ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտ-ի 1-ի գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՔԾ-ին ուսումնասիրել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հետ:
-Տիկի՛ն Սաֆարյան, Ձեր եւ Անդրանիկ Քոչարյանի զեկույցը գլխավոր դատախազությունն ուղարկել ՀՔԾ` ուսումնասիրության: Ի՞նչ է սա ենթադրում, եւ ինչ զարգացումներ են հնարավոր:
-Դե, վարույթն իրականացնող մարմինն ամեն դեպքում քննություն կտանի: Հիմա ուրիշ խնդիր է, թե որքան արդյունավետ քննություն կտարվի, եւ արդյո՞ք սա ձեւական բնույթ չի կրի՝ ընդամենն, ասենք, հանրության ուշադրությունը շեղելու համար, որ գործ ենք անում, երբ կավարտենք, արդյունքները կզեկուցենք հանրությանը: Եթե այս տեսակետը չկրի, եթե իրականում գործ ցանկանան անել, այնտեղ բավականին հարցեր կան, որոնց վրա կարելի է ուշադրություն դարձնել, մասնավորապես բանակի ներքաշման հարցում ով ինչ դեր է ունեցել, ինչ աստիճան է ներքաշվել, ում թիկունքն է պահել մեր բանակը: Ցանկալի է, որ քննությունն արդյունավետ լինի, գոնե մի մարմին կարողանա որոշակի հարցերի պատասխան տալ, որ հասարակության մեջ առաջանա վստահություն վարույթ իրականացնող մարմնի նկատմամբ: Ես կարծում եմ, որ իրավական համակարգը վերջապես պետք է հասկանա, որ Մարտի 1-ի բացահայտման հետ հանրության մեջ կարելի է հույսի հատիկներ առաջացնել եւ ապահովել երկրի հետ կապը:
-Ի՞նչ է ենթադրում քննությունը: Հարցաքննվողնե՞ր պետք է լինեն:
-Իհարկե, պետք է քննվեն: Եթե խոսում ենք գործի բազմակողմանի քննությունից, ապա պետք է հարցաքննվեն անձինք, ովքեր երբեւէ առնչվել են այդ ամենի հետ, ովքեր բանակ են ներքաշել, այնուհետեւ նախարարը, ով առնչվել է այս պատմությանը, հետո ստորադաս օղակում ինչ է կատարվել, ով ինչպես ներքաշվեց, ով ինչու եղավ, ով ինչ բերեց իր հետ: Ուզում եմ ասել, որ, իհարկե, հարկադրված կլինեն քննչական որոշակի գործողություններ կատարել:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ հենց հիմա որոշվեց այսպիսի քայլ կատարել, եւ արդյո՞ք այս ամենը կարող էր լինել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության:
-Չեմ կարծում, որ մեզ մոտ գործում է անկախ եւ անկաշկանդ վարույթ իրականացնող մարմին: Ես այդ տպավորությունը չունեմ: Ես կարծում եմ, որ նմանատիպ գործերով պետք է լինի, այսպես ասած, վերեւների կամքը: Իսկ թե վերեւների կամքն ինչ նկատառումներով է թույլ տալիս, որ այսպիսի բաներ զարգանան, չեմ կարող ասել: Միգուցե հանրության մեջ զարգացել է այդ պահանջատիրությունը, գուցե նաեւ հիմա քաղաքական իրավիճակն է ստիպում, որ նախագահը որոշակի քայլեր անի: Այս տեսանկյունից իր համար երեւի նպաստավոր իրավիճակ է, որ հանրությանը հանգստացնի, ասի, որ փաստերը քննության առարկա են դառնում, եւ պետք է համբերեք: Թե ամբողջ իրավիճակից ով ինչ օգուտ կքաղի, ես չեմ կարող ասել:
-Նույն «Ելք» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ ականատես եղանք, որ նույնիսկ ՀՀԿ-ի շուրթերից սլաքներն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը: Արդյո՞ք այս զեկույցին ընթացք տալը եւս նրա դեմ ուղղված ենթատեքստեր է պարունակում:
-Միշտ երկրորդ նախագահը խնդիր ունեցել է, այնպես չէ, որ թիրախավորված է դա, ես այդ կարծիքին չեմ: Իհարկե, ամենամեծ տեղը նրանն է եղել: Ուժային կառույցները եւ այլն, նրա ձեռքին են եղել, ես այդպես չեմ մտածում: Լուրջ խնդիր է, թե էլ ով կա նրա հետ: Այս տեսանկյունից ես ուզում եմ, որ ճիշտ մտածենք, որովհետեւ այդ միջոցառման հեղինակներն այդ ժամանակվա իշխանավորներն են եղել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ԵԼՔ»-ԻՑ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՅՔԱՐԵԼ

«Ելք» դաշինքի ներկայացուցիչները մի քանի օր է` քննարկում եւ այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս Սերժ Սարգսյանի` արդեն վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարումը կանխելուն ուղղված պայքարի մարտավարության հարցում: ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը հայտարարել էր, թե «Ելք»-ում մեծամասնությունը դեմ է ՔՊ առաջարկած ճանապարհային քարտեզին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Տիկի՛ն Նազարյան, «Ելք» դաշինքից Ձեր գործընկեր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ դաշինքի մեծամասնությունը դեմ է ՔՊ առաջարկած ճանապարհային քարտեզին: Ինչո՞ւ չեք փորձում ընդառաջ գնալ ԼՀԿ անդամներին:
-Նախ պայմանավորվել ենք, որ կանենք խմբակցության նիստ, եւ որոշումը կհրապարակվի: Այդ ժամանակ էլ պարզ կլինի` մեծամասնությունը դեմ է, թե կողմ: Քանի դեռ չենք արել, ես ինքս չգիտեմ` ինչու են այդպես ասել: Կլինի որոշում, ըստ այդմ` կերեւա:
-Հնարավոր է` ստացվի այնպես, որ ԼՀԿ-ն չմասնակցի «Քաղաքացիական պայմանագրի» նախանշած երթերին, որ պետք է կայանան ապրիլի 1-ին եւ 3-ին:
-Իսկապես դժվարանում եմ հստակ բան ասել, ինչն ինձ էլ դուր չի գալիս: Քանի դեռ որոշում չկա, խուսափում եմ մեկնաբանություններ տալ:
-Քննարկվում է այն տարբերակը, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձին պայքարի, Նիկոլ Փաշինյանի թիմն` առանձին:
-Նույն կերպ եմ պատասխանելու. քանի դեռ չունենք հստակ որոշում, չեմ ուզում որեւէ մեկին առանձնացնել` ինչ-որ բանի հետ կապված: ԼՀԿ-ն ոչ թե առաջարկում է, այլ մանրամասն քննարկում է մեր առաջարկը եւ ունի մտահոգություններ, որոնք արտահայտում է:
-Կոնկրետ Ձեր դիրքորոշումը ո՞րն է` որպես քաղաքական գործիչ:
-Քանի որ փողոցային պայքարի առաջարկը ներկայացվել է մեր կուսակցության կողմից, հետեւապես ես պաշտպանելու եմ այդ առաջարկը: Անկախ ամեն ինչից` մենք գնալու ենք այդ առաջարկով: Այսինքն` մեր առաջարկը չի տուժելու, անկախ նրանից` մեր գործընկերները կհամաձայնեն, թե չեն համաձայնի: Բայց մեր ցանկությունն է, եւ մենք համբերատար սպասում ենք, պատասխանում ենք հարցերին, շտկումներ ենք անում ընթացքում, լսում ենք մարդկանց մտահոգությունները, որպեսզի կարողանանք համաձայնության գալ:
-Այսինքն` անկախ որոշումից` Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ մյուս ներկայացուցիչները լինելու են հրապարակում:
-Այո՛:
-Էդմոն Մարուքյանը դեռեւս 2014 թվականին էր ասում` ինքը երբեք որեւէ մեկի հրաժարականը չի պահանջել, Իսկ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջարկում է փորձել կանխել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը: Այսինքն` հիմնական անհարթությունը Մարուքյանի եւ Փաշինյանի միջե՞ւ է:
-Ո՛չ, չէի ասի: Երեք կուսակցությունների համար էլ անընդունելի է Սերժ Սարգսյանի` փաստացի 3-րդ ժամկետը: Խնդիրն ավելի շատ մեթոդական է, եւ դա էլ քննարկվում է:
-Բայց դաշինքում, ստացվում է` տարաձայնություններն իսկապես շատ են, որ մեկ օրում չստացվեց համաձայնության գալ:
-Դրա վրա մի՛ զարմացեք, որովհետեւ տարաձայնություններ եղել են, կան ու կլինեն: Դա նորմալ է. վերջում մենք միայն շահում ենք:
-Եթե, ի վերջո, կոնսենսուս չլինի, առանձին ճակատներով պայքարելո՞ւ եք:
-Եթե կոնսենսուս չլինի, ՔՊ-ն իր ներկայացրած ծրագիրն իրականացնելու է` որպես ՔՊ:
-Այսինքն` ոչ թե արդեն դաշինքի անունից:
-Այո՛, այո՛:
-Դաշինքում, փաստորեն, առանձնանալո՞ւ եք իրարից:
-Չեմ համարում, որ դա կարող է դաշինքի անդամների փլուզման պատճառ դառնալ: Մենք կարող ենք այդպես որոշել, այդպես գործել: Մեր ցանկությունը փլուզումը չի, դրա համար համբերատար ներկայացնում ենք մեր առաջարկները:
-ԼՀԿ-ում չեն հավատում, որ փողոցային պայքարով կարելի է հասնել նրան, որ կանխվի Սերժ Սարգսյանի վարչապետությունը:
-Այդ մեկնաբանություններն արդեն ԼՀԿ-ից ուզեք, էլի: Մենք լսում ենք իրենց մտահոգությունները, բայց ես չեմ համարում, որ իրենցը պետք է ներկայացնեմ: Եթե հարկ են համարում իրենք` հրապարակավ ինչ-որ բաներ են հայտնում:
-Այո, հրապարակավ ներկայացնում են իրենց դիրքորոշումը եւ փորձում մեղադրական սլաքներն ուղղել ՔՊ կողմ:
-Չեմ կարծում, որ մեղադրում են, ինչ կա մեղադրելու:
-Այսօր կամ առաջիկա օրերին նորից հավաքվելո՞ւ եք` քննարկման համար:
-Այսօր չէ, գուցե վաղը: Բնականաբար, օդում կախված չենք թողնելու այս հարցը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ
Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում բռնության ենթարկված «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում` հարցին, թե բժշկական կենտրոնում ինչպե՞ս վերաբերվեցին իր քայլին, եւ արդյո՞ք խնդիրներ չեն առաջացել, Խաչատրյանն ասաց. «Ոչ միայն այն բժշկական կենտրոնում, որտեղ ես աշխատում եմ, այլեւ մյուս բժշկական կենտրոններում, ուսումնական հաստատություններում եւ, ընդհանրապես, իրենց տներում, փողոցում մարդիկ, երբ ինձ տեսնում են, ողջունում են, մեր խմբակցության կատարած ակցիան են ողջունում: Եվ բոլորը միաձայն ասում են, որ նրանք համակիր են եւ այն գաղափարներն են կրում, որ մենք ենք տարածում»:

 

 

ՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՏԱ՞Ն
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործով վկաներն այդպես էլ չեն ներկայանում դատարան, մինչդեռ չի բացառվում, որ ներկայանալու դեպքում նոր բացահայտումներ լինեն: Հիշեցնենք` 2016թ. ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսան` Հրանտ Կարապետյանը, որը Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարն էր, ազատվել էր պաշտոնից: Ավելի ուշ մամուլը գրեց, որ նա տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով: Այս աղմկահարույց բացահայտումից հետո կալանավորվեց Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գեւորգ Բրուտյանը, իսկ ահա Կարապետյանը ջրից չոր դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագ տեսուչի պաշտպաններ Արայիկ Ղազարյանը, Հովսեփ Սարգսյանը եւ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն էին ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Բրուտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու համար, սակայն միջնորդությունը գործը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը մերժել է: Ավելին` մարտի 14-ին եղել է այս գործով դատական նիստը, սակայն վկա Ն. Գրիգորյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է: Չի բացառվում, որ վկաները, եթե ներկայանան դատարան, միգուցե եւ տան Շահգալդյանի փեսայի ու էլի շատերի անունները:

 

 

ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը վերջերս կրկին սենսացիոն հայտարարություն է արել, որը, բնականաբար, ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում են հերքել: Նա նշել է, թե հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիր գոյություն ունի, որը քննարկվել է երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ ինչպես կմեկնաբանեք նրա հայտարարությունը, նշեց. «Լավ էլի, շատ կան ռուսական գործիչներ, ովքեր ասում են այն, ինչ ձեռնտու է Բաքվին»:




Լրահոս