Ելի՛ր, դաշնակ Դրո՛. երբ Դաշնակցությունը մոռացում է իր անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցանկացած պարագայում զենքով հարցեր լուծերը անհուսալի եւ մարգինալ ուժերի դիրքորոշում է»,- նախօրեին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին այսպիսի հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Եվ սա ասում է այն կուսակցության ներկայացուցիչը, որի անվան հիմքում «հեղափոխություն» բառն է:

Երբ ՀՅԴ-ն է այդպիսի հայտարարություններ է անում, այլ բան չի մնում անելու, քան հիշեցնելու իրենց անցյալը, մասնավորապես «Դրոյի» եւ «30+1» գործերը: 90-ականների արմատական ընդդիմադիր ՀՅԴ ներկայացուցիչները ձերբակալվել էին Հայաստանում զենքով հեղաշրջում կազմակերպելու փորձի համար, ավելին՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման այսօրվա անդամների մի մասը ժամանակին եղել է ՀՅԴ անդամ:

Մի փոքր պատմական ակնարկ. 1995թ. հուլիսին, երբ բացահայտվեց ՀՅԴ-ի գործունեությունը, այդ ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն այսպիսի հայտարարություն էր տարածել. «Ակնհայտ է, որ Դաշնակցություն կուսակցությունը նպատակ չունի իր գործունեությամբ մաս կազմել երկրի նորմալ քաղաքական գործընթացներին եւ իրեն իրավունք է վերապահում ամեն միջոց գործադրել, այդ թվում՝ սպանություններ, ապակայունացնող եւ երկրի նորմալ գործունեությունը խոչընդոտող` իր նպատակներին հասնելու համար»։ Մյուս գործողությունն էլ ստացել էր «Դրո» անվանումը, երբ ՀՅԴ ներսում գործած «Դրո» ահաբեկչական կառույցը երկու խոշոր գործողություն էր իրականացրել՝ «Քերոբ» եւ «Թոփ-1» անուններով։

Մեկ հիշեցում էլ. «31-ի գործը» բացահայտել եւ ամբողջ քննությունը վարել է այն ժամանակ ներքին գործերի նախարար, այսօր նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Եվ այս պարագայում հետաքրքիր են նաեւ իրենց այն հայտարարությունները, երբ նրանք նշում են, թե քաղբանտարկյալներ եղել են միայն դաշնակցականները, եւ իրենցից հետո այլեւս որեւէ քաղբանտարկյալ չի եղել: Սակայն տեղն եկած ժամանակ նրանք կողմ են քվեարկում հենց նաեւ իրենց քաղբանտարկյալ չհամարող անձանց կամ նրանց ներկայացրած նախագծերին: Նույն Արմեն Ռուստամյանը ձերբակալվել էր, այսինքն՝ քաղբանտարկյալ էր դարձել վերը նշված «31»-ի գործի շրջանակներում, որը բացահայտած անձի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կուսակցության հետ նրանք գտնվում են քաղաքական համագործակցության մեջ: Սա՝ հիշեցինք իմիջիայլոց:

ՀՅԴ-ն այն ուժերից է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ հաճախ փոխել է իր դիրքորոշումը՝ ընդդիմադիրից դառնալով կոալիցիայի անդամ: Հայաստանում ընտրություններից հետո կոալիցիաներ ձեւավորելու ավանդույթը հիմնել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ ՀՅԴ-ն էլ այս ընթացքում որդեգրել է «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու» քաղաքականությունը։ 2003 եւ 2007 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելուց հետո ՀՅԴ-ին անգամ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները չստիպեցին հետ կանգնել իրենց որոշումից: Եվ միայն 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները պատճառ դարձան, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից եւ իրեն հայտարարի ընդդիմություն։

2012թ. խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցությունը կոալիցիա կազմեց միայն «Օրինաց երկիր» կուսակցության հետ։ Իսկ ահա 2016թ. ՀՅԴ-ն կրկին քաղաքական համագործակցության համաձայնագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ։ Այդ համաձայնագիրը կնքելուց հետո ՀՅԴ-ն ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական եւ համեմատաբար ավելի ցածր բազմաթիվ այլ պաշտոններ։ Եվ չնայած ժամանակ առ ժամանակ ՀՅԴ-ն հիշում է նախկինում ունեցած իր ընդդիմադիր կեցվածքի մասին եւ քննադատում իշխող ուժին, սակայն դա չի խանգարում ՀՀԿ-ի շահերը պաշտպանելով` օրենքներ անցկացնել:

Հավելենք, որ օրեր առաջ՝ մարտի 23-25-ը, Աղվերանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը, որի ժամանակ ընտրվել է Գերագույն մարմին հետեւյալ կազմով՝ Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի անդրանիկ նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընտրվել է Արսեն Համբարձումյանը՝ փոխարինելով Աղվան Վարդանյանին: Ընդ որում, այս փոփոխությունը միակը չէ:

Գերագույն մարմնի այս կազմից բացակայում են կարկառուն դաշնակցականներ Լեւոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, ովքեր կային երկու տարի առաջ ընտրված ԳՄ կազմում: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդպիսի ռադիկալ փոփոխությունները բացատրեց սերնդափոխության հանգամանքով: «Դա մեր ընդհանուր որոշումն էր, որ այս փուլում գործադիրի եւ օրենսդիրի անդամները չլինեն Գերագույն մարմնում, որովհետեւ յուրաքանչյուրս մեր տեղում ծանրաբեռնված ենք: Եվ դա եղավ մեր առաջարկությամբ: Մի շատ կարեւոր հանգամանք կա նաեւ, որ ՀՅԴ-ի պարագայում ԳՄ-ն եւ Բյուրոն համագործակցում են համախոհաբար: Ամենակարեւորը նաեւ սերնդափոխության հարցն է, մենք ուզում էինք նոր մարդկանց ներգրավել եւ կարծում ենք` շատ ճիշտ որոշում ենք կայացրել»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս