«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական միության Արեւելյան գործընկերությունը մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, դա Եվրամիության կողմից մի ուղերձ է, որ՝ «այո, մենք ցանկանում ենք Ձեզ՝ որպես հարեւան, ավելի մոտիկ՝ որպես ընկերներ, որպես գործակիցներ, բայց դու երբեք չես ունենա հնարավորություն միանալու Եվրամիությանը՝ որպես անդամ»: Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցը՝ անդրադառնալով Եվրամիության ԱլԳ ծրագրին:
Ըստ նրա՝ ԱլԳ երկրների անդամակցությունը ԵՄ-ին առաջիկա երկու տասնամյակի ընթացքում անհնար է, որովհետեւ Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի:
«ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետեւ յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել եւ համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որեւէ խնդիր չէր առաջացել հետագայում»,- ասել է նա:
Նաեւ հավելել է. «Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում եւս հնարավոր չեն բանակցություններ առանց Ռուսաստանի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: