Փետրվարի 28-ին կյանքից հեռացավ կինոռեժիսոր, բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը։ Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետադարձ հայացք է նետել նրա թողած ժառանգությանը։ Կինոգետի դիտարկումները ներկայացնում ենք ստորեւ։
Ինչո՞ւ է Ալբերտ Մկրտչյանի կինոն ուրիշ
1960-ական թվականներից հետո հայ կինոյում վերելքի տարիներ էին։ Ալբերտ Մկրտչյանը երիտասարդ էր, սակայն վստահ քայլերով մտավ այդ դաշտ։ Լինում են առաջին ֆիլմեր, որոնք մեծ աղմուկ են հանում, սենսացիա են անում, միանգամից հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում, ինչպես դա եղավ Մալյանի, Դովլաթյանի, Փարաջանովի, Փելեշյանի անդրանիկ ֆիլմերի դեպքում։ Բայց Ալբերտ Մկրտչյանի պարագայում ամեն բան այլ էր։ Նա իր հետ բերեց շատերին ծանոթ, բայց մինչեւ վերջ «չմարսված» աշխարհ։ Ալբերտ Մկրտչյանին մի կողմից օգնության հասավ եղբայրը՝ Մհեր Մկրտչյանը, մյուս կողմից՝ գյումրեցի լինելու հանգամանքը։ Ռեժիսորը շատ լավ գիտեր այդ քաղաքի առանձնահատկությունները եւ հենվեց իր սեփական նյութի վրա, բերեց յուրատեսակ կոլորիտ, ազգայինի նոր ոճ։ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» իսկապես մեծ երեւույթներ են, որոնք հիշեցնում են մեր անցյալը, այն հենարանը, որի վրա մեր ազգը գոյություն ունի, իսկ Գյումրին հենց այն քաղաքն է, որը տալիս է դրա հնարավորությունը։ Գյումրին տալիս էր նյութը, ինքն էլ Գյումրիին նվիրում էր իր ֆիլմերը։
Եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հետ կարծես վախենում էր աշխատել
Ալբերտ Մկրտչյանն այն ռեժիսորն էր, որի ֆիլմերում Գալյա Նովենցը բացահայտվեց որպես հանճարեղ դերասանուհի։ Յուրահատուկ էին եղբոր՝ Մհեր Մկրտչյանի հետ հարաբերությունները կինոհրապարակում։ Ես մի անգամ Ալբերտ Մկրտչյանին ասել եմ, որ իր ֆիլմերում իր եղբայրն իրեն կաշկանդում էր, նա կարծես վախենում էր ուղղություն տալ Մհեր Մկրտչյանին։ Ալբերտ Մկրտչյանը կարծես քաշվում էր, չէր ուզում դիտողություն անել եղբորը (ծիծաղում է)։
Հայ կինոյում օլիգարխի կերպարը առաջինը կերտվել է նրա ֆիլմում
Ալբերտ Մկրտչյանը մի ֆիլմ ունի՝ «Կյանքի լավագույն կեսը», որը կապված չէր ազգայինի կամ Գյումրիի կոլորիտի հետ։ Այն երկու ընկերների մասին է, որոնք տարիներ անց գտել են միմյանց։ Մեկը դարձել է օլիգարխ, իսկ մյուսը համեստ մարդ է։ Այդ օլիգարխի կերպարը հայ կինոյում առաջին անգամ կերտվեց հենց նրա ֆիլմում։ Վերջերս, երբ հանդիպել էի Ալբերտ Մկրտչյանի հետ, նրան ասացի, որ ուսանողներիս հաճախ եմ ասում այդ մասին։ Սա, կարելի է ասել, բավական «հեռատես» ֆիլմ է, բացահայտում է օլիգարխի էությունը։ Հետաքրքիր է, որ 1979-ին նկարահանված ֆիլմը այսօր էլ արդիական է։ Ի դեպ, ասեմ, որ ֆիլմը դժվարությամբ ընդունվեց Մոսկվայի կողմից։ Խոչընդոտները կապված էին հենց օլիգարխի կերպարի հետ։ Դա նոր տիպի հերոս էր։ Բայց հիշում եմ, որ Ալբերտն ասում էր. «Ես ատում եմ այդ տեսակին»։ Երեւի ինքն էլ ժամանակին չի գիտակցել, որ գալու է մի ժամանակ, երբ օլիգարխների ձեռքում է լինելու ամեն ինչ։
Ալբերտը լավ տղա էր
Նա, իսկապես, լավ տղա էր, լավ կոլեգա եւ ընկեր։ Բավական համեստ էր, չէր օգտվում իր եղբոր փառքից։ Շատ եմ ցավում, որ կորցրինք պրոֆեսիոնալի։
Հ.Գ. Ալբերտ Մկրտչյանը որպես ռեժիսոր հանդես է եկել հետեւյալ ֆիլմերում` «Հուշարձան» (1971թ.), «Կյանքի լավագույն կեսը» (1979թ., ՀՀ պետական մրցանակ), «Հին օրերի երգը» (1982թ.), «Մեր մանկության տանգոն» (1985թ., երկուսն էլ` ՀՀ պետական մրցանակ), «Ուրախ ավտոբուս» (2000թ., ՀՀ պետական մրցանակ), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) եւ այլն: Թատրոնում բեմադրել է Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», «Ավերված քաղաքի մեղեդին», Գ. Մարկեսի «Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն» եւ այլ պիեսներ: 2000թ. պարգեւատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2007թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: 2003թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2012թ.՝ «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երեւանում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔԸ
«Շանթ» հեռուստաընկերության «X Factor 1» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած եւ ժյուրիի հատուկ ուշադրությանն արժանացած երգիչ, երգահան Արթուր Ալեքը վերջին շրջանում չի երեւում շոու-բիզնեսում։
Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, ինչի համար շատ ուրախ է. «Ամեն դեպքում, զբաղված եմ երգեցողությամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ սոլո երգեր չեմ թողարկում, ապա ասեմ, որ դրա պատճառները շատ են եւ հիմնականում կապված են իմ ներկայիս հոգեվիճակի հետ։ Բացի այդ՝ հիմա իմ ամբողջ օրը լցնում է երգչախումբը, որը նոր աշխարհ է ինձ համար։ Գիտեք՝ կա մի մակարդակ, որում ստեղծագործելն ինձ համար արդեն այնքան էլ հետաքրքիր չէ, դա ինձ ձանձրացրել է։ Եթե ես կարողանամ, օրինակ, խումբ պահել, գուցե այլ մակարդակում վերսկսեմ իմ գործունեությունը»։
Արթուրը խոստովանում է, որ շատերն են իրեն հարցնում, թե ինչու չօգտագործեց շանսն ու չհաստատվեց, դիրքերը չամրապնդեց հայկական շոու-բիզնեսում։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ իրեն ուղղում են այդ հարցը. «Ճիշտն ասած՝ այդ հնարավորությունն ավելի ռեալ ունեի 2010-2012 թվականներին, բայց ինձ շատ երեւույթներ չէին գոհացնում։ Ռեալ հասկանում էի, որ քչերին, ես կասեի՝ եզակիներին է հաջողվում բարձր արվեստով ներկայանալ ու մնալ դաշտում։ Այդ մարդիկ, սովորաբար, ժամանակի ընթացքում մաղվում են։ Չեմ կարող մեր շոու-բիզնեսից տալ մի լավ երաժիշտի անուն, որը նախկինում գործել է եւ հիմա էլ նույնքան հայտնի է։ Ես խոսում եմ լուրջ երաժշտության մասին, մարդկանց մասին, որոնք ունեն իրենց յուրահատուկ ձայնն ու ձեռագիրը, այդպիսի երաժիշտի օրինակ է Գոռ Սուջյանը, որն ունի գանձի նման ձայն, բայց այսօր իր մասին չենք լսում»,-մեկնաբանեց Արթուրը։
Այնուամենայնիվ, Արթուրը ստեղծագործելու կարիք ունի, կարոտում է այդ գործընթացը. «Հիմա ես չեմ ուզում ցածր ու միջին մակարդակի երաժշտությամբ զբաղվել։ Եթե ինձ որպես լավ երաժիշտ ռեալիզացնելու համար համապատասխան միջոցներ ունենամ, անպայման կանեմ դա ոչ միայն չորս պատերի մեջ, այլեւ մասսայաբար»,-եզրափակեց երգիչը։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ
Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի քարտուղարությունը քվեարկություն է անցկացնում երկրպագուների շրջանում` պարզելու փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Լավագույնի կոչման հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը փետրվարին «Արսենալ»-ի կազմում 3 հանդիպման է մասնակցել Անգլիայի առաջնությունում: «Էմիրեյթսում» իր նորամուտի խաղում Մխիթարյանը 3 գոլային փոխանցում է հեղինակել եւ օգնել «Արսենալ»-ին հաղթել 5:1 հաշվով: Եվս երկու հանդիպման Մխիթարյանն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է նաեւ Եվրոպա լիգայում: Շվեդական «Էստերսունդի» հետ 1/16 եզրափակչի արտագնա խաղում Մխիթարյանը երկու գոլային փոխանցում է գրանցել, իսկ լոնդոնյան ակումբը 3:0 հաշվով հաղթանակ է տարել եւ երկու խաղերի արդյունքում դուրս եկել 1/8: Նշենք, որ բացի Մխիթարյանից` ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաեւ Նաչո Մոնրեալը, Աարոն Ռեմսին եւ Հեկտոր Բելերինը:
ՀՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալ նվաճած գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւայի հայրը` Արման Բաբասյանը, պատմել է, թե ինչու է դուստրը փոխել հայկական ազգանունը: Հայտնի է, որ 18-ամյա մարզուհու մայրը` Ժաննա Դեվյատովան, նախկին գեղասահորդուհի է, իսկ հայրը` գործարար: Որոշ ժամանակ Եվգենիան կրել է հոր ազգանունը, սակայն հետո դարձել է Մեդվեդեւա` վերցնելով տատիկի ազգանունը: «Եվգենիան ազգանունը փոխել է բացառապես իմ համաձայնությամբ, եւ այդ պահին դա շատ ճիշտ որոշում էր: Ինչ-որ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրելն անիմաստ է: Ժաննայի հետ մենք բաժանվել ենք, բայց կարողացել ենք պահպանել ջերմ, ընկերական հարաբերությունները: Որպես Ժենյայի ծնողներ` մենք մշտապես շփվել ենք եւ շփվում ենք մինչեւ հիմա»,- ասել է Արման Բաբասյանը: Նկատենք, սակայն, Մեդվեդեւան հրաժարվում է իր հայկական արմատներից` փորձելով չխոսել այդ մասին: