ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՇԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում հերթական անգամ ականատես եղանք ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքին: Այս անգամ եւս անօրինականության թատերաբեմում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին: Բանն այն է, որ երեկ խորհրդարանում պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծին դեմ էին «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, իսկ քանի որ ներկայացված նախագիծը սահմանադրական օրենք էր, ապա պետք է ընդունվեր պատգամավորների թվի առնվազն երեք հինգերորդով` 63 ձայնով: Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 հոգի:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 կողմ ձայնի դեպքում օրենքը չի ընդունվում, ինչին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր գրավոր նշել են, որ իրենց կողմ ձայնը հաշվարկվի, հետեւաբար կողմ ձայների թիվը 64 է: Նշենք, որ կողմ քվեարկելու վերաբերյալ գրավոր համաձայնություն տալն էլ ԱԺ կանոնակարգ օրենքի նորամուծությունն է: Ըստ այդմ, խմբակցություններին լիազորություն է տրված բացակա պատգամավորների փոխարեն քվեարկել լիազորագրի առկայության դեպքում: Երեկ այդ առիթն օգտագործեց կոալիցիան, եւ հաշվեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Աղվան Վարդանյանի կողմ ձայները, ըստ այդմ, ձայների քանակը կազմեց 64, եւ օրենքը ընդունված համարվեց:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, համառեց` ասելով, որ վերջին շարքում բոլորը կողմ են քվեարկել, սակայն ոչ բոլորն են քվեարկության պահին ներկա եղել. «Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց գրանցվել է կողմ», – հայտարարեց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ զարմացավ, թե ինչպես են այդ փոքրիկ դահլիճում կրկին ընտրակեղծարարության դիմում: «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում, մի քվեարկեք»։ Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները չփորձեցին անգամ որեւէ կերպ արդարացնել ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքը: Հակառակը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց` եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների երեք հինգերորդն է, եւ որոշումն ընդունվել է: Այսինքն` ՀՀԿ-ականներին ընդհանրապես չի հուզում այն փաստը, որ իրենց հերթական անգամ «բռնացրել են» ուրիշի փոխարեն քվեարկելու պահին, այլ հակառակը, ուրախ են, որ գոնե նախագիծն ընդունվել է:
Ինչպես արդեն նշեցինք` բացակա պատգամավորը, ում փոխարեն քվեարկություն է եղել, հանրապետական Աշոտ Արսենյանն էր: Եվ, իսկապես, նա նախագծերի քվեարկության ժամանակ ներկա չէր, սակայն նրա փոխարեն կողմ են քվեարկել: Նշենք, որ Արսենյանը խորհրդարանում նստում է Նահապետ Գեւորգյանի եւ Անդրանիկ Հարությունյանի կողքին: Մյուս խմբակցությունները նախագծին դեմ են քվեարկել, բացառությամբ Արգամ Աբրահամյանի ու Սերգեյ Բագրատյանի, ովքեր չեն մասնակցել այդ նախագծի քվեարկությանը:
Այն, որ Ազգային ժողովի պատգամավորներն օրինագծերի քվեարկության ժամանակ հաճախ քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն, գաղտնիք չէ: Այդպես է եղել մշտապես: Ընդ որում, ամեն ինչ մտածվում է նախապես, որպեսզի գեթ մեկ վրիպում չլինի եւ չհանգեցնի նրան, որ նախագծերը չանցնեն: Դա իրենց գործի վարպետ հանրապետականներին ստիպում է անձնուրաց կոճակ սեղմել ոչ միայն իրենց, այլ նաեւ գործընկերների համար` այդպես նաեւ հաճոյանալով ղեկավարությանը: Նախորդ գումարման խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկելու պահերից մեկն անգամ ֆիքսել էին լրատվամիջոցների ներկայացուցիչները, երբ մի քանի ճարպիկ պատգամավորներ հասցրել էին քվեարկել ոչ միայն իրենց, այլեւ իրենց կողքին նստողների փոխարեն: Չնայած վեցերորդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով առկա չէ, սակայն դրա առկայությունն էլ ոչ մի կերպ չէին կաշկանդում պատգամավորներին, չէ որ այդ հանձնաժողովի որոշումները գործնականի չէին վերածվում, եւ պատգամավորը, բացի բանավոր նկատողությունից, ոչինչ չէր ստանում:
Իհարկե, այնպես չէ, որ ուրիշի փոխարեն քվեարկելու պրակտիկան ի հայտ է եկել վերջին տարիներին միայն: Բնականաբար ոչ. հանրապետականներն այդ քայլին դիմում են այն ժամանակ, երբ բացակաները շատ են, եւ հասկանում են, որ չեն կարող օրենք անցկացնել, իսկ սահմանադրական օրենքների քվեարկման կարգն էլ նոր գլխացավանք է դարձել: Նշենք, որ տարիներ առաջ՝ դեռեւս 2012 թվականին, ուրիշի փոխարեն քվեարկելու երեւույթը ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության անդամներին ստիպել էր դահլիճում կանգնել եւ անձամբ մեկ առ մեկ հաշվել, թե որքան պատգամավոր է առկա դահլիճում եւ որքանն են քվեարկում: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարել էր. «Մենք որ կանգնում եւ հաշվում ենք, թե դահիճում ինչքան մարդ կա, եւ ինչքան են քվեարկում, դա անում ենք, որ մեր խորհրդարանի պատիվը բարձր մնա, այլ ոչ թե մեկը մյուսի փոխարեն քվեարկեն»: 2013թ. դեկտեմբերին էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր հավաքել հանրապետական պատգամավորների քվեարկության քարտերը, որպեսզի նրանք միմյանց փոխարեն չքվեարկեն ու չանցկացնեն գազային սկանդալային համաձայնագրերը:
Տարիներն անցան, սակայն պատգամավորների կողմից ձեւավորված պրակտիկան այդպես էլ մնաց: ՀՀԿ-ականներն իրենց կաշին չեն փոխում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԱՂԱՊԵՏԸ ԿՄԵԿՆԻ՞ ԱՄՆ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը «Green Cart» է շահել եւ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նաեւ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Նոր Նորքի թաղապետ Ուլիխանյանը մտադրություն ունի Հայաստանից ընդմիշտ հեռանալ: Ինչի նպատակով էլ նա վաճառքի է հանել իրեն պատկանող ողջ ունեցվածքը:

Այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արմեն Ուլիխանյանի հետ: Մեր հարցերին ի պատասխան` Ուլիխանյանը զարմացած արձագանքեց. «Չկա նման բան… ինֆորմացիան սխալ է: Ամեն ամիս մի բան հնարում են»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյո՞ք դիմել է «Green Cart» ստանալու համար, վարչական շրջանի ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ, չեմ դիմել: Լավ էլի, ինչի մասին եք խոսում: Ես հիմա լծված եմ աշխատանքի: Աշխատել եմ, աշխատում եմ, աշխատելու եմ… եւ Հայաստանից չեմ էլ գնալու: Ի դեպ, այսօր էլ մեր վարչական շրջանում մանկապարտեզ բացվեց»: Իսկ ինչ վերաբերում է ունեցվածքը վաճառքի հանելու տեղեկությանը, Արմեն Ուլիխանյանը փոխանցեց, որ այն եւս իրականությանը չի համապատասխանում:
Մինչ Արմեն Ուլիխանյանը համառորեն հերքում է իր` ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը, նկատենք, որ ըստ պաշտոնական հայտարարագրի` նրա դրամական միջոցները կազմում են 5 մլն դրամ, 2 հազար եվրո եւ 5000 դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական կազմում է 322 հազար դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒՄ
Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածում շրջանցիկ ճանապարհի շինարարությունը սկսվեց 2013 թվականին: Շինարարության մրցույթը շահեց «Իջեւանի ճՇՇ» ՓԲԸ-ն: 2014թ. սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ, 6-7 մետր լայնությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը նախատեսված էր ավարտվել 2014թ. հունիսին, սակայն այն գործարկվեց նախատեսվածից մեկ տարի ուշ` 2015թ. հուլիսին: Այդ նպատակով պետական բյուջեից ի սկզբանե նախատեսված էր 535 միլիոն դրամ, 2014թ. սեպտեմբերին այդ նպատակով պետբյուջեից լրացուցիչ հատկացվեց 55 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը կոչված էր ապահովելու սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից: Ճանապարհամերձ մի հատվածում, որը տեսանելի է ադրբեջանական դիրքերից, կառուցվել է երթեւեկն ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանող 150 մ երկարությամբ եւ 5.5 մ լայնությամբ պատ: Այդ ճանապարհը 6 ոլորան ունի, ոլորաններում վարորդների տեսադաշտը նեղ է: Շրջանցիկ ճանապարհի կառուցումից հետո սողանքից ասֆալտի ծածկում ճեղքեր առաջացան, որի պատճառով քանդվեց շրջանցիկ ավտոճանապարհի մի հատված: Սողանքից քանդված ճանապարհի տակ, հողի շերտի մեջ երեւում էին ծառի բներ, մինչդեռ անթույլատրելի է կառուցված ճանապարհի մեջ ծառերի առկայությունը: 2017թ. «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ն կատարեց 2 տարի առաջ գործարկված շրջանցիկ ավտոճանապարհի սողանքից քանդված հատվածի նորոգումը: Բանվորները քանդված հատվածի ներքեւի մասում խճաքարերից գաբիոններ սարքեցին, պետական բյուջեից ճանապարհի նորոգման համար հատկացվեց 24 միլիոն դրամ: Ներկայումս վարորդները խուսափում են Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ, ոլորապտույտ այդ ճանապարհից, գերադասում են երթեւեկել սահմանամերձ տարածքով ձգվող հիմնական, ավելի վտանգավոր ճանապարհով: Բյուջեից ավելի քան 600 միլիոն դրամով կառուցված շրջանցիկ ճանապարհով սակավաթիվ երթեւեկողներ կան: Հիմնական ճանապարհը թեեւ սահմանի եզրով է ձգվում, սակայն այնտեղ վարորդների համար բավարար տեսադաշտ կա: Շրջանցիկ ավտոճանապարհը լիովին չի ապահովում այդ ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը դեմ-դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից: Հարկ էր հիմնական ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածում անվտանգության պատ կառուցել, եւ սահմանագոտու այդ հատվածում երթեւեկության անվտանգության խնդիրը լուծված կլիներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս