ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Ե՛Վ ՆԱԼԻՆ Է ԽՓՈՒՄ, Ե՛Վ ՄԵԽԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՀՅԴ ջրերը կրկին սկսել են մեկ առվող չհոսել: ՀՅԴ-ն շարունակում է քննադատել կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին:

Հիշում եք` օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ ընդլայնված նիստերից հետո նրանք խիստ դժգոհություն էին հայտնում ռեյտինգային ընտրական համակարգի, ինչպես նաեւ` կառավարության` ոչ պատշաճ ձեւով խնդիրներին անդրադառնալու կապակցությամբ: Այժմ էլ քննադատության այլ առիթ են գտել: Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակ վիճակը նրանք խստորեն դատապարտել են` միաժամանակ բաց չթողնելով հնարավորությունը` անդրադառնալու մայրաքաղաքում առկա խնդիրներին: Ու ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրենք ներկայացված չեն ավագանու կազմում. ԱԺ ընտրություններից հետո հրաժարվել էին մասնակցել ավագանու ընտրություններին:
«Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել»,-մասնավորապես ասված է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՅԴ հայտարարության մեջ պարզապես նշել են, թե աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումն ավագանու նիստում: Սակայն իրենք ամենեւին դեմ չեն, որպեսզի խնդիրների մասին բարձրաձայնվի: Ավելին` կարծում են` այդ տարբերակները սպառված չեն: «Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս»,-շեշտված է հաղորդագրության մեջ:
Մի կողմից` ՀՅԴ հայտարարության շեշտադրումները հասկանալի են. իրենց կոալիցիոն գործընկերներն այնպիսի ցինիզմով, լկտիությամբ էին իրենց դրսեւորում՝ ծեծի ենթարկելով ընդդիմադիր խմբակցության կին անդամներին, որ արդեն լռելն անհնար է: Այնպես որ, ՀՅԴ-ի հայտարարության շեշտադրումները կարելի է հասկանալ: Միաժամանակ հայտարարության մեջ եղած դիտարկումները` կապված մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրների հետ, լիովին տրամաբանական են: Այո, մայրաքաղաք Երեւանը բազում խնդիրներ ունի, որոնք շտապ լուծում են պահանջում:
Սակայն ՀՅԴ այս պահվածքը տարօրինակ է, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված չէ քննադատել կոալիցիոն գործընկերոջը: Ընդհակառակը, կոալիցիոն ուժերը միշտ փորձել են արդարացնել իրենց գործընկերների անգամ ամենազազրելի քայլերը: Եթե Դաշնակցությունը գնում է այս քայլին ազնիվ մղումներով, կարելի է ողջունել: Սակայն կա մի բայց…ՀՅԴ նկրտումներն այնքան էլ ազնիվ չեն թվում` թեկուզ եւ հաշվի առնելով իրենց բյուրոյի եւ ԳՄ-ի հայտարարությունների շեշտադրումները: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն այսպես է իրեն դրսեւորում` ոչ թե մտահոգ լինելով առկա խնդիրներով, այլ բացառապես սեփական քաղաքական շահերից ելնելով: Այս ուժն արդեն տեւական ժամանակ է՝ սկսել է ապագա կոալիցիայի կազմում նոր պաշտոններ ստանալու սակարկությունները: Եւ նրանց քննադատությունները հենց այս տրամաբանության շրջանակներում են:
Եթե չլինեին քաղաքական դրդապատճառները, ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորումը, 128-ամյա կուսակցությունը, ըստ էության, չէր էլ հիշի առկա խնդիրների մասին: Սա ՀՅԴ-ն իր քայլերով բազմիցս է ապացուցել: Երբ նպատակահարմար չէ, երկրում առկա կնճռոտ հարցերի մասին նրանք լռում են` անկախ նրանից, թե դրանք որքան ծանր են անդրադառնում քաղաքացիների վրա: Իսկ, այ, երբ փող ու հնարավորինս շատ լծակների տիրապետելու ցանկությունն է առաջ գալիս, այլ կերպ ասած` պաշտոնների նոր «խմբաքանակ» կարող են իրենցով անել, նրանք հանդես են գալիս երկրի խնդիրներով խիստ մտահոգ ուժի դիրքերից:
Այսպիսով` փաստենք. ՀՅԴ վերջին շրջանի պահվածքը վկայում է, որ այս ուժը ե՛ւ դժգոհ է կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից, ե՛ւ շարունակում է մնալ կոալիցիայում: Ժողովրդական խոսքով ասած` ե՛ւ նալին են խփում, ե՛ւ մեխին: Ինչո՞ւ, դե, իհարկե, որովհետեւ դա այս պահին չափազանց ձեռնտու է Դաշնակցությանը, որն ընտրությունների ժամանակ սեփական ռեսուրսով դժվար թե կարողանա մեկ, երկու տոկոս ձայն հավաքել: Իսկ այս պայմաններում` ՀՀԿ-ի հովանու ներքո, ամեն ընտրության ժամանակ ապահովվում են անհրաժեշտ ձայները: Արդյունքում հնարավորություն է ստեղծվում տիրանալու մի քանի պաշտոնի: Իսկ որքա՞ն ժամանակ… Այնքան, մինչեւ որ Հանրապետականին այս ուժն այլեւս հարկավոր չլինի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է

Հայաստանում անցած տարում, 2016 թվականի համեմատ, գրանցված արտակարգ իրավիճակի դեպքերը 1602-ով ավելացել են:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարում ՀՀ-ում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 հազար 373 դեպք, տուժել է 11 հազար 43 մարդ, որից 356-ը զոհվել են, իսկ 10 հազար 687-ը` վիրավորվել: Մինչդեռ 2016 թվականին արտակարգ իրավիճակի գրանցված դեպքերի քանակը կազմել է 12 հազար 771: Միայն ուժեղ քամուց, մրրիկից անցած տարում մահացել է մեկ մարդ: Իսկ ահա ձյան առատ տեղումներից զոհվածների քանակը մեկն է: Գրանցված տարերային աղետներից` փլվածքից, տուժել են երկուսը, որից մեկը մահացել է: Անցած տարում գրանցվել է երկրաշարժի 49 դեպք, բարեբախտաբար տուժածներ եւ զոհեր չկան: Արդյունաբերական օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներից զոհվել է մեկը, տուժել` 7-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարում մեր հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար, որից մահացել է 279 քաղաքացի, իսկ վիրավորվել` 5458-ը: Ճանապարհատրանսպորտային դեպքերից տուժածների քանակը եւս անցած տարում 2016 թվականի համամետ ավելացել է 740-ով:
Պաշտոնապես Երեւանում անցած տարում գրանցված դեպքերի քանակը կազմել է 2070, որից տուժել են 33-ը, զոհվել` 5-ը: Գրանցված դեպքերի մեծ թվով Երեւանին հաջորդում է Կոտայքի մարզը` 885 դեպքով, Լոռու մարզը` 451 դեպքով, Սյունիքը` 432 դեպքով: Հայաստանում թունավորումների 4695 դեպք է գրանցվել, որից տուժել է 5360 անձ, զոհվել է 41-ը: Միայն սննդի թունավորումից տուժել է 421, ալկոհոլի թունավորումից` 1434 մարդ: Ի դեպ, ալկոհոլային թունավորումից զոհվել է 10 մարդ: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ դեղորայքի թունավորումից տուժել է 944 մարդ, մահացել` 2-ը: Շմոլ գազի թունավորումից տուժածների թիվը կազմել է 813, որից մահացել է 7-ը: Նշենք, որ զենքի, զինամթերքի հայտնաբերման դեպքերի քանակը կազմել է 66: Անցած տարում համաճարակից մահացածների թիվը կազմել է 92: ԱՎԾ տվյալներով` տրանսպորտում պայթյունի գրանցված դեպքերի քանակը կազմել է 329, որից տուժել է 17, իսկ մահացել` 2 մարդ: Իսկ ահա բնակելի շենքերում եւ շինություններում գրանցված պայթյունները կազմել են 1114, որից տուժել է 46, իսկ մահացել` 6 մարդ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՏԱՎՈՒՇԻ «ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕԾԱՆԵԼԻՔԸ»
«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայից եւ պանրի արտադրամասից գարշահոտը տարածվում է միջպետական ավտոճանապարհին` այդ ճանապարհին երթեւեկողներին մեծ տհաճություն պատճառելով: Նշենք, որ այդտեղի արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Իսկ ահա Տավուշի մարզի խանութներում «ՀիմնաՏավուշ»-ի արտադրած պանիրը, այլ կաթնամթերքը չեն վաճառվում:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է: Նա հայտնեց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում մինչ այժմ 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին պտղատու ծառերի տնկիներ է տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, բարձրորակ կաթնամթերք արտադրում` արտահանելով Ռուսաստան: Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին կկայանա հիմնադրամի աշխատանքային ժողով, որի ժամանակ կքննարկեն, թե 2018թ. «ՀիմնաՏավուշ»-ը ինչ ծրագրեր է իրականացնելու:
Հիմնադրամը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի կողմից, նրանք են որոշում, թե ֆինանսներն ինչ նպատակներով են ծախսվելու: Հ. Աբովյանի խոսքերով` «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ Օ-դը-Սեն նահանգը նվազեցրել են «ՀիմնաՏավուշ»-ի ֆինանսավորումը, 2017թ. «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի բյուջեն ուղղված էր տնտեսության ուժեղացմանը, որպեսզի բիզնեսի միջոցով հիմնադրամը ինքնաբավ դառնա եւ բիզնեսից ստացված շահույթներով մարզի գյուղատնտեսական զարգացման ուղղված ծրագրեր իրականացնի: Հիմնադրամի տարածած գարշահոտի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` մարզպետն ասաց, որ համայնքային խնդիր է: Իսկ դիտարկմանը, թե նշված անասնաֆերման գտնվում է Լուսաձորի տարածքում, սակայն միջպետական ավտոճանապարհի եզրին, դա համայնքային խնդիր չէ, մարզպետն ասաց` չնայած ինքն էլ է զգացել այդ հոտը, սակայն բնակիչներից այդ առթիվ բողոքներ չի ստացել: «Ցավոք սրտի, անասնագոմից ֆրանսիական դուխիի հոտ չի գալիս, որքան էլ կովերը ֆրանսիական լինեն»,- նշեց նա: Մարզպետ Աբովյանը, թերեւս, լավ հումոր ունի, սակայն այս իրավիճակում հումորը չի օգնում. հարկավոր են գործուն միջոցներ` խնդիրը լուծելու համար: Մնում է հուսալ, որ այս հրապարակումից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն շտկելու իրավիճակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս