«ՉՊԵՏՔ Է ԿԱՌՉԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավարուհի, դերասանուհի Նարինե Սուլթանյանը:

-Նարինե՛, ո՞րն է եղել մանկության հետ կապված ամենատպավորիչ ասոցիացիան:
-Մանկությանս հետ կապված ամենավառ ասոցիացիան տատիկիս տանը գտնվող երկու մեծ գերմանական տիկնիկներն էին, որոնք առ այսօր պահպանվում են: Դրանցից մեկը մուգ մազեր եւ մաշկի գույն ուներ, մյուսը շիկահեր էր: Բնականաբար, մանկուց զուգահեռներ էինք անցկացնում իմ եւ քրոջս միջեւ: Հիմա էլ աղջիկս է նմանություն գտնում տիկնիկների եւ մեր միջեւ` առանց իմանալու նախապատմությունը:
-Աֆորիզմ, միտք, որը տպավորել է Ձեզ:
-Կախված հոգեվիճակից` աֆորիզմների բնույթը փոխվում է: Վերջերս ամենատպավորված աֆորիզմները անձի, անհատականության վերաբերյալ են` «Մարդու անձը բնորոշվում է նրա խորությամբ: Ամեն տեղ եւ ամեն ինչում ներքինը պետք է ավելին լինի, քան արտաքինը: Անձը բնութագրվում է ոչ միայն նրանով, թե ինչ է անում, այլ նրանով, թե ինչպես է այն անում»:
-Ֆիլմ, որից սովորել եք:
-Ամենատպավորիչ ֆիլմն ինձ համար եղել է «Beautiful» ֆիլմը` Խավիեր Բարդեմի դերակատարմամբ: Նախ նշեմ, որ այդ դերասանի խաղն եմ շատ սիրում, հատկապես այդ ֆիլմում եւ, առհասարակ, ֆիլմի գաղափարը, սցենարն ու ինձ համար վառ արտահայտված տղամարդկային կերպարը: Ֆիլմի հենց առաջին կադրից արդեն իսկ հասկանում ես, թե որքան խորություն կարող է արտահայտված լինել մեկ հայացքում:
-Եթե լինեք ղեկավար, նախապատվությունը կտաք աշխատասե՞ր, ստեղծագո՞րծ, թե՞ ճկուն, հնարամիտ աշխատողին:
-Կարծում եմ` նախապատվությունը կտայի բոլոր տիպերին, քանի որ թիմում պետք է ընդգրկված լինեն բոլոր խառնվածքների եւ ունակությունների տեր մարդիկ:
-Գրական գործ, որի ազդեցությունը դեռ մնացել է:
-Վերջերս ընթերցվածներից տպավորվեց Նարինե Աբգարյանի «Բեգոնիա» պատմվածքը, որը մարդկային բարության, հոգատարության մասին էր եւ դիպչում էր հոգու նուրբ լարերին: Լուսավոր պատմվածք:
-Շարունակեք միտքը` «Եթե ուզում ես տղամարդուն պահել քո կողքին, պետք է…»:
-Չկառչել տղամարդուց:
-Ո՞րն է Ձեր առաքելությունը:
-Կոնկրետ իմ պարագայում` ինչպես նախասիրությունները, նպատակները, երազանքները, այնպես էլ առաքելությունը փոփոխվում է կյանքի տարբեր փուլերում: Ցանկացած կին ունի մի գերխնդիր, որ պետք է իրականացնի, որն արդեն իսկ պարզ է: Մնացած հարցերում յուրաքանչյուր անձ ինքն է որոշում իր հոգեւոր վակուումի աստիճանը եւ, ըստ այդմ, գիտակցում իր առաքելությունը կյանքի տվյալ փուլում:
-Ընկերներ ընտրելիս նախապատվությունը կտաք թեթեւ ու անկեղծ, թե՞ բարդ, բայց խորը տեսակին:
-Ես սիրում եմ տարբեր տեսակի շփումներ` ե՛ւ թեթեւ ու անկեղծ, ե՛ւ բարդ ու խորը: Շփումներիս որակը կախված է տվյալ պահի տրամադրությունից: Ինքս էլ կարող եմ լինել թեթեւ, կարող եմ լինել եւ բարդ. կարեւորը մարդկային որակն է:
-Կենդանի կպահե՞ք, թե՞ բույս կխնամեք:
-Կենդանի կպահեմ` շուն:
-Երբ ամեն բան անիմաստ է թվում, պետք է պարզապես…
-Լուսավոր կետեր գտնել, ուրախանալ հարազատների առողջությամբ, քո կողքին լինելու հնավորությամբ: Այդ ժամանակ է, որ գիտակցում ես, որ անիմաստ չես ապրում, եւ կան մարդիկ, որոնք անկեղծորեն կիսում են քո լավ եւ վատ պահերը:
-Չե՞ք հանդուրժի, եթե Ձեր մտերիմը մոռանա Ձեր ծննդյան օրը, մյուսների մոտ կշտամբի Ձեզ, փորձի Ձեր հաշվին ինքնահաստատվել:
-Եթե ընկերներիս մասին է խոսքը, կներեմ ծննդյանս օրը մոռանալը, իսկ կշտամբանքն ու ինքնահաստատվելը չեմ ների` անկախ մտերմության աստիճանից:
-Սիրելի եղանակը:
-Գարուն:
-Մարդու մեջ առաջինը գնահատում եք…
-Արժեքները, մարդ լինելը:
-Այս պահին ամեաշատը կարիք ունեք սրտաբաց ընկերո՞ջ, ճամփորդելո՞ւ, թե՞ պասիվ հանգստի:
-Կարիք ունեմ ճամփորդելու, նոր էմոցիաների, հոգեւոր լիցքերի, տեսարժան վայրերի եւ բացահայտումների:
-Ջուր, օդ, կրակ, թե հող:
-Ջուր:
-Ամենաանսպասելի հրաշքը Ձեր կյանքում:
-Դեռ սպասում եմ:
-Իր, որը կարող է բարձրացնել Ձեր տրամադրությունը:
-Վերջերս աղջիկս նվիրել էր հեռախոսի աքսեսուար` նորածնի դեմքով, փափուկ գլխարկով, որը կոնկրետ իմաստ էր պարունակում: Այդ ժեստը կոնկրետ բարձրացրեց տրամադրությունս:
-Փող, փառք, թե հետք թողնելու հնարավորություն:
-Եթե բոլորն էլ լինեին, վատ չէր լինի:
-Մեր հարցերից ո՞րը հավանեցիք:
-Երեւի տրամադրություն բարձրացնող իրի մասին հարցը, որովհետեւ մինչ այդ չէի վերլուծել այդ իրի ազդեցությունը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՉԵՄ ԶՂՋԱՑԵԼ, ՈՐ ՄԻԱՍԻՆ ՉԵՆՔ»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնի շոուբիզնեսցիների անձնական կյանքի՝ քչերին հայտնի դրվագներին։ Նրանք կատարում են խոստովանություններ, երբեմն հայտնում են իրենց ափսոսանքը, պատմում են մանրամասներ՝ բավարարելով երկրպագուների հետաքրքրությունը։ Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վլադիմիր Բարխոյանն է։

Նա խոստովանեց, որ դեռեւս չի ունեցել այնպիսի սեր, որից չկարողանար հրաժարվել կամ որին հիշելիս մեծ ցավ ապրեր. «Չգիտեմ՝ այդ առթիվ ուրախանամ, թե տխրեմ, բայց այդպես է։ Գուցե ամեն ինչ դեռ առջեւում է»։
Վլադիմիրը պատմում է, որ առաջին անգամ լրջորեն սիրահարվել է համեմատաբար հասուն տարիքում՝ 20-ից հետո։ Ի դեպ, նրա ընտրյալը երգարվեստի հետ որեւէ առնչություն չի ուենցել. «Յուրաքանչյուր մարդ, նույնիսկ եթե հեռանում է քեզնից, իր առաքելությունն ունի քո կյանքում։ Գուցե այդ աղջիկը պետք է գար, հետո հեռանար, որպեսզի զգայի կորստի գինը։ Մեր բաժանման պատճառները շատ սուբյեկտիվ են։ Զգացմունքային պոռթկումների, պահի ազդեցության ներքո հասկացանք, որ պետք է իրարից հեռանանք։ Երբեք չեմ զղջացել այն բանի համար, որ հիմա մենք միասին չենք, պարզապես երբեմն պատկերացնում եմ, որ եթե միասին լինեինք, երեւի արդեն երեխաներ կունենայինք, կյանքս այլ հունով կընթանար»,- ասաց երգիչը։
Վլադիմիրն իր առաջին սիրուն տարիներ անց գտել է «Ինստագրամ»-ում եւ շատ ուրախացել է՝ պարզելով, որ նա դասավորել է իր կյանքը, ամուսնացել է եւ զավակներ է ունեցել. «Երբ մեկին սիրում ես, անկախ այն բանից՝ միասին եք, թե ոչ, ուրախանում ես այդ մարդու հաջողություններով։ Ընկերական, մարդկային հարաբերությունները միշտ պետք է պահել։ Չեմ ընդունում, երբ նախկին սիրահարները փողոցում տեսնվելիս նույնիսկ չեն էլ բարեւում իրար։ Բայց չէ՞ որ այդ մարդիկ իրար հետ գեղեցիկ պահեր են ապրել»,-նկատում է մեր զրուցակիցը։
Վլադիմիրի խոսքով՝ ինքը սիրային հարաբերություններում, առհասարակ, թեթեւ է ու հանգիստ. «Չեմ սիրում, օրինակ, անիմաստ խանդի տեսարաններ սարքել, ինչ-որ «փոթորիկներ» անել։ Իհարկե, առանց խանդ սեր չի լինում, բայց ամեն բան պետք է տեղին լինի»,-եզրափակեց Բարխոյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Ստամբուլի հայ համայնքի հիմնադրամների նախագահները օրակարգային խնդիրների քննարկման համար հրավիրվել են Ստամբուլի նահանգապետարան: Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթից տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 7-ին, Ստամբուլի նահանգապետարանում տեղի ունենալիք քննարկմանը մասնակցելու է նաեւ երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

 

 

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, խոսելով 29-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասին, նշել է. «Ցավոք, ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում ենք Պիեռ դը Կուբերտենի օլիմպիական գաղափարի ներքո` «Կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը» նշանաբանով: Դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք չունենք համապատասխան պայմաններ եւ այնպիսի մարզիչներ, որոնք կարող են այդ աստիճանի բարձրակարգ մարզիկներ պատրաստել: Այս երկու խնդրի համադրումը հանգեցնում է նրան, որ ձմեռային Օլիմպիական խաղերում մենք պարզապես մասնակից ենք»:
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Հայաստանը Փհենչհան-2018-ում կներկայացնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:




Լրահոս