ԱՎԱԳԱՆՈՒ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԳՈՐԾԸ ԿԳՆԱ՞ ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասով հարցեր է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազի պատասխանները:

-Պարո՛ն Դավթյան, փետրվարի 13-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին եւ 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով: Որպես քրգործերի քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին` խնդրում եմ պարզաբանել, թե ինչո՞ւ է գործի վարույթը հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին, այլ ոչ թե ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` հաշվի առնելով այն իրողությունը, որ միջադեպի մեջ գործող անձինք նաեւ պաշտոնյաներ են:
-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչները նախաքննություն են իրականացնում միայն օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 149, 150, 1541, 1542, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով:
Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց սպառիչ ցանկը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերով, որոնցում Երեւանի ավագանու անդամները նախատեսված չեն:
Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի եւ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 261 եւ 262 կետերի համադրումից հետեւում է, որ Երեւանի ավագանու անդամների կատարած առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու լիազորություն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չունի:
Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը:
-ՀՀ քրեական գործով արդեն կա՞ն կասկածյալներ, եւ ովքե՞ր են նրանք:
-2018թ. փետրվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված տվյալ քրեական գործով առ 21.02.2018թ. որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում դեռեւս չի հարուցվել, այսինքն` որեւէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ դեռեւս չունի:
-Առաջադրված հոդվածները վերաբերում են «Երկիր ծիրանի» կուսակցությա՞ն, թե՞ ՀՀԿ-ական ավագանու անդամներին:
-ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքը վկայում է, որ 2018թ. փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունները առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի հատկանիշներ: Տվյալ քրեական գործը հարուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ, ինչից հետեւում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը եւ 258-րդ հոդվածի 1-ին մասը սույն դեպքում վերաբերելի են ոչ թե կոնկրետ անձին կամ անձանց, այլ փաստին:
-«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը նաեւ հաղորդում է տվել սեռական ոտնձգության մասին, որը թույլ էր տվել ՀՀԿ-ական ավագանի Էդմոն Խաչատրյանը իր նկատմամբ: Այս առիթով ուղարկված դիմումն ի՞նչ ընթացքի մեջ է:
-Երեւանի ավագանու` «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ առերեւույթ հանցավոր արարքներ կատարված լինելու մասին տվյալները ստուգվում են նշված քրեական գործով իրականացվող նախաքննությամբ:
-Արդյո՞ք Երեւանի ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչների գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչության դրսեւորումներ չկան: Նրանք, բավական չէ, որ կասեցնում են իրենց գործընկերոջ ակցիան, ծեծի ենթարկում նրան, դեռ մի բան էլ կանանց կամքին հակառակ նրանց դուրս են հանում դահլիճից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի «դեմն առեք» հրահանգով:
-Կատարված առերեւույթ հանցագործության դեպքին անձի մասնակցությունը, հանցագործության կատարման մեջ անձի մեղքը, ինչպես նաեւ անձի արարքի` ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակելու հանգամանքն ինչպես ցանկացած, այնպես էլ սույն դեպքում ենթակա է գնահատման քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված թույլատրելի եւ վերաբերելի, հավաստի ու փոխկապակցված ապացույցների բավարար համակցությամբ: Հետեւաբար տվյալ քրեական գործով ապացույցների բավարար համակցություն ձեռք բերելուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել կոնկրետ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության կամ բացակայության հանգամանքը:
-Փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում խոչընդոտել են լրագրողներին իրականացնելու իրենց մասնագիտական գործունեությունը: Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը ցուցում չի տվել` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով եւս հարուցվի քրեական գործ:
-2018թ. փետրվարի 13-ին եւ փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու մասին տվյալները եւս ստուգվում են հարուցված վերոնշյալ քրեական գործով կատարվող նախաքննությամբ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

Նախկին ոստիկան Վահան Գրիգորյանը, որ պայմանական վաղաժամկետ է ազատ արձակվել, հայտնվել է անելանելի վիճակում: Բանն այն է, որ արդեն 6 ամիս է, ինչ նա ազատության մեջ է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ նրան կրկին կկալանավորեն:
Եվ այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի շուրջ ստեղծված անորոշությանը: Անկախ հանձնաժողովի գործունեությունից ոչ բոլոր դատապարտյալներն են գոհ եւ իրենց նկատմամբ որոշումները բողոքարկում են ՀՀ երեք ատյաններում, սակայն մեր այս պատմությունը ուրիշ կինո է:
5 ամիս առաջ պայմանական վաղաժամկետ ազատ արձակված նախկին դատապարտյալ Վահան Գրիգորյանին մի քանի օրից կրկին կալանավորելու են:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վ. Գրիգորյանը հայտնեց, որ 2014 թվականին 5 տարի ազատազրկման է դատապարտվել շորթման եւ կաշառք տալու գործով. «2014 թվականի հունվարի 28-ին շորթման եւ կաշառք տալու գործով ազատազրկման եմ դատապարտվել: Պատժիս կրման 2.5 անց եմ կացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, քանի որ նախկին ոստիկան եմ եղել, իսկ հետո մյուս պատիժը անց եմ կացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Իմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար դիմում էի գրել»:
Ըստ մեր զրուցակցի` անկախ հանձնաժողովը ուսումնասիրում է դատապարտյալի դիմումը եւ հիմք ընդունելով «Արմավիր» ՔԿՀ պետի դրական բնութագիրը` Գրիգորյանի մասով որոշում է կայացնում. «2017 թվականի օգոստոսին անկախ հանձնաժողովը որոշում է, որ ես ենթակա եմ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, որից հետո էլ Էջմիածին քաղաքի առաջին ատյանի դատավոր Վահե Խալաթյանն է որոշում կայացնում, եւ ինձ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում:
Սակայն մեղադրող դատախազ Ա. Խաչատրյանը դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան եւ բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի արդյունքում էլ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարում է մեղադրող դատախազի դիմումը, եւ ինձ պատրաստվում են կրկին կալանավորել: Այս որոշման հիմքում էլ ընկած է այն, որ մի անգամ ՔԿՀ-ում ինձ նկատողություն են արած եղել, ախր դա արդա՞ր է: Հիմա եթե անկախին բանի տեղ չեք դնում, պետին բանի տեղ չեք դնում, առաջին ատյանի դատարանն էլ բանի տեղ չեք դնում, ի՞նչ եք այդքան մարդ զանիտ արել, հենա միանգամից մեր գործերը ուղարկեք ՀՀ վերաքննիչ դատարան, թող վերաքննիչ դատարան էլ որոշում կայացնի` թողնի կամ չթողնի: Այս ինչ մոտեցում է: Ես 50 տարեկան մարդ եմ, օգոստոս ամսից ազատության մեջ եմ, տանս աշխատում եմ, փականագործ եմ, հարկայինում գրանցված եմ, դուրս գալուց հետո նորմալ աշխատանքի եմ անցել, ինչի՞ եք այսպես վարվում մեզ հետ: Մի 10-15 օրից ինձ պետք է գան, կալանավորեն, այս ինչ մոտեցում է, մարդիկ բնութագիր են տվել, կա որոշում, ի՞նչ եք ուզում մեզանից»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
2017թ. մայիսի 14-ին Երեւանի Ավան վարչական շրջանի Աճառյան 39/1 հասցեում տեղակայված Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ընտրակեղծարարության վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ իր դուստր ու վստահված անձ, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Լիլիթ Դրամփյանը հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին: Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրգործի վարույթը կարճելու մասին որոշման ընդունմամբ` բավարար ապացույցների բացակայության հիմնավորմամբ, չնայած նրան, որ Զարուհի Փոստանջյանի եւ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնությունները եւ ապօրինությունները հեռարձակվել էին ուղիղ եթերով: 2018թ. փետրվարի 21-ին Զարուհի Փոստանջյանը եւ Լիլիթ Դրամփյանը դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բողոքարկելով քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Ըստ Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի` Սէֆիլյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչը մենք ապացուցելու ենք: Նա շեշտել է, որ Սէֆիլյանին առաջադրված մեղադրանքում առանցքային նշանակություն ունեն գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքն ընդդեմ Սէֆիլյանի: Հիշեցնենք, որ Գալոյանը ցուցմունք է տվել, թե Սէֆիլյանը ծրագրում էր զինված հեղաշրջում իրականացնել: Շուշանյանը նշել է, որ չնայած իր միջնորդություններին` դատարանը հրաժարվել է Սմբատ Գալոյանին հրավիրել դատարան, որպեսզի Սէֆիլյանը եւ պաշտպանները հարցեր ուղղեն նրան:




Լրահոս