«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերից հայտնի դերասանուհի, Երեւանի կամերային թատրոնի արտիստուհի Լուիզա Ներսիսյանի հետ։
-Լուիզա՛, Կամերային թատրանում Ձեր մասնակցությամբ «Սեւ արկղ» ներկայացման բեմադրությունն էր։ Ինչո՞վ է այն առանձնանում։
-Թատրոնում անընդհատ պրպտումների մեջ եմ, «Սեւ արկղը» բեմադրական այնպիսի փուլում է, երբ ամեն անգամ հանդիսատեսի հետ դրա մեջ նոր բան ենք գտնում եւ հաճույք ստանում։ Հանդիսատեսը շատ մոտ է նստած, եւ դու ակամայից ֆիլմային էֆեկտով ես խաղում, քանի որ աշխատում են մոնիտորներ, որոնք խոշոր պլան են ապահովում։ Եթե այլ ներկայացումների դեպքում կարող ես էմոցիաներդ հանդիսատեսի հետ հեռվից կիսել, այստեղ արդեն փախչելու տեղ չունես։ «Սեւ արկղը» ֆիլմ-ներկայացման միքս տարբերակ է, որի շրջանակում հանդիսատեսը ներկա է գտնվում ընկերների հավաքույթի, եւ ինչ էմոցիաներ որ մենք ապրում ենք, նույնն ինքն է ապրում։
-Մի առիթով նշել եք, որ Հրանտ Թոխատյանը Ձեր կուռքն էր, որը հետո դարձավ Ձեր ամուսինը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին։
-Երբ մեր բնագավառում առաջին քայլերդ ես անում, քեզ համար ձեւավորում ես որոշակի թիմեր, որոնց աշխատանքին սկսում ես նախանձախնդրությամբ հետեւել, ձգտում ես, որ դու էլ հայտնվես տվյալ միջավայրում։ Այդպիսի մի թիմ էլ ձեւավորվել էր «Խաթաբալադա» ներկայացման շուրջ։ Ներկայացումն ինչքան խաղացել են, այդքան դիտել եմ՝ աստիճաններին նստած, որպես ուսանող։ Այդ ոճը, ժանրն ինձ այնքան էր գրավել, որ ենթագիտակցաբար քայլերս ուղղեցի Կամերային թատրոն, որտեղ էլ սկիզբ է առել ժանրը։ Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյան երեւույթին, ասեմ, որ նա ինձ համար շատ հետաքրքիր մարդ է, անհատ, որից անընդհատ սովորելու բան ունես։
Շատ կարեւոր է այն, որ նա երբեք չի հոգնեցնում։ Երկար տարիներ կենցաղ կիսելուց հետո ժամանակն էր, որ ինչ-ինչ թերացումներ, նյարդայնացնող որեւէ բան նկատեի, բայց, ի ուրախություն ինձ, պետք է ասեմ, որ նման բաներ չեմ նկատել։ Հրանտն իր տեսակով մարդ-տոն է, որն ամեն առավոտ լույս է պարգեւում իր ընտանիքին։ Մենք էլ ձգվում ենք դեպի այդ լույսը, եւ այդ մթնոլորտում, համերաշխության մեջ էլ մեծանում է մեր աղջիկը։
-Կայացած տղամարդու կողքին ավելի լավ է լինել մի քիչ թո՞ւյլ, թե՞ պարտավորված զգալ՝ հետ չմնալու համար։ Ո՞ր դիրքն է ավելի շահեկան։
-Կնոջ համար շահեկան է թույլ լինելը, ձեռնտու է զոհի կարգավիճակը, որովհետեւ նրան գալիս եւ փրկում են, բայց ես տեսակով ըմբոստ եմ ու պայքարող։ Ամեն դեպքում, ես ե՛ւ պայքարողի հոգեբանությամբ եմ նայում կյանքին, ե՛ւ թուլանում եմ, երբ ուզում եմ կին ծնված լինելու հաճույքից օգտվել։ Կարծում եմ՝ կինը պետք է դիվանագետ լինի եւ հասկանա՝ տվյալ պահին ինչպես կողմնորոշվի։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան