«Ժողովուրդ»-ը երգչուհի Նառայի հետ զրուցել է նրա առաջիկա պլանների, յոգայով զբաղվելու, նեգատիվ էներգիան իրենից վանելու միջոցի, երիտասարդ սերնդի ներկայացուցիչների պոտենցիալի եւ այլ թեմաների շուրջ:
-Նառա՛, երկրպագուները հետաքրքրվում են՝ առաջիկայում նոր տեսահոլովակով հանդես կգա՞ք:
-Այո՛, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ աշխատում եմ գործիքավորման վրա, իսկ այդ գործը վստահված է Մուրզոյին՝ Արա Թորոսյանին: Այնպես որ, սպասում եմ՝ ԱՄՆ-ից գա, որ գործն առաջ գնա:
-Իսկ կենդանի կատարումներ Ձեզնից սպասե՞նք:
-Հայաստանում՝ ո՛չ, բայց արտերկրում՝ այո՛:
-Գիտեմ, որ վերջերս սկսել եք զբաղվել յոգայով, կպատմե՞ք այդ մասին:
-Այո՛, պարզապես կասեմ, որ որոշեցի ազատ ժամանակս լցնել առողջարար ու ակտիվ զբաղմունքով:
-Այն, որ տարիները պարզապես անցնում են Ձեր կողքով, թերեւս նաեւ ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ լինելու արդյունքն է, այո՞:
-Տարիները չեն անցնում իմ կողքով, ուղղակի ես չեմ զգում իմ տարիքը եւ չեմ ուզում զգալ, իսկ ով հիշեցնում է ինձ այդ մասին՝ իր խնդիրն է, ոչ թե իմ: Կան մարդիկ, որոնք հոգով երբեք չեն ծերանում, բայց կան երիտասարդներ, որոնք հոգով վաղուց արդեն ծեր են: Իմ տեսքը լավ է, որովհետեւ բոլորին սիրում եմ եւ դրական եմ վերաբերվում, յուրաքանչյուրին ընդունում եմ այնպիսին, ինչպիսին նա կա: Այդ դեպքում դեմքիդ արտահայտությունն էլ, աչքերդ էլ, հայացքդ էլ գեղեցիկ են լինում, քո ուրախ լինելն անմիջականորեն արտացոլվում է արտաքինիդ վրա: Բացի այդ՝ ես սիրում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, ամենավատ մարդու մեջ էլ փորձում եմ տեսնել լավը: Ինչպես որ ես չեմ ուզում որեւէ մեկին փոխել, նույն կերպ եւ չեմ ուզի, որ ինչ-որ մեկը փորձի փոխել ինձ:
-Նառա՛, շոու-բիզնեսում դժվար է դիմակներ չկրել: Ինչպե՞ս եք վարվում Դուք:
-Միայն շոու-բիզնեսում չէ, առհասարակ, ամեն միջավայրում էլ մարդը կրում է դիմակներ՝ տանը՝ մի դիմակ, դրսում՝ մեկ այլ, եւ երբ ինքն իր հետ է, այդ դեպքում միայն չի կրում որեւէ դիմակ: Դա նորմալ է:
-Ես խոսում եմ ոչ թե մարդու տարբեր «եսերի», այլ կեղծ դիմակի մասին:
-Դե, ես էլ խեղկատակության կամ ծաղրածուի դիմակի մասին չեմ խոսում, այլ պաշտպանողական դիմակների:
-Նեգատիվ էներգիայից Դուք ինչպե՞ս եք պաշտպանվում, ինչպես Դուք ասացիք՝ մարդկանց ընդունելով այնպիսին, ինչպիսին նրանք կա՞ն:
-Այո՛, բացի այդ՝ չարությանը պատասխանում եմ բարությամբ: Իմ փորձից կարող եմ ասել, որ դա հրաշալի արդյունք է տալիս: Իսկ եթե դու էլ չարացար, կորած մարդ ես, դու ինքդ ես սեւանում այդ դեպքում:
-Լավ, մի քիչ էլ ոլորտի մասին խոսենք: Երիտասարդ սերնդի կատարողների մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Լավ երիտասարդություն ունենք, ուղղակի այսօր ի հայտ գալու համար ավելի մեծ ջանքեր են հարկավոր, քան տարիներ առաջ:
-Թե՞ հակառակը: Օրինակ՝ նախկինում երգիչները մեծ ճանապարհ պետք է անցնեին, որպեսզի հայտնվեին եթերում, իսկ այսօր դա ձախ ձեռքի գործ է:
-Որակյալ երաժշտություն կատարողների համար միշտ էլ դժվար է: Անտաղանդները հեշտությամբ են գտնում իրենց տեղը: Կան մարդիկ, որոնք նույնիսկ արտերկրում են դահլիճներ լցնում, բայց դա ծիծաղելի է: Ուղղակի լռում ես, որովհետեւ դա իրենց համար բիզնես է: Բայց ժողովուրդը, հավատացեք, լավ գիտի ամենքին՝ անկախ կոչումներից եւ այլ բաներից:
-Աշխատել եք Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում` որպես մեներգչուհի: Հետաքրքիր է՝ Օրբելյանի հետ համագործակցած այլ արտիստների հետ կապը պահո՞ւմ եք:
-Այո՛ , իհարկե, աշխատել եմ, օրինակ, Գայանե Հովհաննիսյանի, Էռնա Յուզբաշյանի հետ, որոնց հետ մտերիմ եմ: Գիտե՞ք՝ ընկերությունը մեկ օրվա համար չէ: Հնարավոր է՝ հազվադեպ ենք հանդիպում, բայց դա ոչինչ չի փոխում: Ի դեպ, ասեմ, որ մեր մեջ տակփորոցի, լիդեր, աստղ դառնալու ձգտում չի եղել. ամեն մարդ իր տեղում էր: Եթե այսօր էլ հասկանան, որ այդ սկզբունքով է պետք է առաջնորդվել, շատ բան կփոխվի դեպի լավը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈ՞ՒՄ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար փետրվարի 7-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, չեղարկվել է։ Սոցիալական ցանցում հունվարի 25-ին նույնիսկ միջոցառում էր բացվել, որը հասցրել էր հետաքրքրել օգտատերերին: Սակայն կարճ ժամանակ անց գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը իր էջում հայտարարեց. «Հարգելի՛ ընթերցողներ, հայցում ենք ձեր ներողամտությունը եւ ցանկանում տեղեկացնել, որ կողմերի (մի կողմից թանգարանի տնօրինության եւ մյուս կողմից՝ մեր) կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված՝ հնարավոր չէ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում իրականացնել նախապես ծրագրված շնորհանդեսը»:
Միքայելը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «կամքից անկախ հանգամանքներ» ասելով՝ նկատի ունի թանգարանի կողմից առաջ քաշած վարչական խնդիրները. «Թանգարանի տնօրինությունը պարզաբանեց, որ տեխնիկական խնդիրներ կան՝ պայմանագրի կնքման հետ կապված, իսկ մշակույթի նախարարությունը չի մեկնաբանել կատարվածը»,-ասաց նա:
Նշենք, որ կատարվածը բողոքի մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում: Շատերը պնդում են, որ միջոցառումը չեղարկվել է մշակույթի նախարարության հրահանգով, քանի որ Սաակաշվիլին ներկայում «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ է, բացի այդ` նշվում է նրա հակահայ քաղաքականության մասին։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մշակութային միջոցառումը նախնական պայմանավորվածությունից հետո չեղարկվում է։ Ամիսներ առաջ մշակույթի նախարարությունը փակել էր Հովհաննես Թումանյանի թանգարանում ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը։ «Մի բան կարող եմ հստակ ասել՝ նույն կառույցի կողմից նույնաբնույթ գործողությունների նախադեպեր եղել են, ու հենց այդ նախադեպերն են, որ անկախ այս տեղեկության հավաստի կամ ոչ հավաստի լինելուց՝ լուրերին հավաստիություն են հաղորդում: Ինչ վերաբերում է Սաակաշվիլու հակահայ գործունեությանը, ապա դա, միանշանակ, սուբյեկտիվ գնահատական է, եւ ես չեմ ասի՝ կիսում եմ դա, թե ոչ: Չգիտեմ նաեւ՝ նախարարությունն այդ գնահատականը կիսո՞ւմ է, թե՞ ոչ»,-մեկնաբանեց Միքայելը:
Ի դեպ, թեմայի շուրջ գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը «Ֆեյսբուքում» գրառում էր կատարել՝ նշելով. «Եթե պարզվի, որ գրքի հրատարակիչն ու թանգարանի տնօրինությունը գաղտնի պայմանավորվել են, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը շատացնելու համար շնորհանդեսը արգելեն, չեմ զարմանա»:
Միքայելը, սակայն, հակադարձեց. «Միանշանակ, դա իրականությանը չի համապատասխանում: Եթե նույնիսկ տրամաբանենք, որ այդպես կարող էր լինել, ապա այդ դեպքում ինձ չի թվում, որ կարող էր շահերի համընկնում լինել»:
Գրքի շնորհանդեսը նախատեսվում է իրականացնել այլ վայրում, տեղի եւ ժամի մասին կծանուցվի:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ, ով նշեց, որ հիվանդ է եւ խոսել չի կարող: Իսկ ՀՀ մշակույթի նախարարությանը մենք դիմել ենք գրավոր հարցմամբ: Պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ