Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը նախօրեին խոսել է վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին` ասելով, որ ինքը նման մտադրություն չունի, բայց եթե ՀՀԿ-ում որոշում կայացվի, ինքը կհամաձայնի: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:
-Պարո՛ն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` քաղաքականության մեջ անձերի փոփոխություն պե՞տք է, թե՞ տարիներ շարունակ նույն մարդիկ պետք է բարձր պաշտոններ զբաղեցնեն:
-Եթե ամենակարեւորը համակարգերը եւ կառուցվածքները ճիշտ պատկերացնես, եթե մենք մեր դեպքում կարողանում ենք խորհրդարանական կառավարումը լիարժեք իրացնել, ինքը թելադրելու է նոր կադրեր: Այսինքն` նախ պետք է ունենալ կառավարման համակարգի կոնստրուկցիան, նոր համապատասխանաբար կադրային պահանջ է առաջանալու: Այն կադրերը, որոնք նախկինից եկել են, չեն կարողանալու սպասարկել այդ կառույցը: Հետեւաբար բնական ընթացքն այդպիսին է, պետք է հիմնականում ստեղծել համակարգ, այնուհետեւ համարժեք կադրեր:
-Հիմա եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ինչի մասին խոսվում է, եւ որպես միակ թեկնածու նրա անունն է շեշտվում, կադր չի՞ փոխվում:
-Ես նորից եմ ասում` ինձ համար կոնկրետ կառավարման համակարգի փոփոխությունն է: Ենթադրում եմ եւ վստահ եմ, որ այդ համակարգի փոփոխությունը կբերի կադրային ամբողջովին նոր որակ: Եվ կադրերը, կարծում եմ, պետք է ավելի երիտասարդ, ժամանակներին համահունչ լինեն: Այս պահին ակնկալել կադրային փոփոխություններ, շատ լուրջ չի, բայց համակարգը եթե կայանում է, պարտադիր պահանջ է առաջանալու նոր կադրերի: Եվ առանց դրա որեւէ երկիր զարգացում չի կարող ունենալ:
-Բայց Սերժ Սարգսյանը թույլ կտա՞, որպեսզի նոր կադրեր առաջ գան, եւ ինքը մնա լուսանցքում, օրինակ:
-Ինձ անձնավորված հարցեր մի՛ տվեք: Նորից եմ ասում` համակարգերն են կարեւոր: Համակարգ ներդնելու դեպքում որեւէ ուժ ի վիճակի չի լինելու կադրային այս պահանջարկը զսպելու: Դա մարտահրավեր է դառնալու աշխարհին, եւ եթե դու համարժեք կադրեր չունես, չես կարող սպասարկել: Ուղղաձիգ կառավարման համակարգն այլեւս չկա: Ապրիլի 17-ից մենք ունենալու ենք հորիզոնական կառավարման համակարգ` իր բոլոր հետեւանքներով:
-Ո՞վ է տուժելու այս դեպքում:
-Այս դեպքում շահելու է ժողովուրդը, ով կտուժի, թող տուժի, չգիտեմ: Բայց ժողովուրդը շահելու է, տնտեսությունը շահելու է, պետությունը շահելու է: Իսկ մեզ համար կարեւորն այդ արժեքներն են: Անձերը ժամանակավոր են, պետությունն է հավերժ: Մենք պետք է ունենանք հզոր պետություն, որը համայն հայության համար լինի այն հայրենիքը, որտեղ ինքը կարող է ազատ ապրել, տնտեսվարել, ստեղծագործել:
-Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին քվեարկելու դեպքում «Ծառուկյան» խմբակցությունը որոշեց եւ կողմ քվեարկեց, այդպիսով անհրաժեշտ ձայներ ապահովվեցին, եւ նա ընտրվեց: Վարչապետի ընտրության դեպքում ձեր կարիքը չկա, ՀՀԿ-ն կարող է իր ունեցած ձայներով ընտրել: Հիմա եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածու, այս դեպքում խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում է ունենալու:
-Մենք հանրապետության նորընտիր նախագահի հետ գործակցության տարբեր ձեւաչափեր քննարկել ենք: Տեսնելով, որ համակարծիք են մեր մոտեցումները, տեսնում է նույն ճանապարհը, ինչ մենք, նույն մտահոգություններն ունի, որոնք են արտագաղթը, մրցակցության բացակայությունը եւ այլն: Լսելով հավաստիացումներ, որ պատրաստ է համատեղ այդ ճանապարհն անցնելու, մենք քվեարկել ենք: Մնացած դեպքերում կտեսնենք, երբ օրը կգա:
-Սերժ Սարգսյանի հետ, օրինակ` «Ծառուկյան» դաշինքը տեսնո՞ւմ է համագործակցության եզրեր:
-Երբ թեկնածությունը կհաստատվի, մենք միասին կքննարկենք: Այս պահին չեմ ցանկանում քննարկել նման հարց:
-Չի բացառվում, որ «Ելք» դաշինքն էլ վարչապետի թեկնածու ներկայացնի: Եւ, ընդհանրապես, բոլոր խմբակցություններն իրենց թեկնածուին կարող են առաջադրել, եթե «Ծառուկյան» խմբակցությունն էլ որոշի թեկնածու ներկայացնել, կա՞ն արժանի մարդիկ, ովքեր իսկապես կարող են տնտեսական եւ այլ առումներով վարչապետի թեկնածու լինել:
-«Ծառուկյան» դաշինքում` ե՛ւ կուսակցության մեջ, ե՛ւ համակիրների թվում, բազմաթիվ արժանի մարդիկ կան, որոնք կարող են ցանկացած պաշտոնում պաշտոնավարել: Թեկնածություն կառաջադրվի, թե ոչ, դա միայն կորոշի խմբակցությունը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան