ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԵՎ ԿԱՇԿԱՆԴՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենսդրական նախագիծ, որտեղ նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշել էր, թե նախարարները կաշկանդվում են դռնբաց նիստերի ժամանակ բանավիճել իրար հետ: Այս առումով «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախարարներին մի քանի հարց է ուղղել` հասկանալու համար, թե որքանով են դռնբաց նիստերը կաշկանդում նրանց:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյան
-Պարո՛ն Ալթունյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Համակարծի՞ք եք:
-Դուք գիտեք` ոչ միշտ խցիկների առջեւ կարտահայտվես այնպես, ինչպես կարտահայտվես կոլեգայիդ, գործընկերոջդ հետ ուղղակի զրուցելուց, բանավիճելուց:
-Դուք կաշկանդվո՞ւմ եք:
-Ինչ-որ մի էլեմենտ կաշկանդվածության հնարավոր է նախատեսել:
-Եղե՞լ են նման դեպքեր, երբ ցանկացել եք բանավիճել, բայց կաշկանդվել եք:
-Այդպիսի դեպքեր չեն եղել, ես տեսական հնարավորություններն եմ Ձեզ ասում:
-Նշվում է, թե նախարարներից շատերն են անձամբ բարձրացրել նիստերը դռնփակ անցկացնելու հարցը: Դուք նման հարց բարձրացրե՞լ եք:
-Ինձ հետ այդպիսի կոնսուլտացիաներ չեն անցկացվել:
-Այսպես սահմանափակվում է լրագրողների աշխատանքը, ովքեր չեն կարողանալու անձամբ հետեւել նիստի աշխատանքներին:
-Կարծում եմ` ոչ: Մենք Ձեզ հետ բաց ենք, ազնիվ եւ սպառիչ պատասխաններ դուք կստանաք մեզանից:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան
-Պարո՛ն Ամիրյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք կաշկանդվո՞ւմ եք:
-Իմ նախորդ` հեռուստատեսային փորձը հաշվի առնելով` ես որեւէ իրավիճակում չեմ կաշկանդվում: Բայց ասածի մեջ կա ճշմարտություն:
-Բայց չե՞ք կարծում, որ այսպես փորձ է արվում սահմանափակել լրագրողների աշխատանքը:
-Չեմ կարծում, որովհետեւ նախարարները բոլորն էլ բաց են շփումների առումով եւ պատրաստ ներկայացնելու ավելին, քան դուք կարող եք ստանալ այդ նիստերը բաց ձեւով հեռարձակելուց: Եվ, իսկապես, նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում փակ են նիստերը:
-Կարծում եք` իսկապե՞ս կաշկանդվում են նախարարները բանավեճի մեջ մտնելուց:
-Կդժվարանամ մյուսների անունից ասելուց, թերեւս` այո: Իմ պարագայում ես որեւէ ձեւով կաշկանդվածություն չունեմ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյան
-Պարո՛ն Տոնոյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք երբեւէ կաշկանդվե՞լ եք:
-Ո՛չ, կաշկանդման խնդիր չկա: Ես կարծում եմ, որ այդ որոշումը դեռեւս քննարկվելու է օրենքի տեսքով Ազգային ժողովում, եւ ես կարծում եմ, որ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր տալու եւ բացատրություններ ստանալու, թե ինչի համար է այդ որոշումը կայացվում, այդ նախաձեռնությունը կառավարությունից դուրս գալիս:
-Որպես պատճառաբանություն նշվում է` եթե նիստերը դռնփակ լինեն, նաեւ բանավեճեր կլինեն, քանի որ այսպես նախարարները կաշկանդվում են:
-Ես ինքս խնդիր չեմ տեսնում: Դռնփակ ֆորմատը հիմա էլ կա, երբ որ քննարկվում են գաղտնի փաստաթղթեր, այսինքն` դասակարգված: Կարծում եմ` դա արդեն հնարավորություն է, մնացած խնդիրները, պատճառաբանությունն արդարադատության նախարարն արդեն ներկայացրեց:
-Այսինքն` այնպիսի դեպք չի՞ եղել, որ ցանկանաք բանավիճել, սակայն կաշկանդվեք:
-Անձամբ ինձ երբեք չի կաշկանդել:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան
-Պարո՛ն Մինասյան, որպես կառավարության դռնփակ նիստերի անցկացման հիմնավորում նաեւ բերվում է այն, որ նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Դուք այն նախարարներից եք, որ թեկուզ փոքր բանավեճեր, բայց ունեցել եք վարչապետի հետ: Այսինքն` Ձեզ դա չի՞ կաշկանդում:
-Ես կարծում եմ, որ կաշկանդվածություն չի կարող լինել, բայց նաեւ երկրորդ կողմը կա: Տեսե՛ք, եթե ինքներդ մի հատ դիտարկեք այն հրապարակումները, որոնք կառավարության նիստերից հետո ներկայացվում են լրագրողների միջոցով, քիչ դեպքեր կգտնեք, երբ որ քննարկվող հարցը ներկայացվում է ըստ էության: Ավելի շատ ձեւի, կա՛մ նախարարի, կա՛մ վարչապետի պահվածքի, մի արտահայտության մեկնաբանություններ են սկսվում: Որեւէ նախարար չի կարող փակ լինել, եւ խանգարող հանգամանքեր չեն լինի դրանք ներկայացնելու: Նախարարները բոլորն ունեն հնարավորություն քննարկելու բոլորի հետ, չկա որեւէ սահմանափակում: Կառավարությունը կոլեկտիվ որոշումների կայացման վայր է, որտեղ կարող են լինել տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ, բայց կայացված որոշումը ենթակա է կատարման:
Հ.Գ. Փաստորեն, այս նախարարներից միայն Լեւոն Ալթունյանն է խոստովանել, որ կաշկանդվում է լրագրողների ներկայությունից: Սա պատահական չէ, քանի որ նրա տարբեր արտահայտություններ ժամանակին դարձան մամուլի քննարկումների առարկա: Նույն կերպ մամուլի քննարկումների առարկա են դարձել նաեւ Սերժ Սարգսյանի հանպատրաստից խոսքերը: Ու ստացվում է, որ դռնփակ նիստերի անցկացմանը կողմ են այն մարդիկ, որոնք ճիշտ ձեւակերպումներով արտահայտվելու խնդիր ունեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՆԱՃ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, ՀՀ-ում կտրուկ թանկացան ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդատեսակները, այլեւ ոչ պարենային ապրանքները: Բայց սա չի խանգարել, որպեսզի ԱՎԾ-ն առավելագույնս մեղմ ներկայացնի գնաճի պատկերը:

Եւ այսպես` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` սպառողական շուկայում այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.7 տոկոս գնաճով. ակցիզային հարկի ավելացման հետեւանքով կտրուկ բարձրացան մի շարք ապրանքատեսակների գները: Բացի այդ` մրգի շուկայում գնաճը կազմել էր 10, իսկ բանջարեղենի շուկայում՝ 34.3 տոկոս: Նշված ժամանակահատվածում սննդամթերքի, ներառյալ ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները աճել են 5.1 տոկոսով: Իսկ ահա ոչ պարենային ապրանքները թանկացել են 1.5 տոկոսով: Ծառայությունների սակագները բարձրացել են 0.2 տոկոսով: Օրինակ` ռեստորանային եւ հյուրանոցային ծառայությունների սակագները բարձրացել են 0.3 տոկոսով:
Այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բանջարեղենի եւ մրգի 25.11 տոկոս գնաճ: Մսամթերքի շուկայում եւս գնաճ է արձանագրվել` 2 տոկոսի չափով: Իսկ ահա ձուկն ու ծովամթերքը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.6 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաները անմասն չեն մնացել թանկացումներից. այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերին նշված շուկաներում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, կարագը էժանացել է 1 տոկոսով, իսկ մարգարինը` 0.8 տոկոսով: Բայց եթե հիշենք, թե մինչ այդ կարագի շուկայում գներն ինչպիսի թռիչքաձեւ աճ ապրեցին, 1 տոկոս գնանկումը զրոյական ազդեցություն ունի:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ սուրճը, թեյը եւ կակաոն 0.2 տոկոսով են թանկացել: Փոխարենը շաքարավազը 0.4 տոկոսով էժանացել է: Տեղեկացնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ԵՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը, որն անդամ երկրներում մաքսային դրույքաչափերի նույն ռեժիմն է սահմանում, ինչը Հայաստանի դեպքում ենթադրում է դրույքաչափերի բարձրացում: Բացի այդ` հունվարի 1-ից այլեւս չի գործում ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմը: Ըստ մասնագետների` սա արձանագրված գնաճի գլխավոր պատճառներից մեկն է:
Ըստ ԱՎԾ-ի` բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի շուկաներում արձանագրվել է 11.2 տոկոս գնաճ: Սրա պատճառը եւս այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր հարկային օրենսգիրքն է, որը մի քանի ապրանքատեսակների` բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: Եւ, ընդհանրապես, Հայաստանը գների մակարդակով չի զիջում աշխարհի թանկ պետություններին միայն մեկ տարբերությամբ՝ այդ երկրներում բավական բարձր աշխատավարձ են ստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԸ ՔԱՆԴՎՈՒՄ ԵՆ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց եւ Սարիգյուղ, Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղերի դպրոցների շենքերը շարունակում են մնալ անմխիթար վիճակում` արդյունքում հայտնվելով փլուզման վտանգի առաջ:
Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Բուդուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրենց դպրոցի շենքը վթարային է: Թեեւ շենքը նախկինում 2 անգամ մասնակի նորոգման է ենթարկվել, սակայն դասասենյակների հատակը, պատուհանները փտած են: Ըստ նրա` որքան էլ ձմռանը փայտ են վառում, դասասենյակները չեն տաքացվում, հարկ է ջերմամեկուսիչ պատուհաններ տեղադրել: Վ. Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետ, այժմ գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը եւս պնդում է՝ դպրոցի շենքը շատ վատ վիճակում է: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակների եւ միջանցքների հատակը քանդված է, այն կարծես ռմբակոծված լինի: Նույն տարածաշրջանի Կիրանց գյուղի հիմնական դպրոցի 59 աշակերտներն ամեն անգամ վախով են համակվում, երբ դպրոցի կողքով, միջպետական ավտոճանապարհով անցնում է հերթական խոշոր բեռնատարը: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 4 տարի է, ինչ դպրոցի հիմնական, ծանրություն կրող պատերը խոր ճեղքեր ունեն, որոնք գնալով ավելանում են. շենքը ձեւախեղվում է: Նրա խոսքերով` դպրոցի պատերի մեծ ճեղքերը երեւում են նաեւ դրսից: Այդ շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, շենքի հիմքում նստվածք կա: Դպրոցի շենքը գործարկելուց հետ մի անգամ կոսմետիկ նորոգման է ենթարկվել: Դպրոցի տնօրենն ասում է, որ 40 տոննանոց բեռնատարները հիմքը խախուտ կառույցի կողքով անցնելով` ցնցում, ավելի են խարխլում կրթական հաստատության շենքի պատերը: Պատերի ճեղքերը ձգվում են շենքի երկրորդ հարկ, երկրորդ հարկի պատերից հող ու ավազ է թափվում, շենքի հենասալերը տեղաշարժվել են, պատուհանների ապակիներ են կոտրվել: Կիրանցի դպրոցի ուսուցիչները մտավախություն ունեն, որ փոքր երկրաշարժի դեպքում անգամ դպրոցի շենքը հիմնահատակ կփլվի, աշակերտները չեն հասցնի կառույցից հեռանալ: Կիրանցի դպրոցի շենքի շինարարության աշխատանքներն ընդգրկված են 2017-2019թթ. Տավուշի մարզի միջնաժամկետ ծրագրում, ինչպես նաեւ` Հայաստանի տարածքային զարգացման ծրագրում: Կսարքեն, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Եւ, ընդհանրապես, նկատենք՝ իշխանությունները հաճախ են խոսում մարզերի համաչափ զարգացման, դեմքով դեպի գյուղն ու գյուղացին շրջվելու անհրաժեշտության մասին, սակայն իրականությունը միանգամայն հակառակն է, ապացույցը նաեւ այս գյուղերի ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս