Անցած տարվա ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ներկայացվել շուրջ 180 ներդրումային ծրագիր, որից միայն 58-ն է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից արժանացել դրական գնահատականի: Ավելին` դրանցից միայն 20-ն է 2017թ. ֆինանսավորվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ ներդրումային ծրագրերի համար հատկացվել է 638 միլիոն դրամի չափով գումար:
Օրերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ անցած տարվա ընթացքում հավանության արժանացած 20 ներդրումային ծրագրերը ֆինանսավորվել են 8-12 տոկոսադրույքով: Պարզվում է, որ մի շարք ծրագրերի հեղինակներ հրաժարվել են առաջարկվող տոկոսադրույքով տրամադրվող վարկից: Որոշ ներդրողներ էլ ակնկալում են միայն դրամաշնորհ, իսկ ահա մի մասի մոտ էլ բացակայել է ազատ գրավի առարկան, կամ չեն համապատասխանել վարկավորման գործընթացի պահանջներին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանի հետ:
Մեր այն հարցին` արդյո՞ք 8-12 տոկոս տոկոսադրույքով վարկային միջոցը ներդրումային բիզնեսի համար խելամիտ է, Նարինե Ավետյանն արձագանքեց. «Չէ՛, խելամիտ չէ, բայց բյուջեում չկային գումարներ, որով կարողանայինք սուբսիդավորել կամ իջեցնել վարկի տոկոսադրույքի չափը: Բացի այդ` ամեն բան փոքր-ինչ արագ-արագ ստացվեց, եւ մենք օգտագործեցինք այն մեխանիզմները, որոնք ունեինք` ՓՄՁ զարգացման գրասենյակի, ՓՄՁ ՈՒՎԿ-ի միջոցներով: Իսկ իրենք էլ ֆինանսավորման 12 տոկոսադրույք ունեն»: Նա նաեւ նշեց, որ ներդրումային որոշ ծրագրեր, որոնք ունեն արտահանման հնարավորություն, իրենց մասով տոկոսադրույքի զեղչեր են գործել:
Մասնագետը փոխանցեց նաեւ, որ գրեթե բոլոր ներդրողները հիմնականում դժգոհում են բարձր տոկոսադրույքներից: Բացի այս` նրանց մեծ մասը պատրաստ չէ վարկ վերցնել, քանի որ կա՛մ գրավի առարկա չունեն, կա՛մ էլ ունեցվածքը կալանքի տակ է դրված: Բայց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը այս տարի փորձելու է կարգավորել խնդիրը: «Դրա համար էլ 58 ծրագրերից ֆինանսավորվել է 20-ը: Մենք ընդհանուր առմամբ ունեինք 180 ծրագիր, բայց շատ ներդրողներ իրենք էին հրաժարվել, որովհետեւ տոկոսադրույքը բարձր էր: Բայց մենք հիմա փորձում ենք դա սուբսիդավորման կարգով ցածրացնել: Մենք այս տարվա բյուջեում գումար ենք ավելացրել, որպեսզի կարողանանք սուբսիդավորել այդ ծրագրերը: Այս տարի արդեն նախատեսում ենք, որ մոտ 5-6 տոկոսի չափով սուբսիդավորում կլինի»,- տեղեկացրեց Նարինե Ավետյանը:
Նշենք, որ կան կաթի վերամշակման, պանրի արտադրության, անասնապահության, այգիների ստեղծման, ելակի բազմացման, գինու արտադրության եւ այլ ծրագրեր: Բացի դրանից` կա նաեւ մետաղի մշակման գործարան Աշտարակում: Ըստ մասնագետի` ծրագրերը տարբեր են, որոնց արժեքը կազմում է 10 մլն դրամից մինչեւ 100 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ծրագրերից երեքի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար 3 տոկոսի չափով պետական աջակցությամբ սուբսիդավորում:
«Ժողովուրդ» օրաթերթը Նարինե Ավետյանից տեղեկացավ, որ պետական աջակցությամբ 3 տոկոսի չափով սուբսիդավորում ստացել են Լոռու մարզում գործող «Լոռֆռուտ», Արմավիրի «Վան Սեւան», Կոտայքի «Գրին ֆարմեր » ընկերությունները: Սրանք այն ընկերություններն են, որոնք ունեն արտահանման հնարավորություն: «Օրինակ` ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Լոռֆռուտ»-ին վարկ տրվել է պահածոների արտադրամասը ընդլայնելու համար` 45 մլն դրամ` 10 տոկոսով, որից 3 տոկոսը առաջին երկու տարիների ընթացքում պետությունը կսուբսիդավորի: Իսկ երկրորդ ընկերությունը Կոտայքի մարզում գործող «Գրին ֆարմ» կոչվող ջերմոցային տնտեսություններն են: Երրորդ ընկերությունը «Վանսեւան»-ն է, որը գտնվում է Արաքս գյուղում եւ զբաղվում է գինու արտադրությամբ:
Սյունէ Համբարձումյան