«Ժողովուրդ»-ը կանացի գաղտնիքների շուրջ զրուցել է «Empyray» ռոք-խմբի դաշնակահարուհի, երաժիշտ Գիսանե Պալյանի հետ: Նրա կարծիքով՝ եթե կան զգացմունքներ, սիրող մարդիկ պետք է իրար հետ լինեն՝ անկախ այն բանից՝ ֆորմալ կնիքներ ունեն, թե ոչ:
-Գիսանե՛, նախ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Կարծում եմ, որ կին ծնվում են: Դա էություն է, ներքին վիճակ, որն անբացատրելի է: Դա կա՛մ կա, կա՛մ չկա:
-Եթե տղամարդու ուշադրությունը պակասել է, կինն ի՞նչ պետք է անի:
-Նախ եւ առաջ նա պետք է իր մեջ փնտրի պատճառները, հաճախ հենց կինն է դառնում պատճառ, որ տղամարդու հետաքրքրությունը նրա հանդեպ պակասում է: Այդ դեպքում պետք է փորձել շտկել սխալները, եթե ոչինչ չի փոխվում, ուրեմն ավելի լավ է այդ հարաբերությունները չշարունակվեն:
-Ասում են՝ ոչ միշտ է, որ ամուսնությունը սիրո լավագույն հանգուցալուծումն է: Դուք ի՞նչ կասեք:
-Ամուսնությունը ֆորմալ բան է, որը հաճախ զգացմունքների հետ ոչ մի կապ չունի: Մեր հանրության մեջ շատ կան ամուսնացած զույգեր, որոնց միջեւ սեր չկա: Առհասարակ, հասարակության կողմից ստեղծված կարգավիճակները կարծրատիպային մտածողության արդյունք են: Եթե կան զգացմունքներ, մարդիկ պետք է իրար հետ լինեն՝ անկախ այն բանից՝ ֆորմալ կնիքներ ունեն, թե ոչ:
-Ձեր ամենաուժեղ հատկությունը:
-Կամային լինելը, երբեք չհանձնվելը: Իմ կյանքում փորձություններ շատ են եղել, բայց ես դրանց վերաբերվել եմ որպես հաղթահարելի պատնեշների: Սա արդեն ձեռքբերովի հատկություն է, ինքս եմ իմ մեջ դա սերմանել: Դրա համար կամք է պետք:
-Տղամարդը վախենում է, երբ կինը…
-Երբ կինն իրեն ոչ ադեկվատ է պահում, երբ ինքն իրեն կորցնում է, դրսեւորում է մի պահվածք, որը հնարավոր չէ հասկանալ, բացատրել: Դա բոլորին է վախեցնում, երբ չեն հասկանում պահվածքի շարժառիթը:
-Կնոջ ամենամեծ առաքելությունը:
-Կոնկրետ իմ անունից կարող եմ խոսել՝ մայր լինելը: Երեք երեխաների մայր եմ, եւ աշխարհ գալուս առաքելությունը, կարծում եմ, հենց նրանց ունենալն է: Գուցե կարծրատիպային է բնորոշելը, թե մայրանալը առաքելություն է, բայց կան բաներ, որոնք ի վերուստ են որոշվում: Եվ եթե կնոջը բախտ է վիճակվում լավ ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ, դա ամենամեծ երջանկությունն է:
-Կինը սեքսուալ է, երբ…
-Երբ ինքն իրեն սիրում է, երբ վստահ է իր ուժերին, երբ իրեն կայացած է համարում: Ընդ որում, պարտադիր չէ, որ նա մեծ բարձունքների հասած լինի: Կինը սեքսուալ է, երբ նրա ինքնագնահատականը բարձր է, նա կարող է լինել, ասենք, տնային տնտեսուհի, բայց լինել ինքնաբավ:
-Կինն ամենաշատը կարիք ունի…
-Հատկապես մեր իրականության մեջ կինն ամենաշատը կարիք ունի ինքն իրեն սիրելու եւ հարգելու: Որովհետեւ մենք տրվում ենք ամեն ինչին եւ բոլորին՝ մեր երեխաներին, ամուսնուն, աշխատանքին, հանրությանը, մենք բոլորինն ենք՝ բացի ինքներս մեզնից: Բայց գալիս է մի պահ, երբ դադար ես առնում եւ հասկանում ես, որ դու ինքդ քեզ չես պատկանում:
-Կինը գեղեցիկ է, երբ…
-Երբ գիտակցում է, որ ինքը միակն է: Ես շատ աշակերտուհիներ ունեմ՝ դեռահաս եւ ավելի մեծ տարիքի, որոնք շատ բարդույթներ ունեն: Ի դեպ, դա շատ բնորոշ է մեր հանրությանը: Ես ունեմ աշակերտուհիներ նաեւ արտասահմանից, եւ նրանք այդպիսին չեն, զուրկ են նմանատիպ բարդույթներից: Վոկալի հետ մեկտեղ ես իմ բարդութավորված աշակերտուհիներին հոգեբանական դասեր եմ տալիս, չէ՞ որ վաղը նրանք հայտնվելու են բեմում, ինչպե՞ս են ապրելու այդ կոմպլեքսներով: Առհասարակ, պետք է ֆիքսվել միայն քո լավ կողմերի, առավելությունների վրա, այդ ժամանակ կլինես ե՛ւ գեղեցիկ, ե՛ւ երջանիկ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՉՎԵՐԱԾԵՆՔ
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներից հետաքրքիր կլինի եվրատեսիլյան բեմում տեսնել «Գաթա» բենդին կամ «Նեմրա» խմբին», «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան)՝ հավելելով, որ, օրինակ, նեմրացիների երիտասարդական համարձակությունը կարելի է օգտագործել մրցույթում:
Բացի այդ՝ Ժակը տվեց նաեւ Սեւակ Խանաղյանի անունը՝ նկատելով, որ այժմ նրա կարիերայում պիկերի շրջան է, եւ կարելի է այդ առիթից օգտվել. «Նա վերջերս երաժշտական մրցույթներում շատ հաղթանակներ է ունեցել, այսպես ասած՝ հաջողակ փուլում է»,-մեկնաբանեց հաղորդավարը՝ հավելելով, որ համակրում է նաեւ Թամար Կապրելյանին, ինչպես նաեւ բացահայտել է հետաքրքիր խումբ՝ «Ալտերնատիվը»:
Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության առաջարկած ֆորմատը ողջունելի է, քանի որ արդյունքում առաջ է եկել հաճելի լարվածություն եւ խառնաշփոթ. «Կարեւոր է, որ «Եվրատեսիլը» ողբերգության չվերածենք, կարծես թե սովորել ենք ավելի թեթեւ վերաբերվել այդ մրցույթին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Ժակի բնութագրմամբ՝ նախորդ տարի, օրինակ, մրցույթի հանդեպ այս տարվա հետաքրքրությունը չկար, կորել էր, բայց այս տարի եվրատեսիլյան կրքերը կրկին բորբոքվել են. «Եթե պատրաստ եք խաղի, խնդրեմ, զվարճացեք»,-ասաց Ժակը:
Հաղորդավարը «Եվրատեսիլ»-ով հետաքրքրվողներին բաժանեց երկու ճամբարի՝ մարդիկ, որոնք հիացած են մրցույթով, եւ մարդիկ, որոնք ատելությամբ են լցված դրա հանդեպ. «Ամեն դեպքում, ադեկվատությունը պետք չէ կորցնել: Պետք է նաեւ հասկանալ, որ մրցույթը արտիստին հրաշալի հնարավորություն է տալիս ճանաչվելու դրսում, հանդես գալու ֆանտաստիկ բեմում եւ մթնոլորտում, ինչպես նաեւ տեղական շուկայում առնվազն երկու-երեք տարով բարելավելու իր դիրքերը, բարձրացնելու ելույթների գները»,-եզրափակեց Ժակը:
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը հեռարձակվում է «Առաջին ալիքի» եթերում: Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Մրցույթի մասնակիցների թվում են Թամար Կապրելյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Հայկ Կասպարովը, «Նեմրա» խումբը, Սեւակ Խանաղյանը, Էնջլը, Տյոմը, Մհերը, «Ալտերնատիվ» խումբը եւ այլք:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ Է «ԲՈՒԿԻՆԻՍՏ»
Սերժ Սարգսյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ: Այնտեղ հանդիպում է ունեցել հայաստանյան մի շարք հրատարակչությունների ղեկավարների հետ: Մասնակիցները զրուցել են գրահրատարակչության վերջին տարիների ձեռքբերումների եւ առկա խնդիրների մասին, քննարկել գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության շարունակաբար բարելավման, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը:
Հրատարակիչներն իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնք Ս. Սարգսյանը խոստացել է քննարկել ոլորտի պատասխանատուների հետ:
Օրվա խորհրդի ներքո հանդիպման մասնակիցները միմյանց գիրք են նվիրել:
ՄԱՀԱՑԵԼ Է
Փետրվարի 19-ին մահացել է ճանաչված ու սիրված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ: Վերջին տարիներին նա վատառողջ էր եւ պայքարում էր անբուժելի հիվանդության դեմ: