Երեկ խորհրդարանում պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով ապրիլից հետո հերթական արտոնություններն են տրվելու վարչապետին: Քանի որ ՀՀԿ-ականներն արդեն անթաքույց հայտարարում են, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ եւ նա անփոխարինելի է, ապա ակնհայտ է, որ այդ բոլոր արտոնություններն ու լիազորությունները փոփոխվում են հանուն նրա:
«Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու հարցով առաջարկվում է պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունքը վերապահել վարչապետին, Ազգային ժողովին, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահներին, իսկ նախագահն էլ այդ միջնորդությունը միայն պետք է հաստատի։
Ընդ որում, եթե Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգեւատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետը իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին բոլոր պետական պարգեւների եւ կոչումների վերաբերյալ։
Վերջին շրջանում Ազգային ժողովը կարծես միայն զբաղված լինի հենց ապագա վարչապետի համար նոր լիազորություններ տալով: Սակայն յուրաքանչյուր անգամ իշխանության ներկայացուցիչները սկսում են հեքիաթներ պատմել եւ արդարանալ, թե այդ փոփոխությունները կոնկրետ անձի համար չեն, այլ բխում են Սահմանադրությունից: Երեկ պատասխանելով այն դիտարկմանը, որ հերթական լծակն է վերցվում երկրի նախագահի ձեռքից, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կրկին արդարացավ, որ այս փոփոխությունները կատարվում են` օրենքները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար։ Միայն թե իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:
Հետաքրքիրն այն է, որ ՀՀ Սահմանադրության 136 հոդվածում ամրագրված է, որ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ՀՀ նախագահը պարգեւատրում է ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Հետաքրքիրն այն է, որ եթե նույնիսկ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը չընդունի ապագա վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը, միեւնույն է՝ այն օրենքի ուժով ընդունվել է, հետեւաբար այդ դիմելը սիմվոլիկ բնույթ է կրում: Իհարկե, նախագահն իրավունք ունի ըստ Սահմանադրության վիճարկել որոշումները, բայց դժվար թե Հայաստանում այդ պրակտիկան գործի:
Այն, որ վարչապետին տրվում են պետական պահպանության ծառայությունը, ներում շնորհելու իրավունքը, անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, տրամաբանական է, սակայն առաջին հայացքից անմեղ թվացող պետական պարգեւների շնորհումը եւս վարչապետին տալն արդեն ավելորդություն է:
Փաստենք, որ սա ավելի շատ անգլիական թագուհու կարգավիճակն ունեցող նախագահի լիազորություն կարելի էր թողնել, մանավանդ որ Սահմանադրությամբ այդպես ամրագրված է: Սակայն այս հարցը եւս վարչապետի տիրապետությանը թողնելն իր նպատակներն ունի: Գաղտնիք չէ, որ պետական պարգեւներ կամ կոչումներ Սերժ Սարգսյանը տալիս է ՀՀԿ-ին սատարող կամ նրա գովքն անող անձանց: Նույնը նաեւ ժողովրդական կամ վաստակավոր արտիստ կոչումների դեպքում է: Դժվարությամբ կարող ենք Սարգսյանի պարգեւատրածների թվում տեսնել ընդդիմադիր գործչի, ով քննադատում է նրանց եւ արժանացել է որեւէ կոչման: Այլ հակառակը` պարգեւատրվում են միայն այն մարդիկ, ում ակտիվորեն կարող ենք տեսնել ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ երգելիս կամ այն վարելիս: Տարիների ընթացքում ՀՀԿ-ին գովելու եւ նրանց մասին միայն «պուպուշ» խոսքեր ասելու համար էլ այդ նույն մարդիկ տարիներ անց արժանանում են կոչման: Եվ գաղտնիք չէ նաեւ, որ ոչ մեկ անգամ Սերժ Սարգսյանի կողմից տրված կոչումները հասարակական դժգոհության ալիք են բարձրացրել, սակայն դա չի խանգարում նրան շարունակել այդպես վարվել եւ դեռ ավելին` այդ մենաշնորհն էլ իրեն վերագրել:
Հավելենք, որ սա էլ ամենը չէ. Հայաստանում հատուկ կացության կարգավիճակ շնորհելու կամ նման կարգավիճակի շնորհումը մերժելու լիազորությունը եւս տրվելու է հանրապետության վարչապետին:
Հ.Գ. Տրամաբանական է, երբ վարչապետին են տրվում պետության կառավարման, անվտանգության ապահովման հետ կապված լիազորություններ: Սակայն պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու լիազորությունների մեջ վարչապետին խառնելը, մեղմ ասած, անհասկանալի է, չնայած հիշեցնում է բրեժնեւյան ժամանակները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԶՈՎՈՒՆԻԻ ԵԶԴԻՆԵՐԻՑ ԽԼԵ՞Լ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ
ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ այժմ իրենք իրենց հանգուցյալների համար գերեզմանատուն չունեն:
«Մենք` եզդիներով, հարյուր տարի է` ապրում ենք Զովունի գյուղում եւ մեր ազգային սովորույթների համաձայն` պետք է ունենայինք առանձին գերեզմանատուն: Մենք սովորություն չունենք մեր հանգուցյալին հուղարկավորենք այլ, առանձին գերեզմանոցում: Մեր օրենքը դա մեզ թույլ չի տալիս: Մենք Զովունի գյուղում ունեինք մեր առանձին գերեզմանատունը, որը 103 տարվա վաղեմություն ունի: Այնտեղ անգամ 1915 թվականին թաղված հանգուցյալ ունենք: Մեր նախնիները, բարեկամները ցանկապատել էին այդ տարածքը: Բայց վերջերս պարզ դարձավ, որ այդ գերեզմանատունը այլեւս մերը չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց Ազիզ Թամոյանը:
Նա պատմեց, որ տվյալ հողատարածքը, որը նախատեսված է եղել գյուղի` ազգությամբ եզդի բնակիչների գերեզմանատան համար, Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի կողմից օտարվել է: Ըստ Ազիզ Թամոյանի` նախկին գյուղապետը այդ հողատարածքը վաճառել է իր տղային: «Այսօր (երեկ, հեղ.) մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է: Ինչպես կարելի է նման բան անել: Հիմա մենք տեղ չունենք, որ մեր հանգուցյալներին թաղենք: Դա խիստ վտանգավոր է ու անմարդկային, ժողովուրդը մտադիր է բողոքի ակցիա անել, ճանապարհ փակել, դիմել միջազգային կառույցներին: Բա սա ազգային խտրականություն չէ՞: Տեղ չկա հուղարկավորելու»,- հուսահատված նկատեց Թամոյանը:
Զովունիի մեկ այլ` 72-ամյա բնակիչ Սուրիկ Փափազյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք անգամ փաստաթուղթ ունեն, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ այդ հողատարածքն իրենցն է: «Կովալենկո Շահգալդյանը Կոտայքի մարզպետ աշխատելու տարիներին գյուղի եզդի համայնքին համապատասխան փաստաթուղթ տվեց` ստորագրությամբ, կնիքով, որ այդ հողը մերն է, եւ այն կարող ենք ծառայեցնել որպես գերեզմանատուն: Բայց փաստորեն հիմա գերեզմանատուն չունենք: Ի՞նչ անենք, հանրապետությունից թողնենք, գնա՞նք, մեր գերեզմանատունն էլ մեր ձեռքից խլեն: Մենք նախապես ոչնչից տեղյակ չենք եղել: Մենք ճանապարհ ենք փակելու»,- զայրացած նկատեց 72-ամյա Փափազյանը:
Փոխարենն այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Այս թեմայի շուրջ փորձեցինք զրուցել Զովունիի նակին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Իսկ Զովունիի նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր դեռեւս 2016 թվականին, երբ համայնքի ղեկավարի հերթական ընտրության ժամանակ նա պարտվեց: Բայց մինչ պարտվելը, նա աճուրդի էր հանել գյուղի համար կարեւոր նշանակություն ունեցող հողակտորներ: Մի քանի աճուրդներ «Ժողովուրդ» օրաթերթի բարձրաձայնելուց հետո չեղարկվեցին: Բայց չի բացառվում, որ եզդիների գերեզմանատունը եւս Ավետիսյանը էժան գնով թաքուն-թաքուն վաճառել է իր սեփական որդուն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՎԱԶԵԼ Է
2017թ. Տավուշի մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ` 2016թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով, պայմանավորված է 2017թ. ցրտահարությամբ եւ կարկտահարությամբ, ինչպես նաեւ ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ: 2017թ., նախորդ տարվա համեմատ, մարզում 5000 հա պակաս է ցանվել: Տավուշի մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2017թ. ոռոգելի է եղել 4757 հա-ն:
Դիլիջանում փետրվարի 24-ին կայացած, 2017թ. Տավուշի մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին եւ 2018թ. անելիքներին նվիրված, վարչապետ Կարեն Կարապետյանի վարած խորհրդակցության ժամանակ մարզպետ Հ. Աբովյանը կառավարության ղեկավարին զեկուցել է, որ 2017թ. Տավուշում գյուղատնտեսական արտադրանքի մթերման հետ կապված խնդիր չի եղել, ջրամատակարարման հետ կապված հարցերի դեպքում ջուր օգտագործողների ընկերությունը ժամանակին արձագանքել է, թեպետ մարզում ոռոգման խնդիր կա: Իրականում Նոյեմբերյանի տարածաշրջանի, Դեբեդի հովտի այգեգործները 2017թ. չեն կարողացել մթերել կարկտահարությունից ապրանքային տեսքը կորցրած միրգը, հիմնականում` դեղձը:
Նոյեմբերյանի պահածոների արտադրամասերից ոչ մեկը այգեգործներից դեղձ չի ընդունել: Վերջիններս ստիպված են եղել հավաքված դեղձից տնական եղանակով օղի թորել: Մարզպետը վարչապետին հայտնել է, որ Տավուշի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային եւ սառնարանային տնտեսությունների, այգիների եւ վերամշակող արտադրամասերի հիմնման ծրագրեր, 2018թ. մարզում կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Նման մեծ ծավալով այգիների հիմնումը իրատեսական չէ, քանզի Տավուշի մարզպետարանի տվյալներով` 2016թ. մարզում հիմնվել են 25.3 հա, 2017թ.-ին` 69.7 հա պտղատու եւ ելակի ինտենսիվ այգիներ:
Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Վարչապետը, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզում արձանագրված առաջընթացից, նշել է, որ այս տարի հեռանկարում պետք է ունենալ շատ ավելի բարձր աճի ապահովումը` հաշվի առնելով առկա միտումները»: Վարչապետի գոհունակությունը անհարկի է, նա գյուղատնտեսության իրավիճակը վարդագույն է ներկայացրել: Ներկայումս Տավուշի մարզում աշնանացանը կազմում է 3416 հա, որը նախորդ տարիների աշնանացանի ցուցանիշից խիստ պակաս է, հանվել է հացահատիկի սերմացուի, դիզելային վառելիքի եւ պարարտանյութի գների պետական սուբսիդավորումը:
Տավուշում միայն Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում է տեղադրված հակակարկտային համակարգ, որն էլ արդյունավետ չէ, այգիները չի պաշտպանում կարկտից: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն չի ներդրվել, ինչի հետեւանքով Տավուշի մարզի շատ ֆերմերներ չեն կարողացել մարել վերցրած վարկերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ