ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է 5 ՄԼՐԴ ՆԵՐԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում հավանություն արժանացավ «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, բժշկական համալսարանում կային ֆինանսական խնդիրներ, դրանց շուրջ նաեւ աղմուկ բարձրացավ։ Հիմա որտեղի՞ց Միքայելյանի անվան ինստիտուտը ձեռք բերելու համար 2,5 մլրդ դրամ գումարը։
-Նախ` բժշկական համալսարանը շատ կայուն ֆինանսական վիճակում է գտնվում։ Իհարկե, մենք ինքներս էլ ունեինք ե՛ւ վարկերի, ե՛ւ պարտքերի խնդիր. ե՛ւ մեզ էին պարտք, ե՛ւ մենք էինք պարտք։ Մենք կազմակերպեցինք աշխատանքներն այնպես, որ փաստացի այն պարտքերը, որ գոյացել էին համալսարանին, կարողացանք հավաքագրել եւ, իհարկե, մարել մեր պարտավորություններն այլ կառույցներին։
-Հիմա համալսարանը պարտքեր չունի՞։
-Մենք հիմա պարտք չունենք, մենք ունենք հնարավորություններ, փորձում ենք հստակ ձեւավորել զարգացման մեր ուղղությունները։ Եվ, իհարկե, այս գործընթացը, որ անում ենք` Միքայելյանի հետ կապված, զարգացման հեռանկարներ հարթելու միտում ունի։ Մենք միջազգայնացման գործընթաց ենք իրականացնում, եւ այդ հիվանդանոցային համալիրը պետք է ամբողջությամբ լինի նոր ստանդարտների շրջանակներում, լինի կազմակերպված` նոր մոտեցումներով։ Համոզված եղեք, որ այն իր նպատակին ծառայելու է։
-Ձեռքբերման համար գումարը միանվա՞գ է տրամադրվելու, թե՞ համալսարանը մաս-մաս պետք է վճարի։
-Համալսարանը համագործակցում է բանկերի հետ, որոնք եւս իրենց հնարավորություններով սոցիալական ծրագիր են իրականացրել եւ շատ ցածր տոկոսադրույքով տրամադրելու են երկարատեւ վարկ` շատ լավ պայմաններով` 10 տարով: 3 տարի մենք միայն տոկոսներն ենք փակելու, որը մեզ համար շատ բարենպաստ է։ Առհասարակ, այս ամբողջ գործարքը շատ բաց, թափանցիկ է կազմակերպված եղել։
-Հետագայում 4,5-ից 5 մլրդ դրամ ներդրում պետք է արվի` զարգացման համար։ Իսկ այդ գումարն ինչպե՞ս պետք է ներդրվի։
-Համալսարանը մշակել է զարգացման երկարամյա ծրագիր։ Մենք աշխատում ենք խոշոր միջազգային կառույցների հետ, որոնց հետ հեռանկարային բիզնես-պլաններ ենք մշակում։ Այսօր կարող եմ արդեն հստակ ասել, որ բրենդ մարքեթինգ է իրականացվել Շանհայ վարկանշային համակարգում։ Այո՛, մեր համալսարանը դեռեւս 1000+-ում է գտնվում, առաջին հազարում չենք: Բայց պետք է ասեմ Ձեզ, որ մենք իրականացնում ենք համեմատական մարկետոլոգիական գործընթաց. ինչ ունենք եւ ինչ ենք ուզում: Եվ այդ գործընթացը թույլ կտա, որպեսզի մենք մի քանի տարվա ընթացքում լինենք առաջին հազարի մեջ։
-Դուք զուտ առողջապահական ոլորտի մարդ լինելով` նաեւ առողջապահության նախարարի պաշտոնն էիք զբաղեցնում, հիմա, ըստ էության, Միքայելյան ինստիտուտն եք ղեկավարելու։ Դժվար չի՞ լինի մրցակցության մեջ մտնել այլ բժշկական կենտրոնների հետ, որոնց ղեկավարներից մի քանիսը օլիգարխներ են։ Օլիգարխների հետ մրցակցության մեջ մտնելը Ձեզ համար բարդ չէ՞։
-Յուրաքանչյուր մրցակցություն, որ կազմակերպվելու է պարզ, շիտակ, ազնիվ պայմաններում, մեզ համար գրավիչ է։ Մնացած բոլոր տեսակի փոխհարաբերությունները անընդունելի են, եւ մենք մեզ տեսնում ենք ոչ թե մրցակցության մեջ` ներերկրային խնդիրները լուծելիս, այլ նաեւ միջազգային ասպարեզում։ Եվ մեր ուսանողները պետք է տեսնեն, որ այստեղ իրենց սովորած տարիներին ձեռք բերած կրթությունը կարող են կիրառել յուրաքանչյուր զարգացած երկրում։
-Այսինքն` մտավախություն չկա՞, որ կարող են Ձեզ խանգարել, կամ լինեն արտոնյալներ դաշտում, որոնք կարող են խոչընդոտել, որպեսզի, օրինակ, նույն Միքայելյան ինստիտուտը կարողանաք զարգացնել։
-Գիտեք, եթե վախենալով որեւէ գործընթաց սկսենք, առհասարակ չպետք է ոչինչ անենք: Վախեցող մարդիկ, չեմ կարծում, որ հասարակությանը պիտանի են։ Ես ինքս վիրաբույժ եմ եւ ամբողջ գործունեության ընթացքում փորձել եմ ե՛ւ անհատական մակարդակով, ե՛ւ հանրային մակարդակով ծառայել։ Վախը կատեգորիա չէ, երբ մենք իրացնում ենք նման լրջագույն կրթական արտահանման գործընթաց։ Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք համեմատականներով մրցակցություն ձեւավորելով` ապահովել մրցունակ շրջանավարտ, մրցունակ բուժօգնություն մեր համալսարանական կլինիկաներում։ Եվ, իհարկե, այս ամբողջ գործընթացի մեջ կարող են լինել որոշակի խոչընդոտներ, որոնք պատրաստ ենք հաղթահարել։
-Միքայելյան ինստիտուտում Դուք լինելու եք որպես ղեկավա՞ր։
-Բժշկական համալսարանը գնում է արժեթղթերը, եւ այնտեղ մնում են որոշ արժեթղթեր բժիշկների ձեռքին, ովքեր երկար տարիներ այնտեղ աշխատել են։ Մենք այսօր չունենք այնտեղ բաժնեմաս ո՛չ համալսարանի մակարդակով, ո՛չ անհատական։ Ինչ վերաբերում է իմ՝ Միքայելյան ինստիտուտում աշխատանքներին, այնտեղ աշխատել եմ 1987-93 թվականներին, քաջատեղյակ եմ այդ ինստիտուտին. լավ ավանդույթներով, ամենաառաջատար մասնագետներով հագեցած էր։ Ցավում եմ, որ այսօր չեմ կարող նույնը պնդել: Բայց համոզված եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ համալսարանի ակադեմիական շունչը նոր զարկ տա այդ համալիրի վերածննդին։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ՑԱԾՐ ՈՐԱԿՈՎ

6-րդ գումարման խորհրդարանում աննախադեպ թվով շատ օրենքներ են ընդունվել: Այդ մասին պարզ է դառնում ԱԺ մոնիթորինգ ծրագրի հրապարակած տվյալներից: Առաջին եւ երկրորդ նստաշրջաններում միասին ընդունվել է 254 օրենք, այնինչ` հինգերորդ գումարման խորհրդարանի առաջին եւ երկրորդ նստաշրջաններում 90 օրենք էր ընդունվել: Իրականում այսպիսի մեծ տարբերությունն այնքան էլ դրականի մասին չի խոսում: Բազմիցս ենք անդրադարձել թեմային, որ խորհրդարանում օրենքները պատշաճ չեն քննարկվում, այլ շատ հաճախ կառավարությունն ու իշխող մեծամասնությունն ուղղակի «սղացնում են», հատկապես արտահերթ նիստերի ժամանակ:

Իհարկե, այս հանգամանքին նպաստել է նաեւ ԱԺ նոր կանոնակարգը, որտեղ կրճատվել է ելույթների, հարցեր տալու ժամանակը, ամեն ինչ ընթանում է արագացված ռեժիմով, եւ հենց դա է պատճառ դառնում, որ նիստերի մեկնարկի` արդեն երկրորդ օրն օրակարգը սպառվում է, եւ պատգամավորներին մնում է միայն պարապ-սարապ զբոսնել խորհրդարանի միջանցքներում կամ սուրճ խմել աշխատասենյակում:
Ինչպես եւ սպասելի էր՝ ՀՀԿ-ն չի դավաճանում եւ հանդիսանում է հարցերին ամենաշատը կողմ քվեարկած խմբակցությունը, ամենաշատը ձեռնպահ «Ծառուկյան» խմբակցությունում են, ամենաշատը դեմ՝ «Ելք»-ում` չնայած այն հանգամանքի, որ այս խմբակցությունը ոչ միայն ամենաշատը հարցերին դեմ քվեարկած լինելով է առաջատար, այլ նաեւ ամենաակտիվն է: 9 հոգանոց խմբակցությունը 300-ից ավելի ելույթ ու հարց է հնչեցրել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ միջինացված ցուցանիշով 10 ելույթ է ունեցել: Սակայն այս ցուցանիշն ամենեւին չի նշանակում, թե նրանց ելույթներում հնչեցված հարցերը լսելի են դարձել իշխանություններին, կամ նրանց հորդորներից հետո օրենքներում բաներ են փոխվել: Նրանք խոսել են` ընդամենը ընդդիմադիր կերպարը «վառ պահելու» համար, իսկ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, գործել է այնպես, ինչպես հարմար է գտել: Վառ ապացույց է նաեւ կառավարության գործելաոճը, երբ ընդդիմության ներկայացրած օրինագծերը չի ընդունում, ապա դրանք փոփոխում է եւ այն ներկայացնում իբրեւ սեփականը:
Ամենաբացակայած պատգամավորի դեպքում եւս փոփոխություն առկա չէ. ինչպես նախորդ գումարման խորհրդարանում, այս անգամ եւս ամենաշատը բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացված պատասխանի համաձայն էլ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գագիկ Ծառուկյանի 11 բացակայությունների համար նրա աշխատավարձից 200 հազար դրամից ավել պահում է արվել: 6-րդ գումարման երկու նստաշրջանում էլ ամենաակտիվը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է: Թերեւս դժվար է հիշել որեւէ նախագիծ, որի ժամանակ նա հարց չի հնչեցրել կամ ելույթ չի ունեցել:
6-րդ գումարման բոլոր պատգամավորների հայտարարագրած միջոցները միասին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 7 մլրդ 431 մլն դրամ, 35.9 մլն դոլար, 10.5 մլն ռուբլի, 7.5 հազար շվեյցարական ֆրանկ: Ամենաշատ դրամական միջոցներ ունի ՀՀԿ-ն՝ 15.4 մլրդ դրամ, «Ծառուկյան դաշինք»-ը՝ 13.9 մլրդ դրամ, ՀՅԴ՝ 189 մլն, «Ելք»-ը՝ 35.5 մլն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԲՍՈՒՐԴ Է
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը անցած տարում, 2016 թվականի համեմատ, զգալի նվազեցրել է հարկերը: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզեց, որ մետրոպոլիտենը պետական բյուջե անցած տարում վճարել է 762 մլն 473 հազար դրամ` զբաղեցնելով 186-րդ տեղը: Մինչդեռ 2016 թվականին ընկերությունը, գտնվելով ցանկի 135-րդ տեղում, պետական բյուջե կատարել է 938 մլն 735 հազար դրամի հարկ ու տուրք: Այստեղ, սակայն, տարօրինակ է փաստը. մետրոպոլիտենի հարկային վճարումները նվազել են այն դեպքում, երբ մետրոյից օգտվող ուղեւորների թիվը ավելացել է: Նույն ԱՎԾ տվյալների համաձայն` անցած տարում, 2016 թվականի համեմատ, մետրոյից օգտվող ուղեւորների թիվը 3.1 տոկոսով ավելացել է: Ու անհասկանալի է, թե ինչու է մետրոպոլիտենը նվազեցրել հարկերը: Մնում է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկը պարզապես թաքցրել է եկամուտները:

 

 

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ կալանավորումները ՀՀ քննչական կոմիտեում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը եւ քննիչներին վերջնագիր ներկայացրել. «Ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը: Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որեւէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետեւ այդ երեւույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երեւույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի եւ անհանդուրժելի են: …Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջները, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք, հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»:

 

 

ՄԵԾ ԸՆԴՎԶՈՒՄ
Մինչ բոլորը շարունակում են քննարկել Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, շարունակում են համահայկական մեծ ընդվզման քարոզարշավը: Դրա շրջանակներում նրանք երեկ եղել են Գեղարքունիքի մարզի մի քանի քաղաքներում՝ Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում: Զարուհի Փոստանջյանը Գեղարքունիքի մարզի բնակիչներին տեղեկացրել է, թե մեծ ընդվզման նպատակն է անցնցում տապալել ապօրինի իշխանությանը, իրագործել հայկական հեղափոխությունը եւ հիմնադրել նոր, ազատ ՀՀ: Հավելենք, որ Զարուհի Փոստանջյանի խոսքով` համահայկական մեծ ընդվզումը լինելու է մարտ-ապրիլ ամիսներին:




Լրահոս