մեկուսացնել ապրիլյան ընտրություններից առաջ: Ի վերջո, նրա «Իգլայի գործ»-ը եւս քչերի մոտ հավատարժան եղավ:
-Սամվել Բաբայանի եւ մյուս 6 մեղադրյալների վերաբերյալ քրգործով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ: Ես կրկին հորդորում եմ Ձեզ, մինչեւ գործի հավատարժան լինելու մասին գնահատական հնչեցնելը, ուսումնասիրել նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ դատարանում հրապարակված ապացույցները, վերլուծել դրանք եւ համադրել մեղադրյալների ցուցմունքների հետ, այսինքն` լրագրողական հետաքննություն իրականացնել հետազոտված տվյալների հիման վրա: Կարծում եմ` միայն այդ դեպքում Ձեզ համար տեսանելի կլինի, թե ինչ ծանրակշիռ ապացույցներ են ստացվել գործով, եւ դրանց վերաբերյալ որքան անարժանահավատ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող եւ անհիմն պատճառաբանություններ են ներկայացվել առանձին մեղադրյալների կողմից: Ս. Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի տեսակ ընտրելիս նախաքննական մարմինը եւ վերջինիս ներկայացրած միջնորդությունը քննարկած դատարանն առաջնորդվել են բացառապես քրեադատավարական օրենքով սահմանված հիմքերով, այն է` բավարար հիմքեր են եղել ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ այլ ճանապարհով: Նախաքննական մարմինը նպատակ չի հետապնդել, Ձեր խոսքով` «մեկուսացնել» Սամվել Բաբայանին ապրիլյան ընտրություններից առաջ, քրեական հետապնդում իրականացնող մարմինն ընդամենն իրականացրել է իր պարտականությունը` անկախ այն հանգամանքից, թե հանցագործությունն ով եւ երբ է կատարել: Այսինքն` դա ընդամենը պարզ համընկնում է` պայմանավորված դեպքի հանգամանքներով. դրանում համոզվելու համար բավարար է վերհիշել միայն այն փաստերը, որ «Իգլա»-ի ձեռք բերման հետ կապված խոսակցությունները, բանակցությունները Բաբայանը եւ մյուսները վարել են այդ նախընտրական շրջանում, նույնիսկ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակի` ՀՀ տեղափոխված լինելու փաստը հաստատող լուսանկարը հանցագործության մեջ մեղադրվող անձինք կատարել են «ՕՐՕ» դաշինքի նախընտրական բուկլետի ֆոնին: Մենք չէինք կարող սպասել, որ ի կատարումն Ս. Բաբայանի խորհրդի` ռազմամթերքը տեղափոխվեր եւ թաքցվեր ինչ-որ վայրում, ինչը կարող էր հանգեցնել առնվազն նրան, որ այն կշարունակեր մնալ ապօրինի շրջանառության մեջ: Այս կապակցությամբ, ի պատիվ Սամվել Բաբայանի, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ վերջինս նույնպես չքաղաքականացրեց քրգործը, այլ այն գնահատեց զուտ քրեաիրավական հարթությունում: Կարծում եմ, որ այդ իմաստով կասկածի տակ չեք դնում Ս. Բաբայանի կողմից տրված գնահատականը, քանի որ վերջինս այն անձը չէ, ով կարող էր ինչ-ինչ ազդեցության տակ գնահատական տալ նման նուրբ հարցի առնչությամբ:
-Հայաստանի սահմանները կարծես թե այնքան էլ պաշտպանված չեն: Հարեւան երկրներից տարբեր մարդիկ, կարելի է ասել, անխոչընդոտ կամ սահմանապահների հետ համագործակցելով` սողոսկում են ՀՀ տարածք (դեպքերը բազմաթիվ են): Արդյո՞ք այդքան դժվար է ՀՀ պետական սահմանի լիարժեք պաշտպանության աշխատանքը:
-ՀՀ սահմանների պաշտպանությունն ԱԱԾ-ն, ինչպես նաեւ ՀՀ եւ ՌԴ սահմանապահ զորքերի մշտական ուշադրության կենտրոնում է, եւ ամենօրյա ռեժիմով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` սահմանի ապօրինի հատման դեպքերը կանխարգելելու եւ բացահայտելու ուղղությամբ: Մենք առիթ ունեցել ենք կոնկրետ թվերով ներկայացնելու, թե 2016-2017թթ. ընթացքում քանի դեպք է բացահայտվել, եւ թվով քանի անձ է քրեական պատասխանատվության ենթարկվել ապօրինի սահմանահատումների հետ կապված գործերով: Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը` իրոք, շատ դժվար եւ պատասխանատու գործ է պետական սահմանի պահպանությունը, դրա համար պահանջվում է մեծ նվիրում, ռեսուրսներ եւ տեխնիկական միջոցներ, այսօր ամեն ինչ արվում է առկա խնդիրները վերացնելու եւ մեր սահմանների պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԵԿ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, որին միայն մեկ ամբաստանյալ է մասնակցել` Արմեն Լամբարյանը: Նշենք, որ մնացած 10 անդամները հեռացված են դատական նիստերի դահլիճից սանկցիա կիրառելու հետեւանքով: Դատարանը նիստի սկզբում միայն Մանվել Աթոյանին է նիստերի դահլիճ բերել, որպեսզի ճշտի նրա կարծիքը պաշտպան ներգրավվելու հետ կապված, ապա նորից հեռացրել նիստերի դահլիճից: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: