ՔԱՐԵՐՈՎ ՉԵՆ ՀԱՐՎԱԾԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում իրեն ընդդիմադիր հայտարարած «Ծառուկյան» խմբակցությունը վերջին շրջանում կարծես ե՛ւ նալին է խփում, ե՛ւ մեխին: Չմոռանալով անխնա քննադատել կառավարությանը, «Ծառուկյան» խմբակցությունը չի մոռանում նաեւ սատարել իշխանություններին եւ հենց իրենց քվեարկություններով օգնում է անցկացնել նախագծեր: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարո՛ն Բագրատյան, վերջին շրջանում «Ծառուկյան» խմբակցությունը հաճախ է սկսել սատարել ՀՀԿ-ին: Այդպես եղավ նաեւ Արմեն Սարգսյանի դեպքում: Ինչո՞ւ որոշեցիք սատարել նրան:
-«Ծառուկյան» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել, որովհետեւ նախագահի թեկնածուն ընդունեց «Ծառուկյան» դաշինքի ծրագրերը: Այսինքն` ցանկացած ուժ խնդիր ունի իր ծրագրերն իրականացնելու: Մենք այդ քվեն ստացել ենք հենց այդ նպատակով: Եթե նախագահի թեկնածուն հայտարարում է, որ առնվազն ընդունում է այդ ծրագիրը, դա մեզ համար բավարար է ընդունել մարդուն, մանավանդ, որ այդ մարդն անկուսակցական է, Սահմանադրությամբ անաչառ լինելու հրամայական ունի, եւ ինքը հայտարարում է, որ պատրաստ է դրան:
-Դուք նշեցիք Արմեն Սարգսյանի անկուսակցական լինելու մասին, բայց ամեն դեպքում նա հանդիսանում է իշխող ՀՀԿ-ի եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի միասնական թեկնածուն:
-Ես մեր հանդիպման ժամանակ ուղիղ հարց եմ տվել, որ պարո՛ն Սարգսյան, Ձեզ կարող է կաշկանդել այն հանգամանքը, որ Դուք ՀՀԿ-ի թեկնածուն եք: Նա նշել է, թե ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, թե դա կաշկանդող հանգամանք չի, մանավանդ որ եթե «Ծառուկյան» դաշինքն էլ է պաշտպանում, ինքն ավելի ազատ է լինում եւ կարող է հայտարարել, որ ես միայն Ձեր կողմից չեմ քվեարկվել:
-Առաջին անգամ չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունը սատարում է ՀՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկներին, դա նաեւ քննադատվում է հասարակության կողմից, որ շատ հաճախ պաշտպանում եք ոչ թե ընդդիմադիր գործընկերոջը, այլ ՀՀԿ-ին: Դա խնդի՞ր չէ Ձեզ համար:
-Եթե մենք անաչառ ենք մեր հարաբերություններում, մեր վերաբերմունքում, եղել են բազմաթիվ անգամներ, երբ մեր առաջարկությունները ընդունել է ՀՀԿ-ն, ընդունել է «Ելք» դաշինքը, եւ մենք չպետք է դա համարենք կաշկանդող հանգամանք: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ բոլոր քաղաքական ուժերը կոնսոլիդացվում են: Սա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ: Բայց կան հարցեր, որտեղ պետք է հիմնավորես` ինչու ոչ: Մենք ասում ենք` քանի որ ՀՀԿ-ն ասում է` բարձրացնում ենք քաղաքացիների թոշակը, մենք ասում ենք` ոչ: Այդ դեպքում քաղաքացիները կընդունե՞ն դա, կհասկանա՞ն, կհարգե՞ն մեզ, իհարկե ոչ: Հետեւաբար պետք է ողջամիտ լինել, չպետք է տուրք տալ ամբոխահաճությանը: Այսինքն` մենք, որ ինչ-որ մեկին դուր գանք, մենք շեղվե՞նք մեր քաղաքական քայլերից:
-Պարո՛ն Բագրատյան, բայց «Ծառուկյան» խմբակցությունը կառավարությանն ամենաշատը քննադատող ուժն է, սակայն կարեւոր հարցերում նրանց կողքին եք լինում:
-Մենք կառավարության բոլոր ծրագրերին դեմ ենք լինելու, եթե դա չի բխելու ժողովրդի շահերից: Երբ որ կառավարությունը մոտենում է ժողովրդի շահերին եւ դրական քայլ է անում, մենք պաշտպանելու ենք: Մեզ չի հետաքրքրելու` դա «Ելք»-ն առաջարկեց, թե ՀՀԿ-ն: Մեզ հետաքրքրելու է` դա ժողովրդի շահերից է, թե ոչ:
-Բայց որպես ընդդիմադիր ուժ` ավելի տրամաբանակա՞ն չէ, որ պետք է պաշտպանեք Ձեր ընդդիմադիր գործընկերոջը:
-Մենք հանրային ցավալի սխալ ընկալում ունենք: Տպավորություն կա, թե ընդդիմություն նշանակում է քարերով հարվածել իշխանությանը: Դա ամենեւին այդպես չէ: Քաղաքակիրթ աշխարհում ընդդիմությունն ու դիմությունը նույն պետության երկու մասերն են, այսինքն` կշեռքի երկու կշռաքարերը: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ ընդդիմությունը պետք է դիմության հետ աշխատի, բազմաթիվ հարցեր կան, որ ընդդիմությունը պետք է ընդդիմանա: Եվ դա քաղաքակիրթ ձեւ է:
-Սակայն ամենակարեւոր հարցերում, հենց նույն նախագահի թեկնածուի հարցում Դուք ընտրեցիք ՀՀԿ-ին:
-Չէ, ՀՀԿ-ն, հնարավոր է, որ մեր կողքին է, որովհետեւ այդ թեկնածուներին մենք տեսել ենք: ՀՀԿ-ի 100 առաջարկներին մենք դեմ ենք լինում, մեկին կամ երկուսին կողմ ենք լինում, Դուք այդ 98-ը չեք նշում, բայց այդ մեկը նշում եք: Նույն ձեւ ՀՀԿ-ն 100-ի դեպքում դեմ է լինում մեզ, երկուսի դեպքում` կողմ: Եվ մենք դա չենք համարում շատ մեծ հաջողություն, մեզ համար նույնիսկ դժբախտություն է, որ ՀՀԿ-ն մեզ հետ համակարծիք է լինում: Բայց, դե, լինում են եւ այդպիսի դեպքեր կան: Բայց դա մեզ համար ինքնանպատակ չէ, մենք մեր ճանապարհով գնում ենք, ով այդ ճանապարհին կմիանա մեզ, մենք ողջունելու ենք: Հաճախ է լինում, որ տեսնում ենք` նաեւ ընդհանուր ճանապարհ կա: Մեզ համար երբեք առաջարկության հեղինակը կարեւոր չի լինելու, առաջարկն է ինքնին կարեւոր լինելու: Հենց որ մենք հասկացանք, որ մեր շահերից է, կողմ ենք քվեարկելու: Ես ասել եմ, որ միգուցե նույնիսկ Արմեն Սարգսյանի շահերից չէ, որ նա ՀՀԿ-ի թեկնածուն է:
-Այդպես չե՞ք կորցնում Ձեր ընդդիմադիր կեցվածքը:
-Բացարձակ, «Ծառուկյան» խմբակցությունը ժողովրդի կողքին է լինելու, վստահ եղեք: Ժողովրդի մի հատված համամիտ չէ մեր ծրագրերի հետ, եւ դա մենք ընդունում ու հարգում ենք, մի հատվածն էլ հայտարարում է, թե պետք է դուրս գալ փողոց, պայքարել, մենք իրենց էլ ենք հարգում, բայց այդ տեսակետի կողմնակիցը չենք: Մենք նաեւ չենք ընդունում այսօրվա կառավարության վարած քաղաքականությունը, համարում ենք ժամանակավրեպ, անհեռատես, դա մեր ռազմավարությունն է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԹՈՒՅԼ ՉԻ՞ ՏԱ
Ինչպես հայտնի է` բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ դատական համակարգի ներկայացուցիչների աշխատասենյակում փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մյուս դատավորների նման եւս ետ չի մնացել այդ քայլից: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը վերջինիցս հետաքրքրվեց, եթե քաղաքացին դատական գործընթացի մեջ լինի Ս. Սարգսյանի մերձավորների հետ, տեսնելով այս լուսանկարը, որքանո՞վ կարող է վստահ լինել, որ դատական իշխանությունը անկախ է: «Ես Ձեզ վստահ ասում եմ, որ դատական համակարգը այնքան անկախ է, եթե հանրապետության նախագահի ազգականը սխալ լինի, դատարանը կարձանագրի այդ սխալը եւ արդարացի որոշում կկայացնի: Ավելին ասեմ` եթե հանկարծ նման իրավիճակ լինի, հանրապետության նախագահը իրեն թույլ չի տա, որ իր բարեկամը լինի արտոնյալ պայմաններում»,- արդարացավ Վարդազարյանը:

 

 

ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով, նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներից հայտնի դարձավ, որ հունվարին հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով, իսկ աղի արտադրության ծավալները` 68.6 տոկոսով: Ըստ տնտեսագետների` առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման նվազումը փաստում է մեկ բանի մասին՝ Հայաստանի բնակչությունը պակասում է: Բավական է միայն նշել, որ տարեկան երկրից հեռանում է 30-40 000 քաղաքացի, այնպես որ այս պատկերը միանգամայն սպասելի էր:
 

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ն ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի հայցերն ընդդեմ պետական եկամուտների կոմպիտեի շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018 թվականի փետրվարի 26-ին «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան եւ դատարանից պահանջում է, որ ստիպի պետական եկամուտների կոմիտեին անվավեր ճանաչի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի վարչական ակտը: Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում եւ հայտնաբերել խախտումներ, ինչի համար էլ վարչական պատասխանատվության է ենթարկել, որն էլ պատգամավորին պատկանող ընկերությունը վիճարկում է ՀՀ վարչական դատարանում: Ինչով կավարտվի այս դատական վեճը, ցույց կտան զարգացումները: Հիշեցնենք, որ նմանօրինակ հայցով պատգամավորին պատկանող ընկերությունը եւս դիմել է ՀՀ վարչական դատարան, որի գործով դատաքննությունը դեռեւս շարունակվում է:

 

 

ԿՈՅՈՒՂԱՋՈՒՐԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԷՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Երեւանի ավագանու նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության կանանց ծեծի ենթարկած ՀՀԿ-ականները հաճախ են սիրում կրկնել, թե նրանց մեջ կին չեն տեսնում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված ավագանիներից Մարինա Խաչատրյանի հետ:

-Տիկի՛ն Խաչատրյան, ավագանու ՀՀԿ-ական անդամներն ասում են, որ Ձեր մեջ կին չեն տեսել, այդ իսկ պատճառով փետրվարի 13-ի նիստին այդպես կոպիտ իրենց պահեցին: Ի՞նչ պատասխան ունեք նրանց:
-Հայ կինը, հավանաբար, կարող է կոնյակի գավաթները ձեռքերին` մանկահասակ երեխաներին շքեղ շինություններից, տաք պայմաններից հանել դուրս, որտեղ բացասական ջերմաստիճան է: Սակայն հայ կինը չի կարող պայքարել իր ժողովրդի, իր ազգի իրավունքների համար: Ո՛չ, հայ կինը միշտ էլ զենքը ձեռքին, բահը թեկուզ ձեռքին, թեկուզ խոսքը ձեռքին պայքարել է եւ պայքարելու է: Թող իրենք դա իմանան: Հայ կինը շատ ավելի ուժեղ է, քան այն փափկասուն տիկնայք, ովքեր կոնյակի գավաթները ձեռքին իրենց թույլ են տալիս փոքրիկ երեխաներին հանել տաք շինությունից դուրս եւ մատնել անտերության:
-Դուք ի՞նչ էիք պատրաստվում անել կոյուղաջուրը:
-Կոյուղաջուրը նվեր էր, նվիրեինք…
-Այսինքն` դա պետք է դրվե՞ր սեղանին, թե՞ թափվեր:
-Ո՛չ, իհարկե: Վայրագություն էր իրենց կողմից թափելը: Ինչպես կարելի էր կոյուղաջուրը թափել: Դա օծանելիքի իրենց արժանի բույրն էր, որը պետք է շնչեին, գուցե տուն տանեին, ես չգիտեմ: Արդեն թող իրենք որոշեին, թե նվերի հետ ինչ պետք է անեին:
-Ամեն դեպքում, Դուք չէի՞ք պատրաստվում կոյուղաջուրը քաղաքապետի վրա թափել, ինչպես որ շատերը պնդում են:
-Դա շատերի զառանցանքն է: Եվ ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի այդ մարդիկ դիմեն բուժհաստատություններ` համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար:
-Չե՞ք ափսոսում Ձեր արարքի համար:
-Իհարկե, ոչ: Մենք պատրաստ ենք բոլոր օրինական արարքներին մեր երկրի, քաղաքի պաշտպանության համար:
-Շարունակելո՞ւ եք պայքարել:
-Տեսնում եք` շարունակում ենք պայքարը, եւ հաղթանակը լինելու է հայ ազգինը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս