Հայաստանում գյուղացիները գնալով ավելի քիչ են կարտոֆիլ ու ցորեն մշակում: Ավելին` պաշտոնական վիճակագրության տվյալներով, գնալով նվազում են նաեւ ցանքատարածությունները. միայն անցած տարի 2016 թվականի համեմատ ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ոչ միայն կարտոֆիլի, այլեւ գարու ու ցորենի ցանքատարածությունները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016թ. հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 198 հազար 100 հա, իսկ անցած տարում` 155 հազար 200: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ցանքատարածությունները նվազել են 42 հազար 900 հա-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնականում նվազել են ցորենի ցանքատարածությունները: Օրինակ` անցած տարում ցորենի ցանքատարածությունները կազմել են 82 հազար 400, մինչդեռ 2016թ. հանրապետությունում եղել է ցորենի 108 հազար 700 հա ցանքատարածություն: Միաժամանակ կրկնակի նվազել է ցորենի բերքատվության չափը: Անցած տարում հավաքվել է 176 հազար 400 տոննա ցորեն, իսկ 2016թ.` 350 400 տոննա: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննա ցորեն քիչ է հավաքվել:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրվում է ՌԴ-ից: Ասել է, թե սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են, ոչ թե արտադրվում: Մինչդեռ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եթե ոչ ինքնաբավ երկիր դառնալու, ապա ցորենի պահանջարկի զգալի մասն ապահովելու համար: Չէ որ ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ գյուղացիների ցանկությունը: Ինչպես հայտնի է` ներկրված ցորենի գինն ավելի ցածր է, քան տեղականինը: Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Այս ամենի արդյունքում գյուղացին հող չի մշակում, ցորեն չի ցանում, որովհետեւ այն այլեւս ձեռնտու չէ:
Ի դեպ, անցած տարի Հայաստան մեծ քանակությամբ ցորեն ներկրվեց, քանի որ գյուղացիների մեծ մասը հողատարածքների անջրդի լինելու եւ իրացման բացակայության պատճառով դադարել էին այն մշակելուց: Բայց մյուս կողմից մասնագետները պնդում են, որ ցորենի բերքատվության չափի նվազման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել: Չէ՞ որ անցած տարի երաշտ ունեցանք, 2016թ. աշնանը ցրտահարված ցորեն, երկարատեւ ցրտաշունչ ձմեռ, ինչի արդյունքում էլ միջին բերքը պակաս է եղել:
Բացի ցորենից, գյուղացին անցած տարի կարտոֆիլ եւս քիչ է մշակել ու հավաքել: Նշենք, որ անցած տարում ունեցել ենք 25 հազար 300 հա կարտոֆիլի ցանքատարածություն: Մինչդեռ 2016թ. այն կազմել է 28 հազար 900 հա: Անցած տարի գյուղացին 3600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2013, 2014 թվականներից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 547 հազար 400 տոննա, ապա 2016թ. հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ: Մինչդեռ 2014թ. Հայաստանում հավաքվել է 696 հազար 100 տոննա կարտոֆիլ, 2013թ.` 660 հազար 500 տոննա կարտոֆիլ, ինչը խիստ մտահոգիչ է: Եթե այս տեմպերով գնա, ապա ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Դժվար չէ կռահել, որ այս ամենի արդյունքում Հայաստանը կսկսի մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել:
Բոլորիս է հայտնի` Գեղարքունիքի մարզի բնակիչները հիմնականում զբաղվում են եւ ցորենի, եւ կարտոֆիլի մշակությամբ: Բայց արի ու տես, որ այս մարզում ցանքատարածությունները մեկ տարվա ընթացքում նվազել են 4962 հեկտարով: Անցած տարում կարտոֆիլ քիչ են մշակել ՀՀ բոլոր մարզերում, բացի Արմավիրից: Օրինակ` Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են 841 հա-ով, Գեղարքունիքում` 808 հա-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքատվության չափը անցած տարում 2016թ. համեմատ 1500 տոննայով նվազել է: Տեղեկացնենք, որ 2015թ. հավաքվել է 206 հազար 800 տոննա կարտոֆիլ, իսկ 2014-ին` 325 հազար 700 տոննա: Իսկ Շիրակի մարզում անցած տարում հավաքվել է 93 հազար 300 տոննա կարտոֆիլ 2016թ. 118 հազար տոննայի դիմաց, այսինքն` 24 հազար 700 տոննա պակաս: Նշենք, որ հիմնականում այս մարզերում են կարտոֆիլ ցանում:
Իսկ կարտոֆիլի իրացնելու խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում: Այն, որ այսօր հող մշակելը դարձել է թանկ հաճույք, սա վաղուց հայտնի փաստ է: Բայց չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների ցածր գներն են դեռեւս մնում: Իսկ այն գյուղացիների մեծ մասը, որ հրաժարվել է կարտոֆիլ կամ ցորեն մշակել, այլ ելք չգտնելով, ստիպված մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԱՏԸ` ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
2016թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով` բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, 3 տարվա ազատազրկման դատապարտվեց Նավուր գյուղի 50-ամյա բնակիչ Արամ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է 2006թ. ապրիլին Իծաքար գյուղի 62-ամյա բնակչուհու տուն մուտք գործելու եւ նրան բռնաբարելու մեջ: Արամ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ա. Սարգսյանի պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո` բռնաբարության: Գ. Զաքարյանը Ա. Սարգսյանին արդարացնելու խնդրանքով դիմել է վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2017թ. փետրվարի 24-ից, ավելի քան մեկ տարի, շարունակվում է սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Այդ գործով դատական հերթական նիստը նշանակված է մարտի 16-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԵՏՔ ԵՆ ԼՈՒՐՋ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի խոսքով Թեղուտի հանքավայրը կարող է հայտնվել տեխնածին աղետի սահմանին: Ըստ նրա` Թեղուտի հանքավայրի շահագործումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ պատասխանատու լեռնահանքային արդյունաբերության մասին խոսակցությունները ընդամենը առասպել են:
Ինչպես հայտնել է փորձագետը` «Համահայկական բնապահպանական ճակատ»-ի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման պատճառը պոչամբարի ամբարտակի անկայունությունն է: «Անթույլատրելի է պոչամբարի անվտանգության մասին խոսել միայն համապատասխան գերատեսչությունների այն հայտարարությունների հիման վրա, որ իրենք եղել են տեղում եւ տեսել են, որ ճեղքեր չկան: Իշխանությունները պետք է լուրջ հետազոտություններ նախաձեռնեն»,-շեշտել է Լ. Գալստյանը:
Բնապահպանի կարծիքով` ամբարտակի վրա ճեղքերի առկայությունը նշանակում է, որ անվտանգության սահմանագիծն արդեն անցել են, եւ մոտենում է տեխնածին աղետի պահը, քանի որ Թեղուտի հանքավայրի պոչամբարը ցանկացած պահի կարող է փլուզվել: Հիշեցնենք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մտնում է Vallex ընկերությունների խմբի մեջ, 2 ամիս ժամկետով դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը:
Թեղուտի հանքավայրը Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի պաշարներով երկրորդն է Քաջարանի հանքավայրից հետո:
ԽԶԵԼ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Շուրջ 55 անհատներ եւ կազմակերպություններ հանդես են եկել Երեւանի քույր-քաղաքներին ուղղված բաց նամակով` կոչ անելով խզել հարաբերությունները: «2018թ. փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացվող ավագանու նիստում տեղի է ունեցել աննախադեպ հրապարակային բռնություն ավագանու կին անդամների նկատմամբ: Նրանք Տ. Մարգարյանի ուշադրությունը Երեւանի Նուբարաշեն թաղամասում հարակից կալանավայրի կոյուղաջրերի արտահոսման երկար տարիներ անտեսված խնդրին հրավիրելու նպատակով բնակիչների խնդրանքով նիստին բերել էին թաղամասով հոսող կոյուղաջրից: Ի արձագանք այս քայլին` Տ. Մարգարյանի հրահանգով ավագանու այլ անդամներ բառացիորեն հարձակվել են կանանց վրա, հրապարակայնորեն ֆիզիկական բռնություն գործադրել նրանց հանդեպ, հայհոյել, կատարել սեռական ոտնձգություն, սպառնացել այլ բռնություններ կատարել, բռնի վտարել են նիստի դահլիճից:
Տ. Մարգարյանը ոչ միայն պատասխանատվություն չի ստանձնել իր հրամանով տեղի ունեցած բռնարարքների համար, այլեւ շարունակել է ավագանու այս ընդդիմադիր կուսակցության անդամների նկատմամբ վարչական ռեպրեսիաները: Քաղաքապետարանը նաեւ որոշում է կայացրել ապօրինաբար սահմանափակել լրատվամիջոցների ներկայությունը ավագանու նիստերին: Խնդրում ենք Ձեզ միակողմանիորեն խզել կամ ժամանակավորապես կասեցնել Երեւանի քաղաքապետարանի հետ կնքած բարեկամության մասին համաձայնագիրը»,- ասված է նամակում: Նշենք, որ այն ուղղվել է Վոլգոգրադի, Ստավրոպոլի, Նիսի, Դոնի Ռոստովի, Անտանանարիվոյի, Բեյրութի, Բրատիսլավայի, Սպահանի, Կարարայի, Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Քիշինեւի, Մարսելի, Թբիլիսիի, Բուենոս Այրեսի, Մոնրեալի, Օդեսայի, Սան Պաուլոյի, Վենետիկի, Ռիգայի, Ամմանի, Նովոսիբիրսկի եւ Անտոնիի քաղաքապետերին:
ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԸ
Հիդրոօդերեւութաբանների կանխատեսումներով` մարտ ամսվա բնակլիմայական պայմանները հետեւյալ տեսքը կարող են ունենալ.
Արարատի եւ Արմավիրի մարզերում, ինչպես նաեւ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի +7…+8C0: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):
Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի ու Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -1…-3C0: Այստեղ ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1…+3C0, ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):
Տավուշի մարզում սպասվում է +3…+6C0: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +5…+7C0, իսկ լեռնային շրջաններում` 0…-2C0: Ամսական տեղումների քանակը կլինի բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):
Սյունիքում սպասվում է +7…+9C0: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):
Մայրաքաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+7C0: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40 մմ):