Դեռեւս հայտնի չէ այն հանձնաժողովի կազմը, որը պետք է եզրակացություն տա գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական զորակոչից տարկետում տալու հարցերը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե այժմ այդ քննարկումներն են անում՝ ընդգծելով, թե այնպիսի մարդիկ պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովում, ովքեր կվայելեն հասարակության վստահությունը: Այդ հանձնաժողովի անդամների անաչառ լինելու կարեւորությունը շատ վաղուց բարձրաձայնել էին տարկետման վերացման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ առկա է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները: Բանն այն է, որ նախորդ տարվա վերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով էապես սահմանափակվում է զորակոչից տարկետման իրավունքը: Դա պատճառ էր դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն այդ փոփոխության դեմ պայքար սկսեր: Տարկետման վերացումը նրանք համարում էին գիտությանն ուղղված հարված:
Իշխանությունը որպես զիջման քայլ խոստացել էր առանձնահատուկ օժտվածություն ունեցող ուսանողների համար սահմանել բացառություն, ինչը, սակայն, բողոքի ձայն հնչեցնող երիտասարդները համարել էին անչափելի: Խոսքը օժտվածության մասին էր:
Հրապարակված որոշման նախագծով մասնավորապես սահմանվում է՝ գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի, ինչպես նաեւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման շուրջ զրուցեց դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:
-Պարո՛ն Մկրտչյան, զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովն ինչպիսի՞ կազմ է ունենալու:
-Հիմա մենք այդ խնդրով ենք զբաղված: Հիմա գնում ենք խորհրդակցության՝ քննարկելու այդ հարցերը:
-Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները կարեւոր են համարում հանձնաժողովում ընդգրկված մարդկանց անաչառությունը:
-Այո՛, լիովին համաձայն եմ: Պետք է լինեն այնպիսի անձնավորություններ, որոնք հասարակության մեծամասնության լիովին վստահությունը կվայելեն: Կազմում ընդգրկված են լինելու ակադեմիական շրջանակից անձինք եւ պետական պատասխանատու մարմիններից:
-Կարո՞ղ ենք վստահ լինել, որ հանձնաժողովի անդամները սեփական շահը չեն առաջնորդի:
-Սկսենք նրանից, որ կոնկրետ անձերի անուն-ազգանունները, կենսագրությունները պետք է նախօրոք հրապարակվեն, որ հանրությանը հասանելի լինի: Մինչեւ հարյուր միավորանոց համակարգի մասին ենք խոսում, կփորձենք դա անել: Պետք է հարյուր տոկոսով բացառենք անձնական շահագրգռվածությունը, եւ պետք է բոլորի մոտ այդ վստահությունը լինի:
-Պարո՛ն Մկրտչյան, անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին: Օրեր առաջ Դուք ՀՅԴ ԳՄ անդամների հետ միասին հանդիպեցիք ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին: Ինչպիսի՞ տպավորություն ունեցաք հանդիպումից հետո:
-Գիտեք, մենք տարիների հարաբերություններ ունենք անձնապես միմյանց հետ: Ինձ համար հայրենիքին նվիրված անձնավորության կերպար է Արմեն Սարգսյանը՝ գիտնական, ով տարբեր հաջողակ ծրագրերի մեջ լինելով` երբեք չի մոռացել Հայաստանը եւ միայն այդպես վիրտուալ հայրենասիրությամբ չի զբաղվել:
-Սերժ Սարգսյանը խոսել էր նախագահի չափանիշների մասին: Ձեզ համար, Արմեն Սարգսյանից բացի, այդպիսի անձնավորություն կա՞, թե՞ հենց նա է այդ չափանիշներին համապատասխանում:
-Իմ անձնական կարծիքն եմ ասում այժմ, իհարկե, դեռ կորոշենք, սակայն նաեւ մեր տպավորությունը շատ դրական էր քննարկումների արդյունքում: Նա ամբողջացնում էր ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջ քաշված պայմանները:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԵՐԿՈՒՍՏԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հենց տարեսկզբից բավական ակտիվություն է նկատվում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է դիվանագետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանն ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԼՂ խնդրի մասին, հայտարարել էր, թե վերջին 10 տարիներին իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խոսքերը:
-Թող Ս. Սարգսյանի խոսնակը մեկնաբանի: Ես այնտեղ որեւէ ուղերձ չեմ տեսել:
-Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ արցախյան խնդրի կարգավորման գործընթացում որոշակի շարժ կա:
-Այո՛, կա, մասնավորապես հոկտեմբերի 16-ին նախագահների հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց համանախագահների եւ ներգրավված պետությունների մակարդակով: Դա առաջին համատեղ հայտարարությունն էր վերջին մի քանի տարվա ընթացքում: Բացի այդ` դրան հաջորդեցին հանդիպումներ ԱԳ նախարարների մակարդակով, համանախագահները օրերս պետք է այցելեն տարածաշրջան: Որոշակի ակտիվություն ես տեսնում եմ:
-ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարեցին, որ 2018 թվականի առաջնահերթությունների մեջ պետք է լինի ղարաբաղյան խնդիրը: Սա ի՞նչ էր նշանակում:
-Դե, առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն էր արվում, բայց գովելի է:
-Ակնկալո՞ւմ եք այս տարվա ընթացքում գործընթացում տեսանելի առաջընթաց:
-Ես հույս ունեմ: Եւ կարծում եմ` շատ լավ կլինի Հայաստանի զարգացման համար, որ առաջընթացը լինի տեսանելի, այսինքն` փաստաթուղթը, որի շուրջ բանակցություններ են հիմա տեղի ունենում, ստորագրվի:
-Քայլերը, որ արվել են վերջին շրջանում, ինչպե՞ս եք գնահատում: Հնարավո՞ր էր անել ավելին, որ չի արվել:
-Շատ դժվար է ասել: Փակ դռների ետեւում բանակցություններ են, որոնց ժամանակ յուրաքանչյուր կողմ իր շահերն է պաշտպանում: Ես չգիտեմ` Ադրբեջանն ի՞նչ շեշտադրումներ է արել, չգիտեմ` մերոնք ի՞նչ շեշտադրումներ են արել: Այդ իսկ պատճառով բանակցությունների վերաբերյալ գնահատական տալն անշնորհակալ գործ է: Միեւնույն ժամանակ, ընդհանուր գործընթացի առումով կա աշխուժացում, ինչի մասին ասացի: Միայն փաստաթղթի ստորագրում, ուրիշ որեւէ նոր բան առաջ չի քաշվելու: Եթե 20 տարի բանակցում են մի խնդրի շուրջ, իսկ 10 տարուց ավելի` մադրիդյան փաստաթղթի այս կամ այն տարբերակի շուրջ, նոր, հեղափոխական որեւէ առաջարկություն չի լինելու: Դրա մասին շատ է ասվել, որ փաստաթուղթը 95 տոկոսով համաձայնեցված է, մնացած կնճռոտ հարցերի շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:
-Ի՞նչն է խանգարում, որպեսզի այդ հարցերը համաձայնեցվեն, եւ խնդիրը հանգուցալուծման հասնի:
-Ըստ իս` խանգարում է յուրաքանչյուր բանակցող կողմի` պետական շահի ընկալումը: Փակագծերը չենք կարող բացել, քանի որ փաստաթուղթը մեր ձեռքի տակ չէ:
-Ըստ Ձեզ, մինչեւ այժմ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են տարվե՞լ:
-Բանակցությունները վարում են երկու հոգի` Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը, ինչ գերատեսչություն, ինչ բան..: Երկու հոգի են ներգրավված: Բացի այդ երկուսից` ոչ ոք տեղյակ չի, թե ինչի շուրջ են բանակցությունները վարվում:
-«Հայ ազգային կոնգրես»-ը խորհրդարանական ընտրություններին հանդես էր գալիս խաղաղության ծրագրով: Ձեր կուսակցության հռչակած այդ նպատակի շուրջ շարունակվելո՞ւ են քայլերը նաեւ այն բանից հետո, երբ այս անգամ չհաջողվեց խորհրդարան անցնել:
-Այո՛, իհարկե, շարունակվելու են: Մենք մեր դիրքորոշումները չենք փոխել: Շարունակում ենք մնալ նույն դիրքերում: Շեշտադրումները կփոփոխվեն` ըստ իրավիճակի, բայց ընդհանուր մոտեցումը, որ խաղաղությունը հասանելի է եւ անհրաժեշտ Հայաստանի համար, այդ առումով փոփոխություն չկա:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԹԻՄ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն արդեն իր թիմն է հավաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախօրեին Արմեն Սարգսյանի` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելության ժամանակ ապագա նախագահին ուղեկցում էր Գագիկ Արզումանյանը: Հիշեցնենք, որ նա նախկինում ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար է եղել, տեւական ժամանակ «Վալեքս» խմբի ընկերությունների տնօրենն էր, ապա տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց: Արզումանյանը եղել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը, իսկ վերջինիս հրաժարականից հետո կարճ ժամանակահատված աշխատել է նաեւ Կարեն Կարապետյանի հետ: Այս պաշտոնից ազատվելուց հետո նա հանդիսանում էր Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը: Եվ հիմա էլ՝ այսքան շրջագայությունից հետո, նա տեղ կգտնի Արմեն Սարգսյանի՝ արդեն որպես նախագահի թիմում:
ԶԻՆՎՈՐՆ ԸՆԴԴԵՄ ՊՆ-Ի
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հայցը` ընդդեմ պաշտպանության նախարարության: Ավելին` գործը նախագահող ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը բավարարել է հայցվոր Ռազմիկ Պետրոսյանի միջնորդությունը` հետաձգելով պետական տուրքի վճարումը:
Հիշեցնենք` ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարին զորացրված ժամկետային զինծառայողները պարզել էին, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին զինգրքույկներում արված նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ ընդհանրապես որեւէ նշում չեն իրականացրել: Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ զինվորներից Ռազմիկ Պետրոսյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ՊՆ-ին` զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել: Այս գործը արդեն դատաքննության փուլում է:
ՀԱՆՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻՑ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի ճակատագիրը դեռ շարունակում է անորոշ մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հունվարի 29-ին նշանակված աճուրդը դարձյալ չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ վերջին աճուրդը եղել է հունվարի 29-ին եւ լրացել է կառավարության որոշմամբ` շենքը վաճառքի հանելու համար սահմանված ժամկետը: «Վեց ամիսների ընթացքում այս գույքը այդպես էլ գնորդ չգտավ: Հիմա դադարեցվել է շենքի աճուրդային գործընթացը»,-տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից: Հետաքրքիր է` հիմա կառավարությունը ինչ որոշում է կայացնելու շենքի ճակատագրի հետ կապված` դարձյալ վաճառքի հանե՞լ, վարձակալության տա՞լ, թե՞ այլ պետական մարմին տեղավորել այդտեղ: