Ղարաբաղյան շարժում. 30 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան շարժումը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելուն միտված քաղաքական շարժումն էր: Սկիզբ է առել 1921-ից, երբ Լեռնային Ղարաբաղի հիմնական ազգաբնակչության (հայերի) կամքին հակառակ, նրա տարածքի մի մասում կազմավորվել է ԼՂԻՄ-ը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Զարգացման առանձին փուլեր արձանագրած Շարժման հերթական ալիքը բարձրացել է 1988-ին, երբ ԽՍՀՄ-ում հռչակվել է «վերակառուցման» քաղաքական կուրս:

Օգտվելով երկրի կենտրոնական իշխանությունների հռչակած ժողովրդավարության ու հրապարակայնության քաղաքականության ընձեռած հնարավորությունից՝ 1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունել դիմել ԱԽՍՀ, ՀԽՍՀ ե ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու մասին: Բայց՝ հռչակած վերակառուցման, հրապարակայնության և ժողովրդավարության քաղաքականությանը հակառակ, կենտրոնը Ղարաբաղյան շարժման նկատմամբ ի սկզբանե ունեցել է բացասական դիրքորոշում՝ այն որակելով որպես սակավաթիվ «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» ելույթ:

Երկրում ազգերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը լուրջ վտանգ էր ներկայացնում կոմունիստական ամբողջատիրական համակարգի համար: Ղարաբաղյան շարժման ծավալման հենց առաջին օրերից Հայաստանի իշխանությունները կենտրոնական իշխանությունների ճնշմամբ աստիճանաբար մեկուսացան համաժողովրդական այդ շարժումից: Հակառակ դրան՝ Հայաստանում և ԽՍՀՄ հայաշատ վայրերում կազմակերպվում էին բազմամարդ հանրահավաքներ՝ ի պաշտպանություն արցախահայության ինքնորոշման իրավունքի:

Հայաստանում և Արցախում Ղարաբաղյան շարժման ղեկավարելու նպատակով 1988-ի մարտի սկզբին ստեղծվել է «Ղարաբաղ» կոմիտեն: Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, շրջաններում, հիմնարկ-ձեռնարկություններում և ուսումնական հաստատություններում ստեղծվել են տեղական «Ղարաբաղ» կոմիտեներ, Լեռնային Ղարաբաղում՝ «Կռունկ» կոմիտե և «Միացում» կազմակերպությունները, ինչը շարժմանը տվել է համաժողովրդական բնույթ:

Համոզվելով, որ քաղաքական միջոցներով անհնար է կասեցնել օրըստօրե ծավալվող շարժումը, Ադրբեջանի իշխանությունները և ԽՍՀՄ կենտրոնական մարմինները շարժմանը հակադրել են ուժի և բռնության քաղաքականություն: 1988-ի փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում, ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության թողտվությամբ, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են համատարած թալանով ուղեկցվող հայ ազգաբնակչության ջարդ (տես Սումգայիթի ցեղասպանություն): Այն Ադրբեջանական ԽՍՀ ամբողջ հայ բնակչության նկատմամբ հալածանքների ու բռնի տեղահանման ազդակ դարձավ: 1988-90-ի ընթացքում Կիրովաբադում (Գյանջա), Բաքվում, Շամխորում, Խանլարում, Դաշքեսանում և Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում սկսվեցին հայերի կոտորածներ ու բռնություններ, որոնք հիմնականում նպատակաուղղված էին նրանց զանգվածային տեղահանությանը: 1990-ին Հայաստանում ապաստանել է Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 300 հզ. մարդ:

Արցախում և Հայաստանում վերսկսվել են բողոքի բազմահազարանոց ցույցեր: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծում տալ Արցախի խնդրին, պատժել սումգայիթյան եղեռնագործներին, տալ կատարվածի քաղաքական գնահատականը: Սակայն կենտրոնը հետևողականորեն շարունակում էր նույնացնել Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:

1988-ի մարտին Երևան են մտցվել խորհրդային բանակի զորամասեր, հաստատվել է պարետային ժամ, սակայն պայքարը շարունակվել է: 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ, հակառակ իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշման ներքո, ընդառաջելով ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը Հայաստանի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը քննելու ու դրականորեն լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ-ին: 1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը մերժել է այդ խնդրանքը: Այդ որոշմանը նախ ԼՂ-ում, ապա Հայաստանում պատասխանել են քաղաքական բնույթի լայնածավալ գուծադուլներով ու նոր հանրահավաքներով:

1988-ի նոյեմբերի 24-ին, ժողովրդի նախաձեռնությամբ և պատգամավորների մեծամասնության կամքով, գումարվել է Հայաստանի ԳԽ արտահերթ նստաշրջան և որոշվել, որ այսուհետ Հայաստանում կգործեն ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան հանրապետության ԳԽ հավանությանը: Կենտրոնը հակա-սահմանադրական և ապօրինի է համարել այդ նստաշրջանի որոշումները: Նույն գիշերը Երևանում մտցվել է արտակարգ դրություն (ԼՂՀ-ում այն գործում էր դեռևս սեպտեմբերից): Արգելվել են հանրահավաքները, ցույցերը և գործադուլները: Ձերբակալվել են Շարժման ղեկավարներից մի քանիսը:

Ղարաբաղյան համաժողովրդական շարժումը չի թուլացել անգամ 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Շարունակվել են բողոքի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները, գործադուլները, հացադուլներն ու նստացույցերը: Միութենական իշխանությունից ժողովուրդը միահամուռ պահանջել է ազատել ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին և օրենքի սահմաններում լուծել Արցախի խնդիրը:

1989-ի հունվարի 12-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության որոշմամբ դադարեցվել է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման մարզխորհրդի գործունեությունը: Մարզում ստեղծվել է Հատուկ կաոավարման կոմիտե, որը որոշ քայլեր է կատարել ԼՂԻՄ-ի սոցիալական վիճակի բարելավման, Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև տնտեսական ու մշակութային կապեր հաստատելու ուղղությամբ: Սակայն կոմիտեի կառավարման պայմաններում էլ Ադրբեջանը շարունակել է Ղարաբաղի շրջափակումը: 1989-ի փետրվարին, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրությունների ժամանակ, Հայաստանի բնակչության մեծ մասը միութենական խորհրդարանի պատգամավորների թեկնածու է առաջադրել նաև «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված անդամներին, սակայն նրանցից ոչ մեկը չի գրանցվել: Ի պատասխան դրա, հանրապետության բնակչության մեծ մասը բոյկոտել է պարետային ժամի պայմաններում անցկացվող ընտրությունները և շարունակել իր պայքարը Ղարաբաղյան շարժման ղեկավարների ազատման համար (նրանք ազատվել են 1989-ի ապրիլ-մայիսին): Ժողովրդական շարժման ղեկավարումը վերստին ստանձնել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն: Վերջինս, հենվելով բնակչության քաղաքական մեծ ակտիվության վրա, ընդլայնել է շարժման ծրագիրը՝ աստիճանաբար առաջ մղելով անկախ պետականության վերականգնման խնդիրը:

1989-ի նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ ԳԽ-ն ընդունել է որոշում «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրադրությունը կարգավորող միջոցառումների մասին», ըստ որի՝ մարզը կառավարելու համար ստեղծվել է հանրապետական կազմկոմիտե, որի գործունեությամբ Լեռնային Ղարաբաղում ծայր է առել հակահայկական քաղաքականության մի նոր փուլ: Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂԻՄ Ազգային խորհուդը համատեղ որոշմամբ հռչակել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Ի պատասխան այդ որոշման, 1990-ի հունվարին ադրբեջանական գրոհայինները զինված հարձակումներ են ձեռնարկել Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, սակայն կամավորական և աշխարհազորային ջոկատներն արժանի հակահարված են տվել նրանց:

1990-ի մայիսի 20-ին կայացած ՀՀ ԳԽ ընտրություններին մասնակցել է նաև արցախահայությունը: Ընտրական պայքարը հիմնականում ընթացել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) և Հայաստանի կոմունիստական կուսակցության միջև: 1990-ի օգոստոսի 4-ին հանրապետության նորընտիր խորհրդարանում ՀՀՇ-ի առաջադրած և պաշտպանած թեկնածուները կազմել են մեծամասնություն, ԳԽ նախագահ է ընտրվել ՀՀՇ վարչության նախագահ Լ. Տեր Պետոսյանը:

1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ առաջին նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով հռչակվել է Հայաստանում անկախ պետականության վերահաստատման գործընթացի սկիզբը: ՀՀ նորընտիր իշխանությունների գլխավոր խնդիրներից էր Արցախին համակողմանի պետական զորակցություն ցույց տալը: Լեռնային Ղարաբաղում իրավիճակը գնալով ավելի էր սրվում: Մարզում գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը փաստորեն կատարում էին պատժիչ դեր և ենթարկվում հանրապետական կազմկոմիտեին:

Արցախում ծավալված զանգվածային բռնությունների ալիքն իր գագաթնակետին է հասել 1991-ի ապրիլ-օգոստոսին, երբ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը ադրբեջանական զինված ջոկատների աջակցությամբ իրականացրել են «Օղակ» գործողությունը, ինչի արդյունքում հայաթափվել են Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ-ի 24 գյուղեր: Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների աջակցությամբ ձեռնամուխ են եղել բռնի ուժով Արցախի վերջնական հայաթափմանը: Լեռնային Ղարաբաղի հայությունը ոտքի է ելել զենքով պաշտպանելու իր հայրենիքը: Ստեղծվել են ինքնապաշտպանական ջոկատներ, ապա՝ պաշտպանության բանակը:




Լրահոս