Հայաստանի զարգացման հիմնադրամն ու ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որոնք ղեկավարում են վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականները, ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա: Այս կառույցների ներկայացուցիչները որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին` այդպիսով իրականացնելով ճոխ գնումներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած Հայաստանի զարգացման հիմնադրամն այս տարի նախատեսել է գնել 10 հատ 1500 դրամանոց սիգարետ, բնականաբար, բյուջեի միջոցներով: Թե ում համար են նախատեսված այս սիգարետները, պարզ չէ: Բայց փաստ է, որ մինչ ՀՀ առողջապահության նախարարությունը պայքարում է ծխելու դեմ` ներկայացնելով համապատասխան օրինագիծ, այս կառույցի աշխատողներն անգամ իրենց ծխախոտն են ուզում հանրային միջոցներով գնել: Սա դեռ ամենը չէ. պարզվում է` սիգարետի հետ միասին նրանք մտածել են նաեւ սուրճի, թեյի մասին` ընդ որում, նախատեսելով գնել ամենաթանկարժեքը: Այսպես` մեզ հայտնի դարձավ, որ պետական միջոցներով կգնվի նաեւ 6 տուփ 830 դրամանոց թեյ, 15 հատ աղացած սուրճ, որի մեկ հատի արժեքը 1000 դրամ է: Բացի այս` Հիմնադրամի աշխատակազմը նախատեսել է գնել նաեւ 10 հատ լուծվող սուրճ, որի մեկ տուփն արժի 4100 դրամ, իսկ 3 կգ շաքարավազի համար կհատկացվի 1500 դրամ:
Ինչպես նկատում եք` այս հիմնադրամում որոշել են թեյն ու սուրճը գնել ամենաթանկը, բայց սա միանգամայն հասկանալի պատճառներով. այդ գնումներն անելու են ոչ թե իրենց միջոցներով, այլ պետական բյուջեի հաշվին: Դրա համար էլ օսլայած մազերով ջահելները որոշել են իրենց հաճույքները բավարարել այսպես:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը, բնականաբար, առանց բենզինի չի կարող աշխատել: Ըստ այդմ, ընթացիկ տարվա համար նախատեսվում է գնել 8000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրը 410 դրամով: Իսկ ընդհանուր 8000 լիտր բենզինի համար կծախսվի 3 մլն 280 հազար դրամ: Բացի այս` Հիմնադրամը կգնի նաեւ 2000 լիտր ռեգուլյար տեսակի բենզին` մեկ լիտրը 450 դրամով, եւ ընդհանուր կծախսվի 900 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը ընթացիկ տարվա համար գնելու է 400 հատ կատալոգ, որոնց համար կծախսվի 900 հազար դրամ: Այսինքն` մեկ կատալոգը հիմնադրամը նախատեսում է գնել 2250 դրամով: Իսկ գրասենյակների մաքրման ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 1 մլն դրամ: Նույնքան կծախսվի նաեւ մաքրման այլ ծառայությունների համար: Բացի այս` հիմնադրամը նախատեսում է ընթացիկ տարում նկարահանել կինոտեսաֆիլմ, որի համար ծախսելու է 326 հազար դրամ. հավանաբար, որոշել են գովազդել իրենց անիմաստ աշխատանքը:
Ըստ գնումների պլանի` կանոնավոր օդային փոխադրման ծառայությունների համար կծախսվի 10 մլն դրամ: Փաստորեն, Հիմնադրամի աշխատողները պետական միջոցները անգամ չեն խնայում իրենց գործուղումների համար: Նրանց գործուղումները արդյո՞ք դրական արդյունք են ունեցել Հայաստանի վրա, դժվար է ասել:
Բայց պարզվում է, որ բացի Հայաստանի զարգացման հիմնադրամից` պետական միջոցները մսխող մեկ այլ հիմնադրամ եւս կա: Խոսքը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի մասին է: Հիշեցնենք, որ անցած տարվա սկզբին Հայաստանում ձեւավորվեց ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որի գործադիր տնօրենը վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է:
Եթե Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմը նախընտրում էր 1500 դրամանոց սիգարետներ, ապա այս հիմնադրամի երիտասարդները խմում են ամենաթանկ սուրճը: Ըստ գնումների պլանի` հիմնադրամի աշխատակազմը նախատեսում է գնել 30 հատ Espresso տեսակի սուրճ, որի մեկ տուփի արժեքը կազմում է 12 հազար դրամ: Այսինքն` միայն 30 հատ սուրճի համար կծախսվի 360 հազար դրամ: Իսկ լուծվող 15 հատ սուրճի համար ընդհանուր կծախսվի 82 հազար 500 դրամ: Բացի այս` նրանք գնելու են նաեւ 5500 դրամ արժեք ունեցող լուծվող սուրճ: Կգնվի նաեւ 100 հատիկ` 3-ը 1-ում լուծվող սուրճ, որի մեկ հատն արժի 60 դրամ: Իսկ 60 հատ փաթեթներով թեյի համար կծախսվի 50 հազար 400 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է մի շարք պետական գերատեսչությունների, այդ թվում՝ նախարարությունների գնումների պլանները, եւ երբեք չի հանդիպել, որ 12 հազար դրամանոց Espresso սուրճ գնեն: Հետաքրքիր է՝ եթե օսլայած մազերով երիտասարդներն օգտագործեն, օրինակ, «Արաբիկա» տեսակի սուրճ, նրանց աշխատանքի որակը կտուժի՞, թե՞ միտքը չի աշխատի:
Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա համար նախատեսվում է գնել 10 հատ 3000 դրամանոց բաժակներ: 10 տուփ 8000 դրամանոց թեյի կամ սուրճի բաժակները հիմնադրամը գնելու համար կծախսի 80 հազար դրամ, սուրճի 10 տուփ փոքր բաժակների համար` 65 հազար դրամ, իսկ 7 հատ պատառաքաղի, գդալի համար կծախսվի 7000 դրամ: Բացի այս` գնվելու է 1200 դրամ արժեք ունեցող 50 հատ խոնավ անձեռոցիկ:
Նաեւ հիմնադրամը ձեռք է բերելու հյուրանցում բնակվելու ծառայություններ, որը պետական բյուջեի վրա նստելու է 300 հազար դրամ: Հիմնադրամը որոշել է իր աշխատակիցների՝ տաքսիով շրջագայությունները եւս բյուջեի հաշվին կազմակերպել ու այդ նպատակով ծախսել 200 հազար դրամ: Իսկ կանոնավոր օդային փոխադրման ծառայության համար կծախսվի 9 մլն դրամ: Բացի այս` 36 մլն դրամ նախատեսվում է ծախսել ընթացիկ տարում տարածքների վարձակալության համար: Հավանաբար խոսքը իրենց գրասենյակի մասին է, որտեղ պետք է երիտասարդները աշխատեն:
Հետաքրքիր է` այս հիմնադրամների ղեկավարները, որ նաեւ վարչապետի խորհրդականներն են, տեղյա՞կ են արդյոք, որ իրենց ղեկավարը՝ Կարեն Կարապետյանը, ոչ վաղ անցյալում հայտարարեց բյուջեի ծախսերը հնարավորինս կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին: Ավելին` բյուջեի միջոցները խնայելու համար կառավարությունը նույնիսկ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Բայց, փաստորեն, ուրիշներին գործազուրկ թողնելու գնով խնայված գումարներն այս հիմնադրամներն իրենց աշխատակիցների էլիտար հաճույքների համար են ծախսում, այն էլ առանձնահատուկ ոգեւորությամբ: Իսկապես, այս ամենը հիշեցնում է Օրուելի «Անասնաֆերմա»-ի հայտնի տողերը. «Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:
Սյունէ Համբարձումյան