Ինչով են զբաղվելու նախագահը, վարչապետը և ԱԺ ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կառավարման ողջ լծակները կենտրոնանալու են վարչապետի ձեռքում. այդ մասին են վկայում իշխանությունների կողմից պարբերաբար ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունները: Եվ քանի որ այս պահի դրությամբ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի միակ եւ հիմնական թեկնածուն, փորձ է արվում հենց նրա համար որքան հնարավոր է` ավելի լայն լիազորություններ սահմանել: Քանի որ օրենսդրական այդ նախաձեռնությունները հեղինակել էր ՀՀ արդարադատության նախարարությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, «Ներման մասին» օրենքով նախագահը ներում շնորհելու է միայն վարչապետի առաջարկությամբ: Ստացվում է՝ այս լիազորությունից նա եւս զրկված է լինելու, սա նույնպե՞ս վարչապետին է տրվում:

-Առաջին հերթին` այո՛: Այսինքն` վարչապետն այն անձն է, որը պետք է առաջարկությամբ հանդես գա, նախագահի առաքելությունը միշտ պետք է տեսնել: Խորհրդարանական համակարգում նախագահն ունի երկու կարեւոր առաքելություն: Առաջինը` պետության գլուխ լինելն է: Մոնարխիաներում, եթե Դուք նայեք, դարձյալ հաճախ մոնարխն է այսօր, որ շնորհում է ներումը, բայց երբեք ինքը որոշում չի կայացնում:

Իրեն այդ հարցը ներկայացնում է վարչապետը, որոշ դեպքերում` նաեւ արդարադատության նախարարը: Այսինքն` դերակատարումն առաջին հերթին դրված է գործադիր իշխանության վրա: Եթե նայեք, Միացյալ Թագավորությունում եւս որոշ խնդիրներ լուծվում են թագուհու միջոցով, բայց նա դերակատարում ունի զուտ որպես պետության գլուխ, այսինքն՝ արարողակարգային է: Երկրորդ կարեւոր առաքելությունը, որը վերապահված է մեր նախագահին, դա Սահմանադրության պահպանմանը հետեւելն է:

Եվ եթե ներկայացվել է մի առաջարկություն, որը հակասում է Սահմանադրությանը… ինչ է նշանակում` հակասում է Սահմանադրությանը, օրինակ` օրենքներին չենք հետեւել եւ այլն, որոնք հաստատում է խորհրդարանը, եւ վարչապետը չի հետեւել այդ օրենքին, ապա, բնականաբար, նախագահը կարող է ոչ միայն մերժել, այլեւ վեճը տանել Սահմանադրական դատարան:

-Տեսակետներ են հնչում, որ այս բոլոր փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի համար, քանի որ հենց նա է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն:

-Անկախ Սերժ Սարգսյանի անձից, ես մեկնաբանությունը նման ձեւով չէի տա, որովհետեւ, ի վերջո, մենք ընդունել ենք Սահմանադրություն, որը կոնկրետ անձի հետ կապված չէ: Եվ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, եթե այս անգամ լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, չնայած նա դեռ իր դիրքորոշումը կարտահայտի, անգամ այդ դեպքում սա վերաբերում է յուրաքանչյուր վարչապետի, որը կգլխավորի գործադիր մարմինը:

-Դուք խոսեցիք խորհրդարանի դերի մեծացման մասին, սակայն ԱԺ նախագահը փաստացի զրկված է շատ լիազորություններից:

-Ազգային ժողովի նախագահի լիազորությունները հիմնականում սահմանափակվում են Ազգային ժողովով:

-«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցի մասին: ՀՅԴ-ն եւս դեմ չէ այդպիսի փոփոխություններին: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն:

-Նախ` բազմիցս եմ ասել՝ եկեք սխալներ չներմուծենք մեր տերմինաբանության մեջ: Սա կոչվում է համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով: Պետք է վերլուծություն կատարել, եւ Դուք կտեսնեք երկրներ, որտեղ բաց ցուցակով ընտրված անձանց թիվն ավելի մեծ է, քան այն անձանց թիվը, ովքեր ընտրվում են փակ ցուցակով:

Այս առումով, իհարկե, քաղաքական շահարկումները եւ գնահատականներ խորհրդարանում կարող են հնչել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ընտրել ենք շատ ժողովրդավարական համարվող մի մոդել: Համակարգը, որը մենք ենք ընդունել, ունի շատ կարեւոր դրական առանձնահատկություն. Դուք այսօր չեք գտնի որեւէ քաղաքացու, ով ընտրություն է կատարել եւ չգիտի, թե իր տարածքը ով է ներկայացնում: Կարող է՝ նա այդ թեկնածուին ձայն էլ չի տվել, բայց գիտի, թե իրեն ով է ներկայացնում: Պատասխանատվության սկզբունքն ամենակարեւորներից է, որպեսզի կայանա ժողովրդավարությունը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս