Գումարը կա, սակայն ծախսվում է ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է. անգործության մատնված կառույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններ իրենց ներկայացուցիչներն ունեն օտարերկրյա այլ պետություններում: Բայց այդ մասին գրեթե երբեք չի խոսվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում հայաստանյան ո՞ր կառույցներն ունեն ներկայացուցիչներ, ովքե՞ր են նրանք եւ որքա՞ն աշխատավարձ են ստանում:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը` արտաքին գործերի նախարարությունից նշեցին, որ ՌԴ-ում ներկայացուցիչ ունի պաշտպանության նախարարությունը, ռազմական կցորդ Արշակ Կարապետյանն է, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ներկայացուցիչ` Արտակ Ղազարյան, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, ներկայացուցիչ` Կարեն Ասոյան, իսկ ոստիկանության ներկայացուցիչը Գարրի Զախարովն է:

Սրանք անձինք են, որոնց գործունեության մասին մեր երկրում, թերեւս, որեւէ մեկ անգամ չի հիշատակվել: Միայն վերջերս ՀՀ ռազմական կցորդի նշանակման շուրջ աղմուկ բարձրացավ, բայց սա էլ այն պարզ պատճառով, որ Արշակ Կարապետյանին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ էին արել՝ իրեն վերապահված ոլորտում բացթողումներ անելու համար. նա հետախուզության վարչության պետն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պետական գերատեսչություններից ճշտել, թե իրենց ներկայացուցիչները որքա՞ն աշխատավարձ են ստանում, եւ դա ո՞ր կառույցի կողմից է տրամադրվում:

Արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների, արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ խոստացան առաջիկայում պատասխանել, ոստիկանությունից դեռեւս արձագանք չկա: Մեր հարցմանն ի պատասխան` ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ պաշտպանության նախարարության օտարերկրյա ռազմական կցորդներին գումարը տրամադրվում է բյուջեից եւ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ մյուս երկրներում գտնվող ռազմական կցորդների համար գումարը, ընդհանուր առմամբ, կազմում է 339 մլն 345 հազար 800 դրամ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե էլ ո՞ր երկրներում ՊՆ-ն ունի ներկայացուցիչներ, ասաց, որ դա գաղտնի տեղեկատվություն է: «Ես պաշտոնապես ասում եմ, որ հատկապես ռազմական կցորդների մասով մեր ներկայացուցիչների տվյալները խիստ գաղտնի են պահվում, եւ մենք չենք կարող տեղեկություններ տրամադրել նրանց վերաբերյալ»,-նշեց Հովհաննիսյանը:

Ինչեւէ: ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների դեպքում աշխատավարձը բյուջեից չի տրամադրվում: Համենայնդեպս, ՀՀ պետական բյուջեում դա արտացոլված չէ: Սա, թերեւս, մեկ պատճառով. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ վերոնշյալ անձինք իրականում զբաղված են իրենց անձնական բիզնեսն առաջ տանելով` իհարկե, ՀՀ անունն օգտագործելով:

ՌԴ-ում գտնվող մեր ներկայացուցիչները սովորաբար հայտնվում են ասպարեզում միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն այցելում է Մոսկվա: Պաշտոնյայի կողքին հայտնվելու եւ քծնանքի չափաբաժինն ապահովելու խնդիր է, իհարկե, ոչ ավելին:

Այնպես որ, հայաստանյան կառույցների` այլ երկրներում գտնվող ներկայացուցիչների ծավալած գործունեությունը գործնականում չենք տեսնում: Բայց իրենք կան, իրենք իրենց համարում են ՀՀ կոնկրետ պետական մարմնի ներկայացուցիչ, եւ նաեւ նրանց պահվածքով են օտարերկրացիները ՀՀ-ի մասին կարծիք կազմում:

Եվ որքան էլ ցավալի լինի, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ մեր երկիրը ոչ թե արդյունավետ կառավարման, սրընթաց զարգացման, այլ առկա գումարները չափազանց անարդյունավետ տնօրինելու առումով կարող էր մրցել ցանկացած ոչ զարգացած պետության հետ: Խնդիրն այն է, որ գումարը կա, սակայն ծախսվում է ոչ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Արդյունքում շատ խնդիրներ տարիներով մնում են չլուծված, իսկ կոնկրետ անձինք վայելում են շքեղ կյանքն` առանց մտահոգվելու ազգակիցների մասին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս