Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքիր բացահայտումներ եղան: Ընդ որում, այդ բացահայտումներն արվեցին ինչպես փաստահավաք խմբի անդամների, այնպես էլ մարտի 1-ի զոհերի հարազատների կողմից:
Հետաքրքիրն այն էր, որ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն այդպես էլ չհամաձայնեց պատասխանել հարցին՝ ցուցարարները հրազեն կրե՞լ են, կամ սպանվածների մոտ հրազեն եղե՞լ է, թե՞ ոչ՝ համարելով դա նախաքննական գաղտնիք: Ամենից շատ բոլորին հետաքրքրում էր՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ են, եւ բացասական պատասխանը վրդովեց ներկաներին:
Լսումների ավարտին սենսացիոն հայտարարություն եղավ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի կողմից: Նա նշեց, թե մարտի 1-ի գործը այժմ ՄԻԵԴ-ում է, եւ գիտի, թե ինչ է պատասխանել Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին: «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը:
Ինչ գաղտնի հրաման է եղել 2008 թվականի մարտի 1-ին. ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` խոսքը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, քանի սահմանին ակտիվացում էր գնում:
Իսկ ովքե՞ր եւ ինչպե՞ս են խոչընդոտել մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված փաստահավաք խմբի գործունեությանը: Այս հարցում ամենամեծ բացահայտումը, թերեւս, արեց փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ընդ որում, խոսքը ոչ միայն այդ բացահայտման, այլ փաստահավաք խմբի գործունեության դադարեցման մասին է:
Մասնավորապես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի նամակը Սերժ Սարգսյանին, որով վերջինս ասել է, թե այլեւս չի ցանկանում աշխատել: Այս նամակն Անդրանիկ Քոչարյանի համար իսկապես բացահայտում էր. «Հենց այնպես այդպիսի նամակ հղել, երբ որ առաջին զեկույցը հենց ինքն էր ստորագրել, արդեն պարզ է, որ եղել է ճնշումների արդյունքում», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստեց Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում մեղադրանքներ հնչեցրեց այն ժամանակ եւ ներկայումս էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ այն ժամանակ ՄԻՊ Արմեն Հարությունյանի հասցեին, ովքեր Քոչարյանի խոսքով ամեն ինչ արեցին, որպեսզի եվրոպական կառույցներին տեղյակ պահեն փաստահավաք խմբում քաղաքական ինչ-ինչ հանդուրժողականության մասին:
Հետաքրքիր է, որ երեկ լսումներում ելույթներ ունեցան նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, որոնցից ամենաուշագրավը, թերեւս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էր: Մինչ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն իրենց ելույթներում ընդհանրական էին խոսում՝ բոլորին էլ մեղադրելով այդ օրվա դեպքերի եւ մինչ այժմ առկա բացերի համար, Նիկոյանը շտապեց իրեն բնորոշ ձեւով սլաքներն ուղղել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ուղղությամբ` մոռանալով, որ մարտի 1-ի դեպքերին իր առնչությունն ունի նաեւ իրենց քաղաքական թիմի ներկայիս ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, որ 2008-ին ՀՀ վարչապետն էր, իսկ հետո տասը տարի շարունակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը:
Ասել է, թե եթե Քոչարյանը պատասխանատվություն էր կրում մարտի 1-ի հարձակումը հրահանգելու առումով, Սերժ Սարգսյանն էլ, լինելով վարչապետ, չի առարկել, իսկ հետո՝ այս տարիներին այդպես էլ ջանքեր չի գործադրել իշխանությանը ստիպելու բացահայտել հանցագործությունները: Ի դեպ, Քոչարյանի իշխանության օրոք ՀՀԿ-ն իշխանության մեջ էր, ընդ որում՝ հիմնական ուժը: