«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: Ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:
Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շարունակում է գործել, բայց այն չի շահագործվում Ափոյանների ընտանիքի կողմից: Ինչպես հայտնի է` այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը` փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայցեր է ներկայացրել ավելի քան 200 խանութպանների դեմ: Սնանկության գործով կառավարիչը պնդում է, որ տնտեսվարողները չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները եւ չեն վճարել իրենց դեռ 2016թ. մատակարարված կաթնամթերքի դիմաց: Մինչդեռ խանութպանները պնդում են, որ մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ գումարը վճարել են, այն էլ՝ պարտաճանաչ կերպով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նրանք այս առիթով փետրվարի 2-ին բողոքի մեծ ակցիա են անցկացնելու:
Այդ ձեռնարկատերերից է Արման Բաբայանը, ով «Աշտարակ կաթ» ընկերության հետ աշխատել է 12 տարի: Նրան պատկանող խանութը «Աշտարակ կաթ» ընկերությունից եւս կաթնամթերք է ստացել, դրա դիմաց կանխիկ վճարել է: Բայց այսօր ընկերության սնանկության գործով կառավարիչը` Խաչիկ Նազարյանը, պնդում է, որ Բաբայանը «Աշտարակ կաթ»-ին 1 մլն 343 հազար դրամի պարտք ունի: Այդ գումարը բռնագանձելու պահանջով Խաչիկ Նազարյանը դիմել է դատարան` ընդդեմ Արման Բաբայանի: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հիմա նրա գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:
«2016 թվականին մեզ «Աշտարակ կաթ»-ի սնանկության գործով կառավարչի կողմից ծանուցում եկավ, որ իբր մենք ընկերությանը ունենք 1 մլն 343 հազար դրամի պարտք: Գնացինք, ներկայացանք եւ հայտարարեցինք, որ ընկերության հետ պարտք-պահանջ չունենք: Հետո մեր կողմից առարկություններ ներկայացրեցինք: Մեր խանութը տվյալ ընկերությունից շաբաթվա մեջ երեք անգամ կաթնամթերք է ստացել եւ դրա համար կանխիկ վճարել է»,- պարզաբանեց անհատ ձեռներեցը:
«Ժողովուրդ»-ի հարցին` ինչու առաքիչը համապատասխան փաստաթուղթ չի տվել անհատ ձեռներեցին, Արման Բաբայանը արձագանքեց. «Ապրանքաշրջանառությամբ զբաղվող հարկվողները տարեկան 58 մլն դրամը չգերազանցելու դեպքում, կառավարության 2003 թվականի որոշմամբ հարկվում են 1.5 տոկոսով: Հետեւաբար, ես ԱԱՀ-ով աշխատող չեմ, որ հաշիվ փոխանցումով աշխատեմ կամ բանկային գործարքներ անեմ»:
«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի առաքիչներից անհատ ձեռներեցները տեղեկանք են վերցրել, որտեղ նշված է եղել, որ իրենք մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ տարբերակով են գումար վերցրել, որոնք էլ վճարել են ընկերության հաշվապահությանը: «Պարտք ու պահանջ չկա: Այդ ամբողջ փաստաթղթերը 2016 թվականին ուղարկել ենք եւ մեկ տարի ոչինչ չենք լսել: Ոչ մի տեղեկություն չստացանք: Բայց այս տարվա հունվարին դատարանից ծանուցում ենք ստացել, որ մեր գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված, եւ ընկերությունը ընդդեմ մեզ 1 մլն 343 հազար դրամի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան: Ես փաստաբան եմ վարձել, նաեւ պետք է դատական ծախսերը հոգամ: Ինքս վարկային պարտավորություն ունեմ, որը պետք է մարեմ, բայց չեմ կարողանում, որովհետեւ կալանքի տակ են հաշիվներս»,- զայրացած պատմեց տնտեսվարողը:
Խանութների տնօրենները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ անգամ այն առաքիչները, որոնք աշխատել են «Աշտարակ կաթ»-ում, ընկերության նկատմամբ պարտքեր չունեն կուտակած. «Եթե առաքիչը պարտք ունենար հիմնարկին, դա կնշանակեր, որ ինքը մեր վճարած գումարները չի փոխանցել ընկերության հաշվապահությանը»:
Տիկին Սուսաննան եւս, ում խանութը գործում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հայտնվել է նման անելանելի դրության մեջ: Ինքը եւս ծանուցում է ստացել այն մասին, որ «Աշտարակ կաթ» ընկերությանը մատակարարված կաթնամթերքի դիմաց պարտք է 300 հազար դրամ: «Մենք դատարանից նամակ ենք ստացել, որ 2016 թվականի փետրվարից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մատակարարված կաթնամթերքի դիմաց վճարում չենք կատարել: Բայց իրականում այդպես չէ, մենք վճարել ենք: Առաքիչը չի հրաժարվում հայտարարել, որ մենք վճարել ենք, անգամ տեղեկանք է տվել, որ ինքը բոլոր գումարները ստացել է: Մենք պարտք չենք, ինքն էլ այդ գումարը տարել, հանձնել է ընկերության հաշվապահություն»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նա:
Հուսանք` «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործերով կառավարիչը եւ, ընդհանրապես, ընկերության սեփականատերերն այս գործողություններով չեն փորձում անհատ ձեռնարկատերերի հաշվին իրենց ֆինանսական խնդիրները լուծել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել` վերահաստատելով ընտրարշավի ժամանակ ստանձնած հանձնառությունը: Մակրոնը ելույթ է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում, որտեղ ներկա են եղել Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետը, Լիոնի քաղաքապետը, ֆրանսահայ խորհրդարանականներ, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: «Պայքարը հանուն արդարության եւ ճանաչման մեր պայքարն է: Մենք այն մղում ենք հիշողությամբ` սատարելով հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելը»,-Մակրոնի խոսքերը մեջբերել է France-Presse-ը:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ դա իր ընտրարշավի հանձնառություններից էր, եւ շեշտել է առաջիկա ամիսներին տվյալ հարցով որոշում ընդունելու կարեւորությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը Մակրոնին կոչ են արել դատապարտել Թուրքիային, որը սպառնում է երկրի ազգային փոքրամասնություններին, այդ թվում` հայերին, ինչպես նաեւ խնդրել են այցելել Լեռնային Ղարաբաղ:
ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ԿՍԿՍԵՆ
Կառավարությունում քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018թ.: Աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարների խոսքով` ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, եւ համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը: Վարչապետը կարեւորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը: Նա հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաեւ սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա:
ԿԱՍԵՑՎԵԼ Է ԽԵՑԳԵՏՆԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
«Ռոսսելխոզնադզոր»-ը «Դոմոդեդովո» օդանավակայանում թույլ չի տվել անցկացնել Հայաստանից մատակարարված կենդանի խեցգետնի խմբաքանակը: Նշված օդանավակայանում «Դոմոդեդովո-Կարգո» ՓԲԸ ժամանակավոր պահման պահեստներում կասեցվել է Հայաստանի Հանրապետությունից մատակարարված, 2018 թվականի հունվարի 25-ի հավաստագրով ուղեկցվող 1 տոննա կենդանի խեցգետնի խմբաքանակի ձեւակերպումը:
Սահմանապահ անասնաբուժական ստուգմամբ պարզվել է, որ խախտվել է բեռի փաթեթավորման ամբողջականությունը: Դրանից բացի` անասնաբուժական հավաստագրում նշված արտադրանքի արտադրման ժամկետը չի համապատասխանում մակնշման պիտակների վրա նշվածին: Արդյունքում բեռը կալանվել է:
ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Ճարտարապետ Արմեն Հայրապետյանի կարծիքով` Երեւանում բազմահարկ շենքերի մեծ մասը իրենց դիրքով եւ չափերով չեն համապատասխանում մայրաքաղաքի դիմագծին: Նրա խոսքով` այդ շենքերը նաեւ չեն համապատասխանում ընդունված անվտանգության չափանիշներին: «Իրականացնելով «Հին Երեւան» նախագիծը, որը 4-5 հարկանի շենքեր է ենթադրում, մենք հասկանում ենք, որ ժամանակակից քաղաքը բարձրահարկ շենքերի առկայություն է ենթադրում: Դրանք պետք է կառուցվեն վերջին տեխնոլոգիաների եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառմամբ»,- նշել է ճարտարապետը:
Մինչդեռ, նրա խոսքով, Երեւանում շատ նոր շինություններ կառուցված են հնացած հայ կամ խորհրդային ավանդույթներում ոչ արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ: «Ճարտարապետությունը պետք է պահպանվի ազգային ավանդույթներում, սակայն հնից կառչել եւս չարժի. նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային փորձը չպետք է անտեսվի»,- ընդգծել է նա: