ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ԽԱԽՏԵԼ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսուցիչներին եւ բուժաշխատողներին կարգելվի ընտրությունների ժամանակ քարոզչությամբ զբաղվել. ԸՕ համապատասխան փոփոխությունները երեկ ընդունվել են ԱԺ-ի կողմից: Որքանո՞վ այս օրենքը կարող է արդյունավետ լինել, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարո՛ն Բոստանջյան, չե՞ք կարծում, որ այս օրենքը մի փոքր ուշացած էր, քանի որ նախագահի ընտրություններ արդեն չեն անցկացվում, քանի որ Ազգային ժողովն է ընտրում, իսկ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին են լինելու:
-Պետությունների, հասարակությունների զարգացման համար այս որոշումը չի կարող լինել ժամանակավրեպ: Մեզ մոտ` անկախ այն հանգամանքից, որ հիմա նախագահական ընտրություններ չկան, իսկ խորհրդարանականը կլինի 4 տարի հետո, բոլոր դեպքերում կարեւորն այն է, որ սրա վերաբերյալ կատարվեց համապատասխան փոփոխություն: Հասկանալի պատճառներով դպրոցներում մանկավարժական կազմը ակտիվորեն իրենց կամքից անկախ մասնակցում էին ընտրություններին, ինչի պատճառով կարող էինք ասել, որ ընտրություններին ոչ վստահելի արդյունք ունեինք:
-Ինչո՞ւ մի քանի տարի առաջ կամ հենց նախորդ տարի, երբ ԱԺ ընտրություններ էին սպասվում, Հանրապետականը չգնաց այս քայլին:
-Հարցը ճիշտ եք տալիս: Կարելի էր այդպես անել, բայց ելնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից` չարեց դա: Իրենց համար նպատակահարմար չէր ընտրություններից առաջ դա անել: Իսկ ապրիլի 2-ի ընտրությունները չափազանց վատ ընտրություններ էին: Ռեյտինգային համակարգը դարձավ փողատերերի կողմից հասարակությանն ապակողմնորոշելու ինստիտուտ:
-Իսկ որքա՞ն էր ընտրությունների ժամանակ հենց ուսուցիչների ու բուժաշխատողների դերը` վերջնական արդյունքի համատեքստում:
-Մեծ, դա այնքան ակնհայտ է: Նրանք այն մասնագիտությունների տեր մարդիկ են, որ շփվելու մեծ դաշտ ունեն: Նրանք չէին էլ կարող ակտիվ չլինել, որովհետեւ դա պայմանավորված էր գործը կորցնելու խնդրով, եթե հրահանգները չկատարեին: Եվ այս մասնակցության հարցը որեւէ քաղաքական ուժ չի էլ թաքցնում: Բացահայտ բանը հնարավոր չէ թաքցնել:
-Ըստ Ձեզ` վտանգ չկա՞, որ այս օրենքն էլ չի գործի, ինչպես մի շարք այլ օրենքներ:
-Անկախ օրենքից, եթե ՀՀ-ում օրենքը չունի այն գերակա ուժը, ինչ-որ բոլորս կցանկանայինք, ես Ձեզ հավատացնում եմ` այլ երկրներ էլ անցել են այս ճանապարհը: Մենք իրավունք ունենք մտածելու, որ միգուցե այս օրենքն էլ չգործի, բայց այդուհանդերձ առաջընթացը թեկուզ փոքր-փոքր քայլերով տեղի է ունենում: Ի վերջո, մենք պետք է հասնենք ու կհասնենք մի վիճակի, որտեղ օրենքը կլինի պարտադիր բոլորի համար:
-Ի՞նչ է պետք կիրառել այն ուսուցիչների եւ բուժաշխատողների հանդեպ, ովքեր աշխատանքային ժամերին քարոզչությամբ կզբաղվեն:
-Ցանկացած խախտում ենթադրում է պատժամիջոցի սահմանում եւ կիրառում: Դրա բացակայության պարագայում, բնականաբար, անձերը ստանում են հնարավորություն դա անելու եւ չպատժվելու: Ոչ միայն բուժաշխատողների եւ ուսուցիչների, այլ ցանկացած անձի դեպքում պետք է դա լինի, որովհետեւ եթե խախտումը լինում է ու չի պատժվում, դա արդեն խնդիր է: Թեկուզ տնտեսական դաշտում կամ այլ ոլորտում եթե խախտում կա, պետք է համապատասխան պատժամիջոցը լինի:
-Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ թե՛ ՏԻՄ, թե՛ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն դեպքեր, երբ ուսուցիչները կփորձեն հաճոյանալ ՀՀԿ-ին եւ էլի մասնակցություն ունենալ քարոզչությանը:
-Երբեւէ չհավատաք, որ որեւէ մանկավարժ բան ու գործ չունի եւ իր հիմնական գործը թողած` կզբաղվի ուրիշ բանով: Եթե անում են այդ խախտումը, ուրեմն այսպես, թե այնպես պարտադրվում է դա: Լավ կլինի, որ դա չլինի կամ աստիճանաբար փոքրանա: Բայց պարոն Բոստանջյանն ինչ է ասում` 2022 թվին լավ կլինի… Ես վատատես չեմ, բայց կարող է պատահի` վաղը մոլորակը վերանում է, եւ չենք էլ հասնում 2022 թվին:
-ՀՀԿ-ն քաղաքական կամք կունենա՞, որպեսզի վերահսկի եւ թույլ չտա նման խախտումների իրականացումը:
-Բոլոր դեպքերում, անվանեք քաղաքական կամք, կամ ոչ…ես ասեմ, որ բավական մոտիկ եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, ոչ թե մոտիկ եմ, այլ ընկեր եմ եւ հավատացնում եմ, որ շատ բանիմաց, մակարդակով մարդիկ գոյություն ունեն, կան ՀՀԿ-ում, որոնք ցանկացած պարագայում ուզում են դրսեւորել կամք:
-Բայց կմնա թաղային հեղինակությունների խնդիրը, որ իրենք հանկարծ չփորձեն պարտադրել քաղաքացիներին քարոզ իրականացնել:
-Թաղային հեղինակություններն էլ աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը: Եվ չմտածեք, որ իրենք հավերժ շարունակելու են այդ պարտադրանքը կիրառել հասարակության նկատմամբ: Չեն կարող:

 

 

 

ՄԻԱՆԱԼԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՉԱՐՉՐԿՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար նախաձեռնած ուժերից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, սակայն որոշվել է՝ ՔՊ-ն, լինելով «Ելք» դաշինքի անդամ, միայնակ է պայքարելու, այն էլ՝ հանրահավաքների միջոցով: Որքանո՞վ կհաջողի այդ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:

-Պարո՛ն Միրզոյան, Ձեր կուսակցության կողմից նախանշված պայքարը որքանո՞վ կհաջողի այն պարագայում, որ որոշել եք միայնակ պայքարել Սերժ Սարգսյանի հետագա վերարտադրության դեմ:
-Ես չգիտեմ` կհաջողենք, թե ոչ: Ամեն ինչ կախված է քաղաքացիներից: Մենք պիտի ստեղծենք ժողովրդի կամարտահայտման համար հնարավորություն, այդքանը: Ինչ վերաբերում է միայնակ պայքարելուն, չմոռանանք, որ նույն «Ելք» դաշինքում քննարկումները դեռ շարունակվում են, ուղղակի որոշում այս պահին ունի միայն «Քաղաքացիական պայմանագիրը»:
-Այսինքն` հնարավոր համարո՞ւմ եք, որ «Լուսավոր Հայաստանն» էլ միանա Ձեր շուրջօրյա հանրահավաքներին, չնայած հիմա տարակարծություններ ունեք:
-Իհարկե, չի բացառվում: Եվ «Հանրապետությունը»…այսինքն` մենք պայմանավորվել ենք, որ ՔՊ-ն իր որոշումը կայացնի, իսկ կոնսուլտացիաները, քննարկումները շարունակվում են:
-Դաշինքի շրջանակում այս թեմայի շուրջ երկարատեւ քննարկումների արդյունքում մի տեսակ կարծես վարկաբեկվեց փողոցային պայքարի գաղափարը:
-Ամենեւին չեմ կարծում:
-Այլ ուժեր նույնպես պայքարելու են Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման դեմ` արդեն վարչապետի կարգավիճակում: Ինչո՞ւ պետք է ժողովուրդը միանա հենց Ձեզ:
-Մենք ունենք հստակ մշակված ճանապարհային քարտեզ, որը մարտի 30-ին կներկայացնենք հանրությանը: Իհարկե, ամեն ինչ կախված է ժողովրդից. եթե ժողովուրդն ուզի հաղթել, կարող է միանալ մեզ: Մենք ժողովրդին պարտության չենք տանելու: Բայց մենք չենք կարող ոչ ոքի փոխարեն որոշում կայացնել:
-«Քաղաքացիական պայմանագիրն» ունի՞ անհրաժեշտ ռեսուրս` այս պայքարում հաջողության հասնելու համար:
-Ո՞ր ռեսուրսի մասին է խոսքը. մտավո՞ր, ֆիզիկակա՞ն…
-Թեկուզ գաղափարական…
-Իհարկե: Գիտեք` մենք բավականաչափ պատասխանատու ուժ ենք եւ գաղափարական ռեսուրսի բացակայության դեպքում չէինք նախաձեռնի սա:
-Այլ քաղաքական ուժերի առաջարկելո՞ւ եք միանալ Ձեր պայքարին:
-Այդ հարցով քննարկումները դեռ շարունակվում են:
-Իսկ եթե այլ ուժեր ցանկանան միանալ ՔՊ-ին, պատրա՞ստ եք ընդունելու նրանց:
-Գիտեք ինչ, միանալը չափազանց չարչրկված հասկացություն է մեր իրականության մեջ: Այդ միանալը չպետք է ինքնանպատակ լինի:
-Չե՞ք ցանկանում, որ այլ ուժեր Ձեզ հետ միասին լինեն փողոցում:
-Ցանկության հարց չի: Մենք առանձին պատկերացում ունենք պայքարի, դրա ընթացքի եւ գուցե ապագայի վերաբերյալ:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԳԱՆ
«Բարձրագույն կրթության մասին» հետաձգված նախագիծը խորհրդարանում կքննարկվի ապրիլի 11-ին: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ այս նախագիծը նախնական տարբերակից էապես տարբերվում է եւ կրկին չի նպաստելու բուհերի անկախացմանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարման խորհուրդներում պաշտոնյաների առկայությունն այնքան էլ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի սրտով չի եղել: Բանն այն է, որ արդեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է` 10 հոգուց բաղկացած խորհրդում 1, իսկ 20-ում էլ 2-ը պաշտոնյաներ լինեն: Այս առաջարկն այնքան էլ նախարարի սրտով չի եղել, քանի որ վերջինս կողմ է, որպեսզի բուհերն ապաքաղաքականացվեն: Չի բացառվում, որ կողմերը որոշեն համաձայնության գալ, եւ անկախ կառավարման խորհրդի անդամների քանակից` ընդամենը մեկ պաշտոնյա լինի խորհրդում:

 

 

ԲԱՂՄԱՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հաստատել է իրեն նոր պաշտոնում նշանակելու մասին տեղեկությունները: Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը, Բաղմանյանը չի մանրամասնել` խորհուրդ տալով սպասել հրամանագրի հրապարակմանը: Տեղեկացնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` Բաղմանյանը նշանակվելու է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն էլ 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանության Արարատի մարզի վարչության աշխատակիցների կողմից չարաշահումների գործը գնաց դատարան: 2017թ. հոկտեբերին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության տարբեր ստորաբաժանումների չորս հաշվապահներ հափշտակել էին իրենց վստահված խոշոր չափերով գումարներ: Արդյունքում` մեղադրյալի աթոռին են հայտնվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի ավագ հաշվապահ Լարիսա Մանասյանը, որը 2016թ. հուլիսի 8-ից լինելով նույն բաժնի առաջատար մասնագետ-գլխավոր հաշվապահ` յուրացրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի հաշվին փոխանցված 311 հազար 094 ՀՀ դրամ: Իսկ ահա Նինա Ավանեսովան 2013թ. լինելով ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ավագ հաշվապահ` 2014թ. ընթացքում պետական բյուջեից ավել գումար է պահանջել եւ իրեն վստահված, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի հաշվին փոխանցված գումարից իր հաշվին 164 հազար 700 ՀՀ դրամի չափով ավել գումար է փոխանցել որպես դրամական օգնություն: Ասել է, թե դրամական օգնության անվան տակ ոստիկանության հաշվապահները գումար են պահանջել բյուջեից եւ այն յուրացրել:




Լրահոս