«Փաստ» թերթը գրում է. «Սյունեցիները մեղրը քամել են, պինդ–պինդ պահել: Ամեն օր նկուղ են իջնում և տարաները հատ առ հատ հաշվում: Անընդհատ հաշվում են, բայց դրանք չեն պակասում: 2017 թվականի ստացած ամենաքաղցր բերքը Սյունիքի մարզի մեղվաբույծներն իրացնել չեն կարողանում: Մարզում գործող «Մեղու» ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանն իր քաղցր բերքը նախորդ տարվա աշնանն է սպառել: «Փաստ»–ի հետ զրույցում, սակայն տեղեկացրեց, որ մեղվաբույծները բերքի իրացման լուրջ խնդրի առջև են կանգնած: Նրա ընկերոջ՝ Աշոտ Սարգսյանի մեղրը դեռ մնում է:
«2 տոննա մեղրը փոքր բոչկաներով շարված է միջանցքում: 1 տոննան է միայն կարողացել վաճառել: Էժան որ ծախում է, ձեռ չի տալիս: Մեղրից գինի է քաշում, բարձր որակի օղի է պատրաստում»,– ներկայացրեց մեղվաբույծը:
Սյունեցիների մեղրի իրացման շուկան իրենց մարզում է կամ էլ Երևանում. առևտրի աշխարհագրությունն առայժմ չեն կարողանում փոխել:
«Ամերիկացիները շատ էժան են ուզում մեղրը՝ կիլոգրամը 185 դրամ, բայց մենք չենք տալիս: 50 տոննա ուզում էին: 3 տարի առաջ 3000 դրամով էինք վաճառում, բայց չէր սպառվում: Որոշեցինք 2500–ով մեր ժողովրդին վաճառել»,– նշեց «Մեղու» ՀԿ նախագահը:
Նախորդ տարի հանրապետությունում մեղր քիչ է արտադրվել: Մեղվաբույծների հույսերը չէին արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, բայց անհամեմատ ավելի քիչ էին ստացել: 2016–ի 3500 տոննայի փոխարեն մոտ 1500–ն են ստացել: Չորային եղանակի պատճառով են տուժել:
Մեղվապահ Վլադիկ Ղուկասյանի համար այս տարվա եղանակային պայմաններն էլ հուսադրող չեն: Հիմա նրա մեղուները դաշտերում բզզում են՝ ծաղկափոշի են հավաքում: Անձյուն և տաք ձմեռը մեղվաբուծության օգտին չէ: Մեղվաբույծներն ապագա բերքի համար անհանգստացած են:
«Եթե ձյուն եկավ և սարերում նստեց, ամեն ինչ նորմալ կլինի: Հիմա տաք է, մեղուն արդեն ձվադրում է, հետո ցուրտ կլինի և կցրտահարվեն: Տաք եղանակի դեպքում մեղուն ակտիվանում է, սկսում է կուտակած պաշարն ուտել»,– փաստեց մեր զրուցակիցը:
Վլադիկ Ղուկասյանի խոսքով` մեղվաբույծները կարող են ստացած եկամուտը եռապատկել կամ քառապատկել, եթե ժողովուրդը գնողունակ լինի և մեղր ուտելու հաճույքից իրեն չզրկի: Իսկ այսօրվա գնաճի դեպքում, նրանք իրենց զրկում են ամենաօգտակար ուտելիքից:
Մեղուն կարող է բարձր շահույթ ապահովել, եթե բերքը կայուն գնով իրացվի:
Ըստ Ղուկասյանի` մեղրի արտահանումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը, միայն թե զարմանում է` ինչո՞ւ վարչապետը բոլոր ոլորտներին անդրադարձել է` բացի մեղվաբուծությունից:
Մեղվապահներն ասացին, որ տարեցտարի մեղուների քանակը կրճատվում է, ինչը ևս ազդում է բերքատվության ցուցանիշի վրա: Միայն վերջին 2 տարիներին 200000 մեղվի կորուստ է եղել:
«Ամեն տարի 100000–ը սատկում են: Մեղվափեթակները գնալով պակասում են: Շատերն անփորձ են այս ոլորտում ու գործից չեն հասկանում: Եղանակային և այլ գործոններ ևս ազդում են այս ամենի վրա»,– մատնանշեցին նրանք:
Հիշում են՝ խորհրդային տարիներին մեղվաբուծության ոլորտում 35% աճ է գրանցվել, ներկայում նման ցուցանիշ չունեն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: