«ԾՆԿԻՑԴ ՎԵՐԵՎ ԿՏՐԻ, ԿԱՐԳԴ ՓՈԽԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակ ստանալու համար մի խումբ քաղաքացիներ հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ քաղաքացիների մի մասը դատարանի միջոցով է փորձում իր իրավունքները վերականգնել, իսկ ահա մի դեպքում էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցները քաղաքացու հաշմանդամության կարգը փոխելու համար առաջարկել են գնալ, ծնկից վերեւ ոտքը կտրել:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վանաձոր քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը պատմեց, որ 2003 թվականից ստացել է թոշակ. «2013 թվականին վերջնական ինձ 3-րդ կարգի հաշմանդամի կարգավիճակ տվեցին, եւ ստանում եմ թոշակ: 2017 թվականի հունիսի 13-ին ոտքս կտրեցին, եւ վիրահատությունիցս 3 ամիս անց ես դիմեցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանին, եւ այստեղ իմ զայրույթը մեծացավ: Օրենքը ասում է, որ վիրահատությունից երեք ամիս անց կարող ես դիմել եւ հասկանալ` քեզ հաշմանդամության կարգ հասնո՞ւմ է, թե՞ ոչ, կամ կարգդ կարո՞ղ ես փոխել, թե՞ ոչ: Մեր ԲՍՓ-ում ինձ ասեցին, որ 5 օր շուտ ես եկել, ես էլ պատասխանեցի, թե ինչ տարբերություն` 5 օր հետո գամ, ի վերջո, ոտքս կտրված է, ինձ պատասխանեցին, թե գնա, կարող է` 5 օր հետո ոտքդ աճի:
Սա էլ դեռ քիչ է, Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մինասյանը ինձ ասում է` եթե ուզում ես կարգդ փոխվի, գնա, ոտքդ ծնկիցդ վերեւ 15 սմ կտրի, արի, եւ կարգդ փոխենք, այ սա է իրավիճակը»:
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ԲՍՓ գործակալության պետի պաշտոնակատար Նունե Շահվերդյանին, վերջինս անդրադառնալով իրավիճակին` հայտնեց, որ Վանաձորից կպահանջի երիտասարդ տղայի գործը` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչումն է խնդիրը:
Մեր այն հարցին, որ սոցապ նախարարությունը այս օրերին Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի ղեկավար Մարզպետունի Մինասյանի գործունեությունից մի շարք բողոքներ ունի, Նունե Շահվերդյանը ասաց. «Ես երեք ամիս է, ինչ ստանձնել եմ գործակալության պետի պաշտոնը, քանի որ, ինչպես գիտեք, պետի գործունեությունը հայտնի իրադարձությունների արդյունքում, ցավոք, կասեցված է: Մի շարք արմատական բարեփոխումներ ենք իրականացնում, ինչը, կարծում եմ, որ կոռուպցիոն ռիսկերը կնզավցնեն, բայց սա մեկ օրվա խնդիր չէ, դա ընթացիկ աշխատանք է:
Ինչ եկել եմ, նախարարի հանձնարարականով անցկանում եմ հսկողական կարգով վերափորձաքննություններ: Այսինքն` տարբեր ԲՍՓ հանձնաժողովների գործեր վերցնում ենք, տարբեր սկզբունքներով նայում ենք, եւ որտեղ փաստաթղթերը ինձ դուր չեն գալիս, ես տալիս եմ հանձնարարական վերադասության կարգով վերափորձաքննության: Եվ ահա հենց այս պահին ինձ մոտ է գտնվում Լոռի 1 հանձնաժողովի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների փորձաքննված անձանց 518 գործ, բերել ենք, որպեսզի վերադաս մարմինը` մեր վերափորձաքննության բաժինը, ուսումնասիրի եւ տեսնի, թե որտեղ կա փաստաթղթային անհամապատասխանություն` սահմանված խմբի հետ կապված:
Եթե անհամապատասխանություն լինի, մենք պատրաստվում ենք առաջիկա մեկ ամսվա մեջ գնալ արտագնա նիստի Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով եւ վերդասության կարգով անցկացնել փորձաքննություն»:
Դատելով իրավիճակից` ԲՍՓ գործակալությունը ստուգումներ է սկսել, ավելին` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ առաջիկայում ԲՍՓ հանձնաժողովների պաշտոնատար անձինք լքեն պաշտոնը, մասնավորապես այս օրերին նախարարությունում արդեն քննարկվում է Մարզպետունի Մինասյանին աշխատանքից ազատելու հարցը:
Հավելենք, որ մինչ ԲՍՓ գործակալությունը ստուգումներ է իրականացնում հանձնաժողովների նախագահների գործունեության մասով, մի խումբ քաղաքացիներ դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները: Մասնավորապես 2017 թվականին Դերենիկ Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն եւ պահանջում, որ դատարանը ստիպի նախարարությանը, որպեզի իրեն նշանակեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակ, արդյունքում ՀՀ վարչական դատարանը բավարարում է Հովհաննիսյանի դիմումը եւ պարտավորեցնում Է նախարարությանը քաղաքացուն տրամադրել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, եւ տեղեկացանք, որ նախարարությունը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում, եւ դեռեւս գործով քննությունը ընթանում է: Ասել է, թե անգամ դատարանի վճիռների դեմ է նախարարությունը կռիվ տալիս:
Նշենք, որ այս օրերին 20-ից ավելի քաղաքացի, կապված նախարարության որոշումների հետ, որ իրենց արտոնյալ թոշակ չի տրվում կամ, առհասարակ, կենսաթոշակ չի տրվում, դատի են տվել նախարարությանը եւ փորձում են վերականգնել իրենց իրավունքները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
Շուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրենց պահվածքը նրանք պատճառաբանել են, թե ժամանակը ցույց կտա, որ առնչություն չունեն այս դեպքի հետ: Բայց սա ասում են բանավոր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ազգային անվտանգության ծառայությունը ցանկացել է հարցաքննել գործով կալանավորված Արտակ Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Նշենք, որ Արտակ Զաքարյանը միակ կալանավորվածը չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ` Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց, խմբին օժանդակելու համար, կալանավորվել է նաեւ Զոհրաբ Ղումաշյանը:
Ինչեւէ: Շուրջ երկու ամսից կլրանա այս աղմկահարույց գործով քննության մեկ տարին, եւ ազգային անվտանգության ծառայությանը այլ տարբերակ չի մնում, քան գործով նախաքննությունը ավարտել եւ այն ուղարկել դատարան: Ինչեւէ, սպասենք զարգացումներին, թե այս գործով նախաքննություն իրականացնող մարմինը ինչ բացահայտումներ է իրականացրել, եւ անկախ այն հանագամանքից` գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս, նրանց գործողությունների մասով ինչ հիմնավորումներ է ձեռք բերել:
Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հունիսի 2-ին գրել էինք, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը:
Սակայն ավելի ուշ հրապարակումներ եղան, թե Արամ Վարդանյանը թիրախավորված չի եղել, սակայն օրերս մամուլը գրեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլեւ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը: Այդպիսով, կալանավորվածներին եւս նոր մեղադրանք կառաջադրվի` Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար` ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նոր մանրամասներ է ներկայացրել վերջերս մուտքի վիզաների տրամադրման հետ կապված խարդախության սխեմայի վերաբերյալ: Դեսպանության հաղորդագրության համաձայն` ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանին եւ Հայաստանի քաղաքացիներ Դիանա Գրիգորյանին (նույն ինքը` Դինա Ակոպովնա) եւ Հրաչյա Աթոյանին վերջերս մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ դաշնային երդվյալների հանձնաժողովի կողմից մուտքի վիզաների հետ կապված խարդախության համար: Մեղադրանքի համաձայն` նրանք շահույթ ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել: Նրանց մեղադրանք է առաջադրվել` հանցավոր համաձայնության, մուտքի վիզաների հետ կապված խարդախության, փողերի լվացման, ծանրացուցիչ հանգամանքներով զուգորդված անձնական տվյալների գողության եւ արտասահմանցիներին անօրինականորեն ԱՄՆ բերելու համար: Ակոպովնան դեռեւս հետախուզման մեջ է ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից: Գործով քննությունն ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ այս գործով շրջանառվում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի անունը եւս:

 

 

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ` ՔՀՎ-ՈՒՄ
Հայաստանում կստեղծվի քրեակատարողական բժշկության կենտրոն: Որոշումը հավանություն է ստացել ՀՀ կառավարության նիստում: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այս կազմակերպության գործունեությունը կոչված է ԱՆ քրեակատարողական հաստատություններում պահվող ձերբակալվածների եւ դատապարտվածների պաշտպանությանը եւ վերականգնմանը, նրանց համարժեք բժշկական սպասարկման տրամադրմանը: «Քրեակատարողական առողջապահության համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքում մի շարք արմատական խնդիրներ կան: Դրանց է վերաբերում, օրինակ, մասնագիտական անկախության բացակայությունը»,-նշել է նախարարը:

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի վատառողջ լինելու մասով: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանի խոսքով` Կարո Եղնուկյանի ճնշումն էր բարձրացել, այդ պատճառով դատավորը որոշել է դատական նիստը հետաձգել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամների նկատմամբ սանկցիա էր կիրառել եւ հեռացրել էր դատական նիստերի դահլիճից: Ա. Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:




Լրահոս