Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում
Ինչ-որ մեկը կանանց եւ աղջիկների մարտի 8-ը շնորհավորելու յուրահատուկ տարբերակ է մտածել: Ըստ նրա տրամաբանության` իգական սեռի բոլոր ներկայացուցիչները «թիթիզ» են: Կա՞ն այլ կարծիքներ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ՀՀ-ում ապաստան ստանալու համար ո՞ւր պետք է դիմել:
Մարինե Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե քաղաքացին գտնվում է ՀՀ տարածքում, ապա ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելու համար պետք է այցելել ՀՀ միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ): Դիմողը պետք է ՄՊԾ-ին ներկայացնի ՀՀ կառավարության կողմից սահմանված ձեւի դիմում: Դիմումը կարող է լրացվել հայերեն կամ ձեր մայրենի լեզվով կամ ՄԱԿ-ի լեզուներից մեկով /արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն/:
Ապաստան ստանալու մասին դիմումում անհրաժեշտ է նշել այն հանգամանքները, որոնք պատճառ են հանդիսացել քաղաքացիության կամ մշտական բնակության երկիրը լքելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել` անձնագրի պատճենը, անձը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները, եթե հնարավոր է; ծննդյան վկայականի պատճենը (եթե անչափահաս է); առկա այնպիսի փաստաթղթերը, որոնցով, ըստ դիմողի, կարող են հիմնավորվել նրա նկատմամբ հետապնդումները; 4 գունավոր լուսանկար /35×45 մմ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի դիմում ներկայացնել նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել ապօրինի, չունի անձնագիր կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ: Ապաստանի դիմումը կընդունվի, եւ նա կհաշվառվի ՄՊԾ-ում որպես Հայաստանում ապաստան հայցող անձ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե քաղաքաշինության բնագավառում իրականացվում է գործունեություն առանց համապատասխան լիցենզիայի, ապա օրենսդրությամբ ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված վերջինիս:
Հրայր Մխիթարյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու դեպքերում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից:
Նույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը (անկախ լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակից) կրկնվելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզավորման կամ թույլտվության ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:
Միաժամանակ նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) եւ երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը օգտագործելու դեպքում կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: