ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Միայն թե, չնայած նախագիծն ընդունվեց իշխող կուսակցության ջանքերով, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի մոտ այն մեծ զայրույթ էր առաջացրել:

Նշենք, որ հարցի քննարկման հարակից զեկուցողը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր` Թունելի Հակոբը: Նա հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: Միաժամանակ նկատելով, որ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ծերակույտ չդարձնել պետական ապարատը: Հակոբյանի` ծերակույտ բառը խիստ զայրացրեց «Ծառուկյան» խմբակցության 69-ամյա պատգամավոր Վարդան Բոստանջյանին, ով վրդովված նետեց. «Իրավունք չունեք պետական բյուջեում փողի քիչ լինելը հիմք ընդունելով` թոշակառու պաշտոնյաներին փող չտալ»: Ապա ՀՀԿ-ական գործընկերոջը հորդորեց զերծ մնալ ծերակույտ եւ նման ձեւակերպումներից: Նաեւ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էր դժգոհել, թե այս քայլով սահմանափակվում է պետական պաշտոնյայի` կենսաթոշակ ստանալու իրավունքը: Արդեն ավելի ուշ նրանց մեջ բանավեճ էր տեղի ունեցել խորհրդարանի միջանցքում:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երկու ՀՀԿ-ական պատգամավորների բանավեճը շարունակվեց դահլիճից դուրս: Նրանք դահլիճից միասին դուրս եկան եւ մինչեւ աշխատասենյակ բարձր ձայներով քննարկեցին օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկու պատգամավորների այս խոսակցությունը մի քանի օր տեւել է: Ի վերջո, Հակոբ Հակոբյանը գործընկերոջը խոստացել է առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում փոփոխություններ անել: Արդյո՞ք այդ խոստացված փոփոխությունները Խոսրով Հարությունյանի սրտով կլինեն, ցույց կտա ժամանակը:
Բայց մինչ այդ նշենք, որ 70-ամյա Խոսրով Հարությունյանը, ով արդեն թոշակառու է եւ ստանում է բավական բարձր կենսաթոշակ, չի բացառվում, որ հանրային ծառայող դառնալու թաքուն հույսեր է փայփայում: Հավանաբար սա է պատճառը, որ նա այդպես բուռն ընդունեց օրինագիծը:
Ինքը` Խոսրով Հարությունյանը, օրինագծին իր դեմ լինելը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Կենսաթոշակի իրավունքը սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետեւաբար որեւէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել: Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ չպետք է սահմանափակել»:
Ստացվում է, որ եթե որեւէ նախկին նախարար վարչապետի կամ նախագահի մոտ որպես խորհրդական աշխատի, ապա դա համարվում է հանրային ծառայություն, այսինքն` պետական մարմիններում գործունեություն: Եւ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ապա այդ նույն նախկին նախարարը, հանրային ծառայություն իրականացնելու հետ մեկտեղ, պարզապես կենսաթոշակ չի ստանա: Բայց եթե այդ նույն նախկին նախարարը բանկում աշխատի, ապա նա ե՛ւ բանկից կստանա աշխատավարձ, ե՛ւ պետական բյուջեից կենսաթոշակ:
Իսկ մեր օրերում նման պաշտոնյաները բազմաթիվ են: Չէ՞ որ նախկինում այդ տենդենցը կար Սերժ Սարգսյանի մոտ, երբ որեւէ առանցքային պաշտոնյա պաշտոնանկ էր արվում, նա անմիջապես նշանակվում էր նախագահի կամ վարչապետի խորհրդական: Այսպես` նախագահի խորհրդականներ Վարդան Խաչատրյանը, ով ֆինանսների նախկին նախարար է եղել, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով վերջերս նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով այժմ զբաղեցնում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդականի պաշտոնը: Բացի այս` նման պաշտոնյաների թվում է նաեւ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Ղուլարյանը, ով նախկինում զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը: Վարչապետի խորհրդականների թվում են նաեւ ՀՀ նախկին պետնախարար, Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը եւ այլք:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս