ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծպտյալ պատգամավորները. Տատյանա Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում կան տասնյակ պատգամավորներ, ովքեր նիստերի ընթացքում ծպտուն չեն հանում: Նրանք գրեթե երբեք օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեն գալիս` լավագույն դեպքում ստորագրելով գործընկերների հեղինակած նախագծերի տակ, հարցեր չեն ուղղում, եթե, իհարկե, խմբակցությունում նրանց ձեռքը գրված հարց չեն տվել՝ վարժ ընթերցելու համար: Փոխարենը այդ մարդիկ աշխատավարձ են ստանում հարկատուներիս հաշվին մոտ հազար դոլարի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության ամենաչխոսկան պատգամավոր Տատյանա Միքայելյանի հետ` փորձելով պարզել մի շարք հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումը:

-Տիկի՛ն Միքայելյան, Դուք խորհրդարանում ակտիվություն չեք ցուցաբերում: Ի՞նչն է պատճառը:

-Իսկ ո՞վ ասաց, որ ես ելույթ չեմ ունենում նիստերին: Ո՞վ է ասել:

-Դա երեւում է նիստերից, քանի որ ելույթներ չկան, հարցեր չկան, օրենսդրական դաշտում էլ Դուք նախաձեռնություններ չունեք:

-Ես դեռ նոր աշխատող եմ այս խորհրդարանում. ուզում եմ սկզբում ծանոթանալ բոլոր հարցերի, պահանջների հետ, հետո միայն սկսել աշխատանքը: Բայց ես ունեմ արդեն կատարած ինչ-որ աշխատանք: Ես դիմել եմ կրթության եւ գիտության նախարարին, մշակույթի նախարարին, երկու անգամ արդեն եղել եմ Մոսկվայում: Չէի ասի, թե չեմ մասնակցում: Ելույթ եմ ունեցել հայտարարություններով, տարբեր հարցեր եմ տվել: Դուք մի փոքր ճիշտ չեք:

-Դուք ո՞ր հարցերի մասին եք բարձրաձայնել ու փորձել խնդիրներին լուծում տալ:

-Դպրոցներում, որտեղ ռուսական դասարաններ կան, գրքերի պակաս կա: Դա ոչ միայն ռուս գրականության, այլեւ այլ առարկաներից: Բացի այդ` մանկավարժների պակաս կա: Դիմեցի նախարարին, նա ասաց, որ տեղյակ է այս բոլոր խնդիրներին եւ խոստացավ, որ խնդիրը կարճ ժամանակում կլուծվի: Իսկ մշակույթի նախարարին դիմել էի նամակով`«Ռուսաստանի ընկերները» թերթի հարցով, որն անհրաժեշտ է մեր հասարակական կազմակերպության աշխատանքում:

-Անցնենք քաղաքական այլ հարցերի. մեր արտաքին քաղաքական վեկտորում, ըստ Ձեզ, որքանո՞վ է Հայաստանը ճիշտ գործում: Շատ հարցերում կարծես թե այնքան էլ ընկալելի չէ մեր երկիրն աշխարհում:

-Կարելի՞ է չպատասխանել:

-Այսինքն` զուտ քաղաքական հարցերի չե՞ք ուզում պատասխանել:

-Չեմ ուզում:

-Բայց եթե Դուք քաղաքական գործիչ եք, եկել եք խորհրդարան, ինչպե՞ս կարող եք քաղաքական հարցերի չպատասխանել:

-Ժամանակը կգա, ցույց կտա, որ ես պատասխանելու եմ բոլոր հարցերին:

-Այսինքն` դեռեւս տեղյակ չե՞ք արտաքին քաղաքական հարցերին:

-Տեղյակ չե՞մ: Ինչո՞ւ: Տեղյակ եմ բոլոր հարցերին:

-Իսկ ճի՞շտ եք համարում, որ ԵԱՏՄ անդամ դարձավ Հայաստանը, բայց հիմա կարծես թե մեր երկիրն առանձնապես չի օգտվում այդ 180 միլիոնանոց շուկայից, եւ տնտեսապես ձեռնտու չէ:

-Այդքան էլ չհասկացա Ձեր հարցը: Կարելի՞ է` կրկնեք:

-Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Որքանո՞վ էր այդ քայլը ճիշտ:

-Կարծում եմ` նորմալ է:

-Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Եվրասիական միությունը:

-Զարգացման հեռանկարներ, տնտեսության զարգացում, տրանսպորտի, մշակույթի զարգացում, սպորտի զարգացում: Զարգացում`բոլոր ուղղություններով:

-Հաճախ ասվում է, որ մի գիշերում այդ որոշումն ընդունվեց` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու: Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ: Հանրությունը տեղյակ չէր, եւ հանկարծ մեկ օրում դարձանք ԵԱՏՄ անդամ:

-Ո՛չ: Չեմ պատասխանում:

-Ըստ Ձեզ` կուսակցությունը Ձեր աշխատանքից գո՞հ է:

-Պետք է նրանց հարցնել:

-Իսկ Դուք, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում:

-Բավարար դեռ…որպես նոր աշխատող: Դեռ ժամանակը ցույց կտա: Նույնիսկ մեկ տարի չի անցել, ինչ ես սկսել եմ իմ աշխատանքը: Ո՞վ է պատգամավորներից ակտիվ մասնակցություն ունենում, երբ նոր-նոր է սկսում իր աշխատանքը, նոր է ծանոթանում խնդիրների հետ:

Մանրամասները՝  ArmLur.am  -ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս