Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած խայտառակ միջադեպի շուրջ կրքերը չեն դադարում: Ավելին` նոր հարցեր են ի հայտ գալիս: Արդյո՞ք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղաջրերի, մեղմ ասած, անմխիթար վիճակը շտկելու համար քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել, ինչո՞ւ միջադեպին չեն միջամտել Երեւանի քաղաքապետի անվտանգության աշխատակիցները: Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից:
-Պարո՛ն Գեւորգյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնարարական տրվե՞լ է` «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի կոյուղաջրերի հարցը լուծելու համար:
-«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղաջրերի խնդրի լուծումը «Նուբարաշեն» ՔԿՀ տիրույթում է: Քաղաքապետարանը դեռեւս մեկ տարի առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ին պատրաստակամություն հայտնել` աջակցելու խնդրի լուծմանը: Քաղաքապետարանը չի կարող ինքնագլուխ մուտք գործել այդ տարածք:
-Իսկ արդյո՞ք «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամները տեղյակ չեն դրանից, որ որոշել էին կոյուղաջուր բերել քաղաքապետարանի նիստերի սրահ:
-«Երկիր ծիրանի»-ն շատ հարցերից տեղյակ չէ:
-Պարո՛ն Գեւորգյան, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անվտանգության աշխատակիցներ ունի՞, թե՞ ոչ:
-ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Իսկ կոնկրետ քաղաքապետի դեպքո՞ւմ…
-Ես արդեն նշեցի. բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Եւ քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի:
-Ես արդեն պատասխանել եմ…
-Պարո՛ն Գեւորգյան, իսկ քաղաքապետարանը անվտանգության աշխատողներ ունի՞, թե՞ ոչ…
-Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին. ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի…
-Ներողություն, ես արդեն ավարտել եմ Ձեր հարցին պատասխանելը…
-Ո՛չ, չեք ավարտել: Դուք իմ հարցին չեք պատասխանել…
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի…
-Դուք նշում եք, որ բոլոր պաշտոնյաները նման իրավունքից օգտվում են, քաղաքապետը ե՞ւս օգտվում է…
-Ես արդեն պատասխանել եմ:
-Իսկ նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ որտե՞ղ էին անվտանգության աշխատողները:
-Ես արդեն պատասխանել եմ:
Եւ անջատեց հեռախոսը:
Զրուցեցին ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔՈՒՄ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ավագանու համանուն խմբակցության միջեւ առկա տեսակետներն էապես տարբերվում են միմյանցից: Բանն այն է, որ նախօրեին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել եւ նշել, թե «Երեւանի ավագանիում այսօր տեղի ունեցածը եւս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (եւ պետք) խոսել»։
Սակայն համանուն խմբակցության ավագանու անդամները կարծես թե այնքան էլ չեն կիսում Փաշինյանի այդ մոտեցումը՝ նշելով, թե «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հարցի լուծման համար այլ միջոցների պետք է դիմեր: Մասնավորապես ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր. «Մենք ասացինք, որ այն գործիքակազմը, որը ընտրել է «Երկիր Ծիրանի»-ն, մեզ համար խորթ է, եւ միանշանակ այն խաթարում է ավագանու գործունեությունը: Մենք նաեւ ասացինք, որ այն քայլերը, որ կիրառվեցին նրանց հանդեպ, մեզ համար դատապարտելի են: Եվ այն դուրս է միջադեպը պարզապես կանխելու ենթատեքստից, այն նաեւ կրում էր բռնության բնույթ, որը եւս տեսաք տեսանյութերում»: Իսկ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է հարցերը բռունցքներով լուծել, Խաժակյանը նշել էր. «Ես, անկեղծ ասած, տվյալ կոնտեքստում չեմ հասկանում բռունցքներով խոսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որովհետեւ չեմ հասկանում` ինչպես կարող էինք մենք՝ մեր 14 անդամներով, բռնցքամարտի բռնվել ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ, որոնք թվով մեզնից երեք անգամ ավելի շատ էին»:
Եվ Դավիթ Խաժակյանն ավագանու միակ անդամը չէ, որ նման հայտարարություններով է հանդես գալիս՝ չարդարացնելով «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը եւ նույնիսկ նրանց անադեկվատ ուժ համարելով: Սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ տեսակետ ունի: Մասնավորապես երեկ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իրենց խմբակցությունում հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման մեկնարկին Փաշինյանն անդրադարձել է Երեւանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքին: Իսկ թե ինչպես է գնահատում «Երկիր Ծիրանիի» անդամների քայլը, Փաշինյանն ասաց. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երեւանի ավագանի, ոնց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը: Դուք գիտեք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարեւանությամբ կա փոքրիկ բնակելի հատված՝ մի քանի բնակելի շենքեր, եւ տարիներ շարունակ այդ քրեակատարողականի կոյուղին խափանվում է պարբերաբար, եւ կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի տարածքը, գարշահոտը տարածվում է: Նախորդ օրը նրանք ակցիա էին արել եւ ճանապարհը փակել էին՝ բողոքելով իրավիճակից: Տվյալ դեպքում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները պարզապես քաղաքացիների ուղերձը հասցրել են Երեւանի ավագանի: Ձեւերի հետ կապված կարելի է քննարկել, վիճել, բայց դա օգտակար ակցիա է եւ օգտակար գործողություն», – նշել է նա: Հետաքրքիր է՝ ինչով է պայմանավորված նրանց տեսակետների այսպիսի տարբերությունը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՀՎԱՆ ԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Մանվել Բատիկյանը՝ ահազանգելով, որ իր դեմ վրեժխնդրություն են իրականացնում` տանելով մահվան դուռը: «Ես ունեցել եմ առողջական լուրջ խնդիրներ: Տարել եմ սրտի ծանր վիրահատություն, ունեմ երկու պրոթեզավորում, ինձ զգուշացրել են` իմ առողջութւյանը չհետեւելու դեպքում առաջանալու են լուրջ հետեւանքներ: Դիմել եմ բազմիցս վարչության պետին, մեր ՔԿՀ պետին, կարող եմ ներկայացնել դիմումներս: 3 տարվա մեջ 60 -70 դիմում եմ ներկայացրել: Հիմնարկը տվել է թուղթը, որ կարող եմ դուրս գալ բաց ռեժիմ, բայց վարչությունը մերժել է` նշելով, թե չեմ համապատասխանում դուրս գալուն: Ես ասել եմ` հարգելինե՛րս, Ձեր տված դեղերը ռեակցիա է տալիս, համապատասխան դեղորայքը, հետազոտությունը չեք ապահովում, կարող եք այլ գործառույթ կիրառել, պատժի կրումը հետաձգեք կամ հանեք բաց ռեժիմ, ես գնամ, իմ առողջական խնդիրը ինքս կարգավորեմ: Այս պահվածքը ոչ ավել, ոչ պակաս վրեժխնդրություն է, մարդուն մահվան հասցնելու փորձ»,- նշեց նա: Տեղեկացնենք, որ Մանվել Բատիկյանը 2010 թվականից գտնվում է կալանքի տակ, նա կազմակերպել է կնիքի նոտարական ինքնասոսնձվող պաշտպանիչ պիտակների հափշտակություն եւ հրկիզման եղանակով ուրիշի գույքի դիտավորյալ վնասում, նախնական համաձայնությամբ օգտագործելու նպատակով կեղծել է փաստաթղթեր: Նրա պատժի կրման ավարտին մնացել է 4 տարի:
ԴԱՀՈՒԿՆԵՐԸ ԿՀԱՍՆԵ՞Ն
Նախօրեին հայտնի դարձավ, որ Փհենչհանում կայացող ձմեռային օլիմպիական խաղերի հայ մասնակից, դահուկորդ Աշոտ Կարապետյանը դահուկներ չունի, ինչի պատճառով չի կարող մարզվել: Մարզիկի մեկ զույգ դահուկներն առաջին պարապմունքի ժամանակ շարքից դուրս են եկել, եւ նա հայտնվել է բարդ իրավիճակում: Պարզվում է` ֆեդերացիան ժամանակին Կարապետյանի համար դահուկներ չի պատվիրել, եւ հիմա նա հայտնվել է դժվար կացության առաջ: Օլիմպիական կոմիտեից հայկական պատվիրակության ղեկավար Բոլշիկյանը փորձել է դահուկներ գնել, սակայն չեն գտել: Խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը նշեց, թե խնդիրը լուծման փուլում է: Նրա խոսքով` Մոսկվայից պատվիրված դահուկներն այսօր կհասնեն մեր մարզիկին, եւ նա կկարողանա շարունակել պարապմունքները: Միաժամանակ Աստղիկ Մարտիրոսյանը շեշտեց, թե այս հարցով զբաղվելը նախարարության գործառույթների մեջ չի մտնում, եւ պատասխանատուն միայն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան է: Տեղեկացնենք, որ Աշոտ Կարապետյանի առաջին մրցելույթը փետրվարի 18-ին է: