Հեռուն գնացող պլաններ. իշխանությունների հեռահար նպատակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով այս տարվա ապրիլից նախատեսվում է նիստերը դռնփակ անցկացնել, բուռն քննարկումների առիթ դարձավ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության շրջանում: Սակայն, պարզվում է, այդ օրինագիծն իշխանությունների իրական մտադրության առաջին քայլերն էին. նրանք շատ ավելի հեռուն գնացող պլաններ ունեն:

Ինչպես հայտնի է` ապրիլին երկրում նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ վարչապետի պաշտոնում շրջանառվող միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Եվ այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, շատ շուտով կառավարությունը խիստ սահմանափակելու է լրատվամիջոցների հետ շփումները` զրկելով նրանց նաեւ տեղեկություններ ազատ ստանալու հնարավորությունից: Ընդ որում, այդ որոշումը վերաբերելու է ոչ միայն կառավարության աշխատակազմին, այլեւ նախարարություններին: Եթե այժմ նախարարությունները որոշ չափով բաց են մամուլի առջեւ, ապա 2 ամիս անց պատկերը բոլորովին փոխվելու է: Մամուլի առջեւ դռները հնարավորինս փակ են պահվելու:

Արդարության համար պետք է նշել, որ մի շարք պետական գերատեսչությունների մամուլի խոսնակների որոշ մասն այժմ լրատվամիջոցների հարցերին պատասխանում է անմիջապես, անգամ սոցիալական ցանցի միջոցով` չսպասելով պաշտոնական հարցումների: Ոմանք էլ, թեկուզ ուշացումով, տալիս են անհրաժեշտ հարցերի պատասխանը: Իհարկե, կան նաեւ այնպիսիք, որոնցից տեղեկատվություն կորզելն առանձնահատուկ նյարդեր ու համբերություն է պահանջում: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, կարճ ժամանակ անց երանի ենք տալու այսօրվա վիճակին:

Մեզ հետ զրույցում մամուլի խոսնակներից ոմանք զարմանք հայտնեցին այս կապակցությամբ` նշելով, թե իրենք նման տեղեկություն չունեն եւ իրենք նույն կերպ բաց շարունակելու են աշխատել: Սակայն մեր աղբյուրները վկայում են, որ ներքին որոշում կա, եւ իսկապես այս հարցի շուրջ մոտեցումը կտրուկ վերանայվելու է:

Ի դեպ, արդարադատության նախարարության կողմից մշակված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծում նաեւ սահմանվում է, թե վարչապետն ինքն է որոշելու` որ նախարարը նիստից հետո իջնի եւ հարցազրույց տա լրագրողներին: Սա բացահայտ վերահսկողություն սահմանելու գործընթաց է, եւ չի բացառվում, որ վարչապետի պաշտոնը ստանձնող անձը նախարարներին բառացի հուշի, թե ի՞նչ խոսեն եւ ինչպե՞ս խոսեն լրատվամիջոցների հետ: Սա կարվի, որպեսզի որեւէ դեպքում կառավարության համար ոչ ցանկալի տեղեկատվություն դուրս չսպրդի:

Անձամբ Սերժ Սարգսյանը հաճախ հպարտությամբ նշում է, թե Հայաստանը մամուլի ազատության առումով բավական շահեկան վիճակում է: Մինչդեռ փաստերն այլ բան են հուշում: Օրինակները բազմաթիվ են: Հիշենք, օրինակ, 2014 թվականին քաղաքաշինության նախարարություն կատարած այցի ժամանակ Սարգսյանը բառացիորեն նշել էր. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան»:

Բացի այդ` Սերժ Սարգսյանը հիշեցրել էր «Լրագրողներ` առանց սահմանների» կազմակերպության` աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014-ի զեկույցը: «Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում, առաջ է իր բոլոր հարեւաններից: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մեր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ, որովհետեւ մամուլի ազատությունը նաեւ նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում»,-ասել էր Սարգսյանը: Նա նաեւ ընդգծել էր, որ անհրաժեշտ է շատ ակտիվ լինել, որպեսզի կարողանան իրենց ընդունած որոշումները հասցնել հանրությանը: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այս կերպ է որոշել հանրության հետ աշխատել` սահմանափակելով լրատվամիջոցների աշխատանքը:

Եթե այս տեղեկատվությունն իրականություն դառնա, ի՞նչ ենք ունենալու արդյունքում: Դաշտում լինելու է միայն այն տեղեկատվությունը, որը լիովին գործադիր մարմնի սրտով կլինի: Իսկ այն, ինչի մասին կառավարությունը չի ցանկանա խոսել, նախարարությունները պարզապես տեղեկություններ չեն տրամադրի:

Արդյունքում հանրությանը հետաքրքրող շատ հարցերի ու բարձրաձայնվող խնդիրների մասին տեղեկություններ պարզելը կդառնա չափազանց բարդ ու երկարատեւ մի գործընթաց: Իսկ առանձին դեպքերում գուցե ընդհանրապես անհնար լինի: Այսպիսով` կունենանք վերահսկելի դաշտ, եւ շատ կնճռոտ հարցեր կմնան անպատասխան, խնդիրներն էլ` չլուծված: Իսկ իշխանության ցանկությունը, ըստ էության, հենց այդ է` կտրել մամուլի ձայնը: Այնպես որ, ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին բարձրաստիճան պաշտոնյաների` բարձրագոչ խոսքերը պարզապես առ ոչինչ են:

Հ. Գ. Առաջին անգամ չէ, որ իշխանական օղակներից փորձ է արվում լռեցնել մամուլի ձայնը: Եվ այս առումով լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին հարուստ փորձ ունեն եւ կարող են ինչ-որ չափով պայքարել: Որքանո՞վ այդ պայքարը կհաջողի, այլ հարց է: Սակայն այն, որ լրատվամիջոցների գոնե մի մասը, անխոս, կընդվզի այս որոշման դեմ, հաստատ է:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս