Թարմացնեմ հիշողությունդ. ԱՄՆ «աննախադեպ» այցի կեղծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աննախադեպ», «պատմական այց ԱՄՆ»: Արդեն մի քանի օր է՝ ինչ այսպես են բնութագրում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Վաշինգտոն: Տարբեր խողովակներով այս օրերին ներկայացվում էր, թե հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ նման ձեւաչափով բարձրաստիճան խորհրդարանական պատվիրակության այցն աննախադեպ է: Անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշել էր. «Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամն է նման պատվիրակություն ժամանում Վաշինգտոն՝ սկսելու խորհրդարանական դիվանագիտության մի նոր փուլ մեր երկրների պատմության մեջ»:

Բայց արի ու տես, որ իրականությունը բոլորովին այլ է, եւ հերթական անգամ ականատեսն ենք լինում, թե ինչպես են մի խումբ անձինք իշխանությունից եւ ոչ միայն իշխանական ճամբարից պարզապես խեղաթյուրում պատմությունը: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր խորհրդարանական պատվիրակությունները բազմիցս այցելել են ԱՄՆ, այնպես որ, այստեղ «աննախադեպ» որակումը, մեղմ ասած, տեղին չէ:
Դեռեւս 1993 թվականին ամերիկյան կողմի հրավերով ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներից կազմված մի խումբ է մեկնել Վաշինգտոն:

Պատվիրակության կազմում եղել են Հրանուշ Հակոբյանը, Նադիր Սահակյանը, Էդիկ Յարալյանը, Հովհաննես Մատինյանը, Վաչագան Հարոյանը, Ավետ Գրիգորյանը, իսկ պատվիրակության ղեկավարն էլ Բագրատ Ասատրյանն է եղել: Ընդ որում, պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում, Պետական դեպարտամենտում, գործադիր այլ դեպարտամենտներում:

Նախկին պատգամավոր Ավետ Գրիգորյանը, ով այդ ժամանակ պատվիրակության կազմում է եղել, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով իրենց այցի մասին` ընդգծեց, որ իրենց այցն էլ առաջինը չի եղել, դրանից առաջ եւ հետո եւս այցեր եղել են: «Դա կեղծարարություն է: Մեր նորագույն պատմությությունը հերթական անգամ կեղծում են: Մեզանից առաջ եղել է կրկին այց, հանդիպումներ: Ոչ մի տարբերություն չկա մեր այցի եւ իրենց այցի միջեւ», – նշեց նա:

Սակայն Գերագույն խորհրդի պատգամավորների այս այցն առաջինը չի եղել: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պատգամավորների բազմակուսակցական պատվիրակության այց է եղել եւ կրկին ամերիկյան կողմի հրավերով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում են եղել Կիմ Բալայանը, Շավարշ Քոչարյանը, Վարդան Զուռնաչյանը եւ այլք: Նրանք եւս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ կոնգրեսում, պետական եւ ոչ պետական այլ կազմակերպությունների, հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների հետ:

Մեկ այլ նման այց էլ եղել է 1996 թվականին՝ կրկին մեծ խմբով, այն էլ ընդդիմադիրների ներկայությամբ: Այս անգամ էլ խմբի կազմում են եղել Արշակ Սադոյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու Աղասի Արշակյանը: Ընդ որում, նշված այցերի մասին թե՛ լուսանկարներ, թե՛ մանրամասն տեղեկություն առկա է համացանցում:

Հիմա այս վերջին այցին այդպիսի երանգներ տալն իրոք զարմանալի է: Դրանից հետո եւս բազմաթիվ այցեր են եղել ԱՄՆ՝ տարբեր պատգամավորների մասնակցությամբ: Սակայն թերեւս իշխանությունները երրորդ հանրապետություն են համարում եւ կարեւորում միայն Սերժ Սարգսյանի՝ իշխանության ղեկավար լինելուց հետո տեղի ունեցած դեպքերը: Հենց այդ պատճառով էլ նրանք կարեւորություն տալիս եւ ընդգծում են միայն Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած այցերն ու իրադարձությունները: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին իշխանական պրոպագանդան հասարակության գիտակցության մեջ փորձում էր սերմանել, թե նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվում է 1998 թվականից, Սերժ Սարգսյանի օրոք փորձում են համոզել, թե պատմությունը սկսվել է 2008 թվականից եւ այսպես շարունակ: Այս տեմպերով, իհարկե, իշխանական պրոպագանդան մի օր էլ կասի, թե իրենցից առաջ աշխարհը գոյություն չի ունեցել, եւ միայն ՀՀԿ-ի շնրոհիվ է, որ արեւ է ծագել Հայաստանի վրա, ու այսպես շարունակ:

Միգուցե ԱՄՆ այցը աննախադեպ է հենց պատվիրակության անդամների համար. բայց սա, համաձայնեք, պատմությունն աղավաղելու արդարացում չէ ամենեւին:

Ի վերջո, ինչ կարելի է առանձնացնել հայ խորհրդարանականների՝ ԱՄՆ այցից: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այցը կարեւոր համարեց՝ մի քանի հանգամանքներ առանձնացնելով: «Այցի կարեւորությունն իրականում կայանում է մի քանի հանգամանքներով: Նախ նման ձեւաչափով խորհրդարանական բարեկամական խմբի այց տեղի չէր ունեցել, եւ այն հանդիպումները, որ նախատեսված էին այս այցի շրջանակներում, կարեւոր էին թե՛ իրենց բովանդակությամբ եւ թե՛ այն հարցերի առումով, որոնք հանդիպումների ընթացքում քննարկել ենք», – նշեց Հովհաննիսյանը` հավելելով, թե այցը կարեւոր էր նաեւ ՀՀ-ում ընթացող գործընթացներից հետո օրակարգի թարմացման առումով:

Դիտարկմանը` ի վերջո, ի՞նչ առարկայական ձեռքբերում է առկա այցի ընթացքում, Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Ես չեմ ցանկանում կոնկրետ որեւէ քայլ առանձնացնել կամ նշանակալից, ոչ նշանակալից առանձնացնել: Պատվիրակությունը հնարավորություն է ունեցել տարբեր հարցեր քննարկել, եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որպեսզի այդ ամենը կարողանանք կյանքի կոչել», – ընդգծեց նա` հավելելով, թե Հայաստանն ԱՄՆ-ի համար կարող է լավ գործընկեր լինել:

Թերեւս Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի այցի առումով կարող ենք առանձնացնել նրանց հանդիպումն ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները: Սակայն խնդիրն այն է, որ ընդամենը քննարկվել է, ինչը հիմք չի տալիս ենթադրելու, թե այս առումով լուրջ տեղաշարժեր կարելի է ակնկալել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը նախկինում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ն կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։
Ստացվում է՝ տեղի է ունեցել հերթական այցը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել այլ լույսի ներքո: Իսկապես, իշխանական պրոպագանդան ինքն իրեն ծիծաղելի վիճակում է դրել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս