ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՍԵՐԺ ԱԶԱՏԻՉԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստան էին ժամանել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները: Այցի շրջանակներում երեկ նրանք հանդիպում են անցկացրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված եղել: Իհարկե, առաջնային թեման նաեւ հայ-ռուսական հարաբերություններն են՝ հաշվի առնելով նաեւ երկու երկրների ներքաղաքական կյանքում սպասվող իրադարձությունները:

Չնայած իշխող ՀՀԿ-ն դեռեւս վերջնականապես չի հաստատել, որ Սերժ Սարգսյանն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, սակայն նույնիսկ ռուսական կողմը չի թաքցնում, որ կողմ է վերջինիս վարչապետությանը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հետ:
-Պարո՛ն Զինուրով, հայ-ռուսական հարաբերությունների համար կարեւո՞ր է, թե ով է իշխանության Հայաստանում: Մասնավորապես Հայաստանը նոր նախագահ ունի, առջեւում էլ վարչապետի ընտրություններ են սպասվում:
-Գիտե՛ք, անկեղծ ասած, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պատմությունը վկայում է, որ առաջին հերթին դարերով ընկերություն են անում ազգերը: Իհարկե, կառավարման ձեւը կարող է որեւէ ազդեցություն ունենալ, սակայն հայ-ռուսական հարաբերությունների վրա չեմ կարծում, թե դա ազդեցություն կունենա: Հայ-ռուսական հարաբերությունները սերտ փոխկապակցված են` ռազմական, մշակութային, միգրացիոն եւ այլ առումներով: Ինչ վերաբերում է ՀՀ նոր նախագահին, ես նրան եւ հայ ազգին մաղթում եմ հաջողություններ: Հույս ունեմ, որ խորհրդարանական համակարգը դրական կանդրադառնա հայ ազգի եւ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Արդյոք ՌԴ-ի համար կարեւո՞ր չէ, թե ապրիլից հետո ով է լինելու ՀՀ վարչապետը: Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, դա որեւէ կերպ կանդրադառնա՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Ես նույնպես այդ խոսակցությունները լսել եմ, թե ով պետք է լինի վարչապետ: Ես կարող եմ այսպես ասել. ես չէի ցանկանա այդ ամենը մեկնաբանել, քանի որ դա Հայաստանի ներքին խնդիրն է, քաղաքականության հետեւանքը: Հայաստանի նոր Սահմանադրությամբ, իհարկե, վարչապետն առաջին հերթին պատասխանատու է տնտեսության, ազգի, ամեն ինչի համար: Եվ ես, բնականաբար, կարծում եմ, որ պետք է լինի ուժեղ լիդեր, աշխարհում հեղինակություն ունեցող անձ: Սակայն չէի ցանկանա անձնավորել եւ որեւէ մեկին մատնանշել:
-Իսկ Սերժ Սարգսյանը համապատասխանո՞ւմ է Ձեր կողմից թվարկված չափանիշներին:
-Այո՛, իհարկե: Նա այդպիսի նախագահ է եղել: Դուք գիտեք, որ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի: Ոչ բարեկամաբար տրամադրված հարեւան պետությունները հաճախ արտահայտվում են Հայաստանի դեմ: Սակայն Սերժ Ազատիչն արժանիորեն, համբերատար այդ ամենը տանում է` առանց ինչ-որ կտրուկ քայլերի, եւ դա նրան պատիվ է բերում: Թող հետագայում էլ այդպես լինի, քանի որ, եթե փոքր Հայաստանը կտրուկ քայլեր անի այդպիսի հայտարարություններին ի պատասխան, դա կլինի ոչ այնքան լավ:
-Ռուսաստանը հետեւո՞ւմ է Հայաստանում տիրող տրամադրություններին, ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչերին:
-Ես կարծում եմ, որ ընդդիմություն յուրաքանչյուր երկրում էլ պետք է լինի: Թող ինչ-որ բաներ ասեն, ՌԴ-ն այդ ամենին չի խառնվում, մենք` պատգամավորներս, նույնպես: Ես գիտեմ հակառուսական տրամադրությունների, հայտարարությունների մասին, թող ասեն: Մենք չենք խառնվում, սակայն հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում: Չեմ կարծում, թե վտանգավորություն է ներկայացնում այդ ամենը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ԵԼՔ»-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԻ ՉԵՆ ԵԿԵԼ

Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր: Սակայն մի քանի ժամ տեւած քննարկման արդյունքում «Ելք»-ի ներկայացուցիչներն այդպես էլ ընդհանուր եզրահանգման չեն եկել, եւ որոշվել է քննարկումները շարունակել: Ըստ մեր տեղեկությունների` «Ելք» խմբակցության մի մասը` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կողմնակից է եղել փողոցային պայքար սկսելուն, մինչդեռ Էդմոն Մարուքյանն իր կողմնակիցների հետ դեմ է եղել` համարելով այն անհեռանկարային, ոչինչ չտվող: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ինչո՞ւ այդպես էլ որեւէ որոշում չկայացվեց:
-Անհրաժեշտ է ամեն ինչ ճիշտ հաշվարկել, որպեսզի որոշումն էլ լինի այդպիսին:
-Ձեր դաշինքի տարբեր ներկայացուցիչներ չեն հերքում, որ կան տարաձայնություններ, թե Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ ուղղված պայքարն ինչ ձեւով ընթանա: Հիմա, ի վերջո, ըստ Ձեզ` հասնելո՞ւ եք ընդհանուր հայտարարի:
-Դե, մեզ մոտ շատ հարցերի շուրջ կա բազմակարծություն, եւ դա նորմալ է: Մենք միշտ քննարկումներով մինչեւ հիմա եկել ենք կոնսենսուսի: Կարծում եմ` այս պարագայում էլ կհաջողենք:
-Դուք ինքներդ պայքարի հարցում ո՞ր ճանապարհի կողմնակից եք:
-Քանի որ ամեն ինչ դեռ քննարկման փուլում է, հիմա որեւէ բան չեմ կարող բարձրաձայնել:
-Կոնկրետ Ձեր տեսակետը…
-Ժամանակը կգա, ես իմ տեսակետը դաշինքի նիստում կարտահայտեմ, արտահայտել եմ, արտահայտում եմ:
-Իսկ հնարավո՞ր է` դաշինքի միայն մի մասը պայքարի Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
-Ասում եմ` երբ կլինի որոշում, կերեւա: Հիմա մի քանի սցենարներ քննարկվում են: Փաստարկները ծանրութեթեւ ենք անում:
-Այն, որ բավական երկար տեւեց քննարկումը, խոսում է այն մասին, որ իսկապես շա՞տ են տարաձայնությունները:
-Դա վկայում է այն մասին, որ մենք լուրջ ենք մոտենում խնդրին եւ մեր ցանկացած քայլի: Սա առաջին դեպքը չի, որ մենք երկար քննարկումներ ենք ունենում: Ուղղակի այս հարցի շուրջ հասարակության, լրագրողների հետաքրքրությունը չափից շատ մեծ է` երեւի հարցի կարեւորությունից ելնելով:
-Նիկոլ Փաշինյանն այս հարցում փողոցային պայքարի կողմնակից է, իսկ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու ժամանակն անցել է: Ստացվում է` դաշինքի երկու առանցքային ներկայացուցիչներ տարբեր դիրքորոշումներ ունեն:
-Այդ դիրքորոշումներն ավելի հիմնավոր են, բազմակողմանի եւ բազմաթիվ են:
-Իսկ գուցե՞ դաշինքի որոշ ներկայացուցիչների հանդեպ ճնշում կա, որ վերջնական եզրահանգման դեռ չեք հասել:
-Բացարձակ: Մեր դեմ որեւէ ճնշում չեն կարող գործադրել, որովհետեւ մենք չունենք այն թույլ կետերը, որտեղ կարող են ճնշել: Որեւէ հարցով մեզ վրա ճնշում չի եղել: Չեմ հասկանում` ինչ ճնշման մասին է խոսքը:
-Եթե ընտրվի փողոցային պայքարի ճանապարհը, ըստ Ձեզ` «Ելք» դաշինքին կհաջողվի՞ հավաքել մարդկանց մեծ զանգված: Չէ՞ որ դաշինքի նախորդ` թանկացումների դեմ ուղղված հավաքին մեծ չէր մարդկանց թիվը:
-Երբ կունենանք որոշում, այն կլինի հիմնավորված եւ կտա բոլոր հարցերի պատասխանը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Մարտի 19-ին մեկնարկող ԱԺ նիստը խոստանում է հետաքրքիր լինել: Չնայած օրակարգում ընդգրկված շատ հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սակայն կան նախագծեր, որ առաջին ընթերցում են անցնելու եւ հետաքրքիր քննարկումը երաշխավորվում է: Նախ` մարտի 19-ից մեկնարկող քառօրյայում ընդգրկված է լինելու Սահմանադրական դատարանի նախագահին ընտրելու հարցը: Միակ թեկնածուն, ինչպես հայտնի է, Հրայր Թովմասյանն է, ով միայն վերջերս է դարձել ՍԴ անդամ, այժմ էլ նույն ճանապարհը պետք է անցնի արդեն ՍԴ նախագահի պաշտոնի համար. նրան կրկին պետք է ընտրեն փակ-գաղտնի քվեարկությամբ, եւ 2015թ. Սահմանադրության համաձայն` Թովմասյանը հնարավորություն կունենա մինչեւ 65 տարեկանը զբաղեցնել այս կարեւորագույն պաշտոնը: Օրակարգում ընդգրկված է լինելու նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության նախագիծը՝ 2008թ. մարտի 1-2 իրադարձություններին վերաբերող, որն իշխանության ներկայացուցիչներն անակնկալ կերպով ընդգրկեցին օրակարգի կազմի մեջ: Այնպես որ, համաձայնեք, բավական թեժ օրեր են սպասվում:

 

 

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության դեմ` պահանջելով 91 մլն դրամ: Ընդ որում, դատարանը մասնակի բավարարել է «ՄԱՊ» ընկերության գույքի վրա արգելանք դնելու մասին միջնորդությունը: Եվ ահա տեղեկացանք, որ մարտի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է գործը կարճելու մասին որոշում. «Երեւանի Կոնյակի գործարանը» հրաժարվել է հայցից, ինչի արդյունքում էլ գործը նախագահող դատավոր Էդգար Հովհաննիսյանը կարճել է գործը: Ամենայն հավանականությամբ, նախկին պատգամավորը ներքին կարգով համոզել է հաշտվել եւ հայցը ետ վերցնել:

 

 

ՆՎԵՐԸ` ՆԿԱՐԻ ՏԵՍՔՈՎ
Հայաստանի գերատեսչությունները հուշանվերների գնումների հարցում մեկը մյուսի հետ մրցավազքի են դուրս եկել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ անդրադարձել է գերատեսչությունների կողմից գնված թանկարժեք հուշանվերներին՝ թե՛ նկարի, թե՛ կոնյակի տեսքով: Ինչպես հայտնի է՝ հուշանվերների գնումների մեջ ամենափորձառու գերատեսչություններից է արտաքին գործերի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը: Բայց պարզվում է` նրանցից ետ չի մնում նաեւ կառավարությունը:
Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը գնել է մեկ հատ նկար՝ 728 հազար դրամով: Մասնավորապես գնվել է Արթուր Շարաֆյանի հեղինակած նկարներից՝ «Անտառային տրամադրություն»-ը, թե ում են նվիրելու այս նկարը, պարզ չէ. հավանաբար, Կարեն Կարապետյանը որոշել է այն իր հետ որպես նվեր տանել Լիբանան՝ վերջին այցի շրջանակներում:




Լրահոս