Ազատամարտիկ, Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանն այլեւս չի հետաքրքրվում Հայաստանում տիրող ներքաղաքական զարգացումներով: Դրա փոխարեն ազատամարտիկն իր հասարակական կազմակերպության հետ միասին ավելի շատ նվիրված է սահմանների պաշտպանության գործին, քանի որ իրեն ավելի հոգեհարազատ է ռազմական ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել նախկին պատգամավորին:
-Պարո՛ն Գասպարյան, պատգամավորական մանդատին հրաժեշտ տալուց հետո այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Զբաղված եմ հասարակական կազմակերպության աշխատանքներով, ուրիշ ոչ մի գործունեությամբ չեմ զբաղվում: Այդ կառույցի աշխատանքով եմ զբաղվում, հավաքագրում եմ կամավորներ, պայմանագրային ծառայություն են անցկացնում մեր գումարտակում, որն այսօր երկրի համար ավելի կարեւոր գործ է կատարում. մեր սահմաններն է պաշտպանում:
-Վերջերս Ադրբեջանի կողմից կրկին ակտիվացել են Ղարաբաղյան հարցը զենքի ուժով լուծելու մասին հայտարարությունները: Մենք որքանո՞վ ենք պատրաստ հնարավոր էսկալացիայի:
-Այո, մենք այսօր պատրաստ ենք` բոլոր տեսակի տեխնիկայով, զինամթերքով հագեցած: Ճիշտ է` միշտ էլ ասվում է, որ Ադրբեջանն ավելի շատ ունի սպառազինություն, քանակով ավելի շատ են, սակայն նույն հարաբերությունը եղել է նաեւ 90-ականներին: Այն ժամանակ էլ իրենք ունեին տանկեր, ավտոմատներ, մենք ունեինք հրացաններ ու կարողացանք հաղթել: Հիմա իրենք մի քիչ ավելացրել են իրենց զինտեխնիկան, մենք էլ ունենք, ճիշտ է` այդ քանակությամբ չէ, բայց ամեն դեպքում պատրաստ ենք դիմակայելու:
-Այսինքն` ապրիլյան պատերազմից հետո շա՞տ բան է փոխվել:
-Իհարկե, եւ այսօր, ասենք, դիրքերում դիտարկման սարքավորումներ են առկա: Մենք կարողանում ենք հստակ հրամանատարական կետերից դիտարկում անցկացնել եւ հսկել յուրաքանչյուր շարժը: Այնպես որ, իրենք չեն կարողանա` մի սմ փորձեն առաջխաղացում ունենալ, մենք արդեն զգոն ենք, ունենք տեսադաշտ:
-Ղարաբաղյան հիմնախնդրի ելքն ինչպե՞ս եք տեսնում: Բանակցությունները, ըստ էության, արդյունք տալիս ե՞ն:
-Ես ասել եմ այն սկզբից մինչեւ այսօր՝ եւս մեկ պատերազմ: Ուրիշ ձեւ, այլ տարբերակ ես չեմ տեսնում: Դա է: Ադրբեջանն ասում է՝ պետք է տաք, մենք էլ ասում ենք՝ պետք է ճանաչեք: Նրանք չեն ճանաչում, մենք էլ չենք տալիս: Դրա հարցի լուծումը ո՞րն է, մենք միանշանակ այդ պատերազմից հաղթանակած դուրս կգանք: Եվս մի քանի շրջան Ադրբեջանը կկորցնի եւ ստիպված արդեն կկատարի պայմանները: Ափսոս, մենք 94-ին կորցրեցինք այդ հնարավորությունները, որ իրենք չոքել էին, խնդրում էին զինադադար, մենք էլ այդ պայմանը պետք է այդ ժամանակ դնեինք:
-Պարո՛ն Գասպարյան, ներքաղաքական իրադարձություններին հետեւում եք: Առջեւում նախագահի եւ վարչապետի ընտրություններ են սպասվում: Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք:
-Չեմ հետեւում, չեմ էլ ուզում: Հիասթափված չեմ, պարզապես ժամանակ չունեմ, չի էլ հետաքրքրում: Վարչապետին էլ, նախագահին էլ ընտրելու է Ազգային ժողովը, այնպես որ ժողովրդի կարծիք չկա այդտեղ: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուին, նա խելացի տղա է, 90-ականներից եմ նրան իմացել, բայց մոտ հարաբերություններ չեմ ունեցել, ընդհանուր առմամբ իմացել, ճանաչել եմ որպես խելացի անձնավորություն, գործիչ:
-Իսկ վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանին: Ասում են՝ հենց արտաքին քաղաքականության առումով նա անփոխարինելի է: Համակարծի՞ք եք:
-Ես դեռ չեմ իմանում, Սերժ Սարգսյանը դեռ հայտարարություն չի արել: Սակայն վերջին ժամանակներում նրա հանդիպումներն իրոք շատ դուրս գալիս են, իր ելույթները, կոնկրետ հարցադրումները: Եվ ոչ միայն իմ դուրը. ճիշտ է՝ այսօր կարող են որոշ մարդիկ չսիրելով ինչ-որ բաներ ասել, բայց իրենց մեջ ներքուստ ասում են՝ մալադեց, էն ինչ արեց:
-Այսինքն` այդ առումով կարծո՞ւմ եք` անփոխարինելի՞ է:
-Դե, անփոխարինելի մարդ չկա, բայց այսօր, որ ինքը տիրապետում է իրավիճակին, ինքնին թվում է` ավելի լավ կկարողանա: Իհարկե, խնդիրներ կան, բայց այնպես չի, որ ամեն ինչ իր օրոք է եղել: Շարժումից հետո երկիրը խնդիրների մեջ է մինչեւ հիմա: Այնպես չի, որ իր օրոք խնդիրներն ավելացել ու չեն պակասել:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌ «ՏԱՔ» Է
Մարտի 2-ին ԱԺ-ն կընտրի ՀՀ նախագահին: Եթե օրեր առաջ այս թեմայի շուրջ դեռեւս ինտրիգ կար, թե քանի փուլից կլինի ընտրությունը, ապա այժմ տվյալ հարցն այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում: Պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը ստանալու է խորհրդարանական ձայների մեծամասնությունը, հետեւաբար դառնալու է Հայաստանի չորրորդ նախագահը: Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի` Արմեն Սարգսյանի նախագահությանը կողմ է քվեարկելու նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը: Եվ միայն չորրորդ՝ «Ելք» խմբակցությունն է հայտարարել Սարգսյանին դեմ քվեարկելու մտադրության մասին, սակայն այս հանգամանքը որեւէ կերպ չի ազդի նախագահի թեկնածուի ճակատագրի վրա:
Արմեն Սարգսյանն ինքն էլ կարծես թե լիովին մտել է նոր` նախագահի դերի մեջ: «Հայաստանի համար անկախ դատական համակարգը բացարձակ անհրաժեշտություն է»,- «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել է նախագահի թեկնածուն: Նա բառացիորեն շեշտել է, որ նախագահ դառնալու դեպքում կփորձի կատարելագործել դատական համակարգը` արձագանքելով խնդիրների դեպքում: Պարոն Սարգսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ կարծես թե մոռացել է, որ նախագահ դառնալու դեպքում ինքը դատական համակարգի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Դատական համակարգը լինելու է վարչապետի վերահսկողության ներքո, եւ ինքը չի կարողանա ազդեցություն ունենալ որեւէ որոշման վրա: Բավական է դրա համար միայն ընթերցել Սահմանադրության՝ նախագահի լիազորությունների մասին գլուխը:
Ուշագրավ է նաեւ Սարգսյանի արտահայտած մեկ այլ միտք. նա վստահեցրել է, որ սկզբունքային տարբերություններ ունենալու դեպքում կիրացնի սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որը նախագահն ունի` լինի չստորագրելով կամ խոսելով: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի նախագահն օգտվեր իրեն վերապահված այս եւ այլ իրավունքներից, սակայն Սերժ Սարգսյանի ձեւավորած միահեծան կառավարման պայմաններում դժվար թե Արմեն Սարգսյանը կարողանա իր կարծիքն արտահայտել որեւէ հարցի շուրջ, առավել եւս` որեւէ փաստաթուղթ չստորագրել: Առավել եւս, երբ Սահմանադրությամբ նախատեսված է, որ նրա կողմից չստորագրված փաստաթղթերն, ի վերջո, կարող են ուժի մեջ մտնել իրավունքի ուժով:
Ինչպես երեւում է` նախագահի թեկնածուն դեռ «տաք» է եւ չի հասկանում, որ ինքը լինելու է ճիշտ այնքան ղեկավար, որքան իր սիրելի Անգլիայում այնտեղի թագուհին: Այլ խոսքով` նախագահի պաշտոնը մեր երկրում մարտի 2-ից լինելու է ձեւական, փաստաթղթային մի բան, եւ պետության համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են վարչապետի կաբինետում:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱԳԵՑԱԾ ԱԺ
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այս շաբաթ խորհրդարանը բավական հագեցած է աշխատելու, քանի որ օրակարգում ընդգրկված են մի շարք հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ԱԺ-ն ընտրելու է ՀՀ չորրորդ նախագահին՝ մարտի 2-ին: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քառօրյայի ժամանակ տեղի կունենա Սահմանադրական դատարանի անդամի նշանակման, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Բոլոր դեպքերում էլ թեկնածուները հայտնի են, եւ քվեարկությունները կկայանան հարցի քննարկումներից հետո: ԱԺ օրակարգում մեծ թիվ են կազմում նաեւ նախագծեր, որոնք քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: Առկա են նաեւ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների կողմից մեկական նախագծեր, որոնք համապատասխան հանձնաժողովներում բացասական եզրակացություն են ստացել:
ԿՀՐԱԺԱՐՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ` պահանջելով 91 մլն դրամ: Ընդ որում, դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին զրուցել է «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հետ: Վերջինս պնդել է, թե թյուրիմացություն է եղել: «Պայմանագրերի հետ էր կապված, եւ ամեն ինչ կարգավորվել է»,- ասել է Պետրոսյանը` հավելելով, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն կհրաժարվի դատական հայցից:
ՏՈՊՐԱԿՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ
Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եւ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երեւանյան, այլեւ ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում. մարտի 1-ին ընդառաջ` մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար: Ինչպես հայտնի է` այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու. չէ՞ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում: Սա առիթ է դարձել, որպեսզի քաղաքացիները այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն: Բացի այս` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաեւ սրտանոթային եւ հորմոնային հիվանդություններով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բացթողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել: