«ԵԼՔ»-Ի ԶԱՅՐՈՒՅԹՆ ՈՒ ՀՀԿ-Ի ԶՎԱՐՃԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն աղմկահարույց ընթացք ունեցան: Բանն այն է, որ ԲԴԽ անդամների քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել է ընդամենը 2 դեմ ձայն, եւ դա այն պարագայում, երբ «Ելք» դաշինքը որոշել էր նիստին ներկա յոթ պատգամավորներով դեմ քվեարկել: Դժվար է միանշանակ ասել՝ ինչպես է դա տեղի ունեցել, սակայն երկու կողմն էլ տուժեցին դրանից:

Քվեարկության արդյունքների հրապարակմանը հետեւեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Ն.Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե խաբեություն է տեղի ունեցել, քանի որ իրենց խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել Գ.Հարությունյանին: Իշխանության ներկայացուցիչները, բնականաբար, փորձեցին պաշտպանիչ ռեակցիա ցուցաբերել` ասելով, թե հաշվիչ հանձնաժողովի անդամները միաձայն ստորագրել են արձանագրության տակ, այդ թվում` «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանը: Ընդ որում, ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, թե պատրաստ են վերահաշվարկ անցկացնել: «Ես` որպես հանձնաժողովի նախագահ, պաշտոնապես հայտարարում եմ` հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են հաշվառման գործընթացին: Լենա Նազարյանն անձամբ հաշվել է բոլոր թեկնածուների քվեաթերթիկները: Ոչ մեկը չի կեղծել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:
«Ելք»-ի անդամներն այլ տեսակետ ունեն, վերահաշվարկն էլ անիմաստ են համարում՝ նշելով, թե խաբեությունը եղել է հենց քվեարկության ժամանակ: «Հաշվարկի ժամանակ իրավիճակն այնպիսին է, որ քվեաթերթիկները դրվում են սեղանին, եւ բոլոր անդամներն իրենց կողմ են տանում քվեաթերթիկը եւ հաշվում: Ես վստահ եմ, որ դեմ քվեաթերթիկները փոխարինվել են կողմ քվեաթերթիկներով: Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը պարզապես պահել է դեմ քվեաթերթիկները»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արձագանքեց հաշվիչ հանձնաժողովի անդամ Լ. Նազարյանը:
Հաջորդ քվեարկության ժամանակ, երբ արդեն ընտրում էին ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, լարված էին թե՛ ՀՀԿ եւ թե՛ «Ելք» խմբակցության պատգամավորները: ՀՀԿ-ականները նույնիսկ կատակում էին, թե ուշադիր քվեարկեք, որ այս անգամ էլ մեղադրանքներ չհնչեն: Ընդհանուր աժիոտաժից անմասն չմնաց նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը, ով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին տեսնելով` բարձրաձայնեց, թե «Ելք»-ն էլ է իրենց հետ: Մյուս պատգամավորներն էլ կատակում էին, թե զգույշ եղեք, ուրիշին չքվեարկեք, եւ սա այն դեպքում, երբ թեկնածուն ընդամենը մեկն էր՝ Գեւորգ Կոստանյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Ն.Փաշինյանն էլ մարտական եկավ քվեարկության՝ նախ հայտարարելով, թե հանձնաժողովի անդամները կանգնելով քվեաթերթիկների մոտ` ամեն ինչ վերահսկում են եւ կարող են հետո միջամտել: Նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ բարձրաձայնեց, թե պետք է քվեաթերթիկները մեկ առ մեկ հանել, այլ ոչ ամբողջությամբ լցնել սեղանի վրա եւ նոր սկսել հաշվարկը: Ն. Փաշինյանն էլ բացառում է, թե իրենց խմբակցության անդամները կարող էին կողմ քվեարկած լինել: «Թող քրեական գործ հարուցվի, մեր հանձնաժողովի անդամները վկայություն կտան, սուտ վկայության համար դատ է հասնում: Վեճ չի եղել, տարաձայնություն չի եղել, կոնսենսուսով որոշել ենք դեմ քվեարկել Գ.Հարությունյանին», – հայտարարեց Փաշինյանը:
Չնայած նրանց հավաստիացումներին, երեկ «Ելք» խմբակցության անդամներն իսկապես լարված էին եւ քվեարկության արդյունքների հայտարարումից անմիջապես հետո պատգամավորներով հավաքվել էին խմբակցությունում եւ քննարկումներ անցկացրել: ՀՀԿ-ականներն էլ լարված էին իրենց հասցեին հնչող մեղադրանքների պատճառով, սակայն մասնավոր զրույցներում արդարանում էին, թե ընդդիմադիր խմբակցությունից հաշվիչ հանձնաժողովում մարդ է եղել, վերահսկել է: Առավել եւս ՀՀԿ-ականները նշում էին, թե թեկուզ «Ելք»-ի դեմ ձայներով, միեւնույն է՝ Գ. Հարությունյանն անցնելու էր, եւ կեղծելն ու անիմաստ մեղադրանքներ իրենց վրա վերցնելն անիմաստ էին համարում: «Ելք»-ում էլ վստահ են, թե դա իրենց խմբակցությունը պառակտելու միտում է ունեցել:
Երեկվա քվեարկությունը չանցավ նաեւ առանց զավեշտալի դրվագների: Նախ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր քվեաթերթիկը մոռացել եւ գնում, ապա ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էր այն կորցրել եւ երկար ժամանակ փնտրում էր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ն ՉԻ ՄՈՒԾՈՒՄ
Լոռու մարզում հանքարդյունահանող, հանքաքար վերամշակող ընկերությունները շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետումների պատճառով բնապահպանական վճարներ են մուծում: Բայց արի ու տես, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն այս առումով արտոնյալ կարգավիճակում է: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել Տավուշի մարզպետարան` փորձելով պարզել, թե 2017թ. այդ բնահպանական վճարումներից Տավուշի մարզի համայնքներին որքա՞ն գումար է տրամադրվել, որքա՞ն գումար կտրվի 2018թ., Թեղուտի հանքավայրը շահագործող ՓԲԸ-ն բնապաhպանական որքա՞ն վճար է մուծել 2017թ., ինչքա՞ն կմուծի 2018թ.-ին: Մեր հարցմանն ի պատասխան` մարզպետարանից հայտնել են, որ շրջակա միջավայր (ջրային ավազան) վնասակար նյութերի եւ միացությունների արտանետման համար 2017թ. համար նախատեսված բնապահպանական վճարներից Տավուշի մարզի 10 համայնքներին տրամադրվել է 7 միլիոն 232 հազար դրամ՝ բնապահպանական եւ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար, 2018թ. Տավուշի մարզի համայնքներին այդ նպատակով գումարներ չի վճարվելու: Մարզպետարանը հայտնել է նաեւ. ««Թեղուտ» ՓԲԸ-ն շրջակա միջավայր (ջրային ավազան) նյութերի եւ միացությունների արտանետման համար ՀՀ Lոռու եւ Տավուշի մարզերի ազդակիր համայնքներին բնապահպանական վճարներ չի մուծում»: Ստացվում է` օրենքի առաջ հավասար են բոլորը, բացի «Թեղուտ»-ից:

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՄՈՌԱՑԱՆ
Տավուշի մարզպետարանում 2014թ. հոկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, թե գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում կստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: 3 տարի անց` 2017թ. դեկտեմբերին, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետին եւ հետաքրքրվել` նախատեսվո՞ւմ է Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբը վերամշակել, գործարան կառուցվելո՞ւ է: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի կողմից ներկայացված պատասխանում նշված է. «Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ. Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը` կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով: Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէ»: Օրերս կրկին գրավոր հարցում էինք ուղարկել մարզպետին: Ահա մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանի պատասխանը. «Մարզի համայնքներում շահագործվում է 36 հիմնական գործող աղբավայր, որտեղ տեղադրվում է մարզի բոլոր համայնքներում առաջացող աղբը: 26 համայնքում, «Մաքուր Հայաստան» ծրագրի գործողությունների շրջանակներում, աղբավայրերը փակվել են: Մարզի տարածքում ժամանակակից պահանջներին ամբողջությամբ համապատասխանող, շահագործվող աղբավայրեր չկան»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԿՍԱՀՄԱՆՎԵՆ

ՀՀ բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման համար չափորոշիչներ: Ըստ որի` դրանք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր ՀԷԿ-երի վնասակար ազդեցությունները: Բանն այն է, որ վերջին տարիներին ակտիվ ջրօգտագործման, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքով գետային հոսքի նվազման պատճառով ՓՀԷԿ-երի շահագործումը բացասական ազդեցություն է ունենում ջրային էկոհամակարգերի վրա: Ըստ այդմ, կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 22 գետի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշման նախագծով նախատեսվում է արգելել ՓՀԷԿ-երի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Կարճաղբյուրի (Մաքենիս), Մասրիկի, Վարդենիսի, Արգիճիի, Մարտունիի, Ձկնագետի, Հրազդանի, Աղստեւի, Ախուրյանի, Որոտանի, Արփայի, Ձորագետի, Եղեգիսի, Ազատի, Մարցի, Գոշի, Մեղրիգետի, Ողջի գետի Կապուտջուղ եւ Քաջարանց վտակների վրա: Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր` հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գետերի վրա ՓՀԷԿ-եր ունեն կառուցած բազմաթիվ ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Այդ թվում եւ նախարարներ: Այնպես որ, չի բացառվում, այս որոշումը միգուցե հենց իշխանավորների` արդեն իսկ ունեցած ՀԷԿ-ն ապահովագրելու, այս դաշտում մրցակցությունը նվազեցնելու համար է:
Օրինակ` Մարցի գետի վրա առաջին եւ ամենամեծ ՀԷԿ-ը 2011թ. է կառուցվել Վանաձորի նախկին քաղաքապետի ու եղբոր` Սամվել եւ Սեյրան Դարբինյանների կողմից: Նրանք հավասարապես տնօրինում են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցի գետը սնուցող Սարաջուր վտակի վրա է կառուցել «Պոզիտրոն» ՀԷԿ-ը: Ընկերության բաժնետերերի գերակշիռ մասը դաշնակցականներ են: Այդ թվում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ունի 20 տոկոս բաժնեմաս, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` 10 տոկոս, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը` 20 տոկոս:
Մյուս գետը, որտեղ բնապահպանության նախարարությունը առաջիկայում կարգելի ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, Եղեգիսն է, որի վրա կառուցված են ավելի քան 8 ՀԷԿ: Այսպես` «Սուրբ Աղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործող «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը: Մամուլի հրապարակումների համաձայն` Ա. Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: Իսկ «Ալնարս» ՓՀԷԿ-ը շահագործող «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: ԲՆ-ն կարգելի նաեւ Հրազդան գետի վրա ՓՀԷԿ-երի հետագա կառուցումն ու շահագործումը: «Հովթեր» ՍՊԸ-ն Հրազդան գետի վրա մտադիր է ՀԷԿ կառուցել: Այս ընկերության հիմնադիրն է Կարեն Համբարձումյանը: Բայց մամուլի հրապարակումների համաձայն` Կ. Համբարձումյանի հետ միասին բաժնետեր է նաեւ Անահիտ Կարապետյանը, ով պատգամավոր Վահե Էնֆիաջյանի մայրն է: Ի դեպ, Կ. Համբարձումյանն էլ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս